Հարություն (աստվածաշնչյան ակնարկ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Հ
Հարություն (աստվածաշնչյան ակնարկ)

Հիսուսի հարությունը Նոր Կտակարանի կենտրոնական իրադարձությունն է։ Պատմական այդ դեպքից և դրա հանդեպ հավատքից է ծնվել Եկեղեցին։ Առաքյալները վկայում են, որ խաչի վրա Իր մահից երեք օր հետո Հիսուսը հարություն է առել՝ դատարկ թողնելով գերեզմանը, և մարմնով հայտնվել է նախ Մարիամ Մագդաղենացուն և յուղաբեր կանանց, ապա նաև Առաքյալներին ու աշակերտներին։ Հիսուսի հարությունը առաքելական քարոզչության կենտրոնն է եղել սկզբից ևեթ (Գրծ 4, 33), իսկ Պողոս Առաքյալը մինչև իսկ հաստատում է, որ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն ունայն է և՛ քարոզչությունը, և՛ ինքնին հավատքը (1Կր 15, 14-17)։ Արդարև, Հիսուսի հարության հաստատումը Քրիստոնեության սիրտն է։ Եկեղեցու հավատքն ու կյանքը դարերի ընթացքում իրենց իբրև հենակետ ունեն Քրիստոսի հարության պատմական դեպքը, որը տոնակատարում են ամեն տարի Զատկի տոնին և ամեն շաբաթվա Կիրակի, այսինքն՝ Տիրոջ օրը։
Մենք այսօր Եկեղեցու հետ հաստատում ենք մեր հավատքը Քրիստոսի՝ Աստծո Որդու հանդեպ, որ ծնվել է Կույս Մարիամից, որին Առաքյալները ճանաչել են, որ խաչվել է, թաղվել, հարություն է առել և ողջ է (Գրծ 25, 19)։ Զատկական այս պատգամն է, որ Եկեղեցին պետք է անխոնջ կերպով տարածի բոլոր մարդկանց մեջ։

 

ա) Հարության հավատքը Հին Կտակարանում

 
Թեև Հին Կտակարանում բացակայում է եբրայեցերեն մի որևէ եզր, որը կարելի է թարգմանել հարություն բառով, այդուամենայնիվ՝ ամբողջ Հին Կտակարանում հանդիպում ենք գիտակցությանը, որ Աստված կարող է «կենդանացնել մեռյալներին» և «մտցնել գերեզման և դուրս բերել այնտեղից» (1Թգ 2, 6; Իմս 16, 13), որովհետև Աստծո իշխանությունն ամբողջական է կյանքի ու նաև մահվան վրա։
Առաջին ակնարկները գտնվում են Եղիա և Եղիսե մարգարեների կյանքի դրվագներում (1Թգ 17, 17-24; 4Թգ 13, 21)։ Անշուշտ, այստեղ խոսքը վերաբերվում է ո՛չ այնքան հարությունների, որքան վերակենդանացումների։ Այս նույն իմաստով են հասկացվում մարգարեական գրություններում առկա տեսիլքների ու պատգամների մեծամասնությունը (Եզկ 37, 1-14; Ովս 6, 1-3; և այլն)։ Եսայի մարգարեի մոտ, սակայն, հանդիպում ենք հետևյալ արտահայտությանը. «Նա կործանում է մահն ընդմիշտ» (Ես 25, 8), որն աստվածաբանների կողմից նկատվում է որպես վախճանաբանական հարության ակնկալիքի իրական արտահայտություն։
Կարևոր զարգացումներ են գրանցվում Դանիել մարգարեի մոտ (13, 2), ուր կապ է դրվում հարության և դատաստանի միջև. Ուխտին հավատարիմները հարություն են առնելու «հավիտենական կյանքի համար», մինչ մյուսները՝ «հավիտենական նախատինքի ու ամոթի համար»։ Ինչպես նաև, հարությունը մատնանշվում է որպես գոյության վիճակի արմատական ու իրական փոխակերպում։
Մակաբայեցիների Երկրորդ գրքի 7րդ գլխում յոթն անգամ խոսվում է հարության մասին, տարբեր շեշտադրումներով։ Մակաբայեցի մարտիրոսները (Ք.ա. Երկրորդ դար) համոզված էին, որ Աստված կրկին «շունչ և կյանք» է տալու իրենց նահատակված մարմիններին և իրենք «հարություն են առնելու նոր, հավիտենական կյանքի համար»։ Միևնույն համոզվածությունը կրկին հաստատվում է նույն գրքի 12, 43 հատվածում։

 

