Երկրպագություն – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ե
Երկրպագություն

ա) Ընդհանուր ծանոթություն

Երկրպագությունը (հունարեն՝ προσχυνεῖν, προσχύνησιζ) իր նախնական իմաստով մատնանշում է ինչ որ մեկին մոտենալը և նրա դիմաց գետնին տարածվելը, ափը սեփական շուրթերին հպելով և ապա նրա ոտքերին կամ զգեստի քղանցքին մոտեցնելով, համբույրի նման, ի նշան խորին հարգանքի ու մեծարանքի։ Կարող է մատնանշել նաև քաղաքացիական պարզ հարգանք կամ ակնածանքի ու պատկառանքի արտահայտություն, բայց գրեթե միշտ ստանում է դիմացինին մեծապես պատվելու և սեփական ենթակայությունը դրսևորելու իմաստ։ Այս իսկ պատճառով, երկրպագությունը հատկապես և առաջնային կերպով կատարվում է աստվածության, և միայն երկրորդական կերպով՝ անձանց կամ առարկաների դիմաց, որոնք նկատվում են որպես աստվածության հետ հատուկ կապ ունեցողներ, ինչպիսիք են թագավորը, քահանաները, մարգարեները, տաճարի սրբազան սպասքն ու առարկաները։ Հին ժամանակներից և Միջնադարից մեզ հասած հուշարձաններում զանազանվում են տարբեր ժեստեր, որոնք ընկերանում են երկրպագությանը. ամբողջական կամ մասնակի ծնրադրում, գետնի վրա ամբողջական տարածում՝ հողը կամ հատակը համբուրելով, գլխի խոնարհում. հնարավոր էր երկրպագել նաև պարզապես ոտքի կանգնած, ընդունելով ծառայի դիրք, որը ձեռքերը տարածած կամ կրծքի վրա խաչած, կամ էլ՝ երկու ձեռքերն էլ դեպի առաջ պարզած, սպասում է տիրոջ հրամանին։ Երկրպագությունը, որն արևելյան մշակույթներում մինչև օրս էլ կիրառվում է իբրև քաղաքացիական հարգանքի նշան, որպես սրբազան բնույթ կրող արարք գոյություն ունի բոլոր կրոններում, որովհետև սերում է աստվածության հանդեպ զգացված խորին պատկառանքից ու երկյուղածությունից։ Երկրպագությունը կարող է լինել և՛ անձնական, որպես անհատի ազատակամ պաշտամունքի արտահայտություն, և՛ հավաքական, այս դեպքում կանոնակարգվելով ըստ ծիսական պահանջների։ Քրիստոնեության մոտ երկրպագությունն ունի զուտ կրոնական, պաշտամունքային նշանակություն, մատուցվում է բացառաբար Աստծուն և Քրիստոսին, երկրորդական նշանակությամբ՝ սրբազան առարկաների, որոնք վերաբերվում են Քրիստոսի զանազան խորհուրդներին (Խաչը, սրբապատկերները, և այլն)։

 

