Սքեմառության և ուխտադրության հանդեսները – Քահանայական Ձեռնադրությունը և վարդապետական գավազանի ստացումը – Գրադարան – Mashtoz.org

Սքեմառության և ուխտադրության հանդեսները – Քահանայական Ձեռնադրությունը և վարդապետական գավազանի ստացումը

Ուսանող պատանիներից նրանք, ովքեր ըստ ամենայնի գովելի ընթացք էին ցուցաբերում և հաստատուն էին մնում իրենց կոչման մեջ, նրանց արտոնվում էր ներս մտնել կրոնավորության նախադռնից. դա կոչվում է Փիլոնառություն կամ Սքեմառություն: Վանական կյանքի առաջին քայլն է. սքեմ կրելու օրից սկսվում է ապագայի վերաբերյալ վճռական որոշում կայացնելու ժամանակը: Վանական այդ արարողությունը արտոնվում է 16-18 տարեկանը լրացրած տղաների համար միայն. այդ տարիքին արդեն սկսվում է պատանու ինքնաճանաչողության ավելի հասուն շրջանը, ուստի այլևս ընդունակ է նկատվում ըմբռնելու կրոնավորական կյանքի պարտականությունների ծանրությունը. բավական է, որ փափաքի և իրեն տրամադիր դարձնի վանական կոչմանը, և Միաբանության անդամների հավանությամբ կընդունվի անդամակցելու Միաբանությանը՝ հանձնառությամբ չորս կրոնավորական ուխտերի. այդ արարողությունն էլ Ուխտադրություն է կոչվում: Այդուհետև նա դառնում է Միաբանության լիիրավ անդամ, բոլորին հավասար մի Մխիթարյան, հաղորդակից՝ բոլոր իրավունքներին և շնորհներին: Վիճակի այդ փոփոխությունները նորանոր պարտականություններ են դնում պատանու վրա, որն այդուհետև ընթանում է դեպի քահանայական Ձեռնադրությունը. հիմնովին հմտանում է աստվածաբանական գիտություններին և վարժվում է քարոզախոսությանը: Մխիթարն այդ բոլորն անում էր նախքան Ձեռնադրությունը, քննում էր նրանց, հրահանգում քահանայական ծառայության մեջ, և հետո նոր միայն՝ ընծայում էր նրանց Աստծո Խորանին: Նույնպես, վարդապետական գավազան տալուց առաջ քննում էր աստվածաբանական խնդիրների շուրջ, և տրված պատասխանների համեմատ՝ այն տալիս էր արժանավորներին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։