Վենետիկցի իշխանների բարերարությունները – Սկսում և ավարտում է եկեղեցու կառուցումը – Գրադարան – Mashtoz.org

Վենետիկցի իշխանների բարերարությունները – Սկսում և ավարտում է եկեղեցու կառուցումը

Մինչ մայր աշխարհում, նույնիսկ Մխիթարի ծննդավայրում և մանկության ու պատանեկության տարիների վայրերում, նման մեքենայություններ էին գործվում Միաբանության դեմ, Մեթոնում ևս ծայրահեղ նեղությունների ու տառապանքի տարիներ էր ապրում այդ նույն Միաբանությունը: Մինչև այդ ժամանակ կարողացել էին գոնե իրենց օրապահիկը ճարել, և ամեն օր սեղանի վրայից անպակաս էին եղել հացն ու ինչ որ մի տեսակ բանջարեղենից պատրաստված կերակուրը: Իսկ այժմ այն աստիճանի էր հասել նրանց աղքատությունը, որ օրական ուտելու հաց անգամ չունեին, իսկ զգեստները չափազանց հնացել էին ու մաշվել: Մխիթարն այդ բոլոր հոգսերի ու տագնապների մեջ միշտ նույնն էր, այնպիսին, ինչպիսին որ լիության կամ հաջողության ժամանակ էր. զվարթ, գոհ, հանդարտ, առանց երբեք դեմքին ցույց տալու մի նշան, որն իր սրտի տագնապը կարող էր հայտնել, առանց երբեք բերանից վհատության կամ տրտունջի մի խոսք հանելու: Շատ օրեր նա արտասուքի գնով ճարեց Միաբանության օրապահիկը. նա, որ ամբողջ կյանքում երբեք ապրուստի համար ձեռք չէր երկարել, դա՛ էլ արեց հանուն իրենների սիրո: Երկրի ընդհանուր իշխան Անջելո Էմոն, որ Վենետիկի երևելի ու բարեպաշտ սեպուհներից մեկն էր, այդ օրերին այցի էր եկել Սպարտայի ավերակների վրա կառուցված Միզիստրա կամ Միստրաս կոչվող փոքրիկ գյուղը: Մխիթարը նրան նամակով տեղեկացրեց Միաբանության հետին չքավորության մասին: Նամակին իբրև պատասխան ստացավ պաշտոնական մի հրամանագիր, որով արքունիքից տրվելու էր իրենց ցորեն և պաքսիմատ, որքան որ հարկավոր էր: Իսկ զգեստների խնդիրն այս կերպ լուծեց. Պոլսում բարեպաշտներից նվեր ստացած և հետները Մեթոն բերած ամբողջ բեհեզեղենը և ազնիվ կերպասները Նեապոլիս տարավ, ուր դրանք վաճառելով կամ փոխանակելով, բրդե սևագույն թանձր ձունձ գնեց, և այդ կտորով բոլորի համար մեկական կապա ձևել տվեց, որոնք դիմացկուն նյութից լինելով՝ գրեթե երեք տարվա չափ գործածեցին: Այդ կտորը, սակայն, միայն առ հարկի՝ աղքատության պատճառով գործածեցին, իսկ երբ վանքի եկամուտներն աճեցին, այդ ժամանակ սկսեցին գործածել և հագնել ցփսի:

Նեղության տարիներին հանկարծ հաջորդեցին հաջողության ու լիության տարիները: Երբ Մխիթարը վերադարձավ Նեապոլսից, վերոհիշյալ Էմո իշխանը նրան մի ուրիշ օգնություն էլ արեց. Միաբանության կարիքների համար հարյուր հիսուն դահեկան շնորհեց, որը մի հանցավորի տուգանքն էր: Այդ երկրի իշխաններն այդպիսի սովորություն ունեին, որ հանցանքների համար գանձված տուգանքները որպես ողորմություն շնորհում էին մի որևէ աղքատ վանքի: Միաբանության պատմության հետ անբաժանելիորեն կապված է այս բարյացապարտ իշխանի անունը, որն իր ամբողջ կյանքի ընթացքում ճշմարիտ բարեկամ մնաց և ամեն առիթ օգտագործեց՝ նյութական ու բարոյական օգնություն ցույց տալու համար Միաբանությանը: Նա անկեղծ սեր ու հարգանք էր տածում հայազգի վտարանդի կրոնավորների նկատմամբ, ի նկատի ունենալով ո՛չ միայն նրանց թշվառ կացությունը, այլ նաև այն շնորհքը և բարքի ազնվությունը, որ տեսնում էր նրանց մեջ:

