Նրա հոգում ծնվում է Միաբանություն հիմնելու գաղափարը – Առաջին աշակերտները – Գրադարան – Mashtoz.org

Նրա հոգում ծնվում է Միաբանություն հիմնելու գաղափարը – Առաջին աշակերտները

Այդ ժամանակից Մխիթարի մեջ մեծ կերպարանափոխություն տեղի ունեցավ. առժամանակ մտքից հանեց Արևմուտք գնալու գաղափարը, հասկացավ, որ այդ ճանապարհով չէ, որ պետք է օգտակար լիներ իր Ազգին, որի աղետալի վիճակն իր սրտի մեծագույն վերքն էր դարձել: Մխիթարն ըմբռնում էր իր բարձր դիրքի ողջ պատասխանատվությունը. հասկանում էր,որ ժողովրդից զատվելով՝ քահանայության աստիճան ստացավ և ստանձնեց սրբազան մի պարտականություն, որին դրժած կլիներ, եթե ապրեր վանքի ստվերներում թաղված, անգործ, աննշան մի կյանք, առանց մի որևէ լուսավոր հետք թողնելու: Քանի՜ քանի՜ գիշերներ, Սուրբ Նշան վանքի խցում ամփոփված, խոհերի մեջ ընկղմված, պատուհանից դիտելով շրջակա դաշտերն ու լեռները, – գիշերվա ժամերին տեսարանն ավելի խորհրդավոր ու շքեղ էր դառնում, – իր վառ երևակայության մեջ պատկերում էր իրեն շրջապատող թշվառությունը, խավարը, ցավերը և սպառնացող ընդհանուր ավերմունքը, և սիրտը վշտից փղձկում էր: Մտածում էր Ազգի քաղաքական ու հոգևոր առաջնորդների անհոգության ու անզգայության, վանքերի բարոյական քայքայման, եկեղեցական ոգու նվազման, կրթության ու գիտության ի սպառ անհետացման մասին. այդ բոլորը կշռում էր իր ընդարձակ մտքով, զգում իր մեծ սրտով և մտածում, թե ինչպե՛ս կարող է դարմանել այդ վերքերը: Եվ ահա՛, իր դիմաց ծառանում էին հազար ու մի դժվարություններ, խոչընդոտներ՝ ձախող ժամանակի պարագաներից, արգելքներ՝ ժողովրդի անկազմակերպ վիճակից, հակառակություն՝ տգետ ու նախանձոտ առաջնորդների կողմից: Ինքը միայնակ, առանց քաջալերողի, նեցուկի և ընկերների. բոլորին անհայտ, առանց դրամի, գրքերի, ինչպե՞ս կարող էր գլուխ բերել մի որևէ մեծ ձեռնարկ: Վհատության վարագույրն իջնում ու փակում էր տեսարանը. ամեն ինչ ցնդում էր գիշերվա լռության մեջ: Նման վիճակները բազմաթիվ գիշերներ էին կրկնվում. վերջապես մի անգամ, երբ դարձյալ նույն խոչընդոտներից ահաբեկված, միևնույն վհատեցուցիչ տագնապով ճնշված, եռանդագին աղոթում էր, մտքի մեջ հանկարծակի մի լույս շողաց. Միաբանություն հաստատելու գաղափարն ունեցավ: Դա՛ էր լինելու աղետներին դիմագրավելու լավագույն ու տևական միջոցը:

Մխիթարն ի բնե օժտված էր այդ գործի համար անհրաժեշտ բոլոր ձիրքերով, շարժուձևի և վարմունքի մեջ ուներ առինքնող մի բան, խոսքերի մեջ՝ համոզիչ մի ուժ. քանի որ նա վանքում էր ապրում, ամբողջ ժողովուրդն իրեն էր ձգտում, օրեցօր երթևեկն աճում էր, և դրանից ստիպված էր, որ թողեց իր առանձնախուցը և գնաց քաղաք: Շատերը, նրա քարոզներից ու հորդորներից ազդված, հրաժարվում էին ո՛չ միայն իրենց թյուր կարծիքներից, այլև աշխարհիկ կյանքից. շատերը, նրա շուրջը խմբված, փափաքում էին աշակերտել իրեն: Մխիթարն ընդունում էր միայն նրանց, ում մեջ տեսնում էր հաստատակամություն և կրոնավորական կոչման ոգի. ինչպիսիք էին սեբաստացի երկու պատանիներ Հովհաննեսն ու Հովսեփը, որոնք եղան նրա առաջին աշակերտները: Այդ օրերին պատահմամբ Մխիթարի ձեռքն անցավ Թովմա Գեմբացու «Յաղագս նմանութեան Քրիստոսի» ոսկեղեն գրքույկը, որից ուրիշ օրինակ չունենալով՝ այն երկու մասի բաժանեց և մի մասը տվեց իր աշակերտ Հովհաննեսին, որ կարդա: Այդ էջերում Մխիթարը գտավ կրոնավորական ճշմարիտ նկարագիրը, հասկացավ, թե ինչի՛ մեջ է կայանում ճշմարիտ առաքինությունը, զգաց, թե որքա՜ն քաղցր է Աստծո ծառայությունը և որքա՜ն ունայն՝ աշխարհի սերն ու սփոփանքը, որոնցից իր սիրտն արդեն իսկ ազատ էր: Նույն տպավորություններն ունեցավ նաև Հովհաննես պատանին, որն անխոհեմ գտնվելու չափ եռանդով, Մխիթարի խրատներին հակառակ, վրայից հանեց աշխարհիկ պերճազգեստ հանդերձանքը և ցնցոտիներ հագավ, նվիրվելով հոգևոր կրթության ու ճգնությունների, որոնցով գրավեց ծնողների ու ազգականների ուշադրությունը և նրանց ատելությունն ակամա գրգռեց իր ու Մխիթարի դեմ: Այդ ժամանակվա աբեղաները, ինչպես արդեն ասացինք, իրենց անկարգ վարքով կրոնավորական վիճակն աշխարհականների աչքին արհամարհելի ու զզվելի էին դարձրել. այդ էր պատճառը, որ ծնողները հակառակվում էին իրենց զավակների կրոնավոր դառնալուն: Իսկույն ամբողջ քաղաքում տարածվեց լուրը, թե Մխիթար աբեղան տղաներին ապստամբեցնում է իրենց ծնողների դեմ, խռովություն է գցում ընտանիքների մեջ, «ֆռանկ է դարձնում մեր որդիներին» և նման ա՛յլ բացատրություններ: Քաղաքում իրարանցում սկսվեց. Մխիթարի ունկնդիրների թիվը զգալի չափով նվազեց, նրա առջև փակվեցին տների դռները, և ծնողները զգուշացնում էին իրենց որդիներին: Սկզբում այդ լուրը տարածվեց մեղմ հովի նման, բայց գնալով փոթորիկի վերածվեց: Մի անգամ Հովհաննեսի մայրը և ազգականները հարձակվեցին Մխիթարի վրա և սպառնալիքներով նրան ստիպում էին պատանուն համոզել, որ կրոնավոր չդառնա, այլ՝ ընտրի աշխարհական վիճակը, քանի որ արդեն նշանված իսկ էր: Հազիվ կարողացավ ազատվել նրանց ձեռքից: Այդուհետև իր այնտեղ մնալը խոհեմ չէր, հարկ էր հեռանալ, առժամանակ ծածկվել, մինչև փոթորիկը կհանդարտվեր: Մխիթարն իր անելիքների մասին տեղեկացրեց աշակերտին, թողեց Սեբաստիան և գնաց Եվդոկիայի կողմերում քարոզելու. սա նաև փորձ պիտի լիներ պատանու համար, թե հաստատո՞ւն էր արդյոք նրա մտադրությունը: Հովհաննեսի ծնողներն ուրախությամբ ընդունեցին Մխիթարի հեռանալու լուրը և ամեն հնար գործի դրեցին պատանու միտքը փոխելու համար, բայց ապարդյուն: Երևելի աշխարհականներ և եկեղեցականներ նրա առջև դրեցին ամեն տեսակ դժվարություններ, հրապույրներ, փայլուն խոստումներ, որոնք կարող էին փորձված կրոնավորի համար անգամ երերալու պատճառ լինել. բայց նա աննահանջ մնաց և ուրիշ նորանոր թակարդներից զգուշանալով՝ բոլոր վտանգներից ազատ մնալու համար որոշեց փախչել Ակնա գավառ: Իր Հովսեփ ընկերոջ հետ խորհրդակցելով, փնտրողների ձեռքը չընկնելու համար նախ թաքնվեց մի բարեկամի տանը, բայց այնտեղ էլ բոլորովին զերծ չլինելով վտանգից, գործադրեց փախչելու մտադրությունը: Այս դեպքն ավելի գրգռեց Մխիթարի հակառակորդներին, որոնց մեջ ամենակատաղին Ծառուկ աբեղան էր. նրանք ամեն տեսակ զրպարտություններով արատավորեցին Մխիթարի անունը, բայց նա հեռու էր, ուստի փոթորիկն իրեն չէր հասնում: Երբ ոչ մի կողմից հանդարտության հույս այլևս չէր երևում, մի ծածուկ աջ գործին ուրիշ ընթացք տվեց, որով բոլորն էլ մեծ երկյուղով զգաստացան: Քիչ ժամանակ անց Ծառուկ աբեղան ցավալի հանգամանքներում հանկարծամահ եղավ. ընկերների հետ գնացել էր Սեբաստիայից մոտ չորս ժամ հեռու գտնվող ջերմուկները և մի խոր ավազանի մեջ լողալու պահին խեղդվել էր, օգնության հասնող չլինելու պատճառով: Այդ աղետալի դիպվածը բոլորի վրա ծանր տպավորություն թողեց. ովքեր տեղյակ էին նրա վարքին և Մխիթարի դեմ ունեցած ատելությանը, պատահածը Աստծո պատիժն էին համարում: Երկու ամիս անց, երբ կրքերը մի փոքր հանդարտվեցին, Մխիթարը վերադարձավ Սեբաստիա: Կարճ ժամանակում մեծ փոփոխություններ էին կատարվել, հակառակորդները բոլորովին լռել էին: Ծառուկին ոչ մի տեղ չէր հանդիպում, ո՛չ քաղաքում, ո՛չ էլ վանքի մեջ: Միայն մի քանի օր հետո մանրամասն իմացավ պատահածի մասին և սրտում խորը կսկիծ զգաց, մանավանդ նման մահվան պատճառով: Հովհաննես պատանին ևս չէր երևում: Նրա ծնողները, լսելով Մխիթարի վերադարձի մասին, եկան և իրենց որդուն նրանից էին պահանջում, կարծելով, թե նրա խորհրդով էր փախել: Մխիթարը, մինչդեռ, բնավ տեղեկություն չուներ նրա փախուստի մասին: Մի օր բարեկամներից մեկը նրան հայտնեց, թե Հովսեփն իր տանն է թաքնվել: Գնաց գտավ նրան և նրանից իմացավ, որ Հովհաննեսը փախել է Ակնի կողմերը: Ետ դարձրեց նրան և ծնողներին հանձնեց, որպեսզի իրեն չկասկածեն և իր գործին արգելք չհանդիսանան:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։