Էմիլիանոս Թրէվիացի (Սուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Է
Էմիլիանոս Թրէվիացի (Սուրբ)

ԿՅԱՆՔԸ

Էմիլիանոսը, բայց ավելի ճիշտ կլիներ անվանել նրան Միլիանոս, ինչպես և հիշատակվում է ամենահին վավերագրերում և ինչպես մինչև օրս անվանվում է Թրէվիում ժողովրդի կողմից, ըստ տեղական ավանդության՝ Իտալիայի Սփոլեթո քաղաք է եկել Հայաստանից, 3րդ դարի վերջավորության։ Շատ մանրամասն տվյալներ չունենք նրա ընտանեկան ծագման վերաբերյալ. իտալական ավանդությունը նշում է, որ նա ազգությամբ հայ էր և պատկանում էր Հայաստանի ազնվատոհմ ու հարուստ ընտանիքներից մեկին, որի անդամներն արդեն իսկ քրիստոնյա էին։ Էմիլիանոսը ծնողների կողմից հանձնվում է Սբ. Իլարիանոսի խնամքին, որը վանական քահանա էր և հմուտ մանկավարժ։ Նա հոգ է տանում Էմիլիանոսի դաստիարակությանը և նրան հմտորեն կրթում է Աստվածաշնչի գիտության մեջ։ Իտալական միևնույն ավանդության հաղորդած տվյալների համաձայն, Էմիլիանոսը Հայաստանից  Իտալիա է ժամանել 296 թվականին։ Վարքագիրներից ոմանք - օրինակ՝ Սբ. Հերոնիմոսի Հայսմավուրքը և Հռոմեական Հայսմավուրքի ամենահին ձեռագրերը - հիշատակում են նաև նրա երկու ընկերներին՝ Դիոնիսիոսին և Սեբաստիանոսին, որոնք նույնպես Էմիլիանոսի հետ միասին Իտալիա էին եկել Հայաստանից, առավել ճշգրիտ կերպով՝ Փոքր Հայքից, և նրա հետ էլ մարտիրոսանում են միևնույն օրը և միևնույն վայրում։ Մեր կողմից ընդգծենք միայն, որ Հայաստանից նրանց գաղթելը ժամանակագրական առումով համընկնում է Սբ. Գրիգոր Լուսավորչի խորվիրապյան բանտարկության տարիներին։

Սփոլեթոյում ժողովուրդը բարձր է գնահատում Էմիլիանոսի աստվածաշնչյան գիտելիքներն ու դրանց համաձայն ապրված հոգևոր կյանքը։ Ժողովրդի ընտրությամբ, Էմիլիանոսը եպիսկոպոս է ձեռնադրվում Հռոմի Սրբազան Քահանայապետ Մարկեղինոս Պապի ձեռամբ և որպես առաջնորդ ուղարկվում է Թրեբիա Մաթուսքա անունը կրող քաղաքը, որն այժմյան Թրէվին է։ Քրիստոնեությունը Թրէվիում մեկ դար առաջ քարոզել էր մոտակա Ֆոլինիո քաղաքի եպիսկոպոս Ֆելիցիանոսը, բայց ժողովրդի մոտ դեռ արմատացած էին մնում հեթանոսական սովորույթներն ու կռապաշտությունը։ Էմիլիանոսը ավետարանական քարոզչության եռանդուն գործունեություն է ծավալում և կործանել է տալիս հեթանոսական կուռքերը։ Այդ պատճառով էլ դատաստանի է կանչվում քաղաքի հեթանոս կառավարիչ Մասսիմիանոսի կողմից, որը նրան առաջարկում է ուրանալ քրիստոնեական հավատքը և ընդունել հեթանոսական պաշտամունքը։ Էմիլիանոսը պատասխանում է, որ ով զոհ է մատուցում կուռքերին, ինքն իրեն դատապարտում է հավիտենական կործանման։ Ապա ասում է կառավարչին. «Այստեղ բեր հրապարակում մուրացող անդամալույծին։ Թող որ քո քուրմերը աղոթեն և թող որ քո աստվածները բժշկեն նրան»։ Քուրմերն աղոթում են, բայց անդամալույծը չի բժշկվում։ Այնժամ Էմիլիանոսն իր աղոթքն է բարձրացնում առ Աստված, ասելով. «Տեր Աստված, ունկն դիր իմ աղոթքին և թող որ իմ աղաղակը հասնի քո գահին»։ Ապա բռնում է անդամալույծի ձեռքը և ասում. «Բժշկվի՛ր հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի»։ Անդամալույծը ոտքի է կանգնում և ուրախությունից պարելով՝ վազելով իր տունն է գնում։