Միաբանության բարերարների շարքում իր մեծապատիվ տեղն ունի նաև Ալվիզե Սեբաստիանո Մոչենիգո իշխանը, որն այդ ժամանակաշրջանում (1707-1711 թվականներին) Վենետիկյան պետության բոլոր կղզիների և նավերի ընդհանուր հրամանատարն ու սպարապետն էր և Մխիթարի մտերիմ բարեկամը: Նա ևս, տարբեր առիթներով, Միաբանությանը մեծ օգնություն ցույց տվեց. Մխիթարի ու իրենների դրամական տագնապալի վիճակին տեղեկանալով, մի հանցավորից գանձած հարյուր հիսուն դահեկան տուգանքին իր կողմից էլ հիսուն դահեկան ևս ավելացրեց և որպես ողորմություն տվեց Միաբանությանը: Հարուստ և ազնվական տոհմից սերած այս Մոչենիգո իշխանն իր պատանի հասակից արդեն զարմանալի հաջողությամբ վարելով Վենետիկի Հանրապետության ամենակարևոր և պատվավոր պաշտոնները, իր արժանիքների շնորհիվ աստիճանաբար բարձրացավ, այնքան, որ 1722 թվականի Օգոստոսի 24ին ընտրվեց Վենետիկի Դուքս, բազմելով այն գահին, որը տարբեր անգամներ պանծացրել էին իր մեծ նախնիները: Վեհանձն ու արդարակորով եղավ նա իր բոլոր պաշտոնների մեջ. ո՛չ միայն ի նպաստ իր անձի կամ իր ընտանիքի բնավ չէր շահագործում պետական գանձարանը, այլ նաև առատորեն բաշխում էր կարոտյալներին իր անձնական միջոցներից: Այս քաջ և իմաստուն Դուքսի ժամանակ Վենետիկն ապրեց իր փառքի վերջին փայլը, որն արդեն սկսել էր տարեցտարի աղոտանալ. 1715 թվականին Օսմանյան զորքերի առաջ տեղի տալով և ձեռքից կորցնելով արգավանդ Մոռեան, նա բերդերով ամրացրեց արևելքի իր կղզիները. Զանթան, Քեֆալոնիան, Քորֆուն և ուրիշներ, աչալուրջ ծովակալներ և ճարտարապետներ ուղարկելով այնտեղ, մեծանուն Շուլեմբուրգ սպարապետի խոհական առաջնորդության ներքո:

Մխիթարը տեսնելով, որ իրավիճակը որոշակիորեն փոխվեց և պարտքերը համեմատաբար թեթևացան, իսկ կալվածքների եկամուտից վեց հարյուր դահեկան ժողովեց, որոշեց երկրի իշխանների պայմանադրության համաձայն սկսել նաև եկեղեցու շինությունը, մանավանդ որ վերոհիշյալ Էմո իշխանը հանձն առավ ձրիաբար տրամադրել շինության համար հարկավոր քարն ու կիրը: Անհրաժեշտ շինանյութը պատրաստելուց հետո արտոնություն խնդրեց Կորնթոսի Արքեպիսկոպոս Կարլինիից, որի իրավասության ներքո էր գտնվում Մեթոնը, որպեսզի նա նույնպես ներկա լիներ և անձամբ կատարեր եկեղեցու հիմնարկեքի հանդեսը:

Հունաստանի գարնանային անուշ օրերից մեկն էր, 1708 թվականի մարտի 1ը: Մի խուռն բազմություն առավոտից բռնել էր ամբողջ հրապարակը, ուր դրվելու էր եկեղեցու հիմքը: Հանդեսի գլխավոր զարդն իր պաշտոնական գեղեցիկ զգեստներով ու շքանշաններով պճնված Էմո իշխանն էր, որի շուրջը պսակ էին կազմել մեծամեծները՝ տեղի նշանավոր անձինք, բազմաթիվ պաշտոնյաներ և զորապետներ: Իսկ զինվորների բազմությունն իրենց փայլող հրազենով և փողհարներն իրենց շեփորներով կանգնել էին պարիսպների վրա: Մխիթարը, ծիսական զգեստներով հանդերձավորված և իր չորս կողմն ունենալով իր միաբանների խումբը, հիմնարկեքի պատշաճ աղոթքներն ու արարողությունները կատարելուց հետո մոտեցավ իշխանին և հրավիրեց, որ միասին բռնեն տեղադրվելիք անկյունաքարը: Եվ մինչ հայ վարդապետն ու վենետիկցի իշխանը, իրենց հատուկ շքեղ տարազներով, միասին փոսն էին իջնում, այնտեղ զետեղելու համար հիմնաքարը, նշան տրվեց և իսկույն հնչեցին հրազենների որոտընդոստ թնդյուններն ու շեփորների ցնծալից հնչյունները, որոնք նույն պահին Մխիթարին մոռացնել տվեցին մինչ այդ կրած բոլոր տառապանքները և նրա դեմքին փայլեցին ուրախության արցունքները: Եկեղեցին կառուցվելու էր հանուն Ուխտիս Նախահայր Սուրբ Անտոն Անապատական Աբբայի: Այդքան շքեղ հանդեսով հիմնարկեքը կատարելուց հետո՝ Մխիթարն իր միաբանների հետ գնաց շնորհակալություն հայտնելու իշխանին, որը քառասուն վենետիկյան ոսկի դրեց Աբբահոր ձեռքը, եկեղեցու շինությանն ի նպաստ, և գոհությամբ վերադարձավ պալատ:

Միաբանությունն, ինչպես արդեն ակնարկեցինք, մինչ այդ ժամանակ եկեղեցի չուներ, ուստի տան սենյակներից մեկը աղոթատեղի էին դարձրել և այնտեղ էին կատարում իրենց Ժամերգությունները, մտածականներն ու ուրիշ հասարակաց աղոթքները: Տեղի փոքրության ու անհարմարության պատճառով, ուստի, ամեն բան անշուք ձևով էր կատարվում, ո՛չ թափոր էին կարողանում կազմել, ո՛չ ձայնավոր Պատարագ անել և ո՛չ էլ ուրիշ հանդեսներ: Այդ պատճառով էլ մասամբ զուրկ էին հոգևոր մխիթարությունից: Իսկ քահանաներն ամեն օր Լատինների եկեղեցում էին պատարագում:

