Աստված (աստվածաշնչյան շատ համառոտ ակնարկ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ա
Աստված (աստվածաշնչյան շատ համառոտ ակնարկ)

Ծանոթություն. – Վիթխարի ընդարձակություն ունեցող այս նյութն այստեղ անհնարին է ներկայացնել աստվածաշնչյան իր ողջ տարողությամբ։ Ընտրում և ներկայացնում ենք այն ամենակարևոր կետերը, որոնք եզակի ու ինքնատիպ են աստվածաշնչյան աստվածաբանության համար։

Նախևառաջ անհրաժեշտ է ընդգծել, որ այս նյութի շուրջ աստվածաշնչյան աղբյուրների քննարկման գործում օգտակար է կիրառել մի երկակի չափանիշ. ա) Հայտնության աստիճանականությունը Հին Կտակարանից մինչև Նոր Կտակարան, և բ) նախընտրությունը, որ սրբազան հեղինակների կողմից տրվում է Աստծո հետ ապրված կոնկրետ կյանքի տեսանկյուններին, խուսափելով չափազանց տեսականացումից (Աստծո Հայտնությունը – Ինքն Իր մեջ և մարդու հետ ունեցած հարաբերություններում – ամբողջ Աստվածաշունչն է)։ Այս չափանիշները մեզ հնարավորություն են տալիս Աստծո վերաբերյալ աստվածաշնչյան ուսուցումները համախմբել երկու հիմնական տեսանկյունների շուրջ. ա) Աստծո անդրանցականությունը, որով բնորոշվում է Իր էությունը, և բ) Աստծո ներկայությունն աշխարհում, որն ընդգրկում է կատարելությունների մի ամբողջություն, որոնք լույս են սփռում մարդու հետ ունեցած Նրա հաղորդության վրա։

 

Ա) ԱՍՏԾՈ ԱՆԴՐԱՆՑԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Աստծո անդրանցականությունը նշանակում է Նրա միակ ու անհամեմատելի գերազանցությունը, և հետևաբար՝ Նրա արմատական տարբերությունը Իրենից դուրս գտնվող ուրիշ որևէ էակից։ Տեսանկյունները, որոնց մեջ բացահայտվում է անդրանցականությունը, ի մասնավորի հետևյալներն են. սրբությունը, հավիտենականությունը, կյանքի լիությունը, ամենակարողությունը, անսահմանությունը։

1) Անդրանցականությունն ընդհանուր առմամբ։ – Սա մարգարեական քարոզչության տևական թեման է (օրինակ՝ Ես 43, 11; 3Թգ 18, 39), որ վերակապակցվում է Իսրայելի Հավատամքին (2Օր 4, 35; 6, 4)։ Աստծո անդրանցականությունն իր արտահայտությունը գտնում է Իր մեծության մեջ, որի առաջ ամեն բան, որքան էլ որ այն մեծ լինի, կորցնում է իր արժեքը (օրինակ՝ Ես 40, 15)։ Անդրանցականության գլխավոր արտահայտությունը, սակայն, Մովսեսին հայտնված Անունն է, քանի որ սեմական մշակույթի համար անունն արտահայտում է անձը, նրա ինքնությունը, էությունը. Աստված, «Որ Է» (Ել 3, 14)։

2) Սրբությունը։ – Սրբությունը բնորոշում է Աստծո էությունը, Նա միակ Սուրբն է, մանավանդ թե՝ «Սուրբ»ը Աստծո ինքնին անունն է (Ղևտ 11, 44-45; 19, 2; 20, 3.7.26; 21, 5-11; 1Թգ 2, 2; Սղմ 88, 36; Հոբ 6, 10; Ես 1, 4; 40, 25; Եզկ 20, 39; ...)։ Այս սրբության պատճառով, Աստված «բաժանված, անջատված» է ամեն ինչից, անհամեմատելիորեն գերազանց է ստեղծված որևէ էակից (2Օր 32, 4)։ Աստծո սրբության տեսությունը ահ ու սարսափ է ազդում մարդու վրա, ներշնչում է սեփական անարժանության, անհամապատասխանության զգացումը (Ես 6, 1...). այդուհանդերձ, սակայն, Աստծո սրբությունն այն զորությունն է, որով հնարավոր է դառնում սրբությունը մարդու մեջ (հմմտ. Երմ 31, 33; Եզկ 36, 22-27; ...)։

