Գաբրիել Հրեշտակապետ (Սուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Գ
Գաբրիել Հրեշտակապետ (Սուրբ)
Սուրբ Գաբրիելը մեկն է այն երեք Հրեշտակներից, որոնց անունը վստահաբար ճանաչում ենք Աստվածաշնչից, Սուրբ Միքայելի և Սուրբ Ռաֆայելի հետ միասին: Նա պատկանում է հրեշտակային Երկրորդ Դասին՝ Հրեշտակապետներին: «Գաբրիել» անունը մեկնաբանվում է երկու կերպ. բացատրություններից մեկի համաձայն այն նշանակում է «Աստծո զորություն», իսկ երկրորդ բացատրության համաձայն՝ «Նա, ով կանգնում է Աստծո առաջ». այս երկրորդ բացատրության համար հիմք են ծառայում իր իսկ Գաբրիելի խոսքերը Հովհաննես Մկրտչի հայր Զաքարիային (հմմտ. Ղկս 1, 19):
Սուրբ Գաբրիել Հրեշտակապետը Աստվածային Հայտնություններն Ավետողն է: Աստվածաշնչյան պատմություններում նա ունեցել է երեք մեծ առաքելություն.
– Առաջին անգամ նա առաքվել է Դանիել Մարգարեի մոտ, որպեսզի բացատրի նրան – միշտ անշուշտ առակավոր ու խորհրդաբանական լեզվով – թե ե՛րբ և ինչպե՛ս է տեղի ունենալու Հին Ուխտի սպասման ժամանակների լրումը և Փրկչի գալուստը աշխարհ:
– Երկրորդ անգամ նա առաքվել է Զաքարիա քահանայի մոտ, որպեսզի նրան ավետի Փրկչի նախակարապետը հանդիսացող Հովհաննես Մկրտչի ծնունդը:
– Երրորդ անգամ Աստծո կողմից նրան է հանձնարարվել այն ամենավեհ պաշտոնը, որ երբևէ հանձնարարվել է մի արարածի. Մարդկության Փրկչի Ծննդյան Ավետումը Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնին:
 
Կարող ենք վստահասիրտ ապավինել նրա հզոր բարեխոսությանը Աստծո Գահի առջև, որպեսզի նրա օգնությամբ միշտ հաղորդ դառնանք Աստծո Մարդեղությամբ մեզ պարգևված շնորհներին, որոնք նա ինքը ավետեց մեզ: Գաբրիել Հրեշտակապետի տոնը մինչև վերջերս կատարվում էր Մարտի 24ին, մինչ ներկայումս տարածվել է երեք Հրեշտակապետներին միասին տոնելու սովորությունը, Սուրբ Միքայելի ծիսական տոնի օրը:
 
 
Ծիսական աղոթք
 
Ո՜վ Աստված, որ բոլոր Հրեշտակների միջից ընտրեցիր Գաբրիել Հրեշտակապետին, ավետելու համար Մարդեղությանդ խորհուրդը, պարգևիր մեզ, խնդրում ենք, որ նրա բարեխոսությունը երկրի վրա հայցելով՝ Երկնքում ստանանք նրա Պաշտպանության պտուղները: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ: Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։