Սուրբ Նշան վանքում անցկացրած ամիսները – Գրադարան – Mashtoz.org

Սուրբ Նշան վանքում անցկացրած ամիսները

Սեբաստիայից մոտ տասը րոպեի ճանապարհ հեռու, հյուսիսային կողմում գտնվում էր Սուրբ Նշան վանքը, կառուցված մեր Արծրունի Սենեքերիմ թագավորի կողմից, շուրջ 1021 թվականին: Իր հնությամբ ու հիշատակներով հռչակված այդ վանքը կանգնած էր Մերեգումի լեռան ստորոտը կազմող բարձրավանդակի վրա, և իր մեծ ու փոքր գեղեցիկ գմբեթներովիրեն էր ձգում տեսնողների հայացքը: Վանքը շրջապատված էր շաղախով ծեփված քարե պարսպով, որի առջև տարածվում էր պտղատու ծառերի ընդարձակ մի այգի[1], իսկ թիկունքի կողմում՝ ուռենու և կաղամախու մի ձեռատունկ անտառ, որի մոտ էլ գտնվում էր Անապատ վանքը և հայաբնակ Դավրա գյուղը: Վանքի արևելյան կողմում կային բուժիչ ջրերի ինքնաբուխ աղբյուրներ, որոնց մեջ իրենց առատությամբ ու զուլալ մաքրությամբ առանձնանում էին Լուսաղբյուրք կոչվող երկու նշանավոր աղբյուրները: Վանքն ուներ երեք եկեղեցի, որոնցից ամենամեծը կոչվում էր Սուրբ Նշան. դա մի խաչաձև կառույց էր, Վարագա Սուրբ Նշան եկեղեցու ճարտարապետական հորինվածքով, բայց նրանից մի քիչ փոքր: Երկրորդ եկեղեցին կոչվում էր Սուրբ Կարապետ. կառուցված էր գմբեթակիր երկարաձիգ ուղղանկյուն սրահի ձևով: Իսկ երրորդը՝ նույնպես գմբեթավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին էր. խաչաձև հատակագծով փոքրիկ մի եկեղեցի, որի ներսում թաղված էր վանքի աբեղաներից Թեոդորոսը, նահատակված 1150 թվականին: Նրա տապանաքարին գրված էր. «Այս է տապան հանգստեան Սրբոյն Գոհարինեայ որդւոյն՝ Թէոդորոսի նահատակին», և այլն: Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը նույնպես, որն իր կյանքի վերջին հինգ տարիները Սուրբ Նշան վանքում է ապրել, թաղվել է նախ գերեզմանատան մեջ, որտեղից հետո, ըստ ավանդության, մարմինը փոխադրվել է Սուրբ Աստվածածին եկեղեցի: Վանքում կային բոլոր կարևոր կարիքներին հատկացված կառույցներ ու սենյակներ: Առաջնորդարանն ու միաբանների սենյակներն առանձնացված էին վանքի մյուս կառույցներից: Սուրբ Նշանի վանահայր եպիսկոպոսները միաժամանակ Սեբաստիա քաղաքի Առաջնորդն են եղել: Վանքից նայող մարդը վայելում էր քաղաքի տեսարանը, շրջակայքի կիսավայրի գեղեցկությունները. մի ընդարձակ հորիզոն, մի ջրարբի դաշտ՝ մեղմ ու սահուն ելևէջներով, հովիտներ, բլուրներ, լեռներ. սիրտն ու հոգին հափշտակող մի տեսարան, որի վեհության առջև փոքրանալով՝ մոռացվում էին կյանքի ցավերն ու ծանրությունները: Այդ տեսարանի առաջ, բարձունքների հետ դեպի վեր էր խոյանում ու առ Աստված ձգվում լույսի ծարավ սիրտը, խմելու համար իմաստության ու սիրո աղբյուրից:

Աստծուն ծարավող այդ հոգին Մխիթարն էր, աչքերը միշտ հառած դեպի Սուրբ Նշան, որի սրբազան լռությունը, որի երկնաձիգ գմբեթները դեռ մանուկ հասակից հրապուրել ու կանչել էին նրան: Այնտեղ ակնկալում էր գտնել այն, ինչ անդուլ երազել էր. սրբության և գիտության լայն ասպարեզ: Հազիվ էր լրացել որոշված ժամկետը, երբ նա մորից կրկին խնդրեց, որ իրեն թույլ տա վանք գնալ, ուր վաղուց արդեն գնացած պիտի լիներ, եթե ծնողների հանդեպ ունեցած սերն ու հարգանքը զսպած չլինեին իր հոգու սլացքը: Բարեպաշտ մայրը թեև համաձայն էր կատարելու իր որդու փափաքը, բայց քանի որ նրա հայրը և հորեղբայրները իրենց վաճառական գործերով ուրիշ տեղ էին գնացել, ուզեց տղայի գնալը հետաձգել մինչև նրանց վերադարձը: Բայց Մխիթարը վախենալով, որ գուցե հանկարծ նրանք արգելք կլինեն իր ծրագրին, կամեցավ օգուտ քաղել նրանց բացակայությունից. ուստի լաց ու արտասուքով սաստկացրեց իր թախանձանքները, և պատանիների սովորական սպառնալիքն անգամ գործի դրեց, ասելով, որ տնից ծածուկ կփախչի ու օտար երկիր կմեկնի, եթե այս անգամ էլ դեմ կանգնեն իր փափաքին: Այս վերջին հնարքը կոտրեց մոր դիմադրությունը և նա վերջապես տվեց իր համաձայնությունը: Մխիթարը վազեց իր ուրախությունը կիսելու երկու կույսերի հետ, որոնք դեռ ողջ էին: Նրանք էլ ուրախանալով, տղային հորդորեցին այդ քայլը շուտով կատարել. օր առաջ վանք գնալ, որովհետև լսել էին, որ առաջիկա կիրակի օրը ձեռնադրություն պիտի լիներ, ուստի Մխիթարն էլ կարող էր սարկավագ ձեռնադրվել և այդպիսով մեկընդմիշտ ազատվել աշխարհական վիճակին վերադառնալու վտանգից: Կույսերը շտապ կանչեցին տղայի մորը, ապա կանչեցին իրենց խոստովանահայր քահանային, և տղային նրանց հանձնելով՝ հորդորեցին տանել և ներկայացնել Եպիսկոպոսին, որպեսզի նրան էլ ընդունի իր կրոնավորների մեջ և սարկավագ ձեռնադրի: Քահանան, նայելով տղայի փոքր տարիքին, քանի որ հազիվ տասնհինգ տարեկան էր, դժվարանում էր կատարել կույսերի խնդրանքը, մտածելով, թե այդ հասակին ինչպե՞ս կկարողանա հանձն առնել մշտնջենավոր կուսակրոնության պարտականությունը: Բայց երբ կույսերը երաշխավորեցին տղայի համար, քանի որ անձամբ ճանաչում էին նրա հրեշտակային վարքը և գիտեին, թե Աստված ինչպիսիմեծ գործի է նախապատրաստում նրան, քահանան այլևս չվարանեց Մխիթարին Սուրբ Նշանի վանք տանել: Այդ ժամանակ (1691թ.) վանքի Առաջնորդն էր Անանիա Եպիսկոպոսը, որը վեց տարի առաջ, 1685թ.ին, պատանի Մխիթարին տվել էր եկեղեցական փոքր աստիճանները: Անանիա Եպիսկոպոսը, թեև մեծագործ կամ նշանավոր մեկը չէր, բայց բարի ու հանդարտ մի մարդ էր. «Այր խոնարհագնաց և առաքինի վարուք», ինչպես գրում է նույն վանքի վերաբերյալ պատմություններ հավաքողը[2]: Սա տեսնելով պատանու շնորհալի ու կայտառ դեմքը, որ փայլում էր հոգու գեղեցկությամբ ու հանճարով, չսպասեց մոր ու քահանայի թախանձանքներին, իսկույն ընդունեց նրան և կրոնավորական սքեմ տվեց: Ապա, առաջիկա կիրակի օրը, սարկավագ ձեռնադրեց: Այդ օրը տղայի անունը փոխվեց և կոչվեց Մխիթար:

[1] Այդ այգու անմիջապես առջևում էր գտնվում Հողդար թաղամասը, ուստի Մխիթարի հայրական տունը շատ մոտ էր գտնվում Սուրբ Նշան վանքին:

[2] Յովհաննէս Եպիսկոպոս, Կոնդակ Ս. Նշան վանաց Սեբաստիոյ, Խմբ. ԻԱ., թիւ 12.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։