Գագարին Յուրիյ Ալեքսեևիչ (1934-1968) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Գ
Գագարին Յուրիյ Ալեքսեևիչ (1934-1968)

Յուրիյ Ալեքսեևիչ Գագարինը (9 Մարտ 1934 - 27 Մարտ 1968) եղել է ռուս օդաչու և տիեզերագնաց, առաջին մարդը, որ եղել է տիեզերքում և հաջողությամբ ավարտին է հասցրել իր առաքելությունը 1961թ. Ապրիլի 12ին: Տիեզերքից հեռարձակված առաջին խոսքերը եղել են. «Երկրագունդը կապույտ է: [...] Ի՜նչ հրաշք: Անհավատալի է»: Ապա հավելել է. «Այստեղից Երկիրը շա՜տ գեղեցիկ է, առանց սահմանների ու առանց բաժանարար պատնեշների»: Այդ ժամանակ նա 27 տարեկան էր: Ն. Խրուշչյովի կողմից պարգևատրվել է Լենինի Շքանշանով, դառնալով Սովետական Միության Հերոս: Հայտնի է եղել նաև իր լուսավոր, առինքնող ժպիտով: Նրա անունով է կոչվում 1772 Gagarin աստերոիդը, Լուսնի խառնարաններից մեկը և մի գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում:

Սովետական ժամանակներում տարածված էր այն լեգենդը, թե իբր Գագարինն ասել է. «Այստեղ ոչ մի Աստծո չեմ տեսնում»: Սովետական Միության փլուզումից հետո, սակայն, Գագարինի մտերիմ ընկեր և գործընկեր, գնդապետ Վալենտին Վասիլևիչ Պետրովը բացահայտել է, որ այդ խոսքերն իրականում Նիկիտա Խրուշչյովն է շրջանառության մեջ դրել: Գագարինը, մինչդեռ, մկրտված էր Ռուս Օրթոդոքս Եկեղեցում և խորապես հավատացյալ անձնավորություն էր: Գագարինի մյուս մտերիմ ընկերը՝ տիեզերագնաց Ալեքսեյ Արխիպովիչ Լեոնովը վկայել է, որ թռիչքից առաջ Գագարինը մկրտել է տվել իր Ելենա անունով աղջկան: Նույն վկայության համաձայն, Գագարինի տունը լի է եղել սրբապատկերներով և նա միշտ հանդիսավոր կերպով տոնել է Սուրբ Ծնունդն ու Զատիկը, կուսակցական արգելքներին ուշադրություն չդարձնելով: Պետրովի վկայության համաձայն, Գագարինը մինչև իսկ համարձակությունն է ունեցել 1965թ.ին Կրեմլին առաջարկ ներկայացնելու՝ վերականգնելու Քրիստոս Փրկչի Տաճարը:

 

Աղբյուր՝

http://it.wikipedia.org/wiki/Jurij_Gagarin ;
http://www.mpda.ru/cak/news/text/1196067.html ;
http://www.religionenlibertad.com/articulo.asp?idarticulo=35315 .

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։