3) Կյանքն ու հավիտենականությունը։ – Խոսել Աստծո կյանքի մասին՝չի նշանակում պարզապես հաստատել, որ Նա գոյություն ունի։ Աստվածաշնչում ասելով «կենդանի Աստված» (Հս 3, 10; Դատ 8, 19; 1Թգ 14, 45; 2Թգ 12, 5; 3Թգ 18, 15; ...) հասկացվում է այն, որ Նա Ինքն է կյանքը ևՆրա մեջ է կյանքի լիությունը։ Ասելով նաև «հավիտենական» հասկացվում է, որ կյանքի այդ լիությունը հարատևէ ու անփոփոխ, ժամանակի նկատմամբ անդրանցական է ևենթակա չէ դրա ելևէջներին (Սղմ 89, 2.4)։ Աստծո հավիտենական կյանքի անմնացորդ լիությունը այն զորությունն է, որին անդադար տենչում է մարդու սիրտը (Սղմ 41, 2-3; 83, 2)։

Ինչպես նաև, քանի որ կենդանի լինելը բնորոշվում է անձնականությամբ ևայդ անձի գործունեությամբ, «կենդանի Աստված» արտահայտությունն իր բացարձակ իմաստով նույնանում է «ճշմարիտ Աստված» արտահայտության հետ, հակադրվելով կեղծ ու սնոտի կուռքերին, որոնց մեջ կենդանության շունչ չկա և, ուստի, ոչինչ չեն կարող անել (հմմտ. Երմ 10, 14-15)։

4) Ամենակարողությունը։ – Նաևամենակարողությամբ է բնորոշվում Աստծո անդրանցականությունը ևամենակարողության գաղափարի վրա է հիմնվում Աստծո բացարձակ տիրապետությունը արարածներից յուրաքանչյուրի, մարդու, պատմության վրա։ Աստված աշխարհի արարիչն է ևայն ստեղծում է Իր խոսքի զորությամբ (Ծնդ 1; Սղմ 32, 6-9)։ Արարչության վայելչությունը արդյունքն ու նշանն է Աստծո ամենակարողության, որին Աստվածաշնչում անբաժանելի կերպով կցվում են Նրա իմաստությունն ու գեղեցկությունը, շեշտելով, որ Աստծո ամենակարողությունը գործում է միմիայն բանական կերպով, ստեղծելով միմիայն այն, ինչը որ իմաստ (լոգոս - բան) ունի ևգեղեցիկ է (Հոբ 37-38; Սղմ 104; ...)։

5) Անսահմանությունը։ – Անմիջական իմաստով «անսահմանություն» եզրը մատնանշում է Աստծո աննկարագրելի մեծությունը, Նրա անճառելի զորությունը ևընդհանրապես՝ Աստծո կատարելությունների անչափելիությունը մարդու կողմից (օրինակ՝ 3Թգ 8, 27)։ Ավելի խորը իմաստով, սակայն, որն առավել հոգեհարազատ է աստվածաշնչյան մտածողությանը, Աստված «անսահման» է այն իմաստով, որ Նրա առաջ գոյություն չունեն սահմաններ ու սահմանափակումներ, Նա տարածքի ևնյութի (մատերիայի) նկատմամբ անդրանցական է, ևայս տեսանկյան վրա է հիմնվում Նրա ամենագիտությունը. Աստված կարդում է մարդու սիրտը (զգացմունքները), քննում է նրա երիկամները (ախորժակները, ցանկությունները), մարդու մտքերը (նպատակներն ու դիտավորությունները) Նրան լիովին հայտնի են ևՆրա համար ծածուկ ոչինչ չկա (Սղմ 138; Երմ 23, 23-25; ...)։

 

Բ) ԱՍՏԾՈ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ։

Աստծո մինչ այժմ թվարկված կատարելություններն արդեն բավական չափով հայտնում են Աստծո ներկայությունը մարդու կյանքում, բայց կան երկու տեսանկյուններ ևս, որոնք հատուկ կերպով ընդգծվում են Աստվածաշնչում. սերը և ողորմությունը, որոնց մաս է կազմում նաև նախախնամությունը։ Այսպիսով Աստվածաշնչում հաստատվում և ընդգծվում է, որ Աստված, անդրանցական լինելով և Իր անդրանցականությունը պահպանելով հանդերձ, սերտորեն ներկա է մարդկության և մարդկանցից յուրաքանչյուրի կյանքում։