Էմիլիանոսին մեղադրում են կախարդության մեջ։ Բազմաթիվ չարչարանքների են նրան ենթարկում, հուսալով, թե կուրանա քրիստոնեական հավատքը։ Բայց նա անսասան է մնում։ Ականատես հեթանոսներից շատերն են նրա օրինակին հետևելով քրիստոնյա դառնում։ Մահվան է դատապարտվում Դիոկղետիանոս կայսեր օրոք, 304 թվականի Հունվարի 28ին, իր երեք ընկերների հետ միասին (ա՛յլ աղբյուրների համաձայն՝ 302 թվականի Հունվարի 28ին)։ Սրբին և իր ընկերներին գլխատում են Թրէվիից 3 կմ հեռավորության վրա գտնվող Բովարա կոչվող վայրում, որը սրբավայր էր հեթանոսների համար։ Գլխատում են՝ կապելով նրանց մի ձիթենու, որն մինչև այսօր կա, դալար է և պտղատու։ Երբ հայազգի Սուրբը մարտիրոսանում է Հռոմեական Կայսրության սիրտը հանդիսացող իտալական թերակղզում, Հայաստանն արդեն պետականորեն ընդունել էր Քրիստոնեությունը, իսկ Սբ. Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Արքան արդեն ձեռնամուխ էին եղել Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։

Էմիլիանոսը Պաշտպան Սուրբն է Թրէվի քաղաքի, որի առաջին եպիսկոպոսն է եղել։ Նրա հանդեպ կրոնական մեծարանքը տևում է ահա արդեն 17 դար։

Սրբի չարչարանքներն ու մահը նկարագրված են «Վարք Սուրբ Միլիանոսի» գրությունում (լատիներեն՝ Passio Sancti Miliani)։ Այդ գրության ամենահին օրինակներն են երկու ձեռագրեր, որոնցից մեկը 9րդ դարի գործ է և պահվում է Մոնտեկասսինոյի բենեդիկտյան մայրավանքում, իսկ երկրորդը 12րդ դարի գործ է և պահվում է Սփոլեթոյի Մայր Տաճարի դիվանում։ Ուսումնասիրողների կարծիքով, սակայն, երկուսն էլ ընդօրինակությունն են մի առավել հին ձեռագրի, որի հավանական թվագրումը հասնում է 5րդ կամ 6րդ դարին։

Սրբի մասունքները, որոնց հետքերը կորել էին և վաղուց մատնանշումներ չկային նրանց գտնվելու վայրի վերաբերյալ, վերագտնվեցին 1660 թվականին, Սփոլեթոյի Մայր Տաճարում կատարվող վերանորոգչական աշխատանքների ընթացքում։ Դրանք Թրէվիից թերևս գողացվել էին միջնադարում տեղի ունեցող միջքաղաքային մրցակցութեան ու պայքարի պատճառով, բայց սա միայն ենթադրություն է և ստույգ տվյալներ չկան։ Այժմ պահպանվում են իր պաշտպանության ներքո գտնվող Թրէվիում, քաղաքի ամենաբարձր կետում կառուցված և մշտապես իր անունը կրած եկեղեցում։

 

