Վենետիկյան մի նավով մեկնում է դեպի Մոռեա – Գրադարան – Mashtoz.org

Վենետիկյան մի նավով մեկնում է դեպի Մոռեա

Մի քանի օր անց, երբ ոստիկանները դեռ փնտրում էին իրեն, Զմյուռնիա հասավ Պոլսից եկող և դեպի Վենետիկ ուղևորված մի նավ, որը թեև ուղղակի Մոռեա չէր գնալու, բայց անցնելու էր Զանթա կղզուց, որտեղից Մոռեա անցնելը դյուրին էր: Ուստի, արդեն Հոկտեմբեր ամսին, մեծ զգուշությամբ նավ մտավ երեք աշակերտների հետ միասին: Չնայած որ եղանակն աշնանային էր և ծովը զերծ չէր քամիներից ու ալեկոծությունից, բայց Մխիթարն անբարենպաստ եղանակի վրա այլևս ուշադրություն չդարձրեց, քանի որ այդպես նա շա՜տ ավելի վտանգավոր մի փոթորկից էր ազատվում: Նավը սկզբում լողում էր հանդարտ ընթացքով, անցնելով Արշիպեղագոսի կղզիների մոտով, որոնք ծովի երեսին վիթխարի ժայռերի նման դուրս ցցված, սարսափ էին ազդում նավորդների վրա, ամեն րոպե սպառնալով բախվել ու նավաբեկել: Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Մխիթարը ենթարկվում էր ալեկոծության. այս դեպքերն է նա նկարագրում իր տաղերից մեկում, որ սկսվում է «Ընտրեալ ի մէջ հողեղինաց» բառերով: Այդուհետև, զարհուրելի գույներով է պատկերվում ծովը Մխիթարի մտքում. ալեկոծությունն իր համար դառնում է իր հոգևոր ճգնաժամերի ճշգրիտ պատկերը և իր գրություններում նա հաճախ է մեղավորներին նմանեցնում ալեկոծվածի, որ տարուբերվում է իր ներքին կրքերից և տանջվում է խղճի խայթից: Նավը որքան ավելի էր առաջ գնում, այնքան ավելի էր ալիքներից տարուբերվելով կորցնում ճանապարհի ուղղությունը: Հանդիպում են ամայի ու անբնակ կղզիների, որոնց անունն անգամ չգիտեն: Նավապետն ու նավաստիներն իրար չեն համաձայնվում, և նավի մեջ խուճապ ու շփոթ է տիրում: Վտանգի չենթարկվելու համար գիշերները խարիսխ են գցում և սպասում են մինչև առավոտ, կոհակների մռնչյունի, քամիների սուլոցի և նավորդների ճիչուկոծի մեջ: Մի գիշեր էլ հանկարծ նավի մեջ հուսահատ աղաղակ է լսվում, բոլոր ճանապարհորդներն իրար են անցնում. դուրս գալով տեսնում են, որ ջրերի վրա սահելով՝ նավը գրեթե հասել է մի լեռան ստորոտը: Ուժգին քամի էր փչում և ժայռերին բախվելու վտանգ կար: Բարեբախտաբար քամին դադարում է և նավը կարողանում է խուսափել վտանգից: Առավոտյան տեսնում են, որ մի անծանոթ կղզու ափին են. ոմանք կարծում են, թե Կրետեն է, ուրիշները՝ Չերիկոն, ոմանք էլ՝ Ձիան: Եվ մինչ նավաստիներն այսպես վիճում էին, քամին դարձյալ սաստկանում է և տապալում է առագաստակալ մեծ կայմը.
 
«Ընդ միմեանց մինչ վիճէին,
յանկարծ հընչեաց հողմն ինչ ուժգին.
բեկեաց զմեծ փայտն առագաստին:
Ալէկոծումըն սաստկացաւ,
ի մէջ ծովուն առեալ տարաւ,
նաւապետն անըզգայ դարձաւ»:
 
Չգիտեն ո՛ւր ուղղեն նավը.
 
«Ոմանք զնաւն ի հիւսիս ուղղեն,
այլք ի հարաւ դարձուցանեն,
ոմանք ի յարեւմուտս ասեն»:
 
Աշխարհացույց երկու քարտեզ ունեն, բայց դրանք էլ իրենց ինչ որ մի լույս չեն տալիս.
 
«Զաշխարհացոյցըս զերկոսին՝
միշտ հայելով քայքայեցին,
նոքօք եւս ոչ շաւիղ գըտին.
միայն յոյս մեր, Սըրբուհի Կոյս, ի քեզ մնաց»:
 
Այդպես տասնյոթ օր ծովի վրա տանջվելուց, հույսով ու ահով կյանքի ու մահվան միջև երերալուց հետո, վերջապես անվնաս հասան Զանթա կղզի, ուր և ցամաք ելան:
Շուրջանակի ծովով և ամրոցներով պատսպարված Զանթա կղզին Մոռեայից ավելի ապահով էր, ամեն տեսակ բերքով ու ապրանքներով առատ, օդն ու ջուրը՝ բավական մաքուր: Շատ հաճելի թվաց կղզին Մխիթարի աչքին, որն առաջին անգամ ոտք դնելով ազատ և քրիստոնյա երկիր, սրտի մի թեթևություն զգաց և անբացատրելի ուրախության մեջ էր: Ուզում էր այնտեղ մնալ և այնտեղ կառուցել վանքը: Իսկույն փութաց Նեապոլսում գտնվող իրեններին նամակով տեղեկացնել իրենց ողջ ու առողջ հասնելու մասին Զանթա, և կղզու բարեբեր լինելն ու ա՛յլ առավելությունները իմացնելով՝ նրանցից Մոռեայի մասին հավելյալ տեղեկություններ խնդրեց, որպեսզի միմյանց բաղդատելով ընտրություն կատարեր, թե երկուսից ո՛րն էր ավելի հարմար իրենց բնակությանը: Մխիթարի նամակը ստանալով՝ աշակերտները շատ ուրախացան, քանի որ վերջին ամիսներին նրա մասին բնավ տեղեկություն չունենալով՝ իրենց սիրելի առաջնորդի կյանքի վերաբերյալ կասկածներով մտահոգվել էին: Եվ նամակի փոխարեն Զանթա ուղարկեցին իրենցից Ղազար Ակնեցուն, որպեսզի գնար և անձամբ պատմեր, թե ինչպե՛ս տեղի իշխանները հոժար էին ձրիաբար գյուղեր և հողեր տալու իրենց, որպեսզի դրանց եկամուտով ապրեին: Մոռեայի կառավարիչներն այդպես էին վարվում ուրիշների հետ ևս, որպեսզի շենանար և մշակվեր ամայի ու անապատ դարձած երկիրը: Այդ լսելով և հաշվի առնելով ապրուստի առումով իրենց չքավորությունը, Մխիթարն առանց այլևս տատամսելու որոշեց անցնել Մոռեա և 1703 թվականի Փետրվար ամսին մեկնեց դեպի Նեապոլիս:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։