1) Սերը։ – Խոսելով Աստծո սիրո մասին, Աստվածաշունչը չի հասկանում սոսկ բարյացակամությունը կամ բարեհաճությունը։ Աստծո սերը պայմանավորված չէ մարդու արժանիքներով, ուստի ներկայանում է որպես բացարձակապես ազատ և ողորմած իրականություն, իսկ Աստված ներկայանում է որպես հայր, առաջնորդ, դաստիարակ և պաշտպան։ Աստծո սիրո առաջին դրսևորումը ինքնին արարչագործությունն է, որն ի կատար է ածվել ո՛չ թե ինչ որ մի կարիքի կամ անհրաժեշտության բերումով, այլ՝ Աստծո ձրիաշնորհ սիրո արդյունքն է, որը կամենում է Իր արարածներին մասնակից դարձնել Իր երանությանը։ Հետագայում ևս, փրկության ամբողջ պատմությունը – ներառյալ պատվիրանների տվչությունը և արդար պատիժների գործադրումը – Աստվածաշնչում ընթերցվում է Աստծո սիրո լույսի ներքո (հմմտ. 2Օր 6, 5-6; 7, 6-8; 10, 12-15; Երգ 8, 7; Ովս 11, 3-4.9; Ես 49, 15; Երմ 31, 3; ...)։

2) Ողորմությունը։ – Մարդու նկատմամբ Աստծո սիրո պատմությունը նաև ողորմության պատմություն է, քանի որ մարդկության պատմությունը շատ հաճախ պատմությունն է ապերախտության ու անհավատարմությունների։ Աստվածաշնչի էջերը լի են Աստծո ողորմությանն ուղղված վկայություններով ու գովաբանություններով (Սղմ 12, 6; 16, 7; 24, 6; 32, 1-2.5; 50, 3-19; 144, 8-9; Եզկ 18, 23.32; Միք 7, 9.18; Հվլ 2, 13; ...)։ Աստվածաշնչում ողորմությունը բնավ չի հակադրվում արդարությանը, այլ մանավանդ թե՝ նկատվում է որպես նրա արդյունքը (օրինակ՝ Սղմ 102, 14)։ Աստծո ողորմության վրա է հիմնվում մարդու կյանքի ամենահիմնական դիրքորոշումներից մեկը. Հույսը (Ես 54, 4-8)։ Աստծո ողորմության հռչակումը Աստվածաշնչում կարևորվում է նաև մի ա՛յլ հիմնական գաղափարի համար. Աստված Իր նախախնամությամբ հոգատար է ո՛չ միայն ժողովրդի հավաքական անցուդարձերի, այլ հատկապես՝ յուրաքանչյուր անհատ անձի կյանքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։

 

