Սուրբ Հովսեփի խորանը Ավանդատան մեջ – Նորոգություններ եկեղեցու գավիթում – Գրադարան – Mashtoz.org

Սուրբ Հովսեփի խորանը Ավանդատան մեջ – Նորոգություններ եկեղեցու գավիթում

Ավագ Խորանի ձախակողմում է գտնվում ավանդատունը, ուր զգեստավորվում են պատարագող քահանաները: Մխիթարն այն կառուցել է հիմքից: Ավանդատան հյուսիսային պատին կռթնած, պարզ ու աղքատիկ մի խորան կառուցվեց, նվիրված հայրագիր Սուրբ Հովսեփին, որի հանդեպ ջերմեռանդ ու բարեպաշտ էր եղել Մխիթարն իր մանուկ հասակից: Իսկ Ավագ Խորանի աջակողմում կառուցեց ևս մի փոքրիկ ավանդատուն և սահմանեց, որ նորընծա քահանաները, քանի դեռ բնակվում էին վարժարանում, այնտեղ կատարեին Պատարագի իրենց պատրաստությունն ու զգեստավորումը: Տասնիններորդ դարի սկզբին, 1817 թվականին, երբ Միաբանության բարեկամ և բարերար Պարոն Հակոբ Աղա Սեղբոսյանի ծախսով եկեղեցու հատակն ամբողջովին նորոգվեց սպիտակ և կարմիր քառակուսի մարմարներով, եկեղեցում գտնվող տապանաքարերը հանվելով՝ փոխադրվեցին հիշյալ փոքր ավանդատուն, որտեղից հետագայում՝ 1966 թվականի ջրհեղեղից հետո փոխադրվեցին գավիթի պատերի վրա, ուր և մնում են մինչև այսօր: Բայց դրանով չմոռացվեց այդ երջանիկ հոգիների հիշատակը, որոնք փափաքեցին այդտեղ թաղվել՝ մասնակցելու համար այն եռանդուն աղոթքներին, երգերին, շարականներին և խնկաբույր օրհնություններին, որոնք ամեն օր բարդ ի բարդ, ամպորեն երկինք բարձրանալով, իջեցնում են քավության ցողը՝ ի զովություն նրանց ցամաքած նշխարների: Իր բարերարներին երախտապարտ, Մխիթարի Միաբանությունն ամեն տարի կատարում է նրանց հոգեհանգստյան Սուրբ Պատարագը, լույսեր վառելով դամբանների վրա, մահվան ստվերը ցրելու և նրանց հոգիներին հավիտենական Լույսը մաղթելու դիտավորությամբ:

Եկեղեցու կենտրոնական սրահում գտնվող վեց սյուները, որ պատրաստված էին մուգ կարմրագույն մարմարից և որոնց վրա էին հենվում խմբարանի կամարները, հնությունից ամբողջովին սևացել էին: Մխիթարը մաքրել ու հղկել տվեց դրանք, և սկսեցին այնպես փայլել, որ կարծես նոր քանդակված լինեին: Որմերը, կամարներն ու առաստաղը ծեփել տվեց մարմարի փոշիով խառնված սպիտակ գաջով, այնպես, որ ամբողջովին քարից շինված էին թվում: Իսկ դրսից, եկեղեցու պատերը ծեփվեցին կրով և կարմրագույն ներկվեցին: Այդ բոլոր շինությունների և նորոգությունների համար 2.500 դահեկանի ծախս եղավ, որին մասամբ նպաստեցին Միաբանության բարեկամները. օրինակ, Նանի սեպուհը նվիրեց 50 դահեկան, Շեհրիմանյան ընտանիքից պարոն Աստվածատուրը՝ 250 դահեկանի շինանյութ, պարոն Սահրատը՝ 500 դահեկան: Մխիթարն իր նամակներից մեկում այսպես է նկարագրում եկեղեցու վերանորոգման ավարտը. «Եկեղեցու շինությունը հաջողությամբ ավարտվեց: Շատ գեղեցիկ ստացվեց, բոլոր տեսնողները գովում են: Հոկտեմբերի վերջին ավարտվեցին բոլոր աշխատանքները, իսկ Նոյեմբերի 9ին օծման հանդեսը կատարելով՝ Ավագ Խորանի վրա մատուցեցինք առաջին Սուրբ Պատարագը: Մարմարե սյուներն ու խարիսխները, որոնք առաջ սևացած և տգեղ էին երևում, մաքրվել և հղկվել են, և այժմ այնպես են փայլում, որ տեսնողները կարծում են, թե նոր են շինվել: Եկեղեցին առհասարակ այնպիսի տեսք ստացավ, որ կարծես որմերը, առաստաղն ու կամարները քարաշեն են: Իսկ երգելիս այնպես է հնչում ու արձագանք տալիս, որ կարծես շինվածքի մեջ փայտի կտոր անգամ չկա»[1]:

Եկեղեցու առջև գտնվում է գավիթը՝ չորս պատուհաններով և մի նեղ նախասրահով, որ տանում է դեպի վանքի քառակուսի կամարակապ ծաղկանոցը: Սկզբում, Մխիթարի ժամանակ, գավիթը շատ պարզ տեսք է ունեցել, անշուք տանիքով, պատերով և աղյուսե հատակով: Միակ զարդը Ձուքոլա վենետիկցի իշխանի հին քանդակազարդ բյուզանդական շիրիմն էր: Այդ շիրմի ներքո, որմի վրա զետեղված տապանաքարի վրա գրված է.

Աղայ Պետրոս Շահրիմանեան Ջուղայեցի
Աստ ըստորեւ յիւր վիմափոր հանգչի շիրմի:
 

Այս անձն էլ է եղել Միաբանության բարերարներից մեկը. իր կյանքն ապրեց՝ ընտանեկան ազնվականությանը միացնելով հոգևոր բարեպաշտությունը: Վախճանվել է 1803 թվականի Հուլիսի 14ին:

Եկեղեցու գլխավոր մուտքի երկու կողմերում կանգնած են ֆրանսիական կարմրերանգ հարգի մարմարից պատրաստված երկու զույգ սյուներ, որոնք Ավագ Խորանի ճակատամասն էին զարդարում վերանորոգումից առաջ: Այդ սյուներից յուրաքանչյուր զույգի մեջտեղումմարմարե երկու հուշատախտակներ են տեղադրվել հայերեն և լատիներեն լեզուներով, ի հիշատակ այն պատմական օրվա, որում Սուրբ Ղազար է այցելել Փիո Յոթերորդ Սրբազան Քահանայապետը, 1800 թվականի Մայիսի 9ին: Ահավասիկ հայերեն արձանագրությունը.

Փիոյ Եօթներորդ հովիւ հանրական
Ընտրեալ ի Վենէժ յաթոռ Պետրոսեան,
Յայց ելեալ փառօք հարց Մխիթարեան
Ընդ ծիրանազգեաց Ստեփանի Պօրճեան.
Զմիանձանց գումար գթովք ընդգրկեալ
Յողջոյն յարգանաց ոտից տեառնագրեալ,
Սըրբոյ տաճարիս ձիր առատ շնորհեալ
Բնաւից հայկազանց պարծանս հաստատեալ.
Հրճուի ընդ պարգեւս Րաբուն Մխիթար
Կրկին նորոգի կղզի Սուրբ Ղազար.
Մեծաց երախտեացս արձան անվըթար
Կանգնի աստանօր հանուրց ազդարար.
Թուին ՌՄԽԹ – 1800 Մայիս 9:
 

Եկեղեցու կառույցից դեռ չհեռացած, վանքի մյուս շինությունների կառուցման մասին խոսել սկսելուց առաջ, արժե մի պահ հիշել, թե Միաբանության պատմության երեք դարերի ընթացքում ի՛նչ նշանակալի փոփոխություններ է կրել Սուրբ Ղազարի եկեղեցին:

[1] Նամակ Հայր Պողոս վարդապետին, 1722 Դեկտեմբեր 10:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։