բ) Աստվածաշնչյան տարրեր

բ.1) Հին Կտակարանում

Հին Կտակարանում ևս չի բացակայում երկրպագության զուտ քաղաքացիական կիրառումը։ Երկրպագություն է մատուցվում թագավորներին, օրինակ՝ Դավթին (2Թգ 9, 6.8; 14, 22), Աբրահամի կողմից մեծարված անծանոթ հյուրերին (Ծնդ 18, 2), Մովսեսի աներ Հոթորին (Ել 18, 7), Հովնաթանին, որին Դավիթը մեծարում է երեք անգամ (1Թգ 20, 41), Եսավին, որին իր եղբայր Հակոբը մեծարում է յոթն անգամ (Ծնդ 33, 3), և այլն։
Երկրպագության քաղաքացիական կիրառումը, սակայն, կարող ենք աննշան համարել, եթե այն համեմատության մեջ դնենք կրոնական կիրառման հետ, որի տեսանկյուններից կարող ենք թվարկել մի քանիսը։ Ըստ հինկտակարանյան ըմբռնման, երկրպագությունը կրոնական անհրաժեշտ արարք է, որը վերապահված է բացառաբար Աստծուն (հմմտ. Ծնդ 22, 5; Ել 4, 31; 2Օր 26, 10; Սղմ 5, 8; ...). կատարյալ հավատարմությամբ է բնորոշվում ճշմարիտ իսրայելացին, որը բացարձակ կերպով հրաժարվում է երկրպագել արարածներից որևէ մեկին և իշխանավորներին (հմմտ. Դն 4, 18; Եսթ 3, 2), և սույն պարտավորությունը նկատում է որպես իր կրոնական կյանքի հիմնական պարտականությունը (հմմտ. Ել 20, 5; 2Օր 4, 19). ինչպես, ընդհակառակն, կուռքերին, աստղերին կամ ա՛յլ արարածների մատուցված երկրպագությունը պախարակվում է որպես ամբարշտություն, որի պատճառով Աստված պատժում է ժողովրդին (հմմտ. Ել 20, 5; 2Օր 4, 19; 3Թգ 22, 54; 4Թգ 5, 18; Ես 2, 8.20; 44, 20), Ուխտի հիմնովին խզում և, հետևաբար, Աստծո կողմից Իսրայելի մերժման գլխավոր պատճառ։ Հատկապես Սաղմոսներում է, որ երկրպագության արժեքն ընդգծվում է որպես կրոնական արտահայտության գագաթնակետ, որի ակունքն այն վեհ ու վսեմ գաղափարն է, որով սաղմոսները ներկայացնում են Աստծուն, Նրա անդրանցականությունը, սրբությունը, արարող զորությունը, իմաստությունը, բարությունը, ողորմությունը, աշխարհում և պատմության ներսում Նրա սքանչելի ներկայությունն ու գործունեությունը։ Այս պատճառներից ելնելով, պանծացվում են երկրպագության ազնվագույն կողմերը. սրտաբուխ անկեղծությունը, զգացումի և մատուցված հարգանքի ներքին ու արտաքին ուժգնությունը, ամենօրյա կյանքում համապատասխանությունը՝ Աստծո կամքից և օրենքից ամբողջական կախումնավորության մեջ։ Այս ամենն է՛լ ավելի ընդգծված նկարագիր է ստանում աստվածահայտնությունների նկարագրության գեղեցկությամբ ու մեծվայելչությամբ և այն ընդարձակությամբ, որի մեջ երկրպագուն ընդգրկում և իր երկրպագության մեջ ներառնում է բոլոր արարածներին. հրեշտակներին, մարդկանց, առարկաներին։ «Մեծ Աստված է Տերը», - երգում է սաղմոսերգուն, – «Նրա ձեռքերում են երկրի անդունդները, Նրանն են լեռների գագաթները։ Նրանն է ծովը, Նա՛ է այն ստեղծել, Նրա ձեռքերն են ձևակերտել աշխարհը». հետևաբար, «եկե՛ք, գետին տարածված երկրպագենք, ծունկի գանք Տիրոջ առաջ, որ ստեղծել է մեզ» (Սղմ 94, 3-6)։ Բնության մեծագույն երևույթների, տաճարի ամպի, Փրկության պատմության գործերի մեջ հայտնվող Աստծո վեհության դիմաց երկինքը, երկիրը, ծովը, դաշտերն ու անտառները, և հատկապես՝ մարդիկ, ներքաշվում են փառավորման այն հողմապտույտի մեջ, որը վեր է բարձրանում, օրինակի համար, 93-99 Սաղմոսների տողերից։


