Սուրբ Խաչի մատրանապետության պաշտոնը անցնում է Միաբանությանը – Գրադարան – Mashtoz.org

Սուրբ Խաչի մատրանապետության պաշտոնը անցնում է Միաբանությանը

Խաչատուր վարդապետը 1740 թվականին հիվանդացավ և Աբբահորից խնդրեց, որ Սուրբ Խաչի ժամապետ նշանակի Հայր Հովհաննես վարդապետին, մինչև որ ինքը առողջանա: Հիվանդությունը, սակայն, մեղմանալու փոխարեն ավելի ծանրացավ, և երկու ամիս անց, բոլոր հոգևոր պատրաստությունները տեսնելով, թռիչք առավ դեպի Երկինք, այնտեղ ստանալու իր վաստակած պսակը, Մխիթարին և Միաբանությանը կտակելով իր գրություններն ու ամբողջ ունեցվածքը, խնդրելով մշտնջենավոր Պատարագ մատուցել իր հոգու համար: Քաղաքի Հայերը դիմեցին Վենետիկի Պատրիարքին, որպեսզի Հայր Հովհաննեսին հաստատի որպես Սուրբ Խաչի մնայուն ժամապետ և իրենց Առաջնորդ: Դիմեցին նաև Աբբահորը, որը շատ դիմադրելուց հետո՝ հազիվ զիջեց նրանց խնդրանքին, պայմանով, որ դա ժամանակավոր բնույթ էր ունենալու, մինչև որ այդ պաշտոնին հարմար անձ կգտնվեր: Աբբահայրն այդ դիրքը բռնեց, քանի որ ժողովրդի մեջ դեռ շարունակվում էին տարաձայնությունները: Բայց երբ Սուրբ Խաչի հոգաբարձուները շատ թախանձեցին և տերությունից էլ հատուկ հրամանագիր բերեցին, Մխիթարը վերջապես զիջեց և այդ պաշտոնում հաստատեց Հայր Հովհաննեսին, որը ժամապետին հատկացված տանը բնակվելով, ամեն օր Հայոց եկեղեցում պատարագում էր, կիրակի և տոն օրերին քարոզ ասում, Սուրբ Խորհուրդները մատակարարում, աղքատներին հոգում, վեճերը հարթում, մանուկներին սովորեցնում մայրենի լեզուն և հոգևոր ու կրթական հարկավոր գիտելիքներն ուսուցանում: Ժողովուրդն էլ իր կողմից տարեկան հիսուն դահեկան էր տալիս նրան, ո՛չ իբրև թոշակ, քանի որ ամեն ինչ ձրիաբար էր անում, այլ՝ պարզապես որպես ողորմություն, իր պաշտոնի անհրաժեշտ ծախսերի համար: Հայր Հովհաննես վարդապետը հինգ տարի հայրաբար խնամեց ժողովրդին, բայց այդուհանդերձ, դարձյալ ծագեցին տարաձայնություններն ու անտեղի կասկածները, որոնց պատճառով հրաժարվեց պաշտոնից և 1746 թվականի Փետրվարին վերադարձավ վանք: Պաշտոնը հանձնվեց ոմն Տեր Եղիա քահանայի, որն այդ ժամանակ պատահմամբ Վենետիկում էր: Բայց կարճ ժամանակից նա ևս ստիպված էր հրաժարվել և Պոլիս գնալ, ինչպես նաև նրա հաջորդը: Ժողովուրդը շատ ուշ հասկացավ արած սխալը, և խմբովին Աբբահորն աղերսագիր ուղղեցին, որ նորից իրենց վերադարձնի Հայր Հովհաննեսին, որն այնքան տարի ճշմարիտ հայր էր եղել իրենց համար: Աբբահայրը, սակայն, այլևայլ պատճառներով և որոշ դժվարություններ ի նկատի ունենալով, հանձն չառավ կատարել նրանց խնդրանքը: Վերջ ի վերջո, երբ ժողովրդի հոգևոր կարիքները հոգացող ոչ մի հայ քահանա չկար, Մխիթար Աբբայի Հաջորդի օրոք Միաբանությունը ստիպված ստանձնեց այդ պաշտոնը և այն կատարում է մինչև այսօր:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։