Եղիա Մարգարե (Սուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ե
Եղիա Մարգարե (Սուրբ)

Եղիա մարգարեն (եբրայեցերեն՝ אֱלִיָּהוּ - Էլիյահու, որ նշանակում է «Իմ Աստվածը Յահվեն է», հունարեն՝ Ηλίας - Էլի՛աս կամ Իլի՛աս, ասորերեն՝ إيليا - Էլիաէ, արաբերեն՝ إلياس կամ إليا, - Իլիաս կամ Իլիա), Գաղաադի Թեզբա (կամ՝ Թիշբա) քաղաքից, որի համար էլ կոչվել է նաև Թեզբացի կամ Թիշբացի (3Թգ 17, 1), Հին Կտակարանի ամենակարևոր ու ակնառու կերպարներից մեկն է։ Նրա գործերը և կյանքի դրվագները պատմված են Աստվածաշնչի «Թագավորների Երրորդ» և «Թագավորների Չորրորդ» գրքերում։

 

Ա) ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հին Կտակարանի ամենաուշագրավ և խորը հոգեկանության տեր անձնավորությունների շարքին ամենամեծերից մեկն է, անկասկած, Եղիա Մարգարեն, որի անունը նշանակում է «Տերը (Յահվեն) է իմ Աստվածը»։ Ծնվել է Գաղաադի Թեզբա քաղաքում և, հետևաբար, անվանվել է նաև Թեզբացի։ Ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերվում է այժմյան Անդրհորդանանյան տարածքում գտնվող Իսթիբ ավանին։ Ապրել է Ք.ա. Իններորդ դարի առաջին կեսում, Իսրայելի Աքաաբ (874-853թթ.) և Ոքոզիա (853-852թթ.) թագավորների օրոք։ Նրա կյանքի դեպքերը պատմող պատմական վավերագրերը բավականին հին են (ժամանակակից կամ գրեթե ժամանակակից են նրա կյանքի տարիներին) և ամփոփված են այսպես կոչված «եղիայական ցիկլում» (3Թգ 17-20, ուր պատմվում են Եղիայի մեծ հրաշքները և նրա արտաքին կյանքի ու հոգևոր կյանքի ընթացքը. 4Թգ 1-2, ուր գրի են առնված Եղիայի վերջին գործերը. 4Թգ 9-10, ուր ներկայացվում է թագավորական ընտանիքի վրա թափվելիք պատիժների մասին Եղիայի մարգարեությունների իրականացումը)։

Այս հիմնական աղբյուրներից բացի, Հին Կտակարանում կան ա՛յլ տեղեկություններ ևս Եղիա Մարգարեի կյանքի ու հոգեկանության վերաբերյալ. 2Մն 21, 12-20 հատվածում պատմվում է, թե ինչպես են Եղիա Մարգարեի նամակը – հավանաբար նրա երկինք համբառնալուց հետո – բերում Հուդայի Հովրամ թագավորին (853-841թթ.). Սրք 48, 1-12 տողերում Եղիան հիշատակվում է «Հայրերի գովքը» կոչվող հատվածում (հայերեն տարբերակում բացակայում է). 1Մկ 2, 58 հատվածում Եղիա Մարգարեի օրինակը ոգեկոչվում է Մակաբայեցիների մահամերձ հոր՝ Մատաթիայի վերջին խոսքերում. և ի վերջո, Հին Ուխտի վերջին մարգարեի՝ Մաղաքիայի գրքի վերջին տողերում (4, 4-6) Եղիա Մարգարեն հիշատակվում է մեսիական-վախճանաբանական բնույթ ունեցող հատվածում (հմմտ. նաև Մղք 3, 1)։

Մովսեսի, Աբրահամի և Դավթի հետ միասին, որոնք հիշատակվում են համապատասխանաբար 80, 73 և 59 անգամ, Եղիան Հին Ուխտի այն մեծագույն անձնավորություններից է, որոնց անունը հաճախակի է հիշվում Նոր Կտակարանում (30 անգամ)։

 