բ.2) Նոր Կտակարանում

Նոր Կտակարանում «երկրպագել» (προσχυνεῖν) բայը բնավ չի հեռանում հինկտակարանյան ըմբռնումից։ Միմիայն Աստծուն պետք է երկրպագություն մատուցվի (Մտթ 4, 10; Ղկս 4, 8; 1Կր 14, 25; Եբր 11, 21; Հյտ 4, 10; ...)։ Կուռքերը, դևերը, սատանան անիրավորեն են երկրպագություն պահանջում մարդկանցից (Մտթ 4, 9; Ղկս 4, 7; Հյտ 13, 4.8.12.15)։ Պետրոս Առաքյալը մերժում է Կորնելիոս հարյուրապետի կողմից իրեն մատուցված երկրպագությունը (Գրծ 10, 26), իսկ Հովհաննու Հայտնության մեջ ներկայացող հրեշտակը մերժում է Հովհաննես Առաքյալի կողմից երկրպագության փորձը (Հյտ 19, 10; 22, 9)։ Ինչպես նաև, երկրպագությունը պատկանում է միմիայն անձնավոր և ներկա Աստծուն, ուստի «երկրպագել»ը շատ հաճախ կապակցվում է «գետին ընկնելու» հետ (Մտթ 2, 11; 4, 9; Գրծ 10, 25; 1Կր 14, 25; Հյտ 4, 10; 5, 14)։
Բայց Նոր Կտակարանը առանձնանում է հինկտակարանյան ըմբռնումից նրանով, որ երկրպագությունը, սույն եզրի պաշտամունքային իմաստով, մատուցում է նաև փառավորված և Աստծո աջ կողմում բազմած Քրիստոսին։ Անշուշտ, երկրպագությունը Ավետարանում միշտ չէ, որ ստանում է աստվածաբանական գետնի վրա հստակ գերբնական նշանակություն, թեև պատմություններում միշտ ներկա է կրոնական արտահայտությունը. բորոտը գետնի վրա տարածվում է հրաշագործ Հիսուսի հանդեպ իր մեծարանքը արտահայտելու համար (Մտթ 8, 2). Հայրոսը Հիսուսին երկրպագում է իր նոր մահացած դստեր համար կրկին կյանք աղերսելով (Մտթ 9, 18). առաքյալները նավի վրա երկրպագում են փոթորիկը զսպած Հիսուսին (Մտթ 14, 33). Հակոբոսի և Հովհաննեսի մայրը Հիսուսին երկրպագում է, որպեսզի Նրա կողմից հատուկ վերաբերմունք ապահովի իր երկու որդիների համար (Մտթ 20, 20)։ Բայց ի ծնե կույրի արարքը (Հվհ 9, 38) արդեն ստանում է ա՛յլ արժեք և նշանակություն, քանի որ երկրպագության արտաքին արարքին ընկերանում է նաև հավատքի դավանությունը. է՛լ ավելի՝ հարուցյալ Հիսուսի երկրպագությունը յուղաբեր կանանց կողմից (Մտթ 28, 9), առաքյալների կողմից մատուցված երկրպագությունը Գալիլիայում (Մտթ 28, 17-18) և Համբարձումից հետո (Ղկս 24, 53). երկրպագությունն իր ամբողջական իմաստով, այնպես՝ ինչպես մատուցվում է Հորը, Հիսուսին մատուցվում է Գործք Առաքելոցում և Պողոս Առաքյալի նամակներում (օրինակ, Փլպ 2, 5-11 հատվածում, ուր ասվում է, որ բոլոր արարածները պետք է ծնրադրեն Հիսուսի առաջ և դավանեն, որ Նա է Տերը)։
Նոր Կտակարանի նորության տեսանկյուններից մեկն է նաև երկրպագության «հոգևոր բնույթը», որով պետք է բնորոշվի վախճանաբանական ժամվա պաշտամունքը, որն արդեն իսկ սկզբնավորվել է Հիսուսի գալստյամբ, Նրա խոսքով ու ներկայությամբ բերված ճշմարտության լիակատար հայտնությամբ, Սուրբ Հոգու տնօրինությամբ։ Այս տարրերը պարունակված են սամարացի կնոջ հետ Հիսուսի զրույցի խոսքերում (Հվհ 4, 21-24). « [...] հասել է ժամանակը, երբ ո՛չ այս լեռան վրա, ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեք Հորը [...] »։ Հիսուսը մտադրություն չունի ապամարմնականացնելու երկրպագությունը, այն բաժանելով ծեսի, տեղի, զգալի արարքի հետ ունեցած որևէ կապակցությունից։ Նա պարզապես կամենում է հաստատել այդ տարրերի երկրորդական և դիպվածական արժեքը, երբ դրանք համեմատության մեջ են դրվում հիմնարար և առաջնային արժեքի հետ, որը երկրպագությունն է «հոգով և ճշմարտությամբ»։ Հիսուսը, հետևաբար, բացահայտում է երկրպագության – և ամբողջ ծեսի, պաշտամունքի – ներքին բնույթն ու ճշմարիտ բովանդակությունը, որպես մեկնակետ ունենալով Իր կողմից սկզբնավորված Հոր լիակատար հայտնությունը. Աստծո, որ հոգի է։ Նոր տնօրինությանը իր վախճանով, իր դասակարգմամբ և իր բովանդակությամբ արժանի երկրպագությունը, հետևաբար, կարող է սահմանվել միմիայն Հիսուսի հետևյալ խոսքերով. «Բայց հասել է ժամանակը, – և հենց սա՛ է, – երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը հոգով և ճշմարտությամբ, որովհետև Հայրը այդպիսի՛ երկրպագուներ է ուզում Իր համար։ Հոգի է Աստված, և ովքեր երկրպագում են Նրան, պետք է երկրպագեն Նրան հոգով և ճշմարտությամբ» (Հվհ 4, 23-24)։


