Նորընծայարանի և Վարժարանի շենքերի կառուցումը – Գրադարան – Mashtoz.org

Նորընծայարանի և Վարժարանի շենքերի կառուցումը

Աբբահոր մեծագույն գործերից մեկը, սակայն, նորընծա պատանիների հոգևոր կրթությունը և ուսումն էր, որոնց հոգսն ու խնամքը ինքն էր ստանձնել, մանավանդ առաջին տարիներին: Սկզբնական շրջանում սրտի ցավով տեսնում էր, որ իր խրատները չէին ունենում այն մեծ արդյունքը, որն ինքնըստինքյան ակնկալելի էր: Դրա պատճառը տղաների առանձին տեղ չունենալն էր, որով ցրված էին, և փոխանակ մեկ ձայն լսելու և մեկ ուղղության հետևելու, զանազան ձայներ և ուղղություններ շփոթեցնում էին նրանց: Խիստ հաճախակի էր դարձել տղաների երթևեկը, որի պատճառով ո՛չ միայն անպտուղ էին դառնում Աբբահոր ջանքերը, այլ նաև մեծ ծախսերի ու տագնապների դուռ էր բացվում, մանավանդ այնպիսի ժամանակներում, երբ ճանապարհորդելը բնավ դյուրին գործ չէր: Նորընծայարանի շինությունը դեռ չսկսած, Մխիթարը ուսանող պատանիներին հատկացրեց հին շենքի երկու մեծ սենյակները, ուր միասին անում էին իրենց դասառությունները, աղոթքն ու հանգիստը: Այդպիսով նրանց ամբողջովին զատեց արդեն ձեռնադրված քահանաներից:

1726 թվականի Մայիս ամսին դրվեց Նորընծայարանի շենքի հիմքը և Հոկտեմբերին շինարարությունն ամբողջովին ավարտվեց: Շատ վայելուչ եղավ շենքը, որն ունի վանքի ամենագեղեցիկ դիրքը՝ հարավ-արևմտյան կողմում, հյուսիսային ցուրտ քամիներից պատսպարված անկյունում: Վերնահարկում շինել տվեց ութ սենյակ, որոնցից վեցը նայում են պարտեզին, իսկ երկուսը՝ ծովին: Այդ սենյակների դիմաց՝ մի սրահ, իսկ մոտը՝ կողմնակի մի սրահիկ, որ տանում է դեպի դասարան: Դասարանում ընկույզի փայտից վայելուչ մի նստարան պատրաստել տվեց դաստիարակի և ուսուցիչների համար, որի առջևն էլ՝ քառակուսի մի սեղան, իսկ երկու կողմերում՝ աշակերտների համար երկու երկար սեղան ու նստարաններ՝ գրադարակներով հանդերձ. բոլորն էլ ընկույզի փայտից: Դասարանին կից՝ կա միջին չափսի մի ուրիշ քառակուսի սենյակ ևս, որ կոչվում է Հանդիսարան, և ծառայում է գրական և հոգևոր հանդեսների, ճառախոսությունների, տարեկան քննությունների և հավաքույթների համար: Իսկ գետնահարկում կառուցվեցին երկու սենյակ, պարզ ու փոքրիկ մի մատուռ, նրա առջևում՝ մի սրահիկ, իսկ նրա մոտ՝ ուղղանկյուն մի սրահ: Ինչպես վանքի մյուս մասերի, այնպես էլ Նորընծայարանի ճարտարապետը Մխիթարն ինքը եղավ, որի բոլոր կառույցներում երևում են ճաշակը, վայելչությունը և ամրությունը:

Մխիթար Աբբան իր նամակներից մեկում խոսելով Նորընծայարանի շինության մասին, գրում է. «Շենքն ամբողջովին ավարտվեց Հոկտեմբերի 12ին [1726 թվականի], և ծախսը հասավ մինչև 2.300 դուկատի: Շատ գեղեցիկ և ազնվաշեն եղավ: Տա՜ Աստված, որ բնակիչներն էլ Աստծո ազնիվ ծառաները լինեն, և ընդունակ՝ ուսմանց»[1]: Մի ուրիշ նամակում էլ գրում է. «Շատ գեղեցիկ ստացվեց նորընծա պատանիների դասատունը: Երանի՜ թե ուսանողներն էլ առաքինությամբ և իմաստությամբ զարդարվեն: Տասներկու տղայի համար նստարաններ և գրասեղաններ շինվեցին: Հիմա մնում է զարդարել խցերը ընկուզենուց պատրաստված սեղաններով, աղոթարաններով և ազնիվ պատկերներով»[2]: Երկու տարի անց, 1728 թվականին, նավակների կայանատեղիի վերևում գտնվող սենյակների գերանները փտած լինելով, քանդել և նոր շինել տվեց դրանք, որով հինգ սենյակ ևս ավելացավ Նորընծայարանին:

Տարիների ընթացքում Նորընծայարանն էլ է ինչ-ինչ փոփոխություններ կրել: Գետնահարկում այժմ, ինչպես և առաջ, գտնվում են երկու քառակուսի սենյակները, որոնցից մեկն ավելի փոքր է և Ծննդյան խուց է կոչվում, քանի որ ընդհանրապես այնտեղ է պատրաստվում Սուրբ Ծննդյան Մսուրը, իսկ մյուսն ավելի ընդարձակ է և իբրև դասարան է ծառայում: Այժմ դասարանի ճիշտ դիմացն է գտնվում մատուռը, որն իր նախկին տեղից այդտեղ է փոխադրվել 1817 թվականին: Մատռան խորանը նորոգվել ու զարդարվել է, տեղադրվել է մի նոր պատկեր. ձեղունը, որմերն ու հատակը վերանորոգվել են, պատուհանները՝ մեծացվել: Մատուռի հարևանությամբ մի փոքրիկ սրահ կա, երկու կողմնակի դռներով, որոնցից մեկը դեպի պարտեզ է տանում, իսկ մյուսը՝ դեպի քարահատակ. իսկ երկուսի միջև մի սենյակ կա, որը ծառայում է որպես նախաճաշի սենյակ: Երկրորդ հարկի սրահը մի փոքր ավելի երկարացվել է 1883 թվականի հրդեհից հետո, իսկ նավակների կայանատեղիի վերևում գտնվող սրահիկի սկզբնամասում քարաշեն մի սանդուղք կա, որը հրդեհից առաջ դեպի երրորդ հարկ էր տանում, ուր հինգ սենյակներ կային, որոնցից երեքը դեպի քարահատակ էին նայում, իսկ երկուսը՝ պարտեզի կողմը. այդ սենյակների հարևանությամբ էլ մի ընդարձակ ձեղուն կար: 1883 թվականի հրդեհը լափեց, սրբեց այդ բոլորը, և շինվեց բոլորովին նոր, ընդարձակ մի վերնահարկ, ճիշտ միջնահարկի մեծությամբ, ուր բարձրանում են քարաշեն լայն սանդուղքով, և ներկայումս ունի տասնհինգ սենյակ, օդավետ, գեղեցիկ տեսարանով, և մի քառակուսի սենյակ՝ հանդիսարանի վերևում:

Քանի որ նորընծա պատանիները տարեցտարի զարգանում էին թե՛ թվով, թե՛ տարիքով և թե՛ ուսմամբ, իսկ մյուս կողմից՝ բազմաթիվ նոր տղաներ փափաքում էին վանք գալ և կրոնավորական կյանքին նվիրվել, Աբբահայրը հարմար նկատեց ուրիշ մի շենք էլ կառուցել, որը Վարժարան կոչվեց, ուր ավագ աշակերտները, Նորընծայարանի ընթացքն ավարտելուց հետո, պատրաստվելու էին քահանայությանը: Այդ մտադրությունն իրագործվեց 1732 թվականին. Մարտ ամսին կատարվեց շենքի հիմնարկեքը, իսկ ամբողջ շինարարությունն ավարտվեց նույն տարվա Սեպտեմբերի վերջերին: Ուղղանկյուն, կրկնահարկ մի շենք է, որ տարեց վարդապետների սրահից սկիզբ առնելով՝ երկարում է դեպի արևելք, որի վերջնամասում շինվեց նաև մի ընդարձակ պատշգամբ՝ վեց վիմատաշ խարսխազարդ սյուների վրա հաստատված առիշեղ ծածկով, երեք կողմից բաց, որ նայում էր դեպի ծովն ու պարտեզը: Գետնահարկի վրա շինվեցին վեց սենյակներ, որոնք ծառայում էին որպես դասարան, նախաճաշի սենյակ և ա՛յլ կարիքների համար. իսկ վերնահարկում՝ յոթ սենյակ, բնակության համար: Սենյակների մուտքի սեմերը քարից շինվեցին, դռները՝ ընկույզի փայտից: Քանի որ եկեղեցու և Վարժարանի միջև բաժանարար տարածքը միայն մի քանի մետր էր, երկու կողմերը պատերով փակվեցին և վրան ծածկ դնելով՝ եկեղեցի գնալու և Վարժարան գալու ժամանակ տղաներն այլևս պաշտպանվեցին անձրևից ու քամիներից:

Վարժարանն էլ է զանազան փոփոխությունների ենթարկվել: Նախ, գետնահարկի սենյակներն իրար են միացվել, և հիմա այնտեղ միայն չորս բնակելի սենյակներ կան և չափավոր մեծության սրահանման մի տարածք միջանցքի վերջավորության: Հատակն ու պատերը մաքրվել են, նորոգվել: Դեպի վեր բարձրացող աստիճանները, որ առաջ սրահի կենտրոնում էին, փոխադրվել են միջանցքի եզրին: Եղած սենյակները չբավականացնելով, 1840 թվականին անհրաժեշտությունը զգացվեց մի հարկ ևս բարձրացնել, ուր շինվեցին բնակության յոթ սենյակներ: Երկրորդ հարկի բացօթյա պատշգամբը 1863-1864 թվականներին փոխվեց ընդարձակ և լուսավոր քառակուսի մի սենյակի, կամարավոր վեց մեծ պատուհաններով ու մի փոքրիկ պատշգամբով, որ կոչվում է Հանդիսարան, ուր կատարվում են ուսումնական ճառախոսություններ, քննություններ և հավաքներ: Նույն թվականին, Հանդիսարանի վրա երկու սենյակ կառուցվեց Վարժարանի դաստիարակի համար:

[1] Նամակ Հայր Եղիա վարդապետին, 1726 Նոյեմբեր 7:
[2] Նամակ Հայր Միքայել վարդապետին, 1727 Մայիս 5:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։