Բ) ԴՐՎԱԳՆԵՐ ԿՅԱՆՔԻՑ

Թագավորաց գրքերում պատմվում է (3Թգ 17-21 և 4Թգ 1-2), որ Եղիան մեծ ու հրաշագործ մարգարե է եղել։ Հարություն է տվել սիդոնացիների Սարեփթա քաղաքի այրի կնոջ որդուն (3Թգ 17, 17-24), որի տանը հյուրընկալվել էր երաշտի ու սովի ժամանակ։ Որքան ժամանակ Եղիան մնում է այդ կնոջ տանը, նրա կարասի միջի մի քիչ ալյուրը և կուժի միջի մի քիչ յուղը չեն պակասում, այլ՝ հրաշքով միշտ նույն քանակի են մնում, այնպես՝ որ կարողանում են ամեն օր հաց թխել ու կշտանալ (3Թգ 17, 8-16)։ Հրեաների մոտ կռապաշտության տարածման ժամանակներում Եղիան համարվում է Աբրահամի Աստծուն հավատարիմ մնացած վերջին մարգարեն և որպես այդպիսին մարտահրավեր է նետում և հաղթում է Բահաղ կուռքի քրմերին Կարմեղոս լեռան վրա. այդտեղ, բավական գեղեցիկ հումորով նրանց ծաղրելուց հետո (3Թգ 18, 27), ցույց է տալիս Աստծո զորությունը՝ աղոթքի ուժով վառելով զոհասեղանի վրա դիզված փայտերը, որոնք նախապես թրջել էր տվել առատ ջրով (3Թգ 18, 30-39)։ Ապա, Կիսոն հեղեղատի մոտ, սպանել է տալիս Բահաղի բոլոր 450 քուրմերին (3Թգ 18, 40)։ Կռապաշտ թագավորի վրեժխնդրությունից խուսափելով (3Թգ 19, 1-3) փախչում է Քորեբ լեռ, ուր Աստված հայտնվում է իրեն և որոշակի հրահանգներ է տալիս կատարելու (3Թգ 19, 9-18)։ Ճանապարհին, երբ Եղիան նվաղում է քաղցից ու հոգնությունից, նրան մի քանի անգամ հայտնվում է մի հրեշտակ, որն իրեն ուտելու հաց և խմելու ջուր է բերում (3Թգ 19, 4-8)։ Ապա կոչում է Եղիսեին հետևելու իրեն և լինելու իր հաջորդը (3Թգ 19, 19-21)։ Վերջում Եղիան հրեղեն կառքով ու հրեղեն ձիերով տարվում է երկինք (4Թգ 2, 11)։ Աստվածաշունչը հստակ ու պարզորոշ կերպով դա չի ասում, բայց ավանդության համաձայն՝ նա տարվում է Աստծո մոտ և մահ չի ճաշակում, Ենոք Նահապետի նման։

 

Գ) ՈՒՍՄՈՒՆՔԸ

Եղիա Մարգարեի գործերի աստվածաշնչյան պատմության շնորհիվ – գործեր, որոնք բավականին բուռն ու փոթորկալից էին և հաճախ կատարվում էին բացառիկ հրաշքների ընկերակցությամբ – ուրվագծվում է նրա նշանակալի հետաքրքրություն ներկայացնող հոգևոր կերպարը։ Նրա կյանքի ծրագիրն ամբողջովին ամփոփված է իր անվան մեջ, որ նշանակում է «Իմ Աստվածը Յահվեն է»։

«Իսրայելի խորհրդի» շրջանակներում Եղիա Մարգարեին է վստահված Հակոբի տոհմերին «վերակազմավորելու», «վերահաստատելու» պաշտոնը (Սրք 48, 10; Ես 49, 6), որով նա կապակցության մեջ է դրվում մեսիական և վախճանաբանական ժամանակների խորհուրդների հետ։

Միևնույն կոնտեքստում ասվում է, որ Եղիան սահմանված է ողոքելու Աստծո բարկությունը և մեղմացնելու հակադրությունները ծերերի ու երիտասարդների միջև (Սրք 48, 10; Մղք 4, 5), որպեսզի Տիրոջ գալստյան օրը երկիրը չենթարկվի նզովքի. մանավանդ թե, Տերն Ինքը Եղիային առաքելու է որպես կարապետ, այդ ահարկու օրվա ժամանումից առաջ (Մղք 3, 1)։

Նոր Կտակարանը Եղիա Մարգարեի վերաբերյալ տալիս է ժողովրդական հավատալիքների բավականին հարուստ տեղեկություններ (որոնց մի մասը հաստատվում է անձամբ Հիսուսի և սրբազան հեղինակների կողմից), որոնք մասամբ մղվում են ավելի անդին, քան Հին Կտակարանի եղիայական տեքստերում արդեն ներկայացված ուսմունքներն էին։ Հատկապես արժանի է ընդգծվելու «Եղիայի վերադարձի» շուրջ ժողովրդական համոզմունքը, որի համաձայն՝ Մարգարեն նախապատրաստելու էր Մեսիայի գալուստը։ Գոնե մասամբ, նախակարապետի այդ պաշտոնի իրականացումը վերագրվում է Հովհաննես Մկրտչին (հմմտ. Մտթ 11, 10-14, ուր մեջբերվում է Մղք 3, 1 հատվածը)։

