Հաշտություն (աստվածաշնչյան ակնարկ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Հ
Հաշտություն (աստվածաշնչյան ակնարկ)

Մարդկանց մեջ Աստծո արքայության գալուստը անհրաժեշտորեն կապված է Ուխտի Աստծո հետ մեղավոր մարդու հաշտության հետ։ Արարչագործության սկզբում մեղքը խզել է մարդու հարաբերությունը Աստծո և եղբայրների հետ։ Հաշտության անհրաժեշտությունը զգացվել է մարդկության պատմության բոլոր ժամանակներում, որոնք անխուսափելիորեն ծնում են պատռվածքներ հասարակական, ընտանեկան և անձնական կյանքում. պատռվածքներ, որոնց ակունքը մարդու իսկ սրտում է, որը ծանր վիրավորվել է մեղքի պատճառով։

 

ա) Հին Կտակարանում

Արդեն Հին Կտակարանում զգացվում է հաշտության անհրաժեշտությունը Աստծո նկատմամբ ընտրյալ ժողովրդի անհավատարմությունների անդադար կրկնվելու պատճառով, որոնց հետևում է Նրա բազումողորմ սիրույն վերադառնալու հորդորը (Ովս 2, 8.16.19-20)։ Չնայած մարդկանց կողմից բազմապատկվող դավաճանություններին, Աստված իրականացնում է փրկության Իր ծրագիրը և ժողովրդին հնարավորություն է տալիս վերադառնալու Իր սիրույն. Աստված ընդունակ է հասկանալու մեղավորի վիճակը և գիտի սպասել (Երմ 31, 1-18), բայց հարկավոր է, որ մարդը փոխի իր սիրտը, գիտակցի սեփական հանցավորությունը և վստահությամբ հանձնվի Աստծո ձեռքերին (Եզկ 36, 31)։ Աստծո նախաձեռնությանը, որ կանչում է հաշտության և իրագործում է հաշտությունը, մարդը պետք է համապատասխանի Խոսքի ունկնդրումով. Աստծո Խոսքն իր զորությամբ թափանցում է հաշտվածի ողջ անձով մեկ և նրան տրամադրում է մշտապես ապրելու աստվածային բարեհաճ կամքի համաձայն (Եզկ 36, 25-28)։ Պտուղները, որոնք Աստված ակնկալում է հաշտությունից, Աստծո սիրո վերագտնումն է, որը մարդու կյանքում ծնում է խաղաղություն, ազատություն, բոլոր բարիքների առատություն, և հատկապես՝ Աստծո մի նորոգ ներկայություն Իր ժողովրդի մեջ (Երմ 31, 1-6)։

 

