Ամպեր Անդրե-Մարի (1775-1836) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ա
Ամպեր Անդրե-Մարի (1775-1836)

Անդրե-Մարի Ամպերը (20 Հունվար 1775 - 10 Հունիս 1836) եղել է ֆրանսիացի ֆիզիկոս: Իր անունով է կոչվում էլեկտրական հոսանքի չափման միավորը՝ ամպերը:
Նրա գիտական հետաքրքրություններն ընդգրկում էին մարդկային ճանաչողության գրեթե բոլոր ճյուղերը. պատմագիտություն, ճանապարհորդական նկարագրություններ ու աշխարհագրություն, քերթողություն, փիլիսոփայություն, բուսաբանություն, բնական գիտություններ: Զարգացրել է մաթեմատիկական մի տեսություն, որով ամբողջական բացատրություն է տվել ո՛չ միայն էլեկտրամագնիսականության երևույթին, այլ նաև կանխատեսել է ուրիշ շատ երևույթներ ևս: Իր ինքնագիր հիշողությունները հրատարակել է Քիմիայի ու Ֆիզիկայի Տարեգրքում (Annales de chimie et de physique) 1820-1828 թվականների միջև: Հետագայում հրատարակել է նաև գիտության փիլիսոփայության մի նշանակալի ու մեծապես գնահատված հատոր (Essai sur la philosophie des sciènces): 1827թ.ին ընտրվել է Լոնդոնի Թագավորական Ընկերության օտարազգի անդամ, իսկ հաջորդ տարի՝ Շվեդիայի Գիտությունների Թագավորական Ակադեմիայի անդամ:
Իր կտակի համաձայն, իր գերեզմանի վրա փորագրվել են հետևյալ խոսքերը. «Tandem Felix» (Վերջապես երջանիկ եմ):
Նրա անունով են կոչվում նաև 10183 Ampère աստերոիդը և Լուսնի լեռնագագաթներից մեկը:

 

ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ

 

«Սովորի՛ր այս աշխարհի բաները, բայց դրանց միայն մի աչքով նայիր: Մյուս աչքով անդադար նայիր հավիտենական լույսին:
Լսի՛ր գիտնականներին, բայց նրանց միայն մի ականջով լսիր: Մյուս ականջդ թող որ միշտ պատրաստ լինի լսելու Աստծո ձայնը»:

Որդուն՝ Ժան-Ժաք Ամպերին ուղղված նամակից.
L. DE LAUNAY, Correspondance du Grand Ampère [Մեծն Ամպերի Նամականին], Gauthier-Villars, Paris 1936.

 

[շարունակելի ... ]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։