Սեբաստիա քաղաքը – Գրադարան – Mashtoz.org

Սեբաստիա քաղաքը

Սև ծովից գրեթե 1200 մետր բարձրության վրա, Ալիս գետից մոտ կես ժամ հեռու, հյու-սիսից՝ Մերեգում, հարավից՝ Գարտաշլար (Երկվորյակ), արևելքից՝ Սոխկերի և Սահրապելի լեռներով շրջապատված մի ընդարձակ դաշտավայրում վեր է խոյանում Սեբաստիա քաղաքը: Քաղաքը կառուցվել է Քրիստոսից մոտ 150 տարի առաջ: Ըստ ավանդության, նախ կոչվել է Կաբիրա և եղել է Պոնտոսի թագավորության նշանավոր քաղաքներից մեկը: Միհրդատ Մեծը (Ք.ա. 123-63թ.), որին Եվպատոր էին անվանում, ամրացրեց, պարսպապատեց, զորացրեց քաղաքը և իր արքունիքն այնտեղ հաստատելով՝ այնտեղ զետեղեց նաև իր գանձերի մեծ մասը: Լուկուլլուսը, այս քաղաքի մոտակայքում հաղթելով Միհրդատին, գրավեց քաղաքը և կողոպտեց նրա գանձերը: Պոմպեոսը նորոգեց այն, շենացրեց, բարեկարգեց և անունը փոխելով՝ Դիոսպոլիս դրեց: Իսկ Պոնտոսի թագուհի Պյութագորիսն է՛լ ավելի գեղեցկացրեց քաղաքը և արքունիքը կրկին այնտեղ հաստատելով – ինչպես ավանդում է Ստրաբոնը – ի պատիվ Օգոստոս կայսեր՝ քաղաքն անվանեց Սեբաստիա[1]: Այդուհետև, պատմության մեջ քաղաքը ճանաչվեց այդ անվամբ և մինչև օրս էլ ապրում և պարծենում է սրբազան ու հայրենի իր անթիվ հիշատակներով, որոնք իր անվան շուրջը մի անանց լուսապսակ են կազմել: Սեբաստիան Եկեղեցուն պարգևեց մեծամեծ Սրբեր, որոնցից կարող ենք որպես օրինակ հիշատակել Սուրբ Եվստռատիոսյաններին, որոնց մասունքներն հետո Հռոմ տեղափոխվեցին և մինչև օրս պահվում են Սուրբ Ապողինար եկեղեցու Ավագ Խորանի ներքո. Քրիստոսի անվան համար նահատակված քաջ Մարտիրոսներ, որոնցից ամենահամբավավորներն են Սեբաստիո Քառասուն Մանուկները. Հայրապետներ, որոնցից ամենանշանավորները եղան Սուրբ Վլաս և Սուրբ Աթանագինես եպիսկոպոսները: Ունեցավ թագավորներ (Պոնտոսի թագավորությունից հետո Սեբաստիայում հաջորդաբար թագ կրեցին երեք Արծրունիներ. Վասպուրականի թագավոր Սենեքերիմը, նրա որդի Դավիթը, և սրա որդի Ատոմը, որ վերջինը եղավ, 1080 թվականին), գիտնականներ, արվեստագետներ: Բայց հայերիս համար մեծագույն պարծանքը եղավ ու մնաց Մխիթարը, որի անվամբ էլ անմահացավ Սեբաստիան, քանի որ ամբողջ աշխարհը նրան Սեբաստացի անվամբ է ճանաչում:

[1] Հայերեն «Օգոստոս» անունը լատիներենում դառնում է «Augusta» (Աուգուստա), իսկ հունարենում «Σεβαστή» (Սեբաստե):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։