Աստվածաշունչ (համառոտ հոդված) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ա
Աստվածաշունչ (համառոտ հոդված)

Աստվածաշունչը (հունարեն՝ βιβλία, որ նշանակում է գրքեր) Քրիստոնեության Սուրբ Գիրքն է։ Բաղկացած է տարբեր հեղինակների և գրական տարբեր կերպերի պատկանող 75 գրքերից, որոնք շարադրվել են Ք.ա. Տասներորդ դարից մինչև Ք.հ. Առաջին դարն ընկած ժամանակահատվածում։ Անվանվում է նաև Սրբազան Գրություն, որովհետև խոսքը վերաբերվում է գրքերի, որոնք ներկայացնում են պատմության մեջ Աստծո ներկայությունն ու միջամտությունները և որպես նպատակ ունեն սրբազան ուղղությամբ կողմնորոշելու մարդկանց և մշակույթը։ Կոչվում է նաև Աստծո Խոսք, որովհետև այդ գրքերի մեջ Աստված հայտնում է Ինքն Իրեն և ճշմարտության Իր խոսքը։

 

Ա) Բովանդակությունը

Աստվածաշունչը պարունակում է Աստծո կողմից մարդկությանը տրված Հայտնությունը, այսինքն՝ հայտնությունը փրկության սկզբունքների ու ճշմարտությունների, որոնք մարդուն առաջնորդում են դեպի հավիտենական կյանք։ Այդ Հայտնությունը կատարվել է երկու ձևով. խոսքերի միջոցով և դեպքերի ու իրադարձությունների միջոցով։
Նշված երկու ձևերով միասին, դրանց վարդապետական ամենաբարձր մակարդակի վրա, Հայտնությունը կատարվել է հանձինս Հիսուս Քրիստոսի՝ Աստծո մարդացյալ Որդու (Եբր 1, 1)։ Այդ իսկ պատճառով, Աստվածաշունչը բաժանվում է երկու հիմնական մասի. Քրիստոսի ծնունդից առաջ գրված գրքերը մաս են կազմում Հին (կամ Առաջին) Կտակարանին, մինչ Քրիստոսի ծնունդից հետո գրված գրքերը կազմում են Նոր ու վերջնական Կտակարանը։
Այս հիմնական բաժանումից բացի, կատարվում են նաև ա՛յլ ենթաբաժանումներ, որոնք հաշվի են առնում Հին ու Նոր Կտակարաններին մաս կազմող գրքերի գրական կերպը կամ նկարագիրը։ Հին Կտակարանը բաժանվում է հետևյալ մասերի. Հնգամատյան (կամ Օրենք), Պատմական գրքեր, Իմաստասիրական գրքեր և Մարգարեական գրքեր։ Իսկ Նոր Կտակարանը բաժանվում է հետևյալ մասերի. Պատմական գրքեր (Ավետարաններն ու Գործք Առաքելոցը), Նամակներ (Պողոս Առաքյալի նամակները իր կողմից հիմնված համայնքներից ոմանց և Առաքյալներից մի քանիսի Ընդհանրական կոչվող նամակները) և Նոր Կտակարանի միակ վախճանաբանական գիրքը՝ Հովհաննեսի Հայտնությունը։

 

Բ) Ներշնչվածությունը

Աստվածաշնչի գրքերի շարադրումը տեղի է ունեցել Սուրբ Հոգու ներշնչմամբ։ Սա նշանակում է, որ սրբազան հեղինակը գրքի շարադրման ժամանակ հատուկ օժանդակություն է ստացել Աստծո կողմից, պահպանելով հանդերձ մտքի ու կամքի մարդկային բնական կարողությունները։ Այս պատճառով ենք Սուրբ Գիրքը հայերենում կոչում Աստվածաշունչ, այսինքն՝ Աստծո կողմից ներշնչված, կամ էլ՝ Աստծո շունչը, Աստծո Հոգին իր մեջ կրող գրություն։ Այս հատկությունը Աստվածաշնչի գրքերին ամբողջովին եզակի տեղ է ապահովում մարդկային ողջ գրականության մեջ (2Տմ 3, 16)։

 

Գ) Անսխալականությունը

Աստվածաշնչի գրքերի աստվածային ներշնչվածությունից հետևում է, որ նրանցում բացարձակ կերպով բացառվում է սխալի առկայությունը։ Հարկավոր է, սակայն, միշտ ի նկատի ունենալ, որ Աստվածաշունչը բնագիտական գիտելիքների ձեռնարկ կամ հանրագիտարան չէ։ Աստվածաշնչի գրքերն անթերի կերպով ուսուցանում են ճշմարտությունը, որն Աստված կամեցավ հայտնել մարդկանց փրկության համար։ Այսինքն, Աստվածաշունչը կրոնական նպատակաուղղվածություն ունեցող գիրք է և նրա միակ հետաքրքրությունը մարդկության փրկությունն է։ Տարբեր ժամանակներում, սակայն, հառաջ են քաշվել որոշակի թվով քննադատություններ, որոնք կարծեցյալ անճշտություններ կամ հակասություններ են փորձել տեսնել Աստվածաշնչի և բնական գիտությունների, Աստվածաշնչի և պատմական գիտությունների ու հնագիտության, Աստվածաշնչի և բարոյական գիտությունների, Աստվածաշնչի և մարդաբանական գիտությունների, և ի վերջո՝ Աստվածաշնչի և աստվածաբանական գիտությունների միջև։ Հետևելով, սակայն, աստվածաշնչյան մեկնողական գիտությունների գիտականորեն լուրջ չափանիշներին, հարուցված խնդիրները մեկը մյուսի ետևից գտել են և շարունակում են գտնել իրենց պատասխանները, և Աստվածաշնչի անսխալականությունը դրանցից ոչնչով չի տուժել, այլ ընդհակառակն՝ ավելի է ամրապնդվել գիտական ու հնագիտական նորանոր հայտնաբերումների շնորհիվ։