բ) Հիսուսի ուսուցումը

 
Հիսուսի օրոք, սակայն, հրեական հասարակությունն այս հարցում բաժանվել էր երկու ուղղությունների. փարիսեցիները շարունակում էին հավատալ հարությանը (սոսկ իբրև վերակենդանացում), մինչ սադուկեցիները չէին ընդունում այդ հավատքը, քանի որ իրենց համոզումներն հիմնում էին միմիայն Հնգամատյանի վրա (Մտթ 22, 23)։ Հիսուսը քննադատական կեցվածք է ընդունում երկուսի նկատմամբ էլ. բացահայտ կերպով մերժում է սադուկեցիների դիրքորոշումը, հաստատելով հարության իրականությունը, բայց սրբագրում է փարիսեցիների հավատքը, ասելով, որ դա պարզ վերադարձ չի լինելու բնական կյանքին (ամուսնությամբ, սննդառությամբ, և այլն), այլ՝ մարդկային բնությունը կերպարանափոխվելու է գերբնական վիճակի (« ... հարության ժամանակ [...] լինելու են ինչպես հրեշտակները ... ». Մտթ 22, 30)։

 

գ) Հիսուսի Հարությունը

 
Ավետարանների միաձայն վկայության համաձայն, Հիսուսն Իր մահից երեք օր հետո հարություն է առել։ Ավետարանները չեն նկարագրում ինքնին դեպքը, այլ միայն վկայությունը դատարկ գերեզմանի և այն հանդիպումների, որոնք աշակերտների հետ Հիսուսն ունեցել է հարությունից հետո (Մտթ 28, 9-10.16-20; Ղկս 24, 13-53; Հվհ 20, 11-31; 21, 1-25)։
Հարուցյալն Իր աշակերտների հետ հաստատում է ուղղակի հարաբերություններ հպման (Ղկս 24, 39; Հվհ 20, 27) և սեղանակցության միջոցով (Ղկս 24, 30.41-43; Հվհ 21, 9-15), որպես նպատակ ունենալով հասկացնել նրանց, որ Ինքն ուրվական չէ (Ղկս 24, 39), բայց հատկապես՝ որպեսզի հասկանային, որ հարուցյալ մարմինը, որով ներկայացել էր իրենց, այն նույն մարմինն էր, որով կրել էր չարչարանքներն ու Խաչելությունը. հիրավի, հարուցյալ մարմինը տակավին կրում էր չարչարանքների հետքերը (Ղկս 24, 40; Հվհ 20, 20.27)։
Այդ իրական մարմինը, սակայն, միաժամանակ ձեռք է բերել նաև նոր հատկություններ, որոնք բնորոշ են փառավորյալ մարմնին. այն այլևս ենթակա չէ տարածքի ու ժամանակի սահմանափակումներին, այլ՝ կարող է ներկա լինել ո՛ւր և ե՛րբ կամենում է (Մտթ 28, 9.16-17; Ղկս 24, 15.36; Հվհ 20, 14.19.26; 21, 4). Նրա մարդկային բնությունն այլևս չի կարող սահմանափակվել երկրի վրա և պատկանում է Հոր աստվածային տիրապետությանը (Հվհ 20, 17)։ Այս պատճառով է նաև, որ հարուցյալ Հիսուսն ինքնիշխան կերպով ազատ է հայտնվելու այն կերպարանքով, որով կամենում է. իբրև պարտիզպան (Հվհ 20, 14-15), կամ ա՛յլ կերպարանքով (Մրկ 16, 12), որոնք աշակերտներին հոգեհարազատ կերպարանքներ էին. Հիսուսն այդպես վարվում էր նրանց հավատքն արթնացնելու համար (Հվհ 20, 8.16.28; 21, 7)։
Հիսուսի Հարությունը տարբերվում է Իր իսկ կողմից կատարված հրաշագործ հարություններից. Հայրոսի աղջիկը (Մրկ 5, 22-24.35-43; Ղկս 8, 41-42.49-57), Նայինի պատանին (Ղկս 7, 11-17), Ղազարոսը (Հվհ 11, 1-46)։ Բոլոր այդ դեպքերում խոսքը վերաբերվում է վերակենդանացման, այսինքն՝ երկրային սովորական կյանքի վերադառնալուն։ Բայց որոշ ժամանակ անց նրանք կրկին մահանալու էին։ Քրիստոսի Հարությունն էականորեն տարբեր է. Իր հարուցյալ Մարմնով Նա մահվան վիճակից անցնում է մի ա՛յլ կյանքի, ժամանակի ու տարածքի սահմաններից անդին։ Հիսուսի հարուցյալ Մարմինը լիացել է Սուրբ Հոգու զորությամբ. մասնակցում է աստվածային կյանքին, նրա փառքի վիճակի մեջ, այնպես՝ որ Պողոս Առաքյալը Քրիստոսի մասին կարող է իրավացիորեն ասել, որ Նա «երկնային մարդն» է (1Կր 15, 35-53)։


