Խոնարհություն – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Խ
Խոնարհություն

Խոնարհությունն այն բարոյական առաքինությունն է, որն արգելակում է սեփական մեծության անկարգ ցանկությունը և մարդուն առաջնորդում է սիրելու սեփական իրականությունը, որը ճանաչել է տալիս անկեղծ ճշմարտության լույսի ներքո։

 

ա) Խոնարհության բնույթը

Խոնարհության ճշմարիտ բնույթը կայանում է հպարտության չափավորման մեջ։ Հպարտությունը դա շեղումն է երկու օրինավոր ձգտումների, որոնք Աստծո կողմից դրվել են մարդկային բնության մեջ. սեփական անձի հանդեպ հարգանքը և ուրիշների հարգանքը ստանալու փափաքը։ Առաջինը անձնական արժանապատվության հիմքն է, իսկ երկրորդը հիմքն է հասարակական հաղորդակցության։ Այս երկու հակումները, որոնք թեև որոշակի առումով նախախնամական են, մարդկության անկումից հետո հեշտորեն ենթարկվում են շեղումների։ Խոնարհության պաշտոնը այդ շեղումների ընթացքը կասեցնելն է և սեփական անձի նկատմամբ հարգանքի և ուրիշների հարգանքը ստանալու փափաքի մեջ կարգը հաստատելն ու պահպանելը։
Հետևաբար, խոնարհությունը ճշմարտություն է և արդարություն։ Արդարությունը տվյալ դեպքում հասկացվում է ընդարձակ իմաստով, քանի որ մատնանշում է այն առաքինի դիրքորոշումը, որով յուրաքանչյուր բանի ապահովվում է այն տեղը, որին այն իսկապես արժանի է։ Խոնարհության բնորոշ հատկությունն է համաչափությունների բացակայության ճանաչումը, որ հաստատվում է իրականության և մեծ իրողությունների ունայն ցանկությունների միջև, որոնք գերազանցում են անհատի կարողություններին ու հնարավորություններին։ Սեփական անբավարարության ճանաչմամբ՝ գործնական հարթության վրա կաղապարվում է կամքի կողմնորոշիչ կանոնը, ուստի խոնարհությունը իբրև պոտենցիալ մաս կապվում է ժուժկալության առաքինությանը, որի առարկան հանդիսանում է կրքերի սաստկության չափավորումն ու զսպումը։

 

բ) Խոնարհություն, Հայտնություն, Մարդեղություն

Քրիստոնեական խոնարհության առաքինությունը մի նոր լույսով է լուսավորվում այն բանից հետո, երբ հայտնությունը լիովին քողազերծում է խոնարհության ունեցած կապը Աստծո, մարդու ազատ կամքի և Հիսուս Քրիստոսի անձի հետ, որը մարդկության փրկիչն է հենց խոնարհության ամենահերոսական գործադրման շնորհիվ։ Հաշվի առնելով հանգամանքը, որ մեղքերից յուրաքանչյուրը որպես համընդհանուր տարր ունի ապստամբությունը Աստծո օրենքի դեմ, հասկանալի է դառնում, թե ինչպես է խոնարհությունը կապակցվում մարդու առ Աստված վերադարձի կյանքի բարոյական տեսանկյուններից յուրաքանչյուրին։
Խոնարհության այս տեսանկյունը, որն ամենախորհրդավորն է և մարդու սրտի համար ամենադժվարինը, հասկանալի է դառնում Քրիստոսի խորհրդի հայեցողությամբ, որը Պողոս Առաքյալի կողմից նկարագրվում է որպես խոնարհության խորհուրդ։ Փիլիպեցիներին ուղղված նամակի քրիստոսաբանական հայտնի հատվածում (Փլպ 2, 6-11) ասվում է, որ «Հիսուս Քրիստոսը, թեև աստվածային բնությունն ուներ, [...] իր անձն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով. [...] ինքն իրեն խոնարհեցրեց՝ հնազանդվելով մինչ ի մահ և ի մահ խաչին։ [...] »։ Սրանով խոնարհությունն իր ուրույն տեղն է ստանում մարդեղության ու փրկագործության խորհրդում։

 

