Այընշթայն Ալբերտ (1879-1955) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ա
Այընշթայն Ալբերտ (1879-1955)

Ալբերտ Այընշթայնը (14 Մարտ 1879 - 18 Ապրիլ 1955) եղել է գերմանացի (ծագումով հրեա), ապա շվեյցարացի և ամերիկացի ֆիզիկոս, փիլիսոփա և քաղաքական գործիչ: Զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը: 1921 թվականին արժանացել է Նոբելյան Մրցանակին, տեսական ֆիզիկայի բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ի մասնավորի՝ ֆոտոէլեկտրական էֆեկտի բացահայտման համար, ինչը որ հիմնական կարևորության քայլ է եղել քվանտային տեսության զարգացման համար: Հրատարակել է ավելի քան 300 գիտական և 150 ոչ-գիտական ուսումնասիրություններ:
Այընշթայնը մեծապես հետաքրքրվել է փիլիսոփայությամբ, կարդացել և մեծապես տպավորվել է Քանթի, Սպինոզայի և Շոպենհաուերի գաղափարներով, որոնք իրենց հետքն են թողել իր կրոնական հայացքների վրա: Քաղաքականության ոլորտում համակրանք է դրսևորել սոցիալիզմի նկատմամբ, իսկ 1929 թվականին բացահայտ կերպով գրել է, թե որքան հիացմունք է տածում Լենինի նկատմամբ (Abraham Pais, La scienza e la vita di Albert Einstein, p. 24): Քաղաքական և փիլիսոփայական այս հայացքների պատճառով, որոնց միանում էին Քրիստոնեության վերաբերյալ թյուր հասկացողությունները, Այընշթայնը չփարվեց քրիստոնեական հավատքին, բայց որպես գիտնական էլ՝ միշտ հեռու մնաց տեսական աթեիզմից:

 

ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ

 

«Տիեզերքում տիրող նման ներդաշնակութեան դիմաց, որը ես, իմ մարդկային սահմանափակ մտքով, ի վիճակի եմ ճանաչելու, տակավին կան մարդիկ, որ ասում են, թե Աստված գոյություն չունի: Բայց այն, ինչը որ ինձ ջղայնացնում է ամեն ինչից ավելի, այն է, որ այդ մարդիկ ինձ են վկայակոչում իրենց այդ գաղափարները պաշտպանելու համար»:

Մեջբերված է. R. CLARK, Einstein: The Life and Times [Այընշթայն. Կյանքը և Ժամանակը], London, Hodder and Stoughton Ltd., 1973, p. 400; Եվ. M. JAMMER, Einstein and Religion [Այընշթայնը և Կրոնը], 2002, p. 97.

---

«Բնության օրենքների մեջ հայտնվում է այնքան բարձրակարգ մի բանականություն, որ մարդկային մտքի ու կարգավորումների ողջ բանականությունը բացարձակապես չնչին ու աննշան է նրա համեմատ: Ո՞րն է մեր գոյության իմաստը, ո՞րն է ընդհանրապես բոլոր կենդանի էակների գոյության իմաստը: Նման հարցին պատասխանել կարողանալը նշանակում է կրոնական զգացումներ ունենալ: Թերևս կհարցնեք. Ուրեմն իմաստ ունի՞ նման հարցադրում կատարելը: Պատասխանում եմ. Ով կարծում է, թե իր կյանքը և իր նմանների կյանքն իմաստազուրկ է, ո՛չ միայն դժբախտ է, այլ՝ հազիվ ընդունակ է ապրելու»:

A. EINSTEIN, On Science and Religion [Գիտության և կրոնի մասին], 1940.

---

«Ես աթեիստ չեմ, և չեմ կարծում, թե կարող եմ սահմանել ինձ իբրև պանթեիստ: Մենք գտնվում ենք մի մանկան իրավիճակում, որը բազմաթիվ լեզուներով գրված գրքերով լի մի վիթխարի գրադարան է մտել: Մանուկը գիտի, որ ինչ որ մեկը պետք է որ գրած լինի այդ գրքերը, բայց չգիտի, թե՝ ինչպե՛ս, և ծանոթ չէ այն լեզուներին, որոնցով դրանք գրված են: Սրտով զգում է, սակայն, որ մի խորհրդավոր կարգուկանոն գոյություն ունի գրքերի դասավորության մեջ, բայց չգիտի, թե՝ ո՛րն է դա: Ինձ թվում է, որ սա է մարդկային էակի – նաև ամենախելացիի – դիրքը Աստծո դիմաց: Անըմբռնելի տիեզերքում հայտնվող բանական բարձրակարգ զորության ներկայության հանդեպ խորապես ոգևորիչ համոզման վրա է հիմնվում Աստծո վերաբերյալ իմ գաղափարը»:

W. ISAACSON, Einstein: His Life and Universe, Simon e Schuster 2008, p. 27.

---

«Գիտությունը, տարածված կարծիքին հակառակ, չի վերացնում Աստծուն։ Ֆիզիկան մինչև իսկ պարտավոր է աստվածաբանական նպատակներ հետապնդել, քանի որ պետք է որպես նպատակ ունենա ո՛չ միայն իմանալը, թե ինչպե՛ս է կառուցված բնությունը, այլ նաև՝ թե ինչո՛ւ է բնությունն այսպիսին և ո՛չ ինչ որ մի ուրիշ եղանակով, որպես նպատակ ունենալով հասնելը հասկանալու, թե Աստված արդյոք այլընտրանքներ ունե՞ր Իր առաջ, երբ ստեղծեց աշխարհը»։

Մեջբերված է հետևյալ հատորում. G. HOLTON, The advancement of science, and its burdens, Cambridge University Press, New York 1986, pag. 91.

---

« Յուրաքանչյուր ոք, ով իսկապես զբաղվում է գիտական աշխատանքով, համոզվում է, որ բնության օրենքները բացահայտում են գոյությունը մի Հոգու, որն անսահմանորեն ավելի բարձրակարգ է, քան մարդու հոգին, և որի առաջ մենք, մեր համեստ կարողություններով, պարտավոր ենք լինել խոնարհ »:

Մեջբերված է հետևյալ հատորում. H. DUKAS - B. HOFFMANN, «Albert Einstein: the Human Side», Princeton University Press 1989, p. 32.

 

 

[ շարունակելի ... ]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։