Սուրբ Ղազար կղզու ընդարձակումը – Գրադարան – Mashtoz.org

Սուրբ Ղազար կղզու ընդարձակումը

Մխիթարի ժամանակ վանքը ուղղանկյունաձև մի շենք էր, մոտ 75 մետր երկարությամբ և 40 մետր լայնությամբ, երկու կողմից շրջապատված էր մի պարտեզով, ուր տնկված էին զանազան պտղատու ծառեր և կային բանջարեղենների և ա՛յլ մշակությունների մարգեր: Հարավային կողմում խիտ առ խիտ տնկված էին դափնիներ, որոնք թե՛ օդն էին բարեխառնում իրենց անուշահոտությամբ և թե՛ պաշտպանում էին ուժգին փչող քամիներից: Պարտեզում կային զանազան արահետներ, որոնց կամարաձև ծածկը, խաղողի տերևներով պատված, հովանի էր անում և պաշտպանում էր ամառվա տապից:

Սուրբ Ղազար կղզու նախկին տարածությունը, երբ Մխիթարն այն ստացավ, 7.200 քառակուսի մետր էր: Երբ 1815 թվականին Ավստրիայի Ֆրանցիսկոս Առաջին կայսրը այցելեց Սուրբ Ղազար, ամեն բան հավանեց այնտեղ, բացի փոքրությունից, ուստի հրամայեց ընդարձակել կղզին: Այդպիսով սկիզբ առավ Սուրբ Ղազար կղզու արհեստական ընդարձակման գործընթացը, որն իրականացվեց երեք հանգրվանով և տևեց հարյուր երեսուն տարի, լիովին ավարտվելով 1947 թվականին (չհաշված մոտ 300 քառակուսի մետր մեծությամբ այն նեղ ու երկար շերտը, որը կղզուն ավելացվեց 2001 թվականին, արտաքին պարիսպների նորոգության ժամանակ): Կղզու չորս կողմից ծովը լցվեց ցամաքից բերված քարերով ու հողով, կղզին ընդարձակվեց չորս անգամ, և նրա այժմյան տարածությունը մոտ 30.000 քառակուսի մետր է: Ավելացված հողակտորներից մեկի վրա կառուցվեց մոտ 50 մետր երկարությամբ մի նոր շենք, որի գետնահարկում շինվեցին տպարանը, կազմարարատունը և տպարանի փակ շտեմարանը. իսկ վերնահարկում՝ մի ընթերցարան, որ կոչվում է Ճեմարան, քահանաների բնակության հինգ ընդարձակ սենյակ և նկարազարդ, ոսկեձեղուն մի շքեղ դահլիճ, ուր գտնվում է բնագիտական գործիքների և բնապատմության առարկաների հավաքածոն. իսկ կողքին վեր է բարձրանում աշտարակաձև աստղադիտարանը:

Պարտեզի ամենաարգավանդ և գեղատեսիլ մասը այս նոր լցված հողաշերտի վրա է գտնվում: Կղզու առաջամասում, դեպի Վենետիկ դիտող անկյունում, նավակների նոր կայանատեղիի վրա, կառուցվել է բացօթյա ութանկյուն մի պատշգամբ, ուր քեզ զգում ես լողացող նավի վրա, որ առաջանում է ալիքները կտրելով: Այդտեղից օրվա տարբեր ժամերի տարբեր տեսարաններ են երևում. արևի ոսկեզօծ ու շլացուցիչ մուտքը, մշուշապատ և երբեմն էլ հայելանման ջրերի մեջ գլխիվայր ցոլացող քաղաքը, իսկ խորքում՝ պարսպի նման կանգնած ձյունապատ կամ ամպածրար Ալպյան լեռները: Երկար մի ծառուղի, ուր կարմրածաղիկ դափնեվարդերն ու երկար, մռայլ նոճիներն իրար խառնված, մարդկային կյանքի վայելքի ու վշտի խորհրդանշաններն են թվում. թարմ կանաչությունը, խիտ բուսականությունը և նրանց մեջ թաղված կարմրավուն շենքերը, որոնք նշանակում են հոգու ներքին ուժերի թարմությունը, շարժումն ու տևականությունը:

Որևէ մի կառույցի գեղեցկությունը կայանում է նրա մասերի՝ իրար և բոլորի հետ ունեցած ներդաշնակ համեմատության մեջ, ինչպես ասում է Մխիթարն ինքը[1]. այս տեսությամբ՝ հիրավի գեղեցիկ էր նրա կառուցած վանքը, որի վայելչագեղությամբ հիանալու էին գալիս շատերը՝ ուխտավոր ժողովուրդ, իշխաններ, դեսպաններ, ծիրանավորներ, նվիրակներ և այլն, և Մխիթարի հանճարով ու կարողությամբ հիացած՝ ետ էին վերադառնում: Մի օր այցելության եկավ Աբբահորը ծանոթ և մտերիմ մի վանահայր և խոսք բացելով վանքի շինության մասին, խորհուրդ տվեց պարտեզի կենտրոնում կանգնեցնել Մխիթարի մարմարե արձանը, որպես հավերժական կոթող և հիշատակարան: Մխիթարը ժպտալով ցույց տվեց իր աշակերտներին և ասաց. «Ահա՛ իմ կենդանի արձանները»: Եվ իրոք, վանքի ոչ մի անկյունում չենք գտնում մի արձանագրություն կամ մի հիշատակություն, որը կարող էր գեթ որոշակի չափով փառավորել իր անունը ներկա և ապագա սերունդների դիմաց: Իր աշակերտների բուռն թախանձանքներից միայն ստիպված, պարզապես ապագայի իմացության համար, թե ե՛րբ և ո՛ւմ օրոք կառուցվեց այդ հոյակերտ մենաստանը, զիջեց և սեղանատան մեծ դռան բարավորի վերևում, դրսի կողմից, գրեթե թաքնված մի անկյունում, թույլ տվեց քանդակել հետևյալ պարզ ու անշուք արձանագրությունը.

ՄԵՆԱՍՏԱՆՍ ԱՅՍ ԸՍՏ ԲՈԼՈՐԻՆ
ՇԻՆԵԱԼ ԵՂԵՒ Ի ՓԱՌՍ ՓՐԿՉԻՆ,
ՅԱԲԲԱՅՈՒԹԵԱՆ ՍԵԲԱՍՏԱՑՒՈՅ
ՄԽԻԹԱՐԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ.
ՅԱՄԻՆ 1740:
 

Այս տողերի մեջ փայլում է Մխիթարի հոգու բովանդակ մեծությունը:

[1] Մեկնություն Ժողովողի, գլխ. Բ, էջ 44-45:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։