Վերջնականապես թողնում է գավառները և երկրորդ անգամ վերադառնում Պոլիս – Գրադարան – Mashtoz.org

Վերջնականապես թողնում է գավառները և երկրորդ անգամ վերադառնում Պոլիս

Մխիթարի քարոզներում, արտահայտված իմաստների գեղեցկությանը համահավասար զարմանալի էր նաև նրա հիշողությունը. երբ հարկավոր էր լինում ինչ որ մի վարդապետություն հաստատելու համար մեջբերումներ կատարել, ուղղակի շղթայաբար անթիվ վկայություններ էր մեջբերում Աստվածաշնչից և Սուրբ Հայրերի երկերից: Մի անգամ, քարոզ խոսելու պահին այնպես պատահեց, որ հարկավոր եղավ վկայություններ մեջբերել ամբողջ Աստվածաշնչից, թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններից, Ծննդոց գրքից սկսած մինչև Հայտնության գիրքը, նշելով նաև հիշատակված հատվածների ո՛ւր գտնվելու գլուխն ու համարը: Ունկնդիրների մեջ կար նաև Աստվածաշնչին շատ հմուտ մի քահանա, որը Մխիթարին համակարծիք չէր բոլոր հարցերում: Բայց երբ լսեց նրա խոսքերը, ապշեց նրա պերճախոսության ու հիշողության վրա, և դա իբրև մի հրաշալիք պատմում էր բոլորին, ում հանդիպում էր: Այդուհետև նա Մխիթարի ամենամեծ համակիրներից ու անկեղծ բարեկամներից մեկը դարձավ:

Այդ ժամանակ, 1699 թվականի Օգոստոսին, Կարինում էր գտնվում նաև Խաչատուր վարդապետը: Իր անունը ստորագրված տեսնում ենք նույն թվականին հիշյալ քաղաքում Լոյ անունով Հիսուսյան կրոնավորի կողմից Մխիթարին տրված լատիներեն վկայագրի ներքո, ուր ինքն իրեն անվանում է «Նուիրակ Առաքելական Աթոռոյ առ Ազգն Հայոց»: 1698-1699 թվականներին Իննովկենտիոս Տասներկուերորդ Քահանայապետի կողմից որպես նվիրակ Էջմիածին գնալով, նա մի նամակ, մի փառազարդ աթոռ և ուրիշ ընծաներ է տանում Նահապետ Կաթողիկոսին: Էջմիածնից վերադարձին անցնում է Կարինով, որն իր ծննդավայրն էր, մի քանի ամիս մնում է այնտեղ և հետո նոր վերադառնում է Պոլիս. որովհետև 1700 թվականին իրեն դարձյալ մայրաքաղաքում ենք գտնում: Եվրոպացի ուրիշ քարոզիչներ ևս, այդ նույն տարվա ընթացքում Կարինից անցնելով, առիթն ունեցան ճանաչելու Մխիթարին, որի համբավը տարածվել էր ամբողջ քաղաքով ու գավառով մեկ, և մի վկայագիր տվեցին նրան, սա նույնպես լատիներեն լեզվով, որ լի է նրա վարքի, գիտության ու առաքելական հոգու մասին գովեստներով:

Մխիթար վարդապետն ամբողջ ձմեռն ու գարունը մնաց Կարինում, բայց հազիվ հասավ ամառը, արցունքների մեջ թողնելով տեղի հայ բնակչությանը, իր երեք աշակերտներին առած՝ գնաց Տրապիզոն, ուր 1700 թվականի Հունիս ամսին նավ մտնելով, ճանապարհ ընկավ դեպի Պոլիս:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։