Քարոզում է Ղալաթիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում – Գրադարան – Mashtoz.org

Քարոզում է Ղալաթիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Մեծ քաղաքներում որևէ իրադարձություն կամ զրույց ավելի արագ է ծավալվում և մեծ արձագանք գտնում, քան այլուր: Դեռ մի ամիս չէր անցել, ամեն հայի շուրթերին Մխիթարի անունն էր արդեն և դրվատվում էին նրա առաքինի վարքն ու պերճախոսությունը: Անսովոր երևույթ էր տեսնելը, որ գավառացի մի վանական, գավառը հազիվ թողած, իր անվան շուրջ այդքա՜ն մեծ աղմուկ էր հանում մայրաքաղաքում, ուր ամեն մարդ իրեն հիացմունքով ու մի տեսակ գուրգուրանքով էր շրջապատում: Մեծամեծները նրան հրավիրում էին իրենց տներն ու եկեղեցիները. ամեն տեղ հարգանքով էին լսում նրա խոսքերը. երբ քարոզում էր, – ընդհանրապես Ղալաթիայի Սբ. Լուսավորիչ եկեղեցում, – խուռներամ բազմությունը չէր տեղավորվում եկեղեցում, մինչ ուրիշ ժամանակ եկեղեցին գրեթե ամայի էր լինում: Վարքի և կրոնական գաղափարների մեծ հեղաշրջություն էր, որ տեղի էր ունենում նրա լուսավոր ու վառվռուն խոսքերով, որոնք մի այնպիսի օծություն և ուժ ունեին, որ անհնարին էր չհուզվել ու զհամոզվել դրանք ունկնդրելիս: Նրա քարոզները լի էին Աստվածաշնչի և Սուրբ Հայրերի վայելչորեն միմյանց հյուսված վկայություններով, որոնք նրա շուրթերից առատորեն հոսում էին ուսուցանած ճշմարտություններին ի հաստատություն: Ժողովուրդը մեծապես խանդավառվում էր, երբ բեմի վրա տեսնում էր հազիվ քսանամյա նորընծա մի աբեղա՝ վայելուչ հասակով, կայտառ ու շնորհալի դեմքով, համեստ շարժուձևով և հասուն մի ծանրությամբ, որ ունկնդրի ուշքն ու միտքը գրաված՝ նրա առջև բացում է երկնքի հեռուները և կրոնի խորությունները. դողացնում է մեղավորներին, շարժում քարասիրտ հոգիները, սփոփում վշտացածներին, փարատում մոլորության ստվերները, հեռացած սրտերը միացնում խաղաղության ու սիրո համբույրով, զգաստացնում է թույլերին ու աշխարհասերներին: Եվ այդ ամենն անում էր միմիայն Աստծո փառքի և հոգիների փրկության համար. ինքն ի բնե լինելով խոնարհ ու անընչասեր, ժողովրդից գավազանապտուղ անգամ չէր վերցնում, հակառակ այդ ժամանակ ընդունված սովորության:

Այդ օրերին Պոլիս ժամանեց Սիրիայի Հիսուսյանների առաքելության ընդհանուր մեծավոր Հայր Հովհաննես Վերձոն, որը Մխիթարին դեռևս Հալեպից էր ծանոթ և մեկն էր նրա մտավոր ու հոգևոր ձիրքերը գնահատողներից, որ նրան տեսնելով քահանա դարձած, ճշմարտության քարոզիչ և իր Ազգի վերածնության գործին նվիրված, շատ ուրախացավ. և Մխիթարի խնդրանքին ընդառաջելով, 1697 թվականի Հուլիսի 15ին մի ուրիշ վկայագիր էլ տվեց նրան, գովելով նրա ուղղափառ հավատքն ու առաքինի վարքը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։