Գիտությունների Քահանայապետական Ակադեմիա – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Գ
Գիտությունների Քահանայապետական Ակադեմիա

Գիտությունների Քահանայապետական Ակադեմիան (լատիներեն պաշտոնական անունը՝ Pontificia Academia Scientiarum) գտնվում է Վատիկանում և հիմնվել է մաթեմատիկայի, ֆիզիկայի և բնական գիտությունների զարգացումը խթանելու և գիտախոսական (էպիստեմոլոգիական) հարակից խնդիրների ուսումնասիրման նպատակով։ Հիմնվել է 1603 թվականին։ Առաջին մեծագույն ներկայացուցիչներից է եղել Գալիլեո Գալիլեյը։ Պատմաքաղաքական վերիվայրումների պատճառով, սակայն, մի քանի տասնամյակից գրեթե դադարեցրել է իր գործունեությունը։ Վերաբացվել է 1847 թվականին Պիուս Իններորդ Պապի կողմից։ Վերակազմավորվել է 1936 թվականին Պիուս Տասնմեկերորդ Պապի կողմից, երբ Վատիկանը վերջնականորեն բաժանվեց Իտալիայի թագավորությունից։ Վերջին կանոնակարգումը ստացել է Պողոս Վեցերորդ Պապի կողմից 1976 թվականին և Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի կողմից 1986 թվականին։ Ունի խիստ միջազգային նկարագիր եւ գիտական ուսումնասիրությունների գործում վայելում է բացարձակ ազատություն կուսակցական ու գաղափարախոսական (իդեոլոգիական) որևէ տեսակի ազդեցությունից։ Ինչպես ասվում է 1976 թվականին հաստատված Կանոնագրքում, ԳՔ Ակադեմիան «որպես նպատակ է հետապնդում մաթեմատիկական, ֆիզիկական և բնական գիտությունների զարգացման խթանումը և դրանց հարակից գիտախոսական խնդիրների ու նյութերի ուսումնասիրումը»։


Գիտությունների Քահանայապետական Ակադեմիայի գործունեությունը

ԳՔ Ակադեմիան և նրա անդամակցությունը բացարձակապես ազատ են ազգային, քաղաքական կամ կրոնական նկարագիր ունեցող գործոնների ազդեցությունից։ Այն գիտական առարկայական (օբյեկտիվ) տեղեկատվության վավերական աղբյուր է հանդիսանում Սուրբ Աթոռի և միջազգային գիտական հանրության համար։ ԳՔ Ակադեմիայի գործունեությունը ներկայումս հետևում է հետևյալ վեց հիմնական ուղղություններին.
Ա) Հիմնական (ֆունդամենտալ) գիտություն.
Բ) Համաշխարհային խնդիրներին ու թեմաներին վերաբերվող գիտություն և տեխնոլոգիա.
Գ) Երրորդ Աշխարհի խնդիրների լուծմանն օգտակար գիտություն.
Դ) Գիտության էթիկա և գիտական քաղաքականություն.
Ե) Բիոէթիկա.
Զ) Գիտախոսություն (էպիստեմոլոգիա)։

Ներգրավված գիտական առարկաները ինն են.
ա) ֆիզիկա և հարակից առարկաներ.
բ) աստղագիտություն.
գ) քիմիա.
դ) երկրագիտություն և կենսոլորտի հարակից գիտություններ.
ե) կենսաբանական գիտություններ (բուսաբանություն, գյուղատնտեսական գիտություններ, կենդանաբանություն, գենետիկա, բջջային կենսաբանություն, բիոքիմիա, նյարդաբանական գիտություններ, վիրաբուժություն).
զ) մաթեմատիկա.
է) կիրառական գիտություններ.
ը) փիլիսոփայություն.
թ) գիտությունների պատմություն։


Գիտությունների Քահանայապետական Ակադեմիայի անդամները

ԳՔ Ակադեմիայի նոր անդամներն արդեն անդամ ակադեմիկոսների կողմից ընտրվում են որևէ ազգության ու կրոնի պատկանող տղամարդկանցից ու կանանցից՝ միայն հաշվի առնելով նրանց գործունեության գիտական արժեքն ու նրանց բարոյական նկարագիրը (ԳՔԱ Կանոնագրքի 5րդ հոդված)։ Նորընտիր անդամներն ապա պաշտոնապես վավերացվում են Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից։ ԳՔ Ակադեմիան ղեկավարվում է ԳՔԱ Նախագահի կողմից, որն ուղղակի նշանակվում է Սրբազան Քահանայապետի կողմից (պետք է արդեն ԳՔԱ անդամ լինի)։ ԳՔԱ Նախագահին օգնում է Գիտական Խորհուրդը և մի Քարտուղար (կանցլեր)։ ԳՔԱ անդամների թիվը նախապես 80 հոգի էր, որոնցից 70ը նշանակվում էին ցկյանս։ 1986 թվականին Հովհաննես Պողոս Երկրորդը ցկյանս անդամների թիվը դարձրեց 80 հոգի և սահմանեց, որ նրանց կողքին կարող են նշանակվել որոշակի թվով պատվո անդամ ակադեմիկոսներ, և անձինք, որոնք ԳՔԱ անդամ են դառնում ինքնաբերաբար, իրենց զբաղեցրած պաշտոնի բերումով. այդպիսիք են ԳՔԱ Քարտուղարը, Վատիկանյան Աստղադիտարանի տնօրենը, Վատիկանի Առաքելական Գրադարանի տնօրենը և Վատիկանի Գաղտնի Արխիվի տնօրենը։

Մեզ՝ հայերիս ի պատիվ նշենք, որ ներկայումս (1994թ.ից) ԳՔ Ակադեմիայի մնայուն անդամներից է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ, ֆիզիկոս Ռուդոլֆ Մուրադյանը, որը համաշխարհային համբավի է արժանացել տարրական մասնիկների, մաթեմատիկական ֆիզիկայի և տիեզերաբանության վերաբերյալ կատարած իր կարևորագույն աշխատություններով (1988թ.ին արժանացել է ԽՍՍՀՄ Լենինյան մրցանակի)։ Նշենք նաև, որ նախկին Խորհրդային Միության երկրներից ԳՔ Ակադեմիայում ներկայացված են միայն Հայաստանը և Ռուսաստանը (վերջինս 3 ակադեմիկոսներով)։

20րդ դարի ընթացքում, ԳՔ Ակադեմիայի մոտ 50 անդամներ արժանացել են Նոբելյան մրցանակի։ Հարկ է ընդգծել, որ նրանք ԳՔԱ անդամ են դարձել այդ մրցանակը հաղթելուց առաջ արդեն։ Սոսկ մի քանի օրինակ տալու համար հիշենք հետևյալ ակադեմիկոսներին. Էրնեստ Ռաթըրֆորդ (1908), Գուլիելմո Մարկոնի (1909), Ալեքսի Քարրել (1912), Մաքս Փլանք (1918), Պոլ Դիրաք (1922), Էրվին Շրոյդինգեր (1933), Ջոն Ք. Էքքլես (1963), Դեյվիդ Բալթիմոր (1975), Աբդուս Սալամ (1979), Պոլ Բերգ (1980), Կարլո Ռուբբիա (1984), Ռիտա Լէվի-Մոնտալչինի (1986), Քլաուս ֆոն Քլիթցինգ (1995), Ահմեդ Հ. Զէվայիլ (1999), Ռիոժի Նոյորի (2001), Գերհարդ Էրթլ (2007) և ուրիշներ։


Քահանայապետական գրություններից

1936 թվականին, ԳՔԱ վերահիմնարկման առթիվ, Պիուս Տասնմեկերորդ Սրբազան Քահանայապետն իր Կոնդակում գրում է. « [...] Գիտությունը, երբ իրականի ճշմարիտ ճանաչումն է, երբեք չի հակասում քրիստոնեական հավատքի ճշմարտություններին. ընդհակառակն, – ինչպես կարող է հաստատել գիտությունների պատմությանը քաջատեղյակ յուրաքանչյուր ոք, – Հռոմի Քահանայապետները, ողջ Եկեղեցու հետ միասին, մշտապես նպաստել են գիտական փնտրտուքին, նաև փորձարարական ոլորտում. իսկ իրենց հերթին, այդ գիտություններն ամրապնդել են ճանապարհը՝ երկնային ճշմարտության գանձը պաշտպանելու համար, ի նպաստ Եկեղեցու։ [...] Անձամբ Մենք նույնպես, հիմնավոր հույսն ունենք, որ Քահանայապետական Ակադեմիաները [...] միշտ ավելի ընդարձակ կերպով կնպաստեն գիտությունների զարգացման խթանմանը։ Եվ միմիայն մի բան ենք ակնկալում. որ այս ազնվամեծար նպատակով և դրա գործադրման գերազանցությամբ պայծառորեն կփայլի նվիրվածությունը նրանց, ովքեր ծառայում են ճշմարտությանը. ինչն էլ որ Մենք նրանցից հայցում ենք»։

1979 թվականի Նոյեմբերի 10-ին, Ալբերտ Այընշթայնի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսության ժամանակ, Հովհաննես Պողոս Երկրորդ Սրբազան Քահանայապետն իր ճառախոսության ժամանակ ասել է. « [...] Գիտությունների Քահանայապետական այս Ակադեմիայի գոյությունը, [...] որին այսօր անդամակցում են ականավոր գիտնականներ առանց ազգային կամ կրոնական որևէ խտրականության, տեսանելի նշանն է [...] խորը ներդաշնակության, որ կարող է գոյություն ունենալ գիտական ճշմարտությունների և հավատքի ճշմարտությունների միջև։ [...] Հռոմի Եկեղեցին, աշխարհասփյուռ բոլոր Եկեղեցիների հետ միասին, մեծ կարևորություն է տալիս Գիտությունների Քահանայապետական Ակադեմիայի գործունեությանը։ [...] Եկեղեցին ինչպե՞ս կարող է չհետաքրքրվել սերտորեն մարդկային զբաղումներից ազնվագույնով. ճշմարտության փնտրտուքով։
[...] Ե՛վ հավատացյալ գիտնականները, և՛ անհավատ գիտնականները մասնակցում են բնության կրկնագիր մագաղաթի վերծանման գործին [...] ։ Հավատացյալը առավելությունն ունի իմանալու, որ այս փազըլն ունի իր լուծումը. որ, վերջին վերլուծմամբ, ուսումնասիրում ենք մի բանական էակի գործերը. որ բնության կողմից մեր առջև դրված խնդիրները [...] և նրանց դժվարությունն անկասկած համապատասխանում են մարդկային ներկա ու ապագա կարողություններին։ Սա, թերևս, նրան նոր պաշարներ չի տալիս ընթացիկ ուսումնասիրությունների համար, բայց նպաստում է նրան լավատեսության մեջ պահպանելու գործին, ինչը որ անհրաժեշտ պայման է գիտական փնտրտուքի ջանքը երկարատև ժամանակով վառ պահելու համար»
։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։