Դարվին Չարլզ Ռոբերտ (1809-1882) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Դ
Դարվին Չարլզ Ռոբերտ (1809-1882)

Չարլզ Ռոբերտ Դարվինը (12 Փետրվար 1809 - 19 Ապրիլ 1882) եղել է անգլիացի նատուրալիստ և երկրաբան: Հայտնի է բնական սելեկցիայի միջոցով կենդանական և բուսական աշխարհի տեսակների էվոլյուցիայի տեսությունը բանաձևած լինելու համար: 1859թ.ին հրատարակել է «Տեսակների ծագումը» (On the Origin of Species) գիրքը, որն իր աշխատություններից ամենահայտնին է:
1851թ.ին զգացմունքային գետնի վրա կրոնա-փիլիսոփայական խորը ճգնաժամ է ապրել իր տասնամյա աղջկա՝ Էննիի մահվան պատճառով (Դարվինի 10ը երեխաներից ուրիշ 2ն էլ մահացել են դեռ մանուկ հասակում): Զգացմունքային այս ալեկոծումները Դարվինին գործնական գետնի վրա հեռացրեցին կրոնական պրակտիկայից: Այդուհանդերձ, որպես մարդ և որպես գիտնական, Դարվինը երբեք և երբեք չհամաձայնվեց նկատել իրեն որպես անհավատ ու աթեիստ: Դարվինի կերպարը որպես աթեիզմի խորհրդանշան ներկայացվեց հետագայում, երբ ուրիշների կողմից իր գիտական տեսությունները վերածվեցին քաղաքական իդեոլոգիայի և ծառայեցվեցին ի շահ էուգենետիկայի, ռասսիզմի և դասակարգային պայքարների ու պատերազմների: Էվոլյուցիայի նեղ իմաստով դարվինյան տեսությունն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ խորը ճգնաժամ է ապրում գիտական արդի աշխարհում:

 

ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ

 

«Կայծակը սպանում է մարդուն [...] բնական օրենքների գործողության արտակարգ ձևի համաբաղադրությամբ: Երեխան [...] ծնվում է է՛լ ավելի բաղադրյալ օրենքների գործողությամբ, և ես չեմ տեսնում, թե ինչո՞ւ [...] այդ օրենքները չեն կարող հստակ կերպով ծրագրված լինել մի ամենագետ Արարչի կողմից, որը կանխատեսում է ապագա իրադարձություններից ու հետևանքներից յուրաքանչյուրը: [...] Ես բնավ չեմ կարող բավարարվել այս սքանչելի Տիեզերքը և հատկապես մարդու բնությունը տեսնելով և մտածելով, թե այս ամենը ինչ որ մի կույր ուժի արդյունքն է: Ես հակված եմ ամեն ինչում տեսնելու հատուկ կերպով ծրագրված օրենքների արդյունքը, մինչ մանրամասները [...] թողնված են այն բանի ազդեցությանը, ինչը կարող ենք անվանել պատահականություն: Բայց այնպես չէ, որ այս կարծիքն ինձ ամբողջովին գոհացնում է: Հոգուս խորքում զգում եմ, որ խնդիրն իր ամբողջության մեջ չափազանց խորն է մարդկային մտքի համար: Նման է այն բանին, որ մի շուն փորձի փորփրել Նյուտոնի միտքը: Ամեն ոք թող հույս ունենա և հավատա այնպես, ինչպես կարող է»:

C. DARWIN, The Correspondance of Ch. Darwin [Չ. Դարվինի նամականին], Cambridge University Press, Cambridge 1985-1995, p. 224.

---

«Աստծո գոյության վերաբերյալ համոզման ևս մի աղբյուր, որ բխում է բանականությունից և ո՛չ թե զգացումներից, ինձ տպավորում է որպես շատ ավելի մեծ կշիռ ունեցող: Սա բխում է ծայր աստիճան դժվարությունից, կամ ավելի ճիշտ է ասել՝ անհնարինությունից, որ այս անծայրածիր ու սքանչելի տիեզերքը, ներառյալ մարդը՝ անցյալը և հեռավոր ապագան դիտելու իր կարողությամբ, կարող է կույր պատահականության կամ անհրաժեշտության արդյունքը լինել: Երբ մտածում եմ այս բանի մասին, ինձ պարտավորված եմ զգում դիտելու մի Առաջին Պատճառի, որն օժտված է ինչ որ մի չափով մարդու բանականությանը նմանվող բանական մտքով: Ուստի, արժանի եմ կոչվելու Թեիստ»:

FRANCIS DARWIN, The Life of Charles Darwin [Չ. Դարվինի կյանքը], [1st Edition – 1902], London: Senate (reprint 1995), p. 60.

---

«Խնդիրը, թե գոյություն ունի՞ կամ չունի՞ Տիեզերքի մի Արարիչ ու Տիրակալ, դրական պատասխանի տրմամբ լուծվել է երբևէ գոյություն ունեցած ամենաբարձրակարգ մտածողներից մի քանիսի կողմից»։

CHARLES DARWIN, Descent of Man and Selection in Relation to Sex [Մարդու ծագումը և սեռով պայմանավորված սելեկցիան], 1871.

---

«Մտածելու անհնարինությունը, թե այս վիթխարի ու հրաշալի տիեզերքը, մեր գիտակից էության հետ միասին, ի հայտ է եկել պատահաբար, իմ կարծիքով գլխավոր փաստն ու ապացույցն է Աստծո գոյության»:

Մեջբերված է. M. BOWDEN, True Science Agrees with the Bible [Ճշմարիտ գիտությունը համաձայնվում է Աստվածաշնչի հետ], Bromley, Kent, England: Sovereign Publications, 1998, p. 273.

 

[շարունակելի ... ]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։