Գ) ԱՍՏԾՈ ՊԱՏԿԵՐԸ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ։

Նոր Կտակարանի հիմնական նորությունը Երրորդության վճռական հայտնությունն է։ Նորկտակարանյան ամբողջ տնօրենությունը – մարդեղությունը, փրկագործությունը, Եկեղեցու ծնունդը, քրիստոնյայի հոգևոր կյանքի զարգացումը, և այլն – ամբողջովին ներկայացվում է երրորդութենական լույսի ներքո։ Սրա առաջին հետևանքն այն է, որ այն ամենը, ինչը Հին Կտակարանում հաստատվում է Աստծո մասին, Նոր Կտակարանում նախընտրաբար վերագրվում է Հորը։ Այս նախադրյալն անելով և այստեղ ուղղակիորեն չանդրադառնալով այն հարցերին, որոնք Նոր Կտակարանում վերաբերվում են Երրորդությանը և Անձերից յուրաքանչյուրին, կարող ենք հաստատել, որ Աստծո վերաբերյալ նորկտակարանյան պատկերացումն ամբողջովին համահունչ է հինկտակարանյան պատկերացման հետ, պարզապես Նոր Կտակարանում յուրահատուկ կերպով ընդգծվում են Նրա հայրությունը, բարությունն ու ողորմությունը։ Նոր Կտակարանում ևս հեշտորեն տեսանելի է Նրա անդրանցականության և մարդու կյանքում Նրա ներկայության միաժամանակյա հաստատումը, ինչպես, օրինակի համար, ներկայացվում է Տերունական աղոթքում (Մտթ 6, 10-14)։ Աստված երկնքի ու երկրի Տերն է (Մտթ 11, 25), տիեզերքի Տիրակալը (Գրծ 17, 24-31), անմահ ու անտեսանելի Թագավորը, որ բնակվում է անմերձենալի լույսի մեջ (2Կր 4-6; 1Տմ 6, 16), որին միմիայն Միածին Որդին կարող է հայտնել (Հվհ 1, 18)։ Աստված Ինքն է ժամանակների ու իրադարձությունների ինքնիշխան տիրակալը, որի հանդեպ հարկավոր է սիրալիր երկյուղ տածել և դրսևորել (Մտթ 10, 28; Ղկս 12, 20; Գրծ 1, 7; Եփս 1, 11; ...)։

Աստված սրբություն է, որովհետև Նա ամբողջովին լույս է, որի մեջ ստվեր չկա (1Հվհ 1, 5), և հավիտյանս հավիտենից գովաբանվում է որպես Սուրբ (Հյտ 4, 8; 16,5), սուրբ է Նրա Անունը, այսինքն՝ Նա ո՛չ միայն բարոյապես, այլ՝ Իր էությամբ իսկ սուրբ է (Ղկս 1, 49). Նա Ինքն է որևէ կատարելության բնօրինակը (Մտթ 5, 48) և Իր ժողովրդի սրբության ակունքն է (1Պտ 1, 15)։ Աստծո անդրանցական մեծությունը, որի նկարագրումն իր գագաթնակետին է հասնում Հովհաննու Հայտնության գրքում, լավագույնս արտահայտվում է նաև Պողոս Առաքյալի կողմից (օրինակի համար՝ Հռմ 11, 33-36)։

Աստծո անդրանցականության գաղափարը Նոր Կտակարանում ներդաշնակվում է մարդկության և յուրաքանչյուր մարդու կյանքում Նրա ներկայության հավատքի հետ։ Աստծո հետ հարաբերությունների այս տեսանկյունը ևս իր ամբողջական արտահայտությունը գտնում է հանձինս Քրիստոսի, որովհետև Նրա մեջ մարմնապես բնակվում է Աստվածության լիությունը (Կղս 2, 9). հանձինս Նրա խոսում է Աստված (Եբր 1, 2), որ հաղորդության մեջ է մտնում մեր հետ (1Հվհ 1, 2-4), որ ցույց է տալիս Իր ողորմած սիրո գերառատությունը (Հռմ 5, 8; Հվհ 3, 16; Եփս 2, 4; 1Հվհ 4, 7-21)։ Խոսքը վերաբերվում է ո՛չ թե աննպատակ կամ քմահաճ, այլ՝ փրկարար ներկայությանը, որովհետև Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը (1Տմ 2, 4), և ո՛չ միայն ներում և անհուն գորովով կրկին ընդունում է անառակ որդուն (Ղկս 15, 20-24), ո՛չ միայն գնում է փնտրելու մոլորված ոչխարին կամ կորցրած դրամը (Ղկս 15, 4-10), այլ՝ մարդկանց փրկությունն իրականացնում է շնորհի գերառատ հեղմամբ (Եփս 1, 7-14)։ Իր էությամբ իսկ Սեր լինելով, ո՛չ միայն հաղորդվում է մարդուն և նրան ապրել է տալիս Իր մտերմության մեջ (1Հվհ 4, 16), այլ՝ հայրական սիրով և արդյունավետ նախախնամությամբ հոգատարություն է դրսևորում մարդու վախճանաբանական հույսի նկատմամբ, առաջնորդելով նրան դեպի հավիտենական Արքայությունը, որն Իր իսկ երանությունն է (Մտթ 25, 21.34; Հվհ 17, 24) և Իր կատարյալ տեսությունը (1Կր 13, 12; 1Հվհ 3, 2)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։