Պոլսում դարձյալ հակառակություններ են սկսվում Միաբանության դեմ և Հայր Եղիա վարդապետը ետ է կանչվում – Գրադարան – Mashtoz.org

Պոլսում դարձյալ հակառակություններ են սկսվում Միաբանության դեմ և Հայր Եղիա վարդապետը ետ է կանչվում

Մինչ Մեթոնում հաջողությունների ու հաղթանակների շարքն այսպիսով մոռանալ էր տալիս անցած աղետները և գեղեցիկ ապագայի խոստումներ էր տալիս, Պոլսում կրկին սկսվեցին թշնամական խլրտումները: Նոր հուզումներ էին պատրաստվում մի փոքրիկ հասարակության դեմ, որն իր կազմավորման օրից իսկ տառապանքների մեջ լինելով, իր գոյությունը պահպանել էր միայն գերմարդկային ճիգերով և հազիվ սկսում էր մի փոքր հանգիստ շունչ քաշել: Սուրբ Աթոռի կողմից Միաբանության հաստատման լուրը հասել էր Պոլիս, և դա էր զայրացրել ու մեծ խռովք պատճառել հակառակորդներին, որոնք կրկին իրենց ձեռքն էին վերցրել զրպարտությունների զենքը: Տնից տուն շրջելով անվանարկում էին Մխիթարի աշակերտներին, մանավանդ Հայր Եղիային, որի հոգևոր քարոզները սիրով էին ընդունվել մայրաքաղաքում և գավառներում, և ամեն կողմ գովասանքով էր տրվում նրա անունը, և առհասարակ գրավել էր ժողովրդի սերն ու հարգանքը: Եվ այդպիսի եռանդուն ու ողջամիտ վարդապետին ամբաստանում էին, որ իբր ուղղափառ վարդապետությանը հակառակ բաներ է քարոզում և մերժում է ներողությունները: Այդ զրպարտություններից առաջ եկավ մի մեծ աղմուկ, որի արձագանքը հասավ մինչև Հռոմ: Դարձյալ պղտորվեցին հազիվ պարզված մտքերը, դարձյալ թղթակցություններ և քննություններ սկսվեցին Սուրբ Ժողովի ու Մխիթարի միջև, նորանոր հալածանք և արգելքներ, որոնք թեև անկարող էին լինելու տապալելու հաստատուն ժայռի վրա հիմնված շենքը, միառժամանակ, սակայն, Միաբանության առաջ փակելու էին քարոզության դռները: Սուրբ Ժողովը, ի նկատի ունենալով ընդհանրության օգուտը, ճիշտ համարեց Պոլսից ժամանակավորապես հեռացնել Հայր Եղիա վարդապետին, որի ներկայությունը ոմանց աչքին մի կայծ էր, և կարող էր նոր հրդեհների առիթ հանդիսանալ: Աբբահայրը ստիպված էր կատարելու այդ մեծ զոհողությունը ևս, և նամակ գրեց Հայր Եղիային, պատվիրելով, որ հազիվ ստանա իր նամակը, իսկույն հեռանա Պոլսից և վերադառնա Մեթոն: Հայր Եղիան, թեև խորապես խոցված էր իր դեմ հարուցված անիրավ ամբաստանություններից, և նրա համար մեծապես ցավալի էր այդքա՜ն քրտինքով ոռոգած և խնամած պարտեզը թողնել ուրիշների ավերին ու կոխոտմանը, բայց հազիվ ստացավ Աբբահոր նամակը, անհապաղ ճանապարհ ընկավ դեպի Մեթոն, խոր կսկիծի մեջ թողնելով իր հոտը: Իսկ հակառակորդները, իբրև հաղթանակ տարած, ամեն կողմ հռչակում էին իրենց հաջողությունը, և ուրախանում էին, որ վերջապես իրենց էր մնում քարոզության ասպարեզը, որ շահի ու պատիվների դուռ պիտի բացեր իրենց առաջ: Հայր Եղիան, այդ եռանդուն կրոնավորը, որ տարիներով ժիր քարոզիչն էր եղել կաթողիկե հավատքի, հայաբնակ միգապատ գավառների մեջ իր հետ շրջեցնելով ճշմարտության և գիտության լույսը, սեր և խաղաղություն հաստատելով իր այցելած տեղերում, հոգեշունչ քարոզներով փափկացնելով քարացած սրտերը և տառապողներին սփոփելով, ցավերն ու հիվանդությունները բուժելով, որոնք դարմանելու անկարող էր եղել բժշկական արվեստը, և գրեթե սքանչելիքներ գործելով՝ ամբողջ ժողովրդի կողմից մեծարվում էր որպես կենդանի մի սուրբ. ահա այդ անձը իր հայրենիքից վտարվում էր իբրև մոլար և կասկածելի վարդապետություններ քարոզող: Որքա՜ն մեծ հարված էր դա, որ նրա սրտին տալիս էին հակառակորդները: Վիրավոր սրտով հասավ նա Մեթոն, 1713 թվականին: Աբբահայրն իր օծուն խոսքերով մխիթարեց նրան, ապա իսկույն Սուրբ Ժողովին տեղեկացրեց նրա գալստյան մասին, արդարացնելով նրան այն բոլոր զրպարտություններից, որոնց ստությունն այնքան ակներև էր, որ ապացուցելու հարկ անգամ չկար: Այդ տարապարտ զրպարտություններին ի լուր անտարբեր չմնաց նաև Կորնթոսի արքեպիսկոպոսը, որն իր զորավոր ձայնը մինչև Հռոմ հասցրեց՝ ջատագովելու համար անմեղի դատը, տալով նրա առաքինի վարքի և կրոնի ուղղափառության մեծամեծ դրվատիքը:

Այդ հակառակությունները ո՛չ փոքր վերք եղան նաև Մխիթարի սրտին, նկատելով, որ ինքը կաթողիկե հավատքի համար էր միայն հալածվել հայրենի երկրից, այդքա՜ն տառապանքներ էր կրել օտարության մեջ, և այդ հավատքի ծավալման համար հսկայական ջանքեր էր գործադրել. իսկ այժմ, իր այդ միակ պարծանքն էլ էին խլում իր ձեռքից, անիրավ կասկածների ենթարկելով իր և իրենների հավատքի ուղղափառությունը: Եվ սակայն, իր քարեղեն կամքով նա չընկճվեց այդ ծանր հարվածների տակ. նման բազմաթիվ ալեկոծությունների էր նա ենթարկվել, որոնցից միշտ անվնաս էր դուրս ելել: Երբեք, և ո՛չ իսկ մի պահ անգամ, նա չտատանվեց, չվհատվեց, պատերազմի դաշտից ետ չքաշվեց, և վիրավոր զինվորին կռվից դուրս հանելու պահին, նրա տեղն իսկույն մի ուրիշին հասցրեց: Եվ այդպես, մինչ նախանձոտներն իրենց ստահոդ զրույցներով պղտորում էին բոլորի միտքը, թե իբր Մեթոնի վանքը կործանվելու մոտ էր և Արևելքի դռները փակվել էին նրա առջև, նույն ժամանակ Պոլիս էր հասնում Մեթոնի միաբաններից մեկ ուրիշը՝ Հայր Պողոս վարդապետը: Նրա ժամանումով հասկացան ոսոխները, որ իրենց բթացած զենքերը չէին կարող մեռցնել Մխիթարի գործը, որը նրանց հարվածների տակ կարծես է՛լ ավելի էր ամրանում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։