գ) Խոնարհությունն Աստվածաշնչում

Աստվածաշնչյան խոնարհությունը նախևառաջ համեստությունն է, որն ընդդիմանում է ունայնամտությանը (հմմտ. Սղմ 130, 1; Առկ 3, 7; Հռմ 12, 3.16; ... )։ Հպարտությանը ընդդիմացող խոնարհությունը գտնվում է ավելի խորը մակարդակի վրա, մեղավոր արարածի դիրքորոշումն է Ամենակալի և երիցս Սրբի դիմաց (հմմտ. 1Թգ 2, 1-10; Առկ 3, 34; Ղկս 17, 10-11; 1Կր 4, 7; Հկբ 4, 6-9; ... )։
Անհամեմատելիորեն է՛լ ավելի խորը մակարդակի վրա է գտնվում Քրիստոսի խոնարհությունը, որն Իր կամավոր խոնարհվելով փրկում է մեզ և Իր աշակերտներին հորդորում է հանուն սիրո ծառայել իրենց եղբայրներին՝ բոլոր մարդկանց (հմմտ. Ղկս 22, 26; ... )։

գ.1) Աստծո ժողովրդի խոնարհությունը

Աստծո ժողովուրդը խոնարհությունը սովորում է նախևառաջ փորձառությամբ ճանաչելով Աստծո ամենակարողությունը, որն իրեն փրկում է և որ միակն է Բարձրյալ։ Այս փորձառության հիշատակը վառ է պահվում Ծեսի մեջ հիշատակելով Աստծո մեծ գործերը։ Ծեսը խոնարհության դպրոց է, ուր Աստծո ժողովուրդը հետևում է Դավթի խոնարհությանը, որ պարում էր Տապանակի առաջ (2Թգ 6, 14.16.22), փառավորելով Աստծուն, որին պարտական է ամեն բարի բան (Սղմ 102-107)։
Խոնարհությունն, ապա, ճանաչվում է հավաքական փորձությունների (օրինակ՝ պարտության, աքսորի) կամ անհատական փորձությունների (օրինակ՝ հիվանդությունների, տկարների հարստահարման) ենթարկվելով։ Ովքեր փառավորում են Աստծուն և Նրանից են ակնկալում իրենց փրկությունը, հաճախ անվանվում են «աղքատներ» (Սղմ 21, 25.27; 33, 7; 69, 32-33)։ Այս եզրը, որն իր ուղղակի իմաստով մատնանշում է տարաբախտների սոցիալական դասակարգը, Աստվածաշնչում ստանում է կրոնական իմաստ, հատկապես Սոֆոնիա մարգարեից սկսած. փնտրել Աստծուն նշանակում է փնտրել աղքատությունը, որը խոնարհությունն է (Սոփ 2, 3)։ Երբ կհասնի Տիրոջ օրը, Աստծո ժողովրդի «մնացորդը» կլինի «խոնարհ ու աղքատ» (Սոփ 3, 12; Մտթ 11, 29; Եփս 4, 2)։
Հին Կտակարանում, այս խոնարհության տիպար օրինակներն են Մովսեսը, որը մարդկանց մեջ ամենախոնարհն էր (Թց 12, 3) և սպասված Մեսիան (Ես 53, 4-10)։ Աքսորից վերադարձին, մարգարեներն ու իմաստունները քարոզում են խոնարհությունը. Բարձրյալը բնակվում է նրա հետ, ով հոգով խոնարհ է և սրտով զղջացած (Ես 57, 15; 66, 2)։ «Խոնարհության պտուղը Աստծո երկյուղն է, հարստություն, փառք ու կյանք» (Առկ 22, 4)։ «Որքան ավելի մեծ ես, այնքան ավելի խոնարհվիր. այսպես շնորհ կգտնես Տիրոջ առաջ» (Սրք 3, 17)։ Եվ ինչպես ասում է վերջին մարգարեն, Մեսիան ինքն էլ խոնարհ թագավոր է լինելու. ավանակի վրա նստած է մտնելու Սիոն (Զք 9, 9)։ Արդարև, Իսրայելի Աստվածը՝ արարչության Թագավորը «խոնարհների Աստվածն է» (Հդթ 9, 9)։