 

Դ) ԵՂԻԱՅԻ ԿԵՐՊԱՐԸ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳԻՐՆԵՐԻ ՄՈՏ

Հին և Նոր Կտակարանների հետ միասին, քրիստոնեական հոգեկանությանն է ավանդվել նաև Եղիա Մարգարեի կերպարը, դառնալով բազմաթիվ խորհրդածություններ սնուցող ներշնչման աղբյուր։

Ասորի մատենագիրների մոտ ներկա են աստվածաշնչյան բոլոր տարրերը, որոնք հարստացվել են եբրայական ծագում ունեցող հետաստվածաշնչյան ավանդություններով ևս, և նրանց մոտ արդեն մշակված ենք գտնում այն ընկալումները, որոնք կարող են այլևս բնորոշ նկատվել քրիստոնյաների համար։ Մատենագիրների ուշադրությունը կենտրոնանում է վառվռուն նկարագրի տեր մարգարեի վրա, ով անմիջական կերպով ուսանել է Աստծուց, հանդիսանում է գործունյա (ակտիվ) և հայեցողական (կոնտեմպլատիվ) կենսաձևերի նախատիպը, խստակրոն ու ամեն ինչից կտրված, կուսակրոն և գրեթե վանական կյանքի օրինակը, դասական տիպարը աղոթքի մարդու, վեհ ու վսեմ մի անձնավորություն, ով սքանչելի կերպով տեղափոխվել է մի ուրիշ աշխարհ, որտեղից Ենոքի հետ միասին վերադառնալու է այս երկրի վրա՝ վախճանաբանական վերջին ժամանակներում հակաքրիստոսի դեմ պայքարելու համար։

Բյուզանդական ավանդության մատենագիրների մոտ այս միևնույն տարրերը գտնում ենք առաջին իսկ ժամանակներից սկսած։ Ի մասնավորի, շեշտը դրվում է Աստծո ծառայությանը անմնացորդ կերպով նվիրվելու (Որոգինես, Աթանաս և ուրիշներ) և մաքրության ու ամեն ինչից կտրվելու գաղափարների վրա, որոնց շնորհիվ, Եղիա Մարգարեի նման, քրիստոնյան կարող է հասնել Աստծո հետ միությանը (Գրիգոր Նյուսացի և ուրիշներ)։

Լատինական ավանդության մեջ կարելի է զանազանել երեք շրջան. հալածանքների դարաշրջանում Եղիան ներկայացվում է իր մարգարեական գործունեության և կրած հալածանքների տեսանկյունից դիտված։ Հաջորդ շրջանում նա դիտվում է գրեթե հակառակ տեսանկյունից դիտված. Եղիան որպես անապատի ու միայնության, խստակրոնության ու ծոմապահության, իր բոլոր ելևէջներով ապրված հոգևոր պայքարի, կուսակրոնության ու աղոթքի, հայեցողության և Աստծո հետ միության այր։ Անշուշտ, Եղիան սոսկ միայնակյաց կամ վանականների հայր չէր. ուստի, նրա բավականին բաղադրյալ ու բազմակերպ կյանքի թերևս ամենաճշգրիտ բնորոշումը Սուրբ Ամբրոսիոսինն է. Եղիա Մարգարեն այս մեծ Հայրապետի կողմից սահմանվում է որպես «եպիսկոպոս և վանական»։

Որքան ավելի են հին ժամանակները մոտենում Միջնադարին, այնքան ավելի են մատենագիրներն իրենց նախընտրությունը տալիս այլաբանությանը. և այդպես, իր կյանքի բազմաթիվ դրվագներում, Եղիան սկսում է ներկայացվել որպես «Քրիստոսի նախատիպարը» («typus Christi»)։ Օրինակ. Հորդանան գետն անցնելու մեջ մատնանշվում է Մկրտությունը, Կարմեղոս լեռան վրա կատարված զոհաբերությունը և աղոթքի ուժով անձրև տեղացնելը ներկայացվում են որպես մարդկության վրա շնորհներ հեղող Քրիստոսի ինքնազոհաբերման այլաբանական պատկերը, իսկ հրեղեն կառքով երկինք վերանալը դառնում է նախապատկերը Հարության և Համբարձման. և այլն։

