Տպագրում է իր ջատագովությունը – Միաբանության խնդիրների քննության համար գումարվում է Ծիրանավորների ժողովը – Գրադարան – Mashtoz.org

Տպագրում է իր ջատագովությունը – Միաբանության խնդիրների քննության համար գումարվում է Ծիրանավորների ժողովը

Մխիթարը սկզբում առանձին մի տան մեջ էր բնակվում վարձով: Մի ամիս անց թողեց այն և գնաց բնակվելու Սուրբ Պանթալեոնի վանքում, ուր կրոնավորների հետ ճշտորեն պահում էր վանական բոլոր կարգերը: Լսենք, թե ինչպես է ինքը նկարագրում իրենց բնակավայրն ու ապրելակերպը. «Խուցս շատ փոքր է, մեր վանքի ամենափոքր խցի չափ. պատուհանիս դիմաց մի մեծ մարագ կա, և արևի սաստիկ տաքությունը, օրն ի բուն խցիս վրա ընկնելով, գրեթե եփում է ինձ. օդը կանգնած է, ամենևին քամի չի փչում, միայն լոտոսի բույրն է հասնում, որն էլ վնասակար է ինձ: Կերակուրը միջակ է, հաճախ սոխով համեմված, որն իմ ստամոքսը չի տանում. իսկ երեկոյան շատ անգամ բերում են վարունգից և հում սոխից պատրաստված աղցան, որը ես չեմ կարողանում ուտել, ուստի ջրոտ հացաթան են բերում: Բայց այս ամենով հանդերձ գոհ եմ, քանի որ բարի և շատ առաքինի անձինք են. ամեն երեկո միասին մտածական աղոթք ենք անում, իսկ շաբաթը երեք անգամ ձաղկում ենք մեզ. ա՜հ, ականջիս որքա՜ն անուշ է հնչում ձաղկանքի ձայնը, որի հետ չեմ փոխի տավղի ու քնարի նվագները»[1]: Ամառվա հեղձուցիչ շոգը, գրավոր սաստիկ լարված աշխատանքը, որի պատճառով ստիպված էր օրերով տնից դուրս չգալ, գիշերները գրեթե անքուն անցկացնելն ու այդ վանքի կերակուրները, որոնք սննդարար չլինելուց բացի, նաև ծանրացնում էին մարսողությունը, նրան բոլորովին ուժասպառ վիճակի հասցրեցին. և սակայն, գրիչը ձեռքից ցած չէր դնում, քանի որ Միաբանության գործի հաջողությունն իր գրությունից էր կախված. այդ իսկ պատճառով ամեն ջանք թափում էր, որպեսզի իր գրած ջատագովական տետրը կատարյալ լիներ թե՛ ըստ ոճի և թե՛ ըստ բովանդակության:

Այդ գրությունը կազմված է երկու հիմնական մասից. առաջինը սկսվում է համառոտ առաջաբանով, ուր բացատրում է գրության դրդապատճառն ու նպատակը, և ունի չորս գլուխ. առաջին գլխում հակիրճ խոսքերով պատմվում են Մխիթարի վարքն ու Միաբանության հիմնարկումը. երկրորդում, թե Միաբանությունն ի՛նչ արդյունքներ է ունեցել ուղղաափառ կրոնի համար իր քարոզություններով. երրորդ և չորրորդ գլուխներում հիշատակվում են այն բոլոր զրպարտությունները, որ տարբեր անձանց կողմից Սուրբ Ժողովին ուղարկվել են ընդհանուր Միաբանության և կամ առանձին անձանց դեմ, վկայագրերով ու փաստերով մեկ առ մեկ հերքելով դրանք: Երկրորդ մասում զետեղված են այն բոլոր՝ թվով քսանվեց վկայագրերն ու նամակները, որոնք հաստատում և լիուլի գովեստներով դրվատում են Մխիթարի և Միաբանության անդամների առաքինի ընթացքը և կրոնական վարդապետության մեջ ողջմտությունը: Սեղմ ոճով ամփոփելով այդ գլխավոր կետերը, Հայր Հովհաննես վարդապետի օգնությամբ թարգմանեց իտալերենի, և այն մի հմուտ լեզվագետ ու պերճախոս մարդու հանձնելով՝ հղկել ու վայելչացնել տվեց թարգմանության լեզուն և ոճը, որքան որ պահանջվում էր այդ տեսակ գրությունից[2]: Ապա տպագրել տալով Ձավալոցցի տպարանում, մեկական օրինակ բաժանեց բոլոր այն Ծիրանավորներին, որոնք զբաղվելու էին Միաբանության գործի քննությամբ, որպեսզի նախապես տեղեկանային խնդրի էությանը: Փառակազմ մի օրինակ էլ տարավ ընծայեց Քահանայապետին, արդեն երրորդ անգամ անձամբ ներկայանալով նրան: Քահանայապետը շատ գոհ մնաց և գիրքը ձեռքն առնելուն պես սկսեց հետաքրքրությամբ կարդալ: Այդ պահին այդտեղ ներկա էր նաև Քահանայապետի առաջին պաշտոնյա Ծիրանավոր Պավլուչչին, որին Քահանայապետը հանձնարարեց հետևել Մխիթարի դատին և անձամբ ներկա գտնվել ժողովին:

Սեպտեմբերի 26ին գումարվեց Ծիրանավորների Ժողովի նիստը, և տևեց չորս ժամ: Աբբահայրն իր երկու վարդապետ աշակերտների հետ գնացել կանգնել էր արտաքին սրահում, անհամբեր սպասելով ժողովի վճռին ու որոշմանը: Եվ ահա հանկարծ բացվեցին խորհրդարանի դռները, Ծիրանավորները դուրս ելան բոլորն էլ դեմքի զվարթ ու գոհ արտահայտությամբ, և Մխիթարի կողմն ուղղվեցին, հայտնելու, որ իրավունքն ու ճշմարտությունը հաղթանակել են և սուտը ստվերի նման հալածական է եղել: Մխիթարը տուն վերադարձավ սիրտը բերկրանքով լի, Սուրբ Պանթալեոնի վանականները նույնպես մասնակցեցին նրա ուրախությանը, կարծես հաղթանակն իրենք տարած լինեին. ամեն կողմից սկսեցին խնդակցության նամակներ հասնել. ծանոթներ ու անծանոթներ, բարեկամներ ու հակառակորդներ նրա հաղթական շքախմբի մասնակիցը դարձան: Փութաց Աբբահայրը այցելել Սրբազան Քահանայապետին, հայտնելու համար իր սրտանց երախտագիտությունը և ընծայելու իր հարգանքի հավաստիքը նրան, որ իբրև ճշմարիտ հայր և արդար իրավարար՝ չէր զլացել անել ինչ որ հարկ և պատշաճ էր: Մի քանի օր անց Մխիթարը ստացավ Ժողովի գրավոր վճիռը, որով իրեն իշխանություն էր տրվում քարոզիչներ առաքել Արևելք, ուր որ պատշաճ կնկատեր: Բայց որպեսզի ապագայում դարձյալ նման անախորժ խնդիրներ չծագեին, Աբբահայրը Ժողովից խնդրեց, որ իրենց վրա պարտականություն դնի, որ նախքան քարոզչության գնալը՝ Միաբանության վարդապետներն Առաքելական Նվիրակի առաջ քննվեն աստվածաբանական գիտությունների մեջ և ապա միայն առաքելության ուղարկվեն նրա տված վկայագրով, որպեսզի որևէ մեկը չհամարձակվի նրանց ամբաստանել իբրև տգետ կամ մոլորամիտ: Առաջարկը հաճո թվաց Ժողովին և այդ կետն էլ ավելացվեց վճռագրի հոդվածներին:

Երբ այսպես ամեն բան հաջողությամբ ավարտվեց, Մխիթարը նամակ գրեց Հայր Եղիային և բոլոր միաբաններին, որոնք անձկագին սպասում էին այդ ուրախ լուրերին, որպեսզի փարատեին իրենց տրտմությունն ու կասկածները. հավելեց նաև, որ շուտով մեկնելու է Հռոմից և վերադառնալու է Վենետիկ, քանի որ չի ուզում ավելի երկարացնել իր պանդխտության օրերը: Սակայն դեպքերի բերումով անհնարին եղավ փութով կատարելու իր այդ փափաքը, քանի որ Հռոմի գիտնական և ավագ դասակարգի մոտ այլևս հռչակվել էր նա որպես սրբակենցաղ և Արևելքի բոլոր խնդիրներին ճշգրտորեն հմուտ վարդապետ. ուստի Ծիրանավոր Դանարան, որը Միաբանության գործի գլխավոր խնամարկուն էր եղել, խնդրեց Մխիթարին, որ մի գրքույկ շարադրի այն կարևոր խնդրի մասին, որն այդ ժամանակ սաստիկ վիճաբանության առարկա էր դարձել հայ կաթողիկեների մեջ. այսինքն, թե կաթողիկեներն արդյոք կարո՞ղ են ազգային ոչ-կաթողիկե եկեղեցիները հաճախել և նրանց հետ մասնակցել հոգևոր իրողություններին: Սուրբ Ժողովն այդ խնդրի վերաբերյալ վճիռ կայացնելուց առաջ կամեցավ իմանալ նաև Մխիթարի կարծիքը: Կնճռոտ, դժվարին խնդիր էր դա, որը լիովին կարող են ըմբռնել միայն նրանք, ովքեր տեղյակ են այդ ժամանակվա իրադարձություններին և մեր Ազգի ներքին վիճակին: Այդ իսկ պատճառով Մխիթարը չէր ուզում միջամուխ լինել այդպիսի խնդիրների մեջ, բայց ստիպված տվեց իր համաձայնությունը և մի համառոտ գրություն շարադրեց, որը մինչև 1879 թվականը հրատարակված չէր և այդ թվականին միայն, առաջին անգամ լինելով, լույս տեսավ Զմյուռնիայի Դեդեյան տպարանում, Ղուկաս վարդապետ Տերտերյանի ձեռամբ և հետևյալ խորագրով. «Աբբայ Մխիթարայ վարդապետի արարեալ պատճառք որք առբերին ընդդէմ նոցին, որք ասեն թե ոչ երբէք պարտ է գնալ ուղղափառաց ի ժամն Հայոց»[3]: Դա 14 էջ հաշվող մի համառոտ գրություն է, ուր մեկ առ մեկ բացատրվում են այն պատճառները, որոնց համար հայ կաթողիկեները որոշ դեպքերում կարող են գնալ ազգային ոչ-կաթողիկե եկեղեցիները, իրենց առանձին եկեղեցիները չունենալով: Այդ խնդրի վերաբերյալ հարցվեց նաև Խաչատուր վարդապետի կարծիքը, որն ըստ ամենայնի համաձայն գտնվեց Մխիթարի հայտնած կարծիքին:

[1] Նամակ Հայր Եղիա վարդապետին, 1718 Հուլիս 30:
[2] Հայր Եղիային ուղղված նամակներից մեկում Աբբահայրը հետևյալ բացատրությունն է տալիս. «Մեր գրությունը Հայսմավուրական լեզվից Նարեկյան լեզվի փոխեցինք» (1718 Օգոստոս 20):
[3] Հրատարակիչը գրքի սկզբում ընդարձակ առաջաբան է գրել, ուր լուսաբանել է այդ խնդրին վերաբերվող մի քանի մութ կետ: Մխիթարի գրությանն էլ բազմաթիվ ծանոթագրություններ է ավելացրել, թյուրիմացություններից խուսափելու նպատակով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։