գ.1) Հիսուսի Հարությունը որպես անդրանցական իրադարձություն։

Ոչ ոք ականատես չի եղել Քրիստոսի Հարության դեպքին և ավետարանիչներից ոչ մեկը չի նկարագրում այն։ Ոչ ոք չի կարող ասել, թե դա ինչպես է տեղի ունեցել։ Թեև դեպքն ունի իր պատմական ստույգ նշանները (դատարկ գերեզմանը, Հարուցյալի հետ Առաքյալների ու աշակերտների հանդիպման իրականությունը), այնուամենայնիվ՝ Հիսուսի Հարությունը մնում է որպես իրադարձություն, որ գերազանցում է պատմությանը և պատկանում է հավատքի Խորհրդի սրտին։ Այս իսկ պատճառով, հարուցյալ Քրիստոսը չի հայտնվում աշխարհին, այլ՝ Իր աշակերտներին (Հվհ 14, 22), «նրանց, ովքեր Իր հետ բարձրացել էին Գալիլիայից Երուսաղեմ», նրանց, «ովքեր այժմ իր վկաներն են ժողովրդի առաջ» (Գրծ 13, 31)։ Հիսուսի Հարությունն ընկալվում է Հիսուսի Զատկական Խորհրդի ներսում։ Մահվան և Հարության ամբողջության մեջ՝ այն պատճառն է հավատացյալների արդարացման (Հռմ 4, 25; 6, 4-5) և փրկված մարդկությանը հնարավորություն է տալիս ստանալու որդեգրությունը (Հռմ 5, 14-15), այսինքն՝ մասնակցելու Որդուն բնորոշ աստվածային կյանքին (1Կր 15, 20-22)։


գ.2) Հիսուսի Հարությունը գործն է Ամենասուրբ Երրորդության։

Քրիստոսի Հարության գործում աստվածային երեք Անձերը գործում են միասին, և միաժամանակ՝ Նրանցից յուրաքանչյուրը բացահայտում է Իր ինքնահատուկ գործը։ Հարությունը կատարվել է Հոր զորությամբ, որը «հարություն տվեց» Քրիստոսին, Իր Որդուն (Գրծ 2, 24)։ Այսպիսով Հայրը կատարյալ կերպով Երրորդության մեջ է մտցնում Քրիստոսի մարդկային բնությունը. Հիսուսը վերջնական կերպով «կարգվում է Աստծո Որդի, սրբագործման Հոգու զորությամբ, մեռելներից Հարության շնորհիվ» (Հռմ 1, 3-4)։ Պողոս Առաքյալն ընդգծում է Աստծո զորության հայտնությունը Սուրբ Հոգու ներգործությամբ, որը կենդանացրել է Հիսուսի մարդկային մեռյալ բնությունը և այն կանչել է փառավորյալ Տիրոջ վիճակին (Հռմ 6, 4-5; 2Կր 13, 4; Եփս 1, 20-23; Փլպ 3, 10-11; Եբր 7, 15-16)։ Որդին, Իր հերթին, Ինքն էլ գործում է Իր Հարությունը Իր աստվածային զորությամբ (Մրկ 8, 31; 9, 30; 10, 34; Հվհ 10, 17-18; 1Թղ 4, 13)։


գ.3) Հարությունը Հիսուսի գործի և ուսմունքի հավաստիության կնիքն է։

Հարությունը նախևառաջ հաստատում է այն ամենը, ինչը որ Քրիստոսն Ինքը արել և ուսուցանել է։ Բոլոր ճշմարտությունները, նաև մարդկային մտքի համար ամենաանհասանելիները, գտնում են իրենց արդարացումը, որովհետև Քրիստոսը հարություն առնելով՝ տալիս է Իր աստվածային հեղինակության վերջնական ապացույցը, ինչպես և խոստացել էր (Հվհ 8, 28)։ Քրիստոսի Հարությունը Հին Կտակարանի (Ղկս 24, 26-27.44-48) և Ինքնին Հիսուսի (Մտթ 28, 6; Մրկ 16, 7; Ղկս 24, 6-7) խոստումների կատարումն է։ «Գրվածքների համաձայն» արտահայտությունը (1Կր 15, 3-4) մատնացույց է անում հենց այս իրողությունը. որ Քրիստոսի Հարությունն իրականացրել է