բ) Նոր Կտակարանում

Հաշտությունը Նոր Կտակարանում ձեռք է բերում իր վերջնական իմաստն ու նշանակությունը, շնորհիվ Քրիստոսի ներկայության և խոսքերի, որովհետև Նա է մեղավորների ու աշխարհի հաշտարարն Իր աստվածային Արյան մեջ։ Մարդկության պատմության բեմահարթակի վրա Հիսուսի հայտնությունն իսկ, իր առաջին պահից սկսած, կոչ ու հորդոր է դարձի ու հաշտության (Մտթ 4, 17)։ Հիսուսի այս կոչը նման չէ Աստծո անունից խոսող մարգարեների հորդորներին. Հիսուսը խոսում է անձամբ Իր անունից, որովհետև կենդանի Աստծո Որդին է և մեկ միասնություն է Հոր հետ (Հվհ 10, 30), որի ողորմությունն է հռչակում ուժգին ձայնով։ Հիսուսի կողմից առաջարկվող հաշտությունը միմիայն իրեն բնորոշ հատկություններ ունի, որոնք կարող են հաստատվել միմիայն Իր կողմից, որ եկել է կնքելու մի Նոր Ուխտ Իր Արյան մեջ, որն հեղելու է մեղքերի թողության համար (Մտթ 26, 28)։
Նախևառաջ, հաշտությունը մարդու կողմից՝ դա վերադարձն է առ Աստված ո՛չ թե պատժի վախից մղված, այլ միմիայն՝ սեփական Հոր սիրույն դավաճանած լինելու գիտակցությամբ (Ղկս 15, 17-24)։ Միմիայն գիտակցությունը, որ Աստված մեր ողջ գոյության Տերն է, կարող է մարդուն վերադարձնել նորոգելու այն եզակի հարաբերությունը, որ Քրիստոսը պարգևում է մեր հաշտության համար զոհաբերված Իր կյանքով, և անմնացորդ կերպով համոզել մարդուն՝ հրաժարվելու սեփական կյանքն ինքնագլուխ կերպով վարելուց։ Հաշտության մեջ, մեղքով դավաճանված Հոր սերն այնքան ակնհայտ է, որ Քրիստոսը չի կարողանում լռել այդ Հոր հոգատարության մասին, որը գնում է փնտրելու Իրենից հեռացած որդուն և խաղաղություն չի գտնում, մինչև որ գտնում է նրան և տուն վերադարձնում (Ղկս 15, 3-7)։ Ավելին. հաշտությունը աննկարագրելի բերկրանք է ծնում ո՛չ միայն մարդու սրտում, որը ներում և ընդունելություն է գտնում, այլ հատկապես՝ անասելի բերկրանք է պարգևում Ինքնին Աստծուն, որ ներում է և տոն է կազմակերպում հեռացած որդու վերադարձի համար (Ղկս 15, 23)։ Հաշտության այս իրողությունները – որոնք Նոր Կտակարանի ինքնահատուկ տեսանկյուններից են – սերում են այն փաստից, որ Աստված, հանձինս Քրիստոսի, բոլոր մարդկանց որդեգրում է «ի վերուստ ծնունդով» (Հվհ 3, 5). որդեգրություն, որն ի կատար է ածվում Սուրբ Հոգու ներգործությամբ։ Այդպիսով, ընկղմված լինելով Սուրբ Հոգու զորության մեջ, որը նոր արարածներ է դարձնում բոլոր նրանց, ովքեր ընդունում են Հոր կողմից պարգևված փրկության ծրագիրը, քրիստոնյան կարող է վստահ ու ապահով լինել, որ գտնելու է աստվածային ներումն ու ողորմությունը այն ամեն անգամ, երբ - զղջացած - կվերադառնա Հոր տուն։ Ժամանակի մեջ տեղի ունեցող հաշտությունը նախերգանքն է այն հավիտենական ողջագուրման, որով վերջակետ է դրվելու մարդու երկրային պանդխտությանը։
Պողոս Առաքյալն իր աստվածաբանության մեջ հաշտությունը ներկայացնում է որպես Աստծո ծրագիրը՝ Իր Միածին Որդու արյամբ ետ կանչելու և կրկին Իրեն մոտեցնելու Իր ցիրուցան եղած բոլոր զավակներին, և օտարացածներին, թշնամացածներին ու չարության գործերին նվիրվածներին վերստին դարձնելու սուրբ, անարատ, անբիծ Իր առաջ (Կղս 1, 19-21)։ Քրիստոնեական Հայտնության այս հիմնական գաղափարը Առաքյալի կողմից բացատրվում է ամենայն մանրամասնությամբ, մեկնելով Հիսուսի մահից. «Երբ մենք տակավին թշնամիներ էինք, Աստծո հետ հաշտվեցինք Իր Որդու մահվան միջոցով» (Հռմ 5, 10)։ Առաքյալն ապա ընդգծում է, որ հաշտության նախաձեռնությունը միշտ Աստծունն է. «Նա՛ մեզ հաշտեցրեց Իր հետ Քրիստոսի միջոցով». «Աստված Ինքն է, որ աշխարհը հաշտեցրեց Իր հետ Քրիստոսի միջոցով, հաշվի չառնելով մարդկանց մեղքերը» (2Կր 5, 18-19)։ Եվ հաշտության այս գործընթացը շարունակվում է, քանի որ «հանձնվել ու վստահվել» է Առաքյալներին, որպեսզի տարածեն այն (Մտթ 18, 18)։ Միևնույն գաղափարն է արտահայտվում նաև Եփեսացիներին ուղղված Նամակի սկզբում. «Քրիստոսը մեր խաղաղությունն է», որովհետև միավորեց հեթանոսներին ու հրյաներին, «երկուսին էլ Աստծո հետ հաշտեցնելու համար, կազմելով միայն մեկ մարմին խաչի միջոցով, Իր անձում ոչնչացնելով թշնամանքը» (Եփս 2, 14.18)։ Կողոսացիներին ուղղված Նամակում հաստատվում է նաև հաշտության տիեզերական տարողությունը. «Հաճելի եղավ Աստծուն [...] Նրա [= Քրիստոսի] միջոցով հաշտեցնել Իր հետ ամեն ինչ, խաղաղություն անելով [...] և՛ երկրի վրա, և՛ երկնքում եղածների համար» (Կղս 1, 21-23)։
Քրիստոնյայի համար հաշտությունը արդեն կատարված դեպք է, իրականություն, որի շնորհիվ մարդկային վիճակը կարող է իսկապես ուղղվել դեպի Աստծո խաղաղությունը ամենքի և ամեն ինչի մեջ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։