Մխիթարի հսկողության ներքո և բոլոր միաբանների ոգելից խանդավառության ընկերակցությամբ՝ եկեղեցու պատերը բարձրանում էին փութկոտ արագությամբ. այնպես, որ եկեղեցին մի քանի ամսում գրեթե լիովին ավարտին հասավ, Ավագ Խորանը կառուցվեց, կարգավորվեց բեմը, և ամեն բան կարգին էր: Միայն եկեղեցու ծածկի համար դրամը չբավեց, բայց դարձյալ պարտքի տակ ընկնելուց զգուշանալով, եկեղեցին ժամանակավորապես փայտե առաստաղով ծածկվեց, և այդ նույն 1708 թվականի Հոկտեմբերի կեսին, ո՛չ պակաս գեղեցիկ հանդեսով, կատարվեց եկեղեցու օծումը: Այդուհետև սկսեցին այնտեղ ամեն օր պատարագել ու ժամերգել: Անշուշտ, կարող ենք պատկերացնել, թե որքա՜ն սրտահույզ է եղել այդ պահը, երբ նորակառույց եկեղեցու կամարների ներքո առաջին անգամ հնչել են մեր նախնյաց գեղեցիկ ու գրավիչ շարականները, տաղերն ու մեղեդիները, որոնք որպես անկորուստ ավանդ հետները բերել էին հայրենի երկրից[1]: Երեք տարի եկեղեցին մնաց փայտաշեն ծածկով, մինչև որ հաճախակի դարձած նվերներն ու ողորմությունները կարողացան մարել բոլոր պարտքերը: Այդ նվերները միայն դրամի տեսքով չէ, որ հասնում էին, այլ նաև եկեղեցական սպասներ, սկիհեր, մասնատուփեր, շուրջառներ և այլն: 1711 թվականին կարողացան կառուցել եկեղեցու քարաշեն ծածկը, գեղեցիկ հարդարել ներքին կողմը, ամբողջացնել վանքի մի քանի թերի մնացած մասերը. կառուցվեց վայելուչ մի սեղանատուն և ընդհանուր հավաքների համար ընդարձակ մի սրահ. գնվեցին վանատանը կից գտնվող երկու տները և դրանք քանդելով՝ տարածքը բակի ու փողոցի վերածվեց, որով վանքը չորս կողմից զատվեց ուրիշ տներից, և կղզիանալով՝ ամփոփ տեսք ստացավ: Գյուղերում զարկ տրվեց այգեգործությանը, խաղողի և ձիթենու մշակմանը, կառուցել տրվեցին տներ և այդ բոլորը հանձնվեց հատուկ մի գործակալի հսկողությանը, որի շնորհիվ էլ Միաբանության եկամուտները տարեցտարի աճում էին: Այնուհետև, Մխիթարն իր ամբողջ ուշադրությունը դարձրեց Միաբանության ներքին ու արտաքին բարեկարգությանը: Ուսանող պատանիներին բաժանեց երկու դասարանի. մեծերին դասախոսում էր բարձրագույն ուսումները՝ հռետորություն, իմաստասիրություն և աստվածաբանություն. իսկ փոքրերին նախնական ուսումները՝ քերականություն, պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն և ա՛յլ առարկաներ: Ամեն երկու շաբաթը մեկ, կամ գոնե ամիսը մի անգամ, բոլոր ուսանողներին հավաքում էր մի տեղ և ասուլիսի նման մի հավաք կազմակերպում, նրանց միտքը կրթելու համար՝ բանախոսություններ, հարց ու պատասխան և հակաճառություններ անել տալով: Իր իսկ անձի օրինակով, Մխիթարն աշակերտներին ուսուցանում էր հավասար քայլերով զարգանալ գիտության և առաքինության մեջ, առաջնությունը միշտ տալով քրիստոնեական ու կրոնավորական կատարելությանը: Միաբանության վարկը տարեցտարի բարձրանում էր տեղացիների աչքին. տեսնում էին միաբանների առաքինի վարքը, օրինակելի կարգ ու կանոնը և իրենց ապրած կյանքով Աստծո Կամքը կատարելու նրանց ամենօրյա ջանքը: Տեղի ժողովուրդը սկսեց ավելի շատ մեր եկեղեցին հաճախել, քան Լատիններինը, և սա ո՛չ միայն շենքի վայելչության և ներսում փայլող մաքրության համար, այլ նաև՝ որովհետև մինչև կեսօր գրեթե անպակաս էին այնտեղ Պատարագն ու Ժամերգությունները, և միաժամանակ՝ գրավիչ ու առինքնող մի բան կար մեր վարդապետների բարեպաշտ ու երկյուղած կեցվածքի մեջ: Երկրի իշխանները ևս, ամեն անգամ Մեթոն այցելելիս, այնտեղից չէին մեկնում առանց Մխիթարին և հայ վանականներին ողջունելու, որոնց խաղաղ ու ազնվական համատեղ կյանքը զարմանքով ու հիացումով էր լցնում նրանց:

[1] Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում մինչև օրս պահպանված շարականների մեղեդիները նույնն են, ինչ Մխիթար Աբբան ուսանել էր Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։