Ստիպվում է թողնել Պոլիսը և վերադառնալ գավառները – Գրադարան – Mashtoz.org

Ստիպվում է թողնել Պոլիսը և վերադառնալ գավառները

Մխիթարը Պոլսում մնաց միայն հինգ ամիս, պատիվների ու հիացմունքի դափնիների ներքո ծանրաբեռնված, սակայն իրականում ուրիշ հոգսերի տակ ճնշված: Քանի որ իր ձեռնարկի համար Խաչատուր վարդապետին և ուրիշներին ուղղված շարունակական խնդրանքներն անօգուտ մնացին, իբրև «ձայն բարբառոյ յանապատի», Մխիթարը որոշեց նորից ետ դառնալ, գնալ Կարինի մոտ գտնվող Օլթի գավառը, որի բնակիչները մեծ մասամբ հայեր էին: Նա մտադիր էր այնտեղ իրեն ծանոթ, առաքինի, ուղղամիտ մի քահանայի օգնությամբ աշակերտներ հավաքել և անհրաժեշտ բաները կարգավորելով, հիմնարկել իր մտադրած գործը: Սակայն դրամի պակասությունն այս անգամ էլ ծանրացավ նրա վրա: Նա, որ Պոլսում մնալու այդ հինգ ամիսներին ապրում էր բարեպաշտների ողորմությամբ և իր չափավոր կերակուրից ավելացածով աղքատներին էր կերակրում անգամ, այժմ իր և իր երկու աշակերտների ճանապարհի ծախսի համար մի դահեկան անգամ չուներ: Սովորաբար երեկոները գնում էր հացագործներից մեկի կամ մյուսի տուն, ուր հավաքվում էին մի խումբ արհեստակիցներ, և նրանց հետ զրուցում էր հոգևոր հարցերի շուրջ: Պոլսից մեկնելուց մի քանի օր առաջ, երեկոյան կրկին գնաց նրանց տուն, ուր հոգևոր զրույցից հետո տեղեկացրեց, որ բաժանվելու է նրանցից և վերադառնալու է գավառ: Նրանք շատ հուզվեցին իր խոսքերից և չկարողանալով ուրիշ կերպ արտահայտել իրենց անկեղծ համակրանքն ու երախտագիտության զգացումները, և իմանալով, որ նա աղքատորեն է ապրում և կարող է այդքան երկար ճանապարհի համար դրամի կարիք ունենալ, նրան մի չափավոր գումար նվիրեցին: Մխիթարն այդ դրամով ո՛չ միայն հոգաց իր և աշակերտների ճանապարհի ծախսն ու անհրաժեշտ պետքերը, այլ նաև գնեց մի Աստվածաշունչ, Թովմա Գեմբացու գրքից մի օրինակ և հոգևոր ա՛յլ գրքույկներ ու պատկերներ, որպեսզի իր հետ տաներ իր և բարեպաշտների սրտին ի մխիթարություն: Արցունքն աչքին հրաժեշտ տվեց ծանոթներին ու բարեկամներին, իրեն Աստծո և Տիրամոր խնամքին հանձնեց, և երկու աշակերտի հետ նավ բարձրացավ ու դեպի Տրապիզոն մեկնեց, 1697 թվականի Սեպտեմբերի վերջին: Այս անգամ նրա ուղևորության ծրագիրն էր ուղղակի Կարին գնալ, Տրապիզոնից անցնելով, առանց Սեբաստիա հանդիպելու:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։