Վանքի Առաջնորդ Մարգար եպիսկոպոսից ընդունում է վարդապետական գավազանը – Գրադարան – Mashtoz.org

Վանքի Առաջնորդ Մարգար եպիսկոպոսից ընդունում է վարդապետական գավազանը

Մի ամբողջ տարի և նույնիսկ ավելի մնալով Կարմիր վանքում, իր եռանդուն գործունեությամբ ծաղկեցրեց այն, նրա վարկը բարձրացնելով բոլորի մտքում և կյանք ու եռանդ ներշնչելով վանականներին, որոնց հոգևոր կյանքը մահամերձ վիճակի մեջ էր գտնվում: Վանքի Առաջնորդ Մարգար եպիսկոպոսը, չկարողանալով ուրիշ կերպ հայտնել իր գնահատանքը Մխիթարի անձնվեր աշխատանքի համար և իր հիացումն արտահայտել նրա առաքինի վարքի ու իմաստության հանդեպ, կամեցավ վարդապետական գավազան շնորհել նրան, որ պահանջված արժանիքներից շատ ավելին ուներ: Մխիթարը, Առաջնորդի և մյուս բոլորի հորդորներին տեղի տալով, համաձայնվեց: 1699 տարվա մեջ մի օր տեղի ունեցավ փառավոր հանդեսը, որին ներկա գտնվեցին քաղաքի մեծամեծներն ու պատվավորները, որոնցից շատերը Մխիթարի ծանոթները կամ մտերիմներն էին: Ազգային սովորության համաձայն, նույն ժամին, բազմաթիվ հանդիսականների առաջ, Մխիթարն ընծայեց իր ընդունած աստիճանի երախայրիքը, հանպատրաստից խոսելով մի գեղեցիկ ու իմաստալից քարոզ, որով բոլորն էլ հիացան և առատ ողորմություն տալով վանքին, գոհացած վերադարձան: Մխիթարի վարդապետության լուրը տարածվեց Կարնո ողջ գավառում, ժողովուրդն ամեն կողմից գալիս էր նրա հոգևոր քարոզները լսելու, և քանի որ բազմության երթևեկի պատճառով վանքի անդորրը խանգարվում էր, Առաջնորդը Մխիթարին հրամայեց գնալ, շրջել թեմի սահմաններում և քարոզել: Նա իր հետ առավ Հովհաննես աշակերտին, որն այդ նույն տարում Մակար եպիսկոպոսի ձեռքով քահանա էր օծվել, և գնաց Աստծո խոսքը ծարավ հոգիներին հասցնելու:

Մխիթար վարդապետը Մարգար եպիսկոպոսի հետ հաճախ էր խոսում Ազգի թշվառության ու աղետների մասին, որոնց ինքն ուղղակի ականատեսն էր եղել Հայության գրեթե բոլոր կենտրոններում և անհրաժեշտ էր համարում վիճակից դուրս գալու միջոց ու ելք գտնել: Այդ զրույցներով նա ուզում էր նախապատրաստել Առաջնորդի միտքը: Երկուսի միջև գոյացած ամուր կապը Մխիթարին վստահեցրեց վերջապես եպիսկոպոսին հայտնելու Միաբանություն հիմնելու իր մտադրությունը, որը գնալով ավելի էր հասունացել իր մտքում: Նրան պարզեց իր ծրագիրը, խոսեց դրա օգուտների, գործը գլուխ բերելու անհրաժեշտ միջոցների և դժվարությունների մասին: Եվ դա արեց ո՛չ թե մի կամ երկու, այլ՝ շատ անգամներ, ասելով. «Դո՛ւ եղիր գործի առաջնորդը, իսկ ես միայն մի գործակից՝ քո հրամանի ներքո: Ես կլինեմ աշակերտների ուսուցիչը և Աստծո օգնությամբ կհոգամ բոլոր անհրաժեշտ կարիքները»: Բայց նա արիությունից զուրկ, Աթոռը կորցնելու վախով բռնված, չուներ ձեռներեց ու գործուն այն ոգին, առանց որի մի որևէ ձեռնարկ երբեք չի հաջողվում: Ուստի հրաժարվեց այդ գործին աջակցելուց: Սա Մխիթարի վերջին փորձն էր: Այդուհետև մարդկանցից լքված ու անհույս, միմիայն Աստծուն ապավինած, որոշեց Պոլիս վերադառնալ և այն մեծ քաղաքի մի անքույթ խորշի մեջ իր մոտ հավաքել պատանիներ, կրթել նրանց ուսմամբ և հոգևոր կյանքով, և այդ կերպ իրականացնել վաղուց ծրագրած իր ձեռնարկը: Մուտուրկուի վանքից կանչեց Հովնան աշակերտին և իրենից առաջ Պոլիս ուղարկեց, իսկ ինքը, իր մյուս՝ Հովհաննես աշակերտի հետ թողեց Կարմիր վանքը, Կարին գնաց և եկեղեցու սենյակներից մեկում բնակվեց: Այս անհաջողության մեջ միակ սփոփանքը տեսնելն էր, թե ինչպես էր աշակերտների թիվն օրեցօր աճում, քանի որ Կարինում երկու պատանի իրեն միացան որպես աշակերտ. մեկը վանքի ուսանողներից էր, Եզեկիա անունով, խելացի ու բարեբարո մեկը, որն հետո Միաբանության մեջ Հայր Գաբրիել կոչվեց. իսկ երկրորդը Ղազարոս անունով հոգեսեր մի պատանի էր, որ Մխիթար վարդապետի համբավից հորդորված, ինքնահոժար միացավ նրա աշակերտներին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։