Պոլսում այլևայլ կրոնական խնդիրներ են առաջանում և նորանոր ամբաստանություններ են լինում Միաբանության դեմ – Գրադարան – Mashtoz.org

Պոլսում այլևայլ կրոնական խնդիրներ են առաջանում և նորանոր ամբաստանություններ են լինում Միաբանության դեմ

Մինչ Մխիթարը տաժանելի ջանքերով աշխատում էր ձեռք բերել Սուրբ Ղազար կղզին և այնտեղ տեղափոխել իր Միաբանությունը, Արևելքում դարձյալ բորբոքվում էր մոխիրների տակ թաղված, բայց ամբողջովին չհանգած հակառակության հուրը, որի բռնկմանը պատճառ հանդիսացավ հետևյալ դեպքը: Տարիներ առաջ, մոտավորապես 1714-1715 թվականներին, Պոլսի հայ կաթողիկե մասի առաջնորդներն ու գլխավորները, որոնց մեջ կային նաև մի քանի եպիսկոպոսներ, որոնցից նշանավորն էր Մամտո եպիսկոպոսը, հավաքվելով որոշեցին կաթողիկե մասն ամբողջովին զատել մյուս ազգայիններից և ունենալ իրենց առանձին եկեղեցիներն ու առանձին Պատրիարքը: Այդ ժողովին և ձեռնարկին չմասնակցեցին Մխիթարի այդ օրերին Պոլսում գտնվող երկու աշակերտները՝ Հայր Գեորգն ու Հայր Պողոսը, հետևելով Աբբահոր հրահանգներին, որը խիստ հրամաններ էր տվել նրանց՝ չմիջամտելու այդպիսի խնդիրների, քանի որ Մխիթարն իր հեռատեսությամբ կանխազգում էր այն դառնաղետ հետևանքները, որ կարող էր ունենալ այդ ձեռնարկը, ինչպես և արդյունքն իսկ ցույց տվեց: Երբ վերոհիշյալ անձինք մի ֆրանսիացու տանը հավաքված խորհրդակցում էին գործի հաջողության ու միջոցների մասին, մի հայ սպասավորի մատնությամբ խնդրին տեղեկանում է Պատրիարքը[1], որն իսկույն պետական պաշտոնյաների մոտ է գնում և նրանց ամբաստանում է որպես գաղտնի դավադիրներ ու ապստամբներ: Կառավարությունը ձերբակալում է գլխավորներին, բանտարկում, ամեն տեսակ տանջանքներով խոշտանգում. ոմանք ազատվում են հավատքն ուրանալով, մեծ գայթակղության պատճառ դառնալով բոլորի համար. ոմանք մեծագումար դրամով գնում են իրենց ազատությունը. ոմանք էլ, ինչպես Մամտո եպիսկոպոսը, Հովսեփ վարդապետը և Տեր Աստվածատուրը, իրենց հավատքի մեջ հաստատուն մնալով՝ խոստովանողաբար կնքում են իրենց մահկանացուն:

Հասկացավ կաթողիկե մասը, – թեպետ շատ ուշ, – թե որքան խախուտ հիմքի վրա էին ուզում բարձրացնել իրենց շենքը, որը թեթև հովն արդեն գետին տապալեց: Եվ անշուշտ զարմացան նաև Մխիթարի հեռատես ու խոհական վարմունքի վրա, որն իր մարդկանց զգուշացրել էր միջամուխ չլինել այնպիսի մի գործի, որը շահեկան չլինելուց բացի, մեծապես վնասակար էր լինելու իրենց: Բայց նաև չմոռացան, որ Մխիթարն ու իր միաբանները այդ խնդրին մատի ծայրով անգամ չմոտեցան ու ոչնչով չնպաստեցին: Հետևաբար, տարիներ անց, երբ առիթն ունեցան, անտեղի կասկածներից դրդված՝ նորոգեցին հին զրպարտությունները, մանավանդ երբ լսեցին, որ Մեթոնի վանքը կործանվել է, միաբանները փախել են Վենետիկ և հետամուտ են նոր վանք ստանալու այնտեղ: Այդ ժամանակ, 1716-1717 թվականներին, Արևելք քարոզության էին գնացել Հայր Գեորգը և Հայր Հովսեփ Պրուսացին, երկուսն էլ իրենց կրոնական վարդապետության մեջ ըստ ամենայնի ողջամիտ անձինք, ինչպես հաստատում են այն բազմաթիվ նամակներն ու վկայագրերը, որոնք այդ ամիսներին վանք կամ Հռոմ էին հասնում այն բոլոր քաղաքներից, ուր նրանք քարոզում էին: Եվ սակայն, զրպարտությունների մեծ մասը ծանրանում էր այդ երկու վարդապետների վրա. իբր թե արհամարհում են սրբազան պատկերները, չեն ընդունում ներողությունները, քարոզում և խոստովանեցնում են առանց հրամանի, ինքնագլուխ կերպով, տգետ են, և այլն: Այդ ստահոդ զրույցներն ու չարախոսություններն այնպիսի շառաչ ու աղմուկ հանեցին, որ Պոլսի լատին Փոխանորդը, ի վերջո հավատալով նրանց ու տեղի տալով, նամակ գրեց Հռոմ, որպեսզի իսկույն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեին: Սուրբ Ժողովը, թեև առանձնապես կարևորություն չէր տալիս այդ զրպարտագրերին, սակայն հակառակության ոգին մարելու նպատակով նամակ գրեց Մխիթարին, որպեսզի երկու քարոզիչներին ետ կանչի և որոշ ժամանակով որևէ մեկին Արևելք քարոզության չուղարկի, մինչև որ ինքն անձամբ Հռոմ գա և եղած ամբաստանություններից Միաբանությունն արդարացնելով՝ հակառակորդների բերանները փակի: Մխիթարը Ժողովի գրությունը ստացավ 1717 թվականի սկզբնավորության, երբ իրենց ապագան պատող խավարը փարատելու վրա էր, մինչդեռ ահա, հազիվ էին թեթևացել անցած վշտերից, երբ կրկին հակառակության նոր քամիներ էին փչում և նորանոր տագնապներ էին սկսվում: Այդուհանդերձ, նա հնազանդ գտնվելով բարձրագույն հրամանին, Արևելքից ետ կանչեց երկու քարոզիչներին և Ժողովին իսկույն տեղեկացրեց, որ քարոզիչների վերադարձից և Միաբանության գործերը կարգավորելուց հետո անհապաղ Հռոմ կգա: Սուրբ Ժողովը, լիովին վստահ լինելով Միաբանության անմեղությանը, երբ լսեց Վենետիկում Մխիթարի վանք ստանալու լուրը, մի գեղեցիկ նամակով հայտնեց իր խնդակցությունը և ազնվական շեշտադրումով հիշեցրեց Հռոմ գնալու խոստումը: Կամենում եմ այստեղ մեջբերել այդ նամակից մի հատված, որպեսզի ընթերցողը տեսնի, թե ինչպիսի՛ն էին Ժողովի և Մխիթարի միջև եղած առնչությունները:

«Վերապատվյալ Հայր, Ժողովս մեծ հաճույքով տեղեկացավ, որ Ձերդ Հայրությունը Հասարակապետության առատաձեռն գթությունից ստացել է մի մենաստան, որպես Ձեր և Ձեզ հպատակ կրոնավորների բնակարան: Անտարակույս Դուք, Ձեր կրոնավորներով հանդերձ, ըստ պատշաճի համապատասխանելու եք մի այդպիսի մեծ շնորհի, ջանալով կատարել այն բոլոր առաքինությունները, որոնք վայել և հատուկ են միանձնական կյանքին: Դարձյալ, Սուրբ Ժողովիս անհաճո չէր լինի Ձեր գալուստը, որպեսզի այս սրբավայրերի այցելությամբ գոհացնեիք Ձեր բարեպաշտությունը: Հանձնելով ինձ Ձեր աղոթքներին [և այլն]: Ծիրանավոր Սակրիպանտե, Նախագահ: Հռոմ, 20 Սեպտեմբեր 1717»:

Այդ տառապալից օրերին ո՛չ փոքր նեցուկ ու սփոփանք եղավ այդ նամակը Մխիթարի վշտացած սրտին:

Այդ անտեղի հակառակությունների ու զրպարտությունների առաջ լուռ չմնաց Խաչատուր վարդապետը, որ մի կորովի նամակով Ծիրանավորների Ժողովի առաջ ջատագովեց Մխիթարին և Միաբանությանը. գրեց նաև Պոլսի Փոխանորդին և կաթողիկե հայերին, հաճախ կրկնելով հետևյալ բացատրությունները. «Մխիթարը մի պայծառ արեգակ է մեր Ազգի մեջ, հզոր ջատագով է ճշմարտության, և վահան՝ ուղղափառ հավատքի». կամ դարձյալ. «Մխիթար վարդապետը գերազանց փիլիսոփա է և աստվածաբան, նա ո՛չ միայն կարող է ընտիր թարգմանություններ անել, այլ նաև իմաստասիրական և աստվածաբանական ինքնագիր գրքեր շարադրել: [...] Ես այս կարծիքն ունեմ, թե ո՛վ նրա դեմ կռվում է, մեղանչում է Սուրբ Հոգու դեմ, և ո՛վ աշխատում է կործանել նրա գործը, որի հաստատությունն Աստծուց է, ո՛չ միայն հաջողություն չի գտնելու, այլ նաև աստվածամարտ է գտնվելու»[2]: Անկեղծ ու պերճախոս էին այդ վկայությունները, բայց Մխիթարի մեծագույն պաշտպաններն էին իր խիղճը և իր գործերը. այդպիսի հարվածների դեմ նրա զենքերն էին, բնածին արիության ու մեծահոգության հետ միասին, նրա մեծ հավատքն ու ապավինումը Աստծուն: Այդ օրերին էր, որ Մխիթարը գրեց Սուրբ Անտոն Անապատականին՝ Միաբանությանս Նախահորն ու մեծ Պաշտպանին ձոնված իր շարականը, որ սկսվում է «Զքեզ, Սուրբ Հայր Անտոնիէ» բառերով, իսկ յուրաքանչյուր տունը վերջանում է «Օգնեա՛ մեզ, Սուրբ Անտոնիէ, օրհնեա՛ զմեզ, Սուրբ Անտոնիէ. Պահեա՛ զմեզ, Սուրբ Անտոնիէ, ի թշնամեաց պատերազմէ» աղերսով[3]: Կարծես մի սուրբ եռանդով կամենում է այդ տողերով հիշեցնել իրեն զրպարտողներին, – որոնք ասում էին, թե Հռոմի համալսարանում ուսանած չլինելու պատճառով տգետ էին Մխիթարն ու իր աշակերտները, – որ գիտության աղբյուրն Աստված Ինքն է, որ կարող է իմաստնացնել ո՛ւմ կամենում է: «Թէպէտ գրովք վարժեալ չեղեր, սակայն զհոսանս Հոգւոյն արբեր. Արքայութեան դըպիր եղեր, և քան զգիտունս գեր ի վեր», շարունակում է Մխիթարի գեղեցիկ ու հոգեզմայլ շարականը, հուզիչ մի եղանակով, որն ամեն տարի Մխիթարի որդիները երգում են Սուրբ Անտոն Անապատականի տոնի օրը, երախտագետ սրտով հիշելով Հիմնադրի անհամեմատ արդյունքներն ու կրածները, արծարծելով նրա հոգին իրենց անձերում և կյանքում կենդանացնելու փափաքը:

Երբ Հայր Գեորգը և Հայր Հովսեփը հասան Վենետիկ, – առաջինը՝ 1717 թվականի վերջավորության, իսկ երկրորդը՝ 1718 թվականի Փետրվարին, – քանի որ շինությունների հիմնական մասն Ապրիլին արդեն ավարտվել էր և բոլոր միաբանները տեղավորվել էին վանքում, Աբբահայրը նրանցից յուրաքանչյուրի պաշտոնն ու գործը որոշելով, մի տարվա ապրուստի դրամը ապահովելով, և բոլորին հորդորելով, որ եռանդուն ու հավատարիմ լինեն իրենց պարտականություններին և հոգևոր կոչմանը, հրաժեշտի ողջույնը տվեց իր սիրելի զավակներին, և իր հետ վերցնելով Հայր Հովհաննես և Հայր Գեորգ վարդապետներին, 1718 թվականի Մայիսի սկզբին ճանապարհ ընկավ դեպի Հռոմ:

[1] Ամենայն հավանականությամբ դա Հովհաննես Բաղիշեցին էր, որ սովորաբար հայտնի է Կոլոտ անվամբ (1714-1741թթ.):
[2] Խաչատուր վարդապետի նամակն ուղղված Տիրացու Պետրոսին, Հաջի Հարությունին, Հաջի Աբդուլլահին և այլոց, 1717 Օգոստոս 25:
[3] Մխիթար Աբբահոր աշակերտները նրա մահից հետո այդ շարականի վրա ավելացրել են հետևյալ տողերը. «Օգնեա՛ մեզ, Սուրբ Անտոն արի, աշակերտաց մեծ Աբբայի, Մխիթարայ վարդապետի, լինել հնազանդ վեհագունի»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։