Սեղանատունը – Գրադարան – Mashtoz.org

Սեղանատունը

Քահանաների, նորընծաների և վարժարանցիների բնակարանները կառուցելուց և կահավորելուց հետո, – այնպես, որ վանքում հիսուն հոգու բնակության սենյակ կար[1], – Մխիթարը սկսեց զարդարել և վայելչացնել վանքի անշուք մնացած մյուս մասերը:

Գետնահարկի հարավային կողմում կառուցվեց սեղանատունը, 17 մետր երկարությամբ և 6,5 մետր լայնությամբ, վեց մեծ պատուհաններով, լուսավոր ու սրտաբաց, որի շինությունն ավարտվեց 1739 թվականի Հոկտեմբերի վերջին, իսկ Նոյեմբերի 1ից սկսեցին ճաշել նորաշեն սեղանատանը: 1741 թվականին, ընկույզի փայտով պատել և դրվագել տրվեցին որմերը, դռները, սեղաններն ու ամբիոնը: Սեղանատան մուտքի մեծ դռան բարավորի վրա ներսի կողմից քանդակվեց Մխիթարի հոգեշունչ պատվերը, որ պահվում է մինչև այսօր.

Աստ լռութիւն է պահելի
Եւ Սուրբ Գրոց ուշ դնելի:
 

Սեղանատանը շատ քիչ փոփոխություններ են կատարվել կառուցման օրից ի վեր. հատակը պատվել է մարմարե սալերով, որմերը զարդարվել են յուղաներկ նկարներով, որոնց մեջ ամենահարգին է 6,5 մետր երկարությամբ Վերջին Ընթրիքի պատկերը, որ գրավում է սեղանատան ամբողջ ճակատը: Այդ պատկերը, Ռաֆայելլոյի և Լեոնարդոյի նկարած Վերջին Ընթրիքների հետևողությամբ, 1780 թվականին Հռոմում նկարել է ծնունդով վենետիկցի նշանավոր նկարիչ Փիեթրո Նովելլին:

Սեղանատան մուտքին մի փոքրիկ գավիթ կա, որի կարմիր մարմարից պատրաստված խորանաձև ավազանը, իր համեստ չափսերով հանդերձ, շատ գեղեցիկ է:

[1] «Ամբողջությամբ հիսուն անձանց բնակության տեղ եղավ մեր մենաստանում, և մինչև գարուն հիսուն հոգի կլինեն միաբանները», գրում է Մխիթար Աբբահայրը (Նամակ Հայր Պողոս վարդապետին, 1739 Դեկտեմբեր 7):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։