 

Դ) Կանոնը

Աստվածային ներշնչում ունեցող գրքերի ցանկը (կանոնը) հաստատելու համար գոյություն ունեն տարբեր դատանիշներ, բայց միակը, որն օժտված է ընդհանրականության, հստակության ու անսխալականության նկարագրով, աստվածային Հայտնությունն է, որ պահպանվում է Եկեղեցու կենդանի Ավանդության մեջ և անսխալ կերպով ներկայացվում է Եկեղեցու Վարդապետության կողմից։ Աստծո Եկեղեցին, որ ճշմարտության սյունն ու հաստատությունն է (1Տմ 3, 15), սահմանել է Աստվածաշնչի կանոնը, այսինքն՝ որոշ գրքեր ճանաչել և ընդունել է որպես ներշնչված և սրբազան, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, որը գործում է իր մեջ և առաջնորդում է իրեն դեպի ամբողջական ճշմարտության ճանաչումը (Հվհ 14, 25-26; 16, 13)։

 

Ե) Գրական կերպերն ու իմաստները

Աստվածաշնչում առկա են միմյանցից տարբեր գրական կերպեր (կամ՝ սեռեր, ժանրեր)։ Դրա հիմնական պատճառն այն է, որ աստվածաշնչյան իրադարձությունների շուրջ վկայությունը նախապես ավանդվել է բանավոր եղանակով և միայն հաջորդաբար է, որ գրի է առնվել մեզ այսօր հայտնի գրքերում, որոնց մեջ ներկա գրական կերպերն ընդարձակ մոտավորությամբ կարող են սահմանվել հետևյալ անուններով.
– պատմական կերպը, որով նկարագրվում են անհատների և հասարակությունների վերաբերվող պատմական անցուդարձերը.
– օրենսդրական կերպը, որով սահմանվում են հասարակական կամ կրոնական վարքուբարքի կանոնները և զանցառուների համար նախատեսված պատիժները.
– մարգարեական կերպը, որը վերաբերվում է մարգարեական պատգամներին, այսինքն՝ բարոյական նկարագիր ունեցող հորդորներին, որոնք արտասանվել են Աստծո կողմից ուղարկված անձանց կողմից։ Այդ պատգամները միշտ ուղղվել են կոնկրետ հասցեատերերի (թագավորներ, անհատներ, որոշակի խմբեր, ժողովուրդը հավաքական իմաստով), որոնք իրենց վարքով հեռացել էին ուղղամիտ ճանապարհից։ Նորկտակարանյան նամակները նույնպես կարող են նկատվել որպես մարգարեական գրություններ։
– վախճանաբանական կերպը, ուր գործածվում են այլաբանություններ և խորհրդավոր արտահայտություններ ու պատկերներ, որոնք հաճախ անհասկանալի են մտքի համար և որպես նպատակ ունեն ցույց տալը, որ Աստծո ծրագիրը վճռական կերպով հաղթանակելու է պատմության բոլոր ելևէջների վրա։
– իմաստասիրական կերպը, որին մաս են կազմում բոլոր այն գրությունները, որոնք մաս չեն կազմում գրական նախորդ կերպերին։ Ներառում է աղոթքներ (օրինակ՝ Սաղմոսների գիրքը), սիրային պոեմներ (օրինակ՝ Երգ Երգոցը), ողբասացություններ (օրինակ՝ Երեմիայի Ողբը), մտորումներ, խորհրդածություններ կամ իմաստասիրական առակներ (օրինակ՝ Ժողովողը, Առակների ու Հոբի գրքերը)։
Գրական կերպերից բացի, հարկավոր է ուշադրություն դարձնել աստվածաշնչյան գրությունների իմաստային նշանակությանը. ի մասնավորի, զանազանվում են տառացի իմաստը, ամբողջական իմաստը և պատկերավոր իմաստը։

 

Զ) Մեկնաբանությունը

Աստվածաշունչը Աստծո Խոսքի վկայությունն է, որ ավանդվել է մարդկային ձեռքով շարադրված գրությունների միջոցով։ Գրական որևէ գործ ենթակա է տարբեր մեկնաբանությունների. բոլոր մեկնաբանությունները չէ, որ միևնույն խորությամբ թափանցում են Աստվածաշնչի հարստություններից ներս և բոլորը չէ, որ հավասար կերպով ճշմարտացի են (2Պտ 1, 20)։ Որևէ գրություն պետք է մեկնաբանվի իր յուրահատկությունների համաձայն, հաշվի առնելով տվյալ գրության նկարագիրը, հեղինակի անձնական պարագաները, ավանդված ճշմարտություններն արտահայտելու համար հեղինակի կողմից գործածված գրական կերպերը, շարադրման տեղի պատմական միջավայրը, միջավայրը, որում գրությունն ընթերցվելու է, և այլն, և այլն։ Աստվածաշնչի ճշգրիտ մեկնաբանության համար, հետևաբար, հարկավոր է միշտ հաշվի առնել աստվածաշնչյան մեկնողական գիտությունների կողմից տրամադրված գիտական բոլոր լուրջ տվյալները, Եկեղեցու երկուհազարամյա Ավանդության մեկնողական մեծահարուստ ժառանգությունը և, ամենակարևորը, հառաջ քաշվող հարցերից յուրաքանչյուրի վերաբերյալ Եկեղեցու կենդանի Վարդապետության պաշտոնական ուսուցումները։

 
*******
 
« Աստվածաշնչի Ընդհանուր Ներածություն » առավել ընդարձակ հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ ։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։