Թրէվի քաղաքը և ամենավերևում Սբ. Էմիլիանոսի եկեղեցին ու զանգակատունը

 

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՐԸ

Սրբի հիշատակման ծիսական տոնը հաստատվել և կատարվել է ամենավաղ ժամանակներից սկսած։ Հնում այն շատ ավելի հանդիսավոր կերպով էր կատարվում, կրոնական և աշխարհական բնույթի բազմաթիվ հանդիսությունների ուղեկցությամբ, քանի որ ընկնում էր Բարեկենդանի սկզբնավորությանը (Իտալիայում հայտնի որպես Carnevale)։ Ամենանշանակալի արարողությունը դա գիշերային արտասովոր թափոր-ջահերթն է, որն անվանում են «Լուսավորության թափոր» և կատարում են Սրբի ծիսական օրվա նախատոնակին (Հունվարի 27ին)։ Ուշ Միջնադարին կամ նույնիսկ վաղ Միջնադարին է թվագրվում դրա սկզբնավորումը։ Թեմական քահանաներից և վանական միաբանությունների անդամներից բացի, Լուսավորության թափորին մասնակցում էին քաղաքական իշխանությունների ներկայացուցիչները և արհեստակցական տարբեր միությունները, որոնց ներկայումս փոխարինում են քաղաքի տարածքում գործող արդյունաբերական, արհեստավորական և վաճառականական տարբեր խմբավորումների ներկայացուցիչները։ Թափորի ընթացքում նրանցից յուրաքանչյուրն իր ձեռքին կրում է այն գործիքները, որոնք ամեն օր գործածում է իր աշխատանքում, խորհրդանշելով, որ ամենօրյա աշխատանքն առաջնորդվում և սրբանում է հավատքով։ Թափորի երթուղին անփոփոխ է մնացել ահա արդեն յոթը դար, քանի որ հետևում է քաղաքի հին պարիսպների շրջագծին, հաշվի չառնելով 1264 թվականին կառուցված նոր պարիսպները։

Թրէվիից բացի, Սուրբ Էմիլիանոսի նկատմամբ յուրահատուկ մեծարանք են տածում Փերուջա քաղաքի Ռիփա ավանում, ուր նրա ծիսական տոնը կատարում են Հունվարի 28ին ամենամոտ կիրակի օրը։ Նշենք, որ ամբողջ Իտալիայում նա հայտնի է «Sant'Emiliano Armeno», այսինքն՝ Սուրբ Էմիլիանոս Հայ անունով։

 

Սբ. Էմիլիանոսի անունը կրող եկեղեցին

Եկեղեցու ներքին տեսքը

 

ՍՈՒՐԲ ԷՄԻԼԻԱՆՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Թրէվի քաղաքում, «Դելլա Ռոքքա» անունը կրող փողոցում է գտնվում 12րդ դարում կառուցված և Սուրբ Էմիլիանոսի անվանը ձոնված եկեղեցին։ Ռոմանական ոճի եկեղեցին, որը բազմաթիվ անգամներ վերանորոգվել և վերակառուցվել է 15-18րդ եւ 19րդ դարերում, մայր մուտքի ճակատային մասում ունի 15րդ դարին պատկանող մի գեղազարդ բարձրաքանդակ, ուր պատկերված է Սուրբ Էմիլիանոսը առյուծներով շրջապատված։ Ճարտարապետական յուրահատուկ արժեք են ներկայացնում նաև երեք խորանները, որոնք մաս են կազմում 12րդ դարի առաջնային կառույցին և բավականին հետաքրքրական են իրենց արձանային գեղազարդումներով։ Եկեղեցու ներսում պահվում են արվեստի արժեքավոր գործեր, որոնց շարքին են պատկանում Ռոքքո Վիչենցացու 1522 թվականի «Սուրբ Խորհուրդի խորանը», 15րդ դարի փայտե մի Խաչելություն, 15րդ դարի Մկրտության Ավազանը, որն այդտեղ է տեղափոխվել 1969 թվականին, Սուրբ Էմիլիանոսի աճյունը, որը Սփոլեթոյից այդտեղ է տեղափոխվել 1935 թվականին, Սրբի 17րդ դարի փայտե մի արձան, մինչ Սրբի արձաններից մեկ ուրիշը, որը քանդակագործ Պիետրո Էպիֆանիի գործն է 1750 թվականի, ժողովրդի մեծարանքին է ներկայացվում միայն Հունվարի 28ին, Սրբի ծիսական հիշատակման օրը։

 

ՍՈՒՐԲ ԷՄԻԼԻԱՆՈՍԻ ՁԻԹԵՆԻՆ

Սուրբ Էմիլիանոսի մարտիրոսությունը պատմող 9րդ դարի ձեռագրում կարդում ենք, որ «նրան կապեցին մի երիտասարդ ձիթենու» և ապա գլխատեցին։ Դա տեղի է ունեցել 304 թվականին։ Ձիթենին, որի մասին խոսվում է, անհիշելի ժամանակներից սկսած նույնացվել է այն ձիթենու հետ, որն մինչև օրս կարող ենք տեսնել Բովարայում և որը տեղացիների կողմից միշտ էլ անվանվել է Սուրբ Էմիլիանոսի Ձիթենին։ Այն այնքան հնամենի է ու տեսքով պատկառելի, որ մասնագետների կողմից կոչվում է «կոթողային»։ Համարվում է Իտալիայի Ումբրիա նահանգի ամենահին ձիթենին և վերջերս գրանցվել է պետական պաշտպանության ներքո գտնվող ծառերի ցանկում և համարակալվել է 102 թվի տակ։ Խնդրո առարկա ձիթենին աճում է հովտի ցածրադիր մասում, ուր շրջակա ծառերն ու բուսականությունը բազմաթիվ անգամներ ցրտահարվել են, մինչ Սուրբ Էմիլիանոսի Ձիթենին մնացել է անվնաս։ Տեղաբնակ գյուղացիները պնդում են, որ այդ ձիթենին արտասովոր հատկություններ ունի։ Գտնվում է Բովարայի բենեդիկտյան վանքի ցանկապատից մոտ 200 մետր հեռավորության վրա։ 2002 թվականին այն ցանկապատեցին, որպեսզի մարդիկ կարողանան այցելել վայրը առանց ձիթենուն վնաս հասցնելու։

 

ԱՂՈԹՔ

Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու. ամեն։
Ո՜վ փառահեղ Սուրբ Էմիլիանոս, որ մի հակիրճ աղոթքով՝ աստվածային միջամտությամբ բշժկեցիր անդամալույծին, մեզ բոլորիս էլ պարգևիր քո հզոր պաշտպանության փորձառությունն ունենալու շնորհը. մեզ, որ իսկապես անդամալույծ ենք հոգևոր կյանքում։
Դու, որ քո մարտիրոսությամբ Եկեղեցուն ավանդեցիր հավատքի մի կատարյալ վկայություն, Ամենասուրբ Երրորդությունից մեր համար նույնպես հայցիր շնորհը՝ պահպանելու հավատքի աստվածային շնորհը, որպեսզի առանց մարդկանցից քաշվելու, խոսքերով ու գործերով պաշտպանենք հավատքի ճշմարտությունը, որն այնքա՜ն հարձակումների է ենթարկվում այսօր, նաև մեր սիրելի Հայրենիքում։
Սա քեզնից խնդրում ենք Ամենասուրբ Երրորդության՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու փառքի և մեր բոլոր եղբայրների ու քույրերի հավիտենական բարիքի համար։
Եղիցի՛, ամեն։

 

Սբ. Էմիլիանոսի արձանը, որ թափորների ժամանակ անցկացվում է քաղաքի բոլոր փողոցներով, մարդկանց ուսերի վրա կրված

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։