Քահանաների բնակությանը սահմանված սենյակների շինությունը – Գրադարան – Mashtoz.org

Քահանաների բնակությանը սահմանված սենյակների շինությունը

Մխիթարը դեռ չէր սկսել իրագործել վանքի շինությունների այն հատակագիծը, որն ուներ իր մտքում: Սկզբում, 1717-1718 թվականներին, նախ և առաջ ճաշարանը, խոհանոցը և փուռը կառուցեց, որոնք անհապաղ անհրաժեշտություններ էին, և մոտ տասը սենյակ, որոնցից ամեն մեկում երեք հոգի միասին էին բնակվում: Երկու տարի անց, 1720 թվականին, վանքի գլխավոր մուտքի երկու կողմերում կառուցվեցին երկու սենյակներ. մեկը՝ վանքում աշխատող աշխարհականների բնակության համար, իսկ մյուսը՝ որպես հյուրանոց: Նորոգվեց մուտքի կամարի վրա գտնվող միջնահարկը, սեղանատան պատերը մայրիի փայտով դրվագվեցին ու ներկվեցին, լուսանցույց ապակեփեղկով մի պատշգամբ կառուցվեց վերին սրահի հարավային կողմում:

Միաբանների թիվը տարեցտարի աճում էր, սենյակներն այլևս չէին բավականացնում: Ուստի 1724 թվականին Մխիթարը որոշեց լուծել բնակելի սենյակների խնդիրը՝ հները քանդելով և դրանց տեղը նորերը կառուցելով. բայց ո՛չ ամբողջը միասին, այլ քիչ-քիչ և հերթով, որքան որ թույլ էին տալիս դրամն ու հնարավորությունները: Սկսեց հյուսիսային կողմից. ստորին սրահի վրա, վանքի մուտքի դռան ուղղությամբ, մեկ հարկ ևս բարձրացրեց՝ տասնմեկ միջին մեծության սենյակներով, որոնց դռները բացվում են դեպի հյուսիս նայող սրահի վրա, որը կամարաձև հինգ մեծ պատուհան ունի, իսկ երկու կողմերում՝ երկու պատշգամբ ուներ, որոնք նայում էին դեպի Վենետիկ[1]: Սենյակներից յուրաքանչյուրն ունի չափավոր մեծության երկու պատուհան, որոնք նայում են վանքի ծաղկալից քառանկյանը: Դռների ու պատուհանների սեմերն ու բարավորները քարաշեն կառուցվեցին, որպեսզի ամուր լինեին: Շենքի պատերը թրծած աղյուսից կառուցվեցին, արտաքին երեսը ծեփվեց կարմրագույն սուսրախառն կրով[2], իսկ ներսի կողմը՝ սպիտակ կրով: Գետնահարկ սրահի առաստաղը կամարակապ շինվեց, իսկ հատակը՝ աղյուսից, որն հետագայում փոխարինվեց մարմարե բաց կարմրավուն սալահատակով: Վերին սրահի և սենյակների հատակը գորշախայտ,մարմարանման փայլուն քարերով է պատրաստված, վենետիկյան հատակների գեղեցիկ ու հաճելի ոճով: Այս բոլոր շինություններն անելիս՝ Աբբահայրն անձամբ օրն ի բուն հսկում էր կատարվող աշխատանքների վրա, որ չլինի թե արհեստավորները շեղվեին իր նշանակած ծրագրից և գեղեցիկ ճաշակին հակառակ մի բան անեին: Իրեն որպես օգնական, շինության հոգաբարձուներն էին Հայր Գրիգոր Քանաքեռցին և Հայր Հակոբ Բուզայանը: Բնակարանների շինությունը բարեհաջող ավարտվելով, հաջորդ՝ 1725 թվականի Սեպտեմբեր ամսին քահանաները սկսեցին բնակվել առանձին սենյակներում: 1738 թվականին էլ վանքի հարավային կողմում կառուցվեցին տասը սենյակ ևս, որոնցից մի քանիսն ավելի ընդարձակ են և ունեն երկու պատուհան, մինչ մյուսներն ավելի փոքր են և միայն մեկ պատուհան ունեն, որոնք բոլորն էլ նայում են դեպի Լիդո (Ծովեզր) կոչվող երկար կղզին: Այդպիսով, մի քանի տարվա ընթացքում բազմաթիվ բնակարաններ կառուցվեցին, որոնք արդեն լիովին բավարարում էին քահանաների բնակության կարիքներին:

[1] Հիշյալ սրահն այժմ միայն մի պատշգամբ ունի, որ գտնվում է Վարժարան կոչվող շենքի մոտ, մինչ մյուսը, որն արևմտյան կողմում էր գտնվում, քանդվել է, երբ 1825 թվականին պատշգամբի ճիշտ այդ կետից վանական համալիրի մի նոր թև կառուցվեց դեպի հյուսիս, որը մինչև այժմ էլ Նոր Սրահ է կոչվում և որի ներքևում էր գտնվում Սուրբ Ղազարի տպարանը:
[2] 1997-1999 թվականների վերջին նորոգության ժամանակ կարմիր գույնը փոխարինվեց սպիտակով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։