Բյուզանդական ավանդությունը եղիայական բարեպաշտությունը փոխանցել է նաև սլավոնական աշխարհին։ Հատկապես ուշագրավ է փաստը, որ Ռուսաստանում կառուցված առաջին եկեղեցին, 944 թվականին, ընծայվել է Սուրբ Եղիա Մարգարեի անվանը։ Հատկապես գյուղական միջավայրերում Եղիայի հանդեպ բարեպաշտությունը մեծապես ընդգծված է. նրան դիմում են հատկապես անձրև և հողի արգավանդություն խնդրելու համար (մի բան, որը տարածված է նաև իսլամական աշխարհում)։ Վանական միջավայրերում, մինչդեռ, Եղիան նկատվում է որպես վանական հոգեկանության տիպար օրինակ. այս աշխարհում ապրող մի այր, որը երկրից բարձրանում է առ Աստված. այդպիսով կրկին ընդգծվում է «հոգևոր մարդկանց առաջնորդ» լինելու նրա պաշտոնը (այս տեսանկյունը նույնպես ներկա է իսլամական միստիկ հեղինակների մոտ)։

Արևմուտքում, Միջնադարից հետո, եղիայական հոգեկանությունն իր միաժամանակ առաքելական և հայեցողական նկարագրով առավելագույնս մշակվել է Կարմեղական Միաբանության կողմից, ուր Մարգարեն անվանվում է «առաջնորդ և հայր» («dux et pater»)։ Սբ. Հովհաննես Ավիլացին մատնացույց է անում Եղիա Մարգարեին որպես օրինակ մի մարդու, ով ապրել է Աստծո հպման միստիկ փորձառությունը, և ակնարկում է աստվածաբանական այն կարծիքին, որի համաձայն՝ Եղիան Քորեբ լեռան վրա տեսել է Աստծուն։

 

Ե) ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

– Եբրայական Զատիկի տոնի օրը բազմաթիվ հրեաներ մի գավաթ գինի են թողնում իրենց տան մուտքին կամ բաց պատուհանի գոգին, սպասելով, որ Եղիան կգա և իրենց հետ կտոնի ազատագրման այդ տոնը։
– Հրեական ավանդական հավատալիքների համաձայն Եղիան տարվել է երկինք, ուր փոխակերպվել է մի հրեշտակային էակի, որը բազմաթիվ անգամներ հայտնվել է հրեա անվանի ռաբբիների և կարևոր ուսուցումներ է փոխանցել նրանց։
– Իսլամական աշխարհում հաճախ Եղիան նույնացվում է Ալ-Խադիրի հետ, որի մասին խոսվում է Ղուրանի XVIII Սուրայում (Քարանձավի Սուրան), 59-81 տողերում, ուր Իսլամի համար կարևոր պատմություններ են պատմվում նաև Եփեսոսի Յոթը Ննջողների և Դու Ալ-Քարնայնի (Աղեքսանդր Մակեդոնացու) մասին։ Եղիայի մասին խոսվում է ա՛յլ Սուրաներում ևս (VI:85 և XXXVII:123-132)։
– 1846 թվականին, Բիրմինգհամի Փառատոնի պատվերով, ուր հեղինակի ղեկավարմամբ կատարվեց այդ գործի առաջին կատարումը, Յ.Լ. Ֆելիքս Մենդելսսոն Բարթոլդին գրել է «Էլիաս» օրատորիան, Եղիա մարգարեի կյանքի մոտիվների և Աստվածաշնչից ընտրված հատվածների հիման վրա։
– Եղիա մարգարեի կյանքի հետաքրքրական նկարագրություն է տրված Պաուլո Կոելյոյի «Հինգերորդ Լեռը» գրքում (1998)։ Հեղինակը ներհայեցողական տեսանկյունից դիտված պատմում է Իսրայելի ամենամեծ մարգարեներից մեկի հոգեկան տվայտանքներն ու պայքարները աքսորից մինչև երկինք համբառնալը։
– Եղիա մարգարեն հռչակվել է Բոսնիա և Հերցեգովինա պետության Պաշտպան Սուրբը։
– Իտալիայում Եղիա մարգարեի հատուկ պաշտպանությանն են հանձնված երկրի Քաղաքացիական և Զինվորական Ավիացիան։ Նա համարվում է նաև Պաշտպան Սուրբը բոլոր կառապանների, և նրան հատուկ աղոթքներով դիմում են հատկապես երաշտի ժամանակ, անձրև խնդրելու համար։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։