Ամմոնացիներ – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ա
Ամմոնացիներ

Ամմոնացիները եղել են ամովրհացիական (*) ծագում ունեցող մի հին ժողովուրդ, որ ապրում էր Հորդանան գետի միջին մասին հատվածի արևելյան ափին, ուր հաստատվել էին Երկաթի դարաշրջանում։ Իրենց մայրաքաղաքն էր Ռաբբաթ Ամմոն քաղաքը, այժմյան Ամմանը Հորդանանում։ Կարևորագույն խաչմերուկ է հանդիսացել քարավանների համար և եղել է առևտրի նշանակալի կենտրոն։

Ծննդոց գրքի համաձայն (19, 30-38), Ամմոնացիները (տառացի՝ Ամմոնի որդիները) սերում էին Ամմոնից՝ Ղովտի որդուց և Մովաբի եղբորից, ով Մովաբացիների նախահայրն էր։ Թերևս խոսքը միևնույն եգիպտական Ամոն աստվածության մասին է (կինը՝ Ամոնեթ)։ Հաստատվելով այն տիրույթներում, ուր բնակվեցին հետագա դարերում, Ամմոնացիները դաշնակցեցին Մովաբացիների հետ՝ միասին պայքարելու համար Իսրայելացիների դեմ, բայց պարտություն կրեցին նախ Սավուղի, ապա նաև Դավթի զորքերի կողմից։ Հետագայում նվաճվեցին – մերձակա բոլոր ժողովուրդների հետ միասին – Բաբելոնյան, Ասորեստանյան, ապա նաև Պարսկական և Հռոմեական Կայսրությունների կողմից։

 

ԿՐՈՆԸ

Ամմոնացիները հետևում էին կրոնական բազմաստվածյան համակարգի, որի գլխավոր դերակատարը Միլքոմ (գրաբարում ՝ Մեղքոմ) աստվածն էր։ Ամենայն հավանականությամբ, նրան էլ իբրև կին նկատվում էր Աշտարտու աստվածուհին։ Բազմաթիվ ուսումնասիրողներ նրա կերպարը կապակցում են փյունիկյան Մելքարտ աստծո և հունական Հերակլես հերոսի հետ։

Միլքոմի պաշտամունքը բավական տարածված է եղել, այն աստիճան, որ բազմաթիվ անգամներ հիշատակվում է Հին Կտակարանում, քանի որ Սողոմոն արքան էլ նրա պատվին պաշտամունքային վայր էր կառուցել Ձիթենյաց Լեռան լանջին, որը մի քանի դար հետո միայն քանդել էր Հոսիա բարեպաշտ արքան։

Պեղումների ժամանակ հայտնաբերվել է Ք.ա. 13րդ դարին պատկանող պաշտամունքային մի կառույց, որի յոթ սրահներից մեկում գտնվել է մի խորան՝ շուրջը բազմաթիվ ոսկորներով ու պաշտամունքային դաշույններով։ Ամենայն հավանականությամբ, սա կարող է կարևոր փաստ նկատվել այն բանի, որ այս կուռքին ի պատիվ կատարվել են բազմաթիվ մարդկային զոհաբերություններ, և դրա համար է, որ Հին Կտակարանում այն անվանվում է «Ամմոնացիների զազրանք» (3Թգ 11, 5-7; 4Թգ 23, 13)։

 

ԼԵԶՈՒՆ

Ամմոնացիների լեզուն, որը հինկտակարանյան ուշ ժամանակներում արդեն մեռած լեզու էր, պատկանել է քանանական լեզուների խմբին, աֆրո-ասիական լեզվաընտանիքին։ Սակավաթիվ համառոտ գրություններ են միայն պահպանվել ամմոներեն լեզվով, որոնք հիմնականում Ք.ա. 11րդ դարի գրություններ են (մի բրոնզե շիշ էլ Ք.ա. 7-6րդ դարերի գործ է, գտնվել է Թելլ Սիրանի պեղումների ժամանակ)։ Այդ պատառիկների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ամմոներենը չափազանց նման է եղել աստվածաշնչյան եբրայեցերենին, արամայերենի մի քանի թեթևակի ազդեցություններով։

(*) Ամովրհացիները արևմտա-սեմական քոչվոր ժողովուրդ են եղել (ի տարբերություն Շումերների, որոնք նստակյաց էին), որոնք Ք.ա. 3րդ հազարամյակում կամաց կամաց տեղափոխվել են դեպի Արևելք, մինչև Միջագետք։ Նրանք են հիմնել Բաբելոն քաղաքը և Բաբելոնյան Առաջին Հարստությունը։ Նրանց անունն ինքնին նշանակում է «արևմտյան». բաբելոնյան արձանագրություններում Ամուրրու նշանակում է Արևմուտք։ Հին Կտակարանի հաղորդած տվյալների համաձայն, Ամովրհացիները մեծապես հակառակվել են Իսրայելացիների արմատավորմանը Քանանում. այդ ժամանակ նրանց կառավարման ներքո է գտնվել նաև Երուսաղեմը։ Պաշտել են Լուսնի Սին (կամ Նիննա) աստծուն և Իլու Ամուրրու (կամ Մարտու) ազգային աստծուն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։