բ.3) Հովհաննու Հայտնության գրքում

Հովհաննու Հայտնության մեջ երկրպագությունը – նորկտակարանյան քրիստոսաբանական բնորոշմամբ (Գառը) – վերստին ստանում է սաղմոսների ու մարգարեների վսեմությունը, սակայն վախճանաբանական վիճակին բնորոշ ընդարձակությամբ. προσχυνεῖν եզրը հաճախակի է գործածվում երկնային ծիսակատարության նկարագրություններում, միշտ հստակ կերպով միանալով Աստծո և Գառան առաջ գետնին տարածվելու արարքին, միանալով Սրբերի փառաբանական օրհներգություններին ու պսակների նվիրաբերմանը, ի նշան գերագույն պաշտամունքի։ Բավական է մեջբերել հետևյալ հատվածը. «Դրանից հետո հայտնվեց մի անծայրածիր բազմություն, որը ոչ ոք չի կարող հաշվել, բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից։ Բոլորը կանգնած էին Գահի և Գառան առաջ, մաքրափայլ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր ունեին իրենց ձեռքերին։ Եվ բարձր ձայնով աղաղակում էին. ''Փրկությունը Գահի վրա բազմած մեր Աստծունն է և Գառանը''։ Հայնժամ բոլոր հրեշտակները, որ կանգնած էին Գահի առաջ, և երեցներն ու չորս կենդանի էակները երեսներն ի վար խոնարհվեցին Գահի առաջ և երկրպագեցին Աստծուն, ասելով. ''Ամեն''» (Հյտ 7, 9-12)։ Հարկավոր է ընդգծել, որ սույն երկրպագությունը հրեշտակների, մարդկանց և ամբողջ արարչության կողմից մատուցվում է Աստծուն՝ Հավիտենականին, և մորթված ու փառավորված Գառանը (հմմտ. Հյտ 5, 13-14). և որ երկրպագության ծիսական արարողությամբ է բնորոշվում աստվածային փառքով փայլող երկնային քաղաքի կրոնական անդադար գործունեությունը (հմմտ. Հյտ 22, 1-5). և որ երկրպագության միջոցով է արտահայտվում սքանչելի փրկագործության ծիսակատարումը, մինչև նրա վերջնական ամբողջացումը։ Այս պարագաներով ընդգծվում է պաշտամունքային և փրկչական բովանդակության ամբողջ հարստությունը, որը երկրպագությունը ձեռք է բերել Հովհաննես Ավետարանչի գրություններում (հմմտ. Հյտ 4, 8-11; 5, 8-14; 7, 9-12; 11, 15-17; 19, 1-4), որոնց ընդմիջով կարող ենք հեշտորեն նշմարել սկզբնական Եկեղեցու պաշտամունքային վկայությունը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։