Վերջաբան – Գրադարան – Mashtoz.org

Վերջաբան

Այստեղ մենք պետք է լռենք և թողնենք, որ Մխիթարն ինքը խոսի և իր խոսքերով կնքի այս հատորը, ինքն անձամբ տա իր ճշգրիտ նկարագրությունը, որն այս էջերում ջանացինք ցույց տալ, թերևս առանց հաջողելու.

«Խոնարհ սրտով քեզ եմ նվիրում, ո՜վ իմ Հայ ժողովուրդ, երկար տարիների աշխատանքիս այս պտուղը, որպես սիրո ընծա: Կուզենայի մերկանալ արժանիքներիցս, դրանք տալու համար քեզ և բոլոր նրանց, որ գտնվում են քո վիճակում. քանի որ այն, ինչ իմն է, քոնն է, և այն, ինչ քոնն է, պատկանում է նաև ինձ: Ուստի, իմ համար պարծանք է քեզ ծառայելը, հատկապես որովհետև սա է իմ և իմ աշակերտների պաշտոնի լրումը. որովհետև սկզբից ի վեր, իմ նման, մեր Միաբանությունը ևս սահմանված է Հայ ժողովրդի ծառայությանը և Քրիստոսի՝ մեր Աստծո փառքին, որ օրհնյալ է հավիտյանս հավիտենից»[1]:

«Որքա՛ն որ կարողանամ և որքա՛ն որ կենդանի եմ, ջանալու եմ աշխատել Ազգիս հոգևոր օգուտի և շահավետության համար, թեև երբեմն հավատքի ճշմարտության համար մեղադրված և արհամարհված լինեմ ոմանց կողմից, և կամ միշտ արհամարհվեմ: Ուստի թող իմանան նրանք բոլորը, ովքեր իմ մասին մտածում կամ խոսում են, որ ես, թեպետ սիրում եմ Ազգս և ուզում եմ նրա օգուտի համար աշխատել, բայց դրանով սիրտս երբեք չի թուլանում Հռոմի Սուրբ Եկեղեցու հավատքի ուղղափառ դավանությունից: Եվ փոխադարձաբար, թեպետ ինձ ըստ ամենայնի հպատակեցնում եմ Հռոմի Գահի հնազանդության ներքո, ինչպես ինձ օրինակ տվեց մեր Սուրբ Հայր Գրիգոր Լուսավորիչը, բայց դրանով երբեք չի թուլանում իմ սերը և աշխատելու ջանքը հօգուտ Ազգիս, թեկուզև նա ինձ արհամարհի այսպիսի հնազանդության համար»[2]:

«Քանի անգամ, որ լսում եմ, կամ նամակների միջոցով տեսնում եմ, որ մեր Ազգից ոմանք ջանում և փափաքում են հետամուտ լինել գիտություններին, այնքան ավելի է արծարծվում հոգիս: [...] Երանի՜ թե Ազգս և նրա նորաբողբոջ վարդապետներին տեսնեի գիտությունների, իմաստության և կրթության մեջ զարգացած, և ո՛չ միայն բնության, այլ նաև հավատքի հարցերում ճշմարտությունը ճանաչելու փափաքով վառված, և այդպես գոհությամբ մեռնեի»[3]:

Ա՛յս ոգիով, ա՛յս ուղղվածությամբ և այսպիսի՛ ջանքով գործեց Մխիթարը, և իր համար մի եռադեմ կոթող կանգնեցրեց, որի ամեն մի երեսին քանդակված են ԱԶԳ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԿՐԹՈՒԹՅՈՒՆ բառերը որպես նշանաբան, մինչ կոթողի ծայրին կանգնած՝ ճառագայթում է մշտավառ բոցալույս մի ջահ. ԿՐՈՆԸ:

[1] Բառգիրք Հայկազեան Լեզուի, Նախաբան:
[2] Հիշատակարան Աստվածաշունչ գրքի, էջ 1279:
[3] Մխիթար Աբբահոր նամակը Կարինի Առաջնորդ Իսահակ վարդապետին, 1736 Հունիս 20:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։