Պոլսի հայերի դրությունը Մխիթարի մեկնելուց հետո – Ավետիք Պատրիարքի վերջին կռիվները, ձերբակալվելը և աքսորվելը Ֆրանսիայի դեսպանի ստիպմամբ – Գրադարան – Mashtoz.org

Պոլսի հայերի դրությունը Մխիթարի մեկնելուց հետո – Ավետիք Պատրիարքի վերջին կռիվները, ձերբակալվելը և աքսորվելը Ֆրանսիայի դեսպանի ստիպմամբ

Մի պահ թողնելով Մոռեան, վերադառնանք Բոսֆորի ափերին, ականատես լինելու համար այնտեղ կատարվող ոճիրներին ու եղբայրասպան կռիվներին, որոնց մեջ երկար տարիներից ի վեր գերակշիռ դեր էին խաղում հեղհեղուկ բախտը, վայրագ կամայականությունները և առաջնորդների ծայրահեղ փառասիրությունը:

Երբ Մխիթարը հեռացավ Պոլսից, կռվի ասպարեզի վրա դեմ առ դեմ ճակատել կանգնել էին երկու ախոյան. Ֆերիոլն ու Ավետիքը, երկուսն էլ գրեթե հավասար ուժերով և հավասար հնարավորություններով: Այդ հավասարակշռությունը տևեց այնքան, մինչև որ Ավետիքի հզոր պաշտպանը հանդիսացող, երկար տարիներ իր իշխանությունը չարաշահած Ֆեյզուլլահ դենպետը պալատական մի դավադրության զոհ գնաց և կտտանքների ենթարկվելով մեռավ: Ավետիքը մենակ մնաց ու առանց թիկունքի, և չկարողանալով դիմադրել իր հակառակորդի հզոր ուժին և ազատվել նրա լարած թակարդից, ձերբակալվեց Սկյուտարում, ուր ապաստանել էր: Բանտ նետվեց նախ Ետիգուլեում, իսկ հետո, 1703 թվականին, աքսորվեց Սիրիայի բերդերից մեկի մեջ, ինչպես իր նամակներում գրում է ինքը Ֆերիոլը, բայց թերևս ավելի ճիշտ է, որ տարվել է Ավրատ կղզի, ինչպես իր իսկ կենսագրության մեջ տեղեկացնում է Ավետիքը[1]: Ֆրանսիայի դեսպանի միջնորդությամբ թիարանից ազատվում է Մելիքսեթ Սուպհին, որը դարձյալ հետամուտ է լինում Պատրիարքության, բայց Աթոռն արդեն գրավել էր Կայծակ մականունը կրող Գալուստ վարդապետը, որի մասին Ֆերիոլն իր նամակներից մեկում վկայում է. «Մեղմ մարդ է երևում»: Բայց սա հազիվ տասը ամիս կարողացավ մնալ Աթոռի վրա: Ավետիքի համախոհներից Ներսես վարդապետը դրամի ուժով Աթոռից ցած գցեց Գալուստին և ինքը նստեց նրա տեղը: Ավետիքի մյուս կողմնակիցները զայրացան, Ներսեսի գլխին ամեն տեսակ ոճիրների ու հանցանքների մեղադրանք թափեցին, այնքան, որ չորս ամիս անց ստիպվեց ինքնակամ հեռանալ, ասպարեզը դարձյալ Ավետիքին թողնելով, որը մինչ այդ բանտից ազատվելով՝ վերադարձել էր Պոլիս: Պատրիարքական Աթոռին կրկին բազմելով, այս անգամ ավելի խրոխտ, քան երբեք, Ավետիքը դավով իր ձեռքը գցեց նաև Երուսաղեմի Պատրիարքությունը, և կրկին սկսեց գործի դնել իր բռնատիրական միջոցները, կեղեքել ժողովրդին, թիարաններն ու զնդանները լցնել անմեղներով, ինչպես նաև անհետացնել նրանց, ովքեր կասկածելի էին թվում իրեն: Նույնիսկ Ֆերիոլի դեմ բացահայտ առճակատման գնաց, նրա բարեկամ և թարգմանիչ կաթողիկե հայերից մեկին ձերբակալել և տուգանել տալով: Դեսպանը, որ արդեն չարաչար գրգռված էր Ավետիքի մի անպատեհ արարքից, որով Պատրիարքը ոտնակոխ էր արել միջազգային իրավունքներից ամենասրբազանը, – անշուշտ եթե հավատք ընծայենք Ֆերիոլի հուշագրերին, – այն է՝ բացել և կարդացել էր Ֆրանսիայի թագավորի կողմից իր դեսպանին ուղղված նամակը, հարմար առիթի էր սպասում վրեժխնդիր լինելու համար: Ուստի դիմեց այդ ժամանակվա եպարքոս Մեհեմմեկ Բալթաջիին և ստիպեց, որ վերջնականապես աքսորի Ավետիքին: Վերջինս, իրեն ուրիշ թիկունք չունենալով, բացի ժողովրդից, որը քամուց ավելի հեղհեղուկ է և այսօրվա պաշտածը վաղը սրի է քաշում, մնում է անզեն ու անպատսպար, և բոլորն էլ իր դեմ են դուրս գալիս այդ հետին թշվառության պահին և քաղաքական իշխանության ձեռքն են մատնում իրեն որպես հասարակության խաղաղությունը խանգարող: 1706 թվականի Փետրվարի 2ին ձերբակալվում և աքսորվում է Թենեդոս կղզի, որտեղից հետո ֆրանսիացի վաճառականի նավով տարվում է Մարսիլիա, Ֆերիոլի նախապես պատրաստված դավադրությամբ:

Ավետիքին Մարսիլիա տանող նավը 1706 թվականի Ապրիլի 23ին խարիսխ է գցում Մեթոնում, ուր այդ ժամանակ գտնվում էր Մխիթարն իրեններով: Մի քանի տարի առաջ, մեկը լիազոր իշխանության գագաթն էր բարձրացել և դարանակալում էր մյուսի կյանքին, որը հազիվ ազատվեց և իր գործունեությանը որպես ասպարեզ ընտրեց պանդուխտի արկածալի կյանքը: Իսկ հիմա Ավետիքը, շղթաներով կապված տարվում էր օտարության ու աքսորի, տառապանքների մեջ մաշվելու և մոռացության մեջ թաղվելու համար: Մինչ Մխիթարը վստահ քայլերով առաջանում էր հաջողության շավիղով, թեև ո՛չ առանց մեծամեծ դժվարությունների, որոնցով անմահացնելու էր իր անունը: Ի՜նչ տարօրինակ զուգադիպություն. այդ երկուսը, որ կարծես սահմանված էին իրարից հեռու ապրելու և գործելու, անցողիկ կերպով ու առանց իմանալու կրկին իրար էին մոտենում, մշտապես իրարից հեռանալու համար: Արդեն բոլորին ծանոթ են տարաբախտ Պատրիարքի աքսորական կյանքի արկածները, որոնք ինքն իսկ գրի է առել պարզ ու սրտաշարժ ոճով և խոսակցական աղավաղ հայերենով, և որոնք ճնշող ազդեցություն են թողնում ընթերցողի վրա[2]: Նավը Մեթոնից ուղղվում է դեպի Մեսսինա, ուր նրան ցամաք հանելով՝ փակում են մի արգելարանում: Բոլորը խորշում են նրանից, կարծես վարակիչ հիվանդություն կրող մեկը լիներ: Մութ ու խոնավ սենյակի մեջ են դնում նրան, գիշերները շղթայելով ոտքերը և հազիվ կյանքը պահպանելու չափ ուտելիք տալով: Քառասուն օր այս տաժանակիր կյանքն է անցկացնում: Հինգ ամիս Մեսսինայում մնալուց հետո տարվում է Մարսիլիա, ուր մորուքը ածիլելով, ոճրագործների բանտում են արգելափակում նրան և դատապարտում են բռնի աշխատանքների: Այստեղ էլ քառասուն օր մնալուց հետո տարվում է Սուրբ Միքայելի վանքը, ուր ևս բարի ընդունելություն չի գտնում, քանի որ բոլորին հայտնի էր անմեղներին հալածողի իր համբավով: Վերջում նրան տեղափոխում են Բաստիլի ամուր և բարձր պարիսպներով շրջապատված բանտը, ուր ազատվում է խիստ հսկողությունից և մի տարի անց, 1711 թվականի Հուլիսի 11ին, կնքում է իր արկածալի կյանքը: Կյանքի վերջին տարին ավելի հանգիստ անցկացրեց նա, ազատվելով բանտի ճնշող մթնոլորտից և հայերեն ձեռագրեր ընդօրինակելով, որոնց վերջում կարդում ենք իր գրած հիշատակարանները, որոնք այլևայլ տեղեկություններ են տալիս մեզ իր այդ օրերի կյանքի վերաբերյալ[3]: Ավետիքն ինքնըստինքյան գործելու մեծ կարողությամբ օժտված անձնավորություն էր և շատ մեծ դեր կարող էր խաղալ հօգուտ իր Ազգի, եթե չափազանց հակառակասիրության և փառասիրության ոգով կուրացած, աղետների փոսը չփորեր իր և ուրիշների համար:

[1] «Զիմ օթեւանքն Իսկիւտարու սարայն, զոր իմ մալովս եմ ստացեր, կոխեցին, կողոպտեցին, եւ զիս տարեալ ի յԷտիգուլէն հէփս արարին [...] եւ զիս ուղարկեցին Բ չաւուշով ի Ավռատ ատասին. անդ մնացի Ա տարի» («Մասիս», 1874, թ. 1496):
[2] Ավետիք Պատրիարքի Ինքնակենսագրությունը հրատարակվել է Մասիս օրաթերթում, Եդ. Դյուլորիեի աշխատությամբ (1874, թիվ 1489):
[3] Այդ հիշատակարանները հրատարակել է Կ. Բասմաջյանը իր Բանասեր թերթում, հտր. Բ, պրակ Բ, էջ 114-116:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։