Եդոմ և Եդոմացիներ – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ե
Եդոմ և Եդոմացիներ

Եդոմը (եբրայեցերեն՝ אֱדוֹם [Է՛դոմ, այսինքն՝ կարմիր], հունարեն՝ Ἰδουμαία [Իդումայա], լատիներեն՝ Idumaea [Իդումէա]) Աստվածաշնչում Եսավին տրվող անուններից մեկն է և, հետևաբար, անունն է նրանից սերող ժողովրդի։ Ասորեստանցիների կողմից այդ ժողովուրդը և երկիրը կոչվում էին Ուդումի։

Եդոմացիները խոսում էին սեմական լեզվախմբին պատկանող մի բարբառ և բնակվում էին Նեգեբի անապատում և Վադի Արաբայում, որ տարածվում է ներկայիս Իսրայելից և Հորդանանից դեպի հարավ։ Երկրամասը գրեթե ամենուր ծածկված է կարմրագույն քարերով, որոնցից էլ, ամենայն հավանականությամբ, առաջացել է տեղանքի Եդոմ անվանումը։ Վերջին շրջանի հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ Եդոմացիները որպես ազգություն գոյություն են ունեցել Ք.ա. առնվազն 11րդ դարից սկսած։ Մինչդեռ դադարել են գոյություն ունենալ Հռոմեական Կայսրության կողմից վարված Հրեական Պատերազմների ժամանակաշրջանում (Ք.հ. 66-135)։

 

ԵԴՈՄԱՑԻՆԵՐԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ

Աստվածաշունչը կարմրամազ Եսավին ներկայացնում է որպես Եդոմացիների նախահայրը։ Նա Հակոբի երկվորյակ եղբայրն էր, և հետևաբար՝ Իսահակի որդին և Աբրահամի թոռը։ Հակոբը հրեաների նախահայրն է, որին Աստված հետագայում տալիս է Իսրայել անունը (Ծնդ 35, 10)։ Ուստի, ըստ Աստվածաշնչի, Հրեաներն ու Եդոմացիները երկու երկվորյակ եղբայրներից սերած ժողովուրդներ են։ Եսավը առաջնեկն էր և օրինավոր ժառանգը, բայց առաջնեկության իր իրավունքները զիջեց (վաճառեց) իր կրտսեր եղբորը՝ Հակոբին։ Նրանց սերունդները տարբեր ճակատագիր ունեցան. իսրայելացիները մոտավորապես 400 տարի բնակվեցին Եգիպտոսում և հետո նոր միայն կարողացան վերադառնալ Քանաան։ Այս պատճառով է, որ Եդոմացիները պարծենում էին, որ թագավորներ ու թագավորություններ են ունեցել Իսրայելացիներից շատ առաջ։

Աստվածաշնչյան տվյալների հիման վրա կարող ենք ենթադրել, որ Եդոմի թագավորությունը, առնվազն իր սկզբնական ժամանակներում, չի եղել ժառանգական բնույթի, այլ, թերևս, ընտրվել է տարբեր տոհմապետերի միջից։

Հիշարժան է, որ երբ Եգիպտոսից դուրս ելած իսրայելացիները քայլում էին դեպի Քանաան, Եդոմի թագավորը թույլ չտվեց նրանց անցնել իրենց տարածքներով, ինչի պատճառով իսրայելացիները ստիպված եղան բավական երկարացնել իրենց ճանապարհը (Թց 20, 14-21; 2Օր 2, 4-6)։ Եդոմացիները չհարձակվեցին իսրայելացիների վրա, բայց պատրաստվել էին դիմադրելու։

Երբ Իսրայելում հաստատվում են միապետական կարգեր, Սավուղ թագավորի օրոք իսրայելացիները հաղթում են Եդոմացիներին։ Քառասուն տարի անց նրանք մի նոր պարտություն են կրում Դավիթ թագավորի զորքերից «Աղի հովտում», հավանաբար՝ Մեռյալ Ծովի մոտ (2Թգ 8, 13-14; 3Թգ 9, 15-16)։ Հադադ անունով Եդոմացի մի իշխան ողջ է մնում և փախչում է Եգիպտոս, որտեղից վերադառնում է Դավիթ թագավորի մահից հետո և փորձում է ապստամբություն կազմակերպել, բայց ձախողում է և ապաստանում Սիրիայում (2Թգ 9, 14-22)։ Այդ ժամանակվանից Եդոմը դառնում է Իսրայելին հարկատու պետություն։ Դավիթը նրանց վրա կարգում է իսրայելացի կառավարիչներ (2Թգ 8, 14), և թվում է, թե կառավարման այս համակարգը շարունակվել է նաև Սողոմոնի օրոք։ Երբ Իսրայելը բաժանվում է երկու թագավորությունների, Եդոմը դառնում է Հուդայի թագավորության հարկատուն։ Հարկատու լինելով հանդերձ, սակայն, Եդոմը միշտ պահպանել է իր հարաբերական անկախությունը։

