Ուսանող պատանիների զգեստավորումը – Նորընծաների և վարժարանականների առանձին բնակությունն իրենց առանձին դաստիարակներով, ուսուցիչներով և կանոններով – Գրադարան – Mashtoz.org

Ուսանող պատանիների զգեստավորումը – Նորընծաների և վարժարանականների առանձին բնակությունն իրենց առանձին դաստիարակներով, ուսուցիչներով և կանոններով

Երբ տղաները վանք էին հասնում, նրանց իսկույն զգեստ չէր տրվում, այլ՝ մեկ-երկու շաբաթ մնում էին աշխարհիկ տարազով, և մի քանի անգամ զգեստ խնդրելուց հետո միայն, Աբբահայրը բոլոր միաբանների ներկայությամբ՝ Նորընծայարանի մատուռում մի համառոտ հորդոր ասելուց հետո, նրանց սև մազեղեն կապա էր հագցնում և կաշվե գոտի ու վերարկու էր տալիս: Բայց դա սքեմ կամ փիլոն կոչվող բուն կրոնավորական զգեստը չէր, այլ՝ մի վանական նշանազգեստ, պարզապես աշխարհիկ տղաներից զատվելու համար:

Վենետիկ փոխադրվելու առաջին տարիներին աշակերտների թիվը սահմանափակ էր, ուստի առանձին բնակարան և դաստիարակ չունեին, այլ՝ քահանաների հետ խառն էին բնակվում: 1725 թվականին, երբ Հայր Թովմասը վերադարձավ Արևելքից և հետը հինգ պատանի ևս բերեց, Աբբահայրը նրանց զատեց քահանաների ընկերությունից և Վերակացու անվամբ դաստիարակ դրեց Հայր Ստեփանոս վարդապետին, իսկ ուսումնական Վարժապետ՝ Հայր Մատթեոս Եվդոկիացուն: Նրանք Մխիթարի առաջնորդությամբ պետք է հոգ տանեին տղաների հոգևոր և ուսումնական կրթությանը: 1726 թվականին սկսվեց Նորընծայարանի շենքի կառուցումը, որի մեջ բնակվել սկսեցին հաջորդ տարվա աշնանը: Այդ շենքի մուտքը բանալիով փակվեց. ոչ ոք իրավունք չուներ մտնել այնտեղ, բացի Վերակացուից, ուսուցիչներից և Աբբահորից: Արտաքինի հետ բարեկարգեց նաև ներքինը, դրեց կանոններ, որոնք Վերակացուն պետք է ստեպ կարդար տղաներին, բացատրեր և հսկեր դրանց պահպանմանը: Սահմանեց, որ ամեն Կիրակի և տոն օրերին խոստովանվեն և հաղորդվեն, այդ օրերն անցկացնեն հոգևոր ընթերցանությամբ, և դասարանում հավաքված, Վերակացուի առաջնորդությամբ և բացատրությամբ, Քրիստոնեական Վարդապետություն ուսանեն: Նրանց որպես պարտականություն դրեց նաև խղճի հայտնությունը, որը կատարելության մեջ զարգանալու զորավոր միջոցներից մեկն է:

Տղաների հաճախակի դարձած երթևեկը գրավեց հակառակորդների ուշադրությունը. նրանք հասկացան, որ Մխիթարի գործը ծաղկում էր, ուստի դարձյալ ձեռքներն առան զրպարտության զենքը, ընտանիքների մեջ սուտ լուրեր տարածելով, իբր թե՝ Վենետիկի վանքը աշակերտ պահելու համար ո՛չ բնակարան ունի, ո՛չ էլ ապրուստի միջոցներ, ուստի այնտեղ տղա ուղարկելն անիմաստ է: Մի քանի արժանահավատ վկաներ, սակայն, որոնք տեսել էին վանքի հոյակապ կերտվածքը և կարգ ու կանոնը, տեղյակ էին, թե Մխիթարի Միաբանությունն ինչպիսի՛ պատիվ ու համբավ էր վայելում Արևմուտքում և թե ի՛նչ հոգևոր ու մտավոր սնունդ էին ստանում Մխիթարի աշակերտները. հերքեցին, ուստի, սուտ ու անտեղի զրույցները. այնպես, որ է՛լ ավելի ընտանիքներ փափաքեցին Մխիթարի վանքն ուղարկել իրենց տղաներին: Մխիթարը տեսնելով, որ վանք եկող տղաների թիվը գնալով շատանում է, ինչպես արդեն պատմեցինք՝ ստիպված եղավ տարիքով և ուսումով զարգացած աշակերտների համար կառուցել մի ա՛յլ բնակարան, որն անվանվեց Վարժարան: Շինարարությունը սկսվեց 1732 թվականին, իսկ հաջորդ տարուց սկսած՝ մեծահասակ տղաները բնակվեցին այնտեղ: Վարժարանի առաջին Վերակացուն եղավ Հայր Մատթեոս Եվդոկիացին: Աբբահայրն այդտեղ էլ կարգեր ու կանոններ հաստատեց, ուսման հստակ ծրագիր սահմանեց, յուրաքանչյուրի գործն ու ծառայությունները որոշեց, կարևոր խրատներ ու անհրաժեշտ հրահանգներ տվեց:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։