Վանական մի քանի սովորություններ և հանգստի պահերը – Գրադարան – Mashtoz.org

Վանական մի քանի սովորություններ և հանգստի պահերը

Հոգևոր և ուսումնական կրթությունների հետ միասին, Մխիթարը չէր զլանում պարգևել աշակերտներին նաև անհրաժեշտ հանգստի պահերն ու սփոփանքները, նախատեսելով յուրաքանչյուր հասակին հարմար զիջումներ: Ինչ-ինչ առիթներով, ինչպես օրինակի համար՝ քարոզիչների վերադարձին, ուխտի և քահանայության հանդեսներին և մի քանի տոների կապակցությամբ, կազմակերպում էր հասարակաց ուրախություն և մեծ ճաշկերույթ: Ճաշի առաջին համեմը կրոնավորական հոգին էր. հոգևորով սկսվում էր և հոգևորով ավարտվում. Աբբահայրը տվյալ առիթին և հանդեսին հարմար մի բարեմաղթություն էր անում, երիտասարդ քահանաներն ու պատանիները օրվա խորհրդին պատշաճ հոգևոր երգեր էին երգում, իսկ երբեմն էլ՝ ամեն ինչում գյուտավոր ու հանճարեղ Աբբահայրն առաջարկում էր լուծել առակավոր մի խոսք, և լուծման մեջ հաղթողն անպատճառ մրցանակ էր ստանում:

Դարձյալ, մտքերին մի փոքր սթափում և հանգիստ տալու համար՝ նորընծա և վարժարանցի աշակերտներին տաս, տասնհինգ օրով փոփոխակի տանում էր գյուղ, Պադուայի մոտակայքում գտնվող Նովենտա կոչվող ավանում: Այնտեղ աշակերտներն իրենց դաստիարակի առաջնորդությամբ ամեն օր շրջագայում էին դաշտերում, այցելում էին պարտեզները, պալատները և կրոնավորների վանքերը: Սուրբ Ղազարում գտնված ժամանակ էլ երբեմն տղաներին և քահանաներին քաղաք էր ուղարկում, որպեսզի վենետիկյան եկեղեցիներն ու վանքերն այցելեին:

Մխիթարի այսպիսի խոհական վարչությամբ՝ Միաբանությունն այնքան ծաղկեց, որ բոլորին նախանձելի և փափաքելի դարձավ, նրա համբավն ամենուր հասավ, և շատերն էին կամենում անդամակցել Մխիթարի Միաբանությանը, թե՛ օտարներ և թե՛ հայեր, ամեն հասակի և վիճակի անձինք: Նույնիսկ արդեն հիմնված կրոնավորական Միաբանություններ փափաքում էին մտնել Մխիթարի կառավարման ներքո, ինչպիսին էր պարագան, օրինակի համար, Լիբանանի նորահաստատ Անտոնյան Միաբանության, որոնց, սակայն, Աբբահայրը տարբեր պատճառներով մերժում էր: Այդ պատճառներից հիմնականն այն էր, որ խոսքը վերաբերվելով արդեն ձևավորված հասուն անձանց, որոնք չէին կրթվել Մխիթարի դպրոցում, Աբբահայրը համոզված էր, որ նրանց համար գրեթե անհնարին կլիներ հարմարվել Սուրբ Ղազարում գործող կանոններին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։