Նկարագրություն Վենետիկ քաղաքի և պատմական ակնարկ տեղի Հայ գաղթականության – Գրադարան – Mashtoz.org

Նկարագրություն Վենետիկ քաղաքի և պատմական ակնարկ տեղի Հայ գաղթականության

Վենետիկը, բանաստեղծների ու նկարիչների կողմից պաշտված, նշանավոր գրողներից երգված ու հռչակված այդ քաղաքը, որ արդեն 1600 տարի է գրեթե, ինչ ապրում է, գործում, կռվում և իշխում, ապշեցնում է մարդուն, երբ քաղաքի անշուք ծագումը համեմատում է այն շքեղ փառավորության ու ճոխության հետ, որ ժամանակի ընթացքում ձեռքբերեց իր վաճառականներով, արվեստագետներով, զորավարներով, հայրենասեր դյուցազուններով և մեծանուն դոժերով: Հռոմեական հսկա պետության ճգնաժամին, երբ բարբարոս խառնիճաղանջ հրոսակների գլուխն անցած Ռադագասներ, Ալարիկոսներ, Ատթիղասներ ավեր ու անապատ էին դարձնում ամբողջ Իտալիան և ամենուր արյամբ ու աճյունով էին գծում իրենց ընթացքը, հին Վենետների սերունդները, այդ վայրագների սարսափից մղված, Պատավիոն և Աքուիլեա քաղաքներից գաղթելով, իրենց համար ապաստան գտան Ադրիականի ծովախորշի ամայի կղզիների վրա, ուր տեղացի աղքատ ձկնորսների հետ խառնվելով՝ մի փոքր հասարակություն կազմեցին, և 421 թվականին Ռիալտո (Բարձրափն) կոչվող կղզու վրա մի տասնյակ շենք կառուցելով, Սուրբ Հակոբ Առաքյալին նվիրված եկեղեցիով հանդերձ, որ մինչև այսօր կանգուն է, դյութական քաղաքի հիմքը գցեցին: Սա է, ահա, Վենետիկի սկզբնավորման պատմությունը: Այնուհետև օրեցօր աճում է բնակիչների թիվը, շենքերը բազմանում են, մերձակա կղզիները կամուրջներով կապվում են իրար, և սրանց օրինակին հետևելով՝ գալիս հասնում են ուրիշ փախստականներ ևս, Ադրիականի խաղաղ ջրերում բարբարոս սրերից պաշտպանվելու համար: Եվ այդպես, Վենետիկի շուրջը կանգնում են նորանոր կառույցներ, ավաններ, որոնք փոխադարձ սիրով ու առնչություններով դաշնակցելով իրար հետ, կազմում են մի միաձույլ քաղաքական մարմին. մի տեսակ հանրապետություն, որի վարչական կենտրոնն է դառնում Վենետիկը, որտեղ յուրաքանչյուր ավան կամ քաղաք ունենում է իր ներկայացուցիչն ու ատենակալը: Ձկնորսության արհեստը սկսում է չբավականացնել՝ հոգալու համար այդ բազմամբոխ ժողովրդի պահանջները. կարիքը նրանց մղում է երկարացնելու իրենց ձեռքերը ծովի ու ցամաքի վրա, և այդպես սկսում են դրացի քաղաքների ու ծովեզրյա բնակիչների հետ վաճառականության առաջին փորձերը, զերծ չմնալով նաև ծանր կամ թեթև ընդհարումներից, երբ խոսքը վերաբերվում էր իրենց շահերը պաշտպանելուն: Կարճ ժամանակում Վենետիկն այնքան է զարգանում ուժով ու հարստությամբ, որ Վեցերորդ դարի կեսին Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր Բելիսարիոս և Ներսես հայկազն քաջ սպարապետները պատշաճ են համարում Վենետիկի օգնությանը դիմել՝ Իտալիան արևելյան կայսրության գավազանի ներքո նվաճելու համար:

Գոթացիների Տոտիղաս թագավորը 552 թվականին ասպատակում էր հունական կայսրության սահմանները. այդ բարբարոսի արշավանքը սանձելու միակ հարմար անձը Ներսես հայազգի զորավարն էր, որը դեպի Իտալիա ուղղվելով և բոլոր ճանապարհները թշնամի զորքերի կողմից փակված գտնելով, գալիս է Վենետիկ և խնդրում է նրա նավերի օգնությունը: Ներսեսը ջախջախեց գոթացիների զորքին, նրանց հալածեց հունական սահմաններից և ի հիշատակ Վենետիկի նավային զորության նկատմամբ իր երախտագիտության՝ երկու եկեղեցի կառուցել տվեց և նվիրեց վենետիկցիներին. մեկը հանուն Սուրբ Թեոդորոս զորավարի, որի տեղում հետո կառուցվեց Սուրբ Մարկոսի հոյակապ տաճարը. իսկ մյուսը հանուն Սուրբ Գեմինիանոսի, ճիշտ առաջինի դիմաց, որը Տասնիններորդ դարի սկզբին Նապոլեոնի հրամանով քանդվելով՝ տեղում արքունի պալատի մի նոր թև կառուցվեց: Ներսես սպարապետի ժամանակվանից էլ սկսվում են Վենետիկի հետ հայերի առնչությունները: Այդուհետև քաղաքի պաշտպանն է դառնում Սուրբ Թեոդորոսն իր կոկորդիլոսով, որին հետո ավելանում է նաև Սուրբ Մարկոսն իր թևավոր առյուծով. և այդ երկուսի հովանու ներքո մեծանում, զորանում է Վենետիկը, իր տիրապետությունն ընդարձակում է Ադրիականի և Միջերկրականի ծովափերի վրա, ապա՝ մինչև Սև ծովի եզերքն ու Ասիայի խորքերն առնում է իր վաճառականության ցանցի մեջ: 697 թվականին ներքին երկպառակությունները սպառնում են քայքայելու այդ ամուր հանրապետությունը. կղզիների բնակիչների գլխավորները հավաքվելով Հերակլիա քաղաքում, որոշում են ամբողջ հասարակության համար գերագույն մի գլուխ ընտրել, նրան տալով Դուքս կամ վենետկերեն Դոժ անունը. և միաձայն ընտրությամբ այդ իշխանությանը առաջին անգամ բարձրանում է Պավլուկիոս Անափեստոս Հերակլիացին, որ նշանավոր էր թե՛ իր տոհմի ազնվականությամբ, և թե՛ անձնական գեղեցիկ ձիրքերով: Ութերորդ դարում Վենետիկի ծովային զորությունն այնքան է մեծանում, որ ամբողջ Ադրիականը և Հոնիական ծովը ելուզակներից մաքրելով, կղզիները լցնում են իրենց գաղթականներով և գրեթե Եվրոպայի նախապատիվ տերությունների կարգն են անցնում, Բյուզանդիայի կայսրերի հետ սիրո և բարեկամության դաշինք կնքում, հաղթում Լոմբարդացիներին, Սարակինոսներին, և ուրիշ շահատակություններով շարժում են բոլորի հիացումն ու նախանձը: Հաջողության այդ ժամանակներում սկսում են փառատենչ ձգտումներով իրար հետ մրցել Հերակլիա և Էքուիլիոն քաղաքները, ուստի 742 թվականին որոշվում է դքսական աթոռը փոխադրել Մալամոք քաղաքը, որն այդ ժամանակ մյուս կղզիների համեմատ ամենածաղկունն

էր ու բազմամարդը: Դքսական աթոռը գրեթե յոթանասուն տարի մնում է Մալամոքում, մինչև որ Պեպինոսի արշավանքը, 808-810 թվականներին, ստիպում է այն փոխադրել Վենետիկ, ուր ավելի ապահով էր, լճակի ճահճուտների անելանելի բավիղի մեջ: Այդուհետև պատերազմների ժամանակ անհրաժեշտ է դառնում վենետիկյան նավատորմիղի մասնակցությունը: Առանց Վենետիկի օգնության, Խաչակիրներն անգամ վստահ չէին իրենց հաղթանակների վրա: Եվրոպան, տարբեր անգամներ ճգնաժամի ենթարկվելով, իր աղերսող հայացքն ուղղում էր դեպի Վենետիկ: Տասներկուերորդ դարի վերջին քառորդին Իստրիայի դիմաց Ֆրեդերիկոս Առաջին կայսեր նավերը պարտվեցին Վենետիկի նավատորմիղից, թագաժառանգ Օթոնը գերի ընկավ, և 1177 թվականին կայսրը դոժական քաղաքում ստիպված հաշտության դաշինք կնքեց: Տասներեքերորդ դարում վենետիկցիներն է՛լ ավելի քաջացան, նրանց ծովային զորության առաջ խոնարհվեցին ո՛չ միայն ապստամբ Զառան, Կրետեն և Միջերկրականի ուրիշ կղզիներ ևս, այլ նույնիսկ Բյուզանդիան, որի պարիսպների վրա 1204 թվականին ծածանվեց վենետիկյան դրոշը ութսունամյա կույր Հենրիկ Դանդոլո դոժի ձեռքով: Այս բոլոր փառքերը նրան հզոր մի մրցակից իջեցրեցին հրապարակ, հանձինս իրեն ազգակից մի ա՛յլ երևելի ծովային քաղաքի. Ջենովան, որ վաճառականությամբ թերևս ավելի ճարտար էր, բայց զենքով ու աշխարհակալությամբ՝ շատ ավելի ցածր: Շատ արյունահեղություններից հետո, երբ ջենովացիներն իրենց նավատորմիղով Վենետիկի դիմաց կանգնած սպառնում էին սանձել Սուրբ Մարկոսի պղնձե ձիերը, 1380 թվականին մի այնպիսի սաստիկ ու ջախջախիչ հարված ստացան Քիոջջա քաղաքի մոտ, որ այդուհետև ստիպվեցին քաշվել մրցակցության ասպարեզից: Բայց պատմական բոլոր իրադարձություններից ավելի, Վենետիկի ուժի ու փառքի փայլն իր ամբողջ պայծառությամբ շողաց Լեպանտոյի վիթխարի ծովամարտում, 1571 թվականին, ուր հաղթության ամենաշքեղ դափնիները տարան վենետիկցի ճարտար նավամարտիկները, որոնց մեջ անպայման պետք է հիշենք մեր ազգակից Անտոն Սուրյանի անունը, որին Վենետիկում բոլորը Հայ անունով էին ճանաչում: Այնուհետև, սակայն, սկսեց աղոտանալ, ամփոփվել կամաց կամաց, մինչև որ մի վերջին ցոլք էլ ունեցավ շնորհիվ Ֆրանչիսկոս Մորոզինիի, 1684-1688 տարիներին, որը տիրեց ամբողջ Մոռեային: Ապա սկսվեց Վենետիկի դանդաղ վերջալույսը, իսկ 1797 թվականին, Նապոլեոնի սաստիկ հարվածների ներքո, վերջապես ամբողջովին մարեց, կորցնելով իր անկախությունը:

Վենետիկի չափ երկարատև կյանք ունեցած տերություններ շատ քիչ են եղել. և դա նա պարտավոր էր այն խիստ հսկողությանը, օրենքներին և պատիժներին, որոնցով իսկույն զսպում էր որևէ ապստամբական խլրտում: Պալատներում և փողոցներում վխտում էին անհամար լրտեսներ, որոնց առաջ բնավ գաղտնիք չկար, տեղեկանում էին ամենագաղտնի ոճիրներին ու դավադրություններին. և կառավարությունն անգթորեն պատուհասում էր հանցավորներին, ի սարսափ և ի խրատ բոլորի: Բավական է հիշել միայն Տասանց Ատյանը, որ կոչվում էր նաև Գերագույն Ժողով, և կյանքի ու մահվան իշխանություն ուներ. նրա պաշտոնն էր քննել և պատժել ապստամբությունները, խռովությունները և պետության դեմ եղած որևէ հանցանք: Ապա նաև Երեքի Ատյանը, որի անդամները կոչվում էին նաև Պետության Քննիչներ, որոնց իշխանությունը տարածվում էր նույնիսկ պատրիկների, իշխանավոր անձանց և մինչև իսկ Դոժի վրա. և նրանց կողմից կայացված վճիռն անբողոքարկելի էր: Սակայն վարչական իշխանությունն այնպես էր բաժանված, կարգավորված, որ անկախ և բացարձակ տեր կամ իշխան չկար. բոլորն էլ, որքան էլ բարձր աստիճանի կամ ազդեցության տեր լինեին, վախենում և ակնածում էին իրարից, հետևաբար ոչ ոք իր իշխանությունը չարաշահելու չէր համարձակվում: Այդ իսկ պատճառով Վենետիկի Հանրապետությունը ստացել էր Սերենիսսիմա (Անդորրագույն) տիտղոսը:

Այդ վաճառական, պատերազմող և աշխարհակալ քաղաքը միաժամանակ վայելքների տեղ էր, մի զբոսավայր, արվեստի նրբությունների և ճոխության մի թանգարան, նկարների, սյունազարդ դրվագների և գույնզգույն մարմարների մի ցուցահանդես, ուր կյանքը ժպտում էր մարդուն, և երջանիկ լինելու համար բան չէր պակասում. երևակայությունն այնտեղ հանդիպելով չակնկալած հրաշակերտների, օդապար թռիչք էր առնում: Եվ ի՞նչը կարող է ավելի անակնկալ հրաշակերտ համարվել, քան տեսնելը մեղծի մի քաղաք՝ կախված ջրերի ու երկնքի կապույտի մեջ, ուր երևում են հարյուրավոր գմբեթավոր եկեղեցիներ, որոնց մեջ թագուհու պես նազում է Սուրբ Մարկոսն իր շքեղ գմբեթներով, հինգհարյուրից ավելի պորփյուրե սյունաշարի վրա բարձրացած ճոխ ճակատով, խճանկարներով զարդարված տանիքով և որմերով, երփներփն դրվագված հատակով, իր օձաքար, երկնագույն, արյուներանգ, թափանցիկ, ոլորուն և քանդակազարդ սյուներով, ոսկեղեն ու արծաթեղեն սպասների և զարդարանքների փաղփյուններով, որի կամարների ներքո ծածանվող ստվերոտ լույսը, խնկաբույր օդը, այնտեղ միշտ հնչող խորհրդավոր երգերի արձագանքը և շրջապատող ամեն ինչը մոռացնել են տալիս իրական աշխարհը և քեզ փոխադրում են երևակայական մի աշխարհ, ուր գերերկրյա իրերը խոսում են մտքիդ հետ, և սիրտդ բաբախում է կրոնի զգացումով: Սուրբ Մարկոսին որպես ընկեր և գեղեցկությամբ գրեթե մրցող, նրբարվեստ, գոթական կամարներով, դրասանգավոր, բրգաձև զարդիկներով, դղյակաձև կանգնած է Դոժական հսկա պալատը, որ ծովահայաց՝ կարծես անձկագին սպասում է այն թագապսակ հյուրերին կամ ընծայաբեր դեսպաններին, որոնք ժամանակին այցելում էին իրեն և որոնց արքայորեն շռայլում էր իր ոսկիները, իր հանդեսները, մեծահաց խնջույքները, լուսավառությունները, և որի տանիքներն ու որմերն այցելուներին դեռ պարծանքով պատմում են իր տարած հաղթանակները և նկարչական արվեստի հրաշալիքները: «Քանալ Գրանդե»ն (Մեծ Ջրանցքը) իր երկշար հարյուրավոր պալատներով, որոնք ամեն տեսակ ճարտարապետությունների և մարմարների տարօրինակ մի խառնուրդ են. պալատներ, որոնցից յուրաքանչյուրը հասարակապետությանն ընծայել են մի քանի դոժ և բազմաթիվ պատրիկներ ու իշխանավորներ: Բազմաթիվ են Վենետիկի պարծանքները, որոնք չեմ կարող այստեղ մեկ առ մեկ հիշել. ինչպիսիք են իր ճոխ Գրադարանը, ուր գտնվում են հին, ամենահարգի տպագրություններ, անթիվ թանկագին ձեռագրեր, որոնց մի մասը՝ 30.000 վենետիկյան ոսկու արժեք ունեցող իր հարուստ մատենադարանը, 1469 թվականին նվիրել է Բեսսարիոն Ծիրանավորը, որը Հասարակապետությանը կտակել է նաև իր Նավարանը կամ Զինարանը, ուր շինվում էին այն բոլոր վաճառանավերը, ցռկանավերը, ռազմանավերն ու հրազենները, որոնցով Վենետիկը տարածում էր իր առևտրի և աշխարհակալության սահմանները, իր շուրջը խմբված կղզյակները, որոնք իրենց թարմ բուսականությամբ և չքնաղ տեսարաններով, ջրեղեն մակերևույթի վրա հեռվից օազիսների տպավորություն են թողնում: Բայց Վենետիկի մեծագույն պարծանքն այն եղավ, որ Գութեմբերգի գյուտից հազիվ քսան տարի անց, 1469 թվականին, այն պատրաստակամորեն հյուրընկալեց իր մոտ. միայն մի քանի տարվա ընթացքում հիմնվեցին հարյուրից ավելի տպարաններ և տենդագին գործունեությամբ սկսեցին մեծահատոր գրքերի հրատարակություններ, բնագրերի այնպիսի խնամոտ բաղդատությամբ, որ կարող են պատիվ բերել նույնիսկ ներկա դարի առաջնակարգ հրատարակիչներին:

Բայց ինչը որ ավելի սիրելի ու շահագրգիռ է դարձնում Վենետիկը մեր՝ Հայերիս համար, այն է, որ Եվրոպայի ուրիշ քաղաքներից ավելի սերտ կապերով միացած է մեր պատմությանը և ո՛չ փոքր ազդեցություն է ունեցել մեր մտավոր վերածնության վրա: Թողնելով մասնակի դեպքերը, որոնք կարոտ են պատմական ստուգության, տեսնում ենք, որ Հայոց և Վենետիկի միջև առևտրական և դիվանագիտական առնչությունները կանոնավոր կերպով սկսվում են Ռուբինյան հարստության ժամանակ, ինչպես հայտնի է Հայ-Վենետ կոչվող հմուտ գրքից: Շատ բաների մեջ Վենետիկն է, որ խլում է առաջնության մրցանակը. Հայերն Իտալիայում իրենց առաջին ազգային տունն ունեցան Վենետիկում, 1253 թվականին. մեր անդրանիկ տպագրությունը, 1512 թվականին, տեղի ունեցավ Վենետիկում, տպագրության գյուտից գրեթե վաթսուն տարի անց: Այսպես, ուրեմն, Մխիթարի Վենետիկ հասնելուց դարեր առաջ Հայն արդեն օտար չէր Ադրիականի դշխոյի համար. այնտեղ ուներ իր հատուկ տունը, իր ազգային եկեղեցին, իր փողոցն ու կամուրջը, և վերջապես՝ ուներ նաև իր վերջին հանգստարանը՝ ազգային գերեզմանատունը: Գրեթե հինգ դարերի ընթացքում (1235-1715թթ.) փոքրիկ Հայ գաղութը բազմացել էր, աճել էր վաճառականների երթևեկը, այնպես, որ Վենետիկում հիշվում են հայազգի նավատերեր, մեքենագործներ, արհեստավորներ, տպագրողներ, միջնորդներ կամ գործարարներ, քաղաքական և հոգևոր դեսպաններ ու նվիրակներ[1]: Հանդիպում ենք մի շարք եկեղեցականների, եպիսկոպոսների և նույնիսկ Կաթողիկոսների[2], որոնք ինչ-ինչ քաղաքական կամ կրոնական խնդիրներ կարգավորելու համար Եվրոպա գնալով, անցնում էին Վենետիկով և երբեմն ամիսներով այնտեղ էին մնում. իսկ քահանաներից ոմանք նույնիսկ հաստատվում էին այնտեղ, տեղի Հայ գաղութին հոգևոր առաջնորդություն անելու համար:

[1] Ծանոթ են, օրինակի համար, Վենետիկում Հայոց դեսպան Միրատի կամ Միրաքի (1470թ.) և Հայոց Կաթողիկոսի նվիրակ և դեսպան Տեր Հակոբ Մարգարյան Ամդեցու (1593թ.) անունները:
[2] Կաթողիկոսներ Ստեփանոս Ե Սալմաստացի (1550թ.) և Թադեոս Բ (1575թ.), Պոլսի Թովմաս Պատրիարքը (ԺԶ դարի վերջին), Երզնկայի Մարտիրոս եպիսկոպոսը (1491-1497թթ.), և այլն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։