Բաբելոնի Նաբուգոդոնոսոր Երկրորդ արքայի օրոք Եդոմացիները, օգտագործելով վրիժառության հարմար առիթը, օգնեցին բաբելացիներին կողոպտելու Երուսաղեմը և կոտորելու Հրեաներին։ Այս պատճառով է, որ մարգարեների գրություններում չափազանց խիստ ձայներանգով է խոսվում Եդոմի դեմ (Ես 34, 5-8; Երմ 49, 7-22)։ Բաբելացիները Եդոմացիներին թույլատրեցին հաստատվել Հեբրոնից դեպի հարավ ընկած տարածքներում, որտեղ նրանք բարգավաճեցին և բնակվեցին ավելի քան չորս հարյուր տարի։ Այդ երկրամասն է, որ Հույների, իսկ հետո նաև Հռոմեացիների կողմից կոչվեց Իդումեա։ Իդումեացիները հետագայում դարձի եկան Հրեական կրոնին և Մակաբայեցիների ժամանակ հազարավոր զորքերով օգնեցին նրանց՝ դիմակայելու Տիտոսի գլխավորությամբ Երուսաղեմը պաշարած Հռոմեացիներին (Ք.ա. 70թ.)։

 

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Եդոմի թագավորությունն իր բարեկեցության հիմնական մասը պարտավոր էր այն քարավաններին, որոնք առևտուր էին անում Եգիպտոսի, Արևելքի, Միջագետքի և հարավային Արաբիայի միջև, այն ճանապարհի երկայնքին, որ հայտնի էր «Խունկի ճանապարհ» անունով։ Առևտուրը չափազանց կարևոր էր Եդոմի և շրջական թագավորությունների համար, քանի որ զբաղեցրած երկրամասը չափազանց աղքատ է հողագործության կամ անասնապահության համար։ Որոշ աղբյուրներ նույնիսկ տեղիք են տալիս ենթադրելու, որ նրանց նավերը, Սողոմոնի կողմից կառուցված Էզիոն-Գեբերի նավահանգստից մեկնելով (այժմյան Թալլ ալ-Խալիֆահ, Հորդանանում), հասնում էին մինչև Հնդկաստան։

Եդոմը, ամենայն հավանականությամբ, արտահանում էր աղ և բալասան։

 

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հերովդես Անտիպատրոսը ծագումով եդոմացի էր։ Նրանով սկսվեց Հերովդեսական տոհմը, որը կառավարեց Հուդայի երկիրը հռոմեական տիրապետության ընթացքում։

Հրեական ուշ շրջանի ավանդության մեջ Եսավը և «Եդոմը» նույնացվեցին Հռոմեական Կայսրության հետ։ Միջնադարյան ռաբբիական գրություններում «Եդոմ» անունը գործածվում է մատնանշելու համար Բյուզանդական Կայսրությունը և Քրիստոնեությունն ընդհանուր առմամբ (ինչպես որ «Իսմայել» անունը մատնանշում է իսլամական աշխարհը)։

19րդ դարի կեսերից մինչև 20րդ դարի կեսերն ընկած ժամանակաշրջանում, ուսումնասիրողները կասկածի տակ էին դնում Եդոմի թագավորության գոյությունը Ք.ա. 9րդ և 8րդ դարերից առաջ։ Դրանով փորձում էին պնդել, որ Աստվածաշունչը պատմագիտության բնագավառում հավաստի աղբյուր չէ։ Ոմանք մինչև իսկ պնդում էին, թե Դավթյան տոհմը կարող էր եդոմական ծագում ունենալ, և մինչև իսկ Ծննդոց գիրքը կարող է գրված լինել՝ որպես հիմք ունենալով եդոմական առասպելները (Ադամ = Եդոմ)։ 2004 թվականին, սակայն, Կալիֆորնիայի Սան Դիեգոյի Համալսարանի կողմից Խիրբաթ ալ-Նահասում (Հորդանան) կատարված հնագիտական պեղումները նոր լույս սփռեցին Եդոմի պատմության վրա, հայտնաբերելով ձեռագործ առարկաներ և մարդկային կազմակերպված բնակավայրեր, որոնք թվագրվում են Ք.ա. 10-11րդ դարերից ավելի վաղ ժամանակներով, այսինքն՝ մի ժամանակ, երբ իսրայելական միապետությունը տակավին գոյություն չուներ։ Այդ բնակավայրերում ինքնուրույն կերպով արտադրվում էին պղնձե առարկաներ։ Այս ամենը եկավ կրկին անգամ հաստատելու պատմագիտության բնագավառում հինկտակարանյան տվյալների լրջությունը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։