գ.2) Աստծո Որդու խոնարհությունը

Հիսուսն Ինքն է Զաքարիայի կողմից կանխավ ավետված խոնարհ Մեսիան (Մտթ 21, 5)։ Նա խոնարհների Մեսիան է, որոնց Նա հռչակում է երանելի (Մտթ 5, 3; հմմտ. Սղմ 36, 12)։ Հիսուսն օրհնում է երեխաներին և նրանց ներկայացնում է որպես տիպար օրինակներ (Մտթ 19, 13-15)։ Նմանվելու համար այդ փոքրիկներին, որոնց Աստված հայտնում է Իր գաղտնիքները և որոնց է միայն ընդունելու Արքայության մեջ (Մտթ 11, 25; 18, 2-3), հարկավոր է աշակերտել Քրիստոսին, որը «հեզ և սրտով խոնարհ» վարդապետ է (Մտթ 11, 29)։ Արդ, այդ վարդապետը սոսկ մարդ չէ. Տերն է, որ եկել է փրկելու մեղավորներին։ Սեփական փառքը փնտրելուց հեռու (Հվհ 8, 50), Նա խոնարհվում է՝ լվանալով Իր աշակերտների ոտքերը (Հվհ 13, 4-17), Նա, որ Աստծուն հավասար է, մեր փրկության համար զոհաբերում է Իր սեփական կյանքը (Փլպ 2, 6-11; Մրկ 10, 45; հմմտ. Ես 53)։ Հանձինս Հիսուսի հայտնվում է ո՛չ միայն Աստծո զորությունը, առանց որի մենք գոյություն չէինք ունենա, այլ հատկապես՝ Աստծո սերը, առանց որի մենք անդարմանելիորեն կկորչեինք (Ղկս 19, 10)։
Այս խոնարհությունը Աստծո Որդու խոնարհությունն է, սիրո խոնարհությունը։ Հարկավոր է հետևել այս «նոր» խոնարհության ճանապարհին՝ գործադրելու համար սիրո նոր պատվիրանը (1Կր 13, 4; Եփս 4, 2; Փլպ 2, 1-5; Կղս 3, 12-17; 1Պտ 3, 8; 5, 5-6)։

գ.3) Աստծո գործը խոնարհների մեջ

Աստված Իր հայացքն ուղղում է խոնարհների կողմը և կքվում է նրանց վրա (Սղմ 112, 6-9; 137, 6). քանի որ խոնարհներն ուրիշ ոչ մի բանով չեն պարծենում, այլ միայն իրենց տկարությամբ (2Կր 12, 9), նրանք բացվում են Աստծո շնորհի զորությանը, որը նրանց մեջ ամուլ չի մնում (1Կր 15, 10)։ Ո՛չ միայն խոնարհը ներում է ստանում իր մեղքերին (Ղկս 18, 14), այլ՝ Ամենակալի իմաստությունը սիրում է հայտնվել խոնարհների միջոցով, որոնց աշխարհն արհամարհում է (1Կր 1, 25-31)։ Մի խոնարհ կույսի, որը կամենում էր Տիրոջ սոսկ աղախինը լինել, Աստված դարձրեց Փրկչի՝ մեր Տիրոջ Մայրը (Ղկս 1, 38.43)։
Ով փորձությունների ու նեղությունների մեջ խոնարհվում է Աստծո ամենակարող աջի ներքո, որը բոլոր շնորհների աղբյուրն է, և մասնակցում է խաչված Քրիստոսի խոնարհությանը, Քրիստոսի նման փառավորվելու է Աստծո կողմից, իր ժամանակին, և մասնակցելու է Աստծո Որդու փառքին (Մտթ 23, 12; Հռմ 8, 17; 1Պտ 5, 6-10)։ Բոլոր խոնարհների հետ, նա հավիտյանս հավիտենից գովերգելու է Տիրոջ սրբությունն ու սերը, որը մեծամեծ գործեր կատարեց իր անձի մեջ (Ղկս 1, 46-55; Հյտ 4, 8-11; 5, 11-14)։

 

Հին Կտակարանում, Աստծո խոսքը մարդուն առաջնորդում է դեպի փառքը, Աստծուն՝ իր արարչին ու փրկչին խոնարհ հնազանդության ճանապարհով։ Նոր Կտակարանում, Աստծո Խոսքը մարմնանում է՝ հասցնելու համար մարդուն խոնարհության գագաթնակետին, որը Աստծուն ծառայելն է մարդկանց մեջ, խոնարհվելն է հանուն սիրո, որպեսզի Աստված փառավորվի՝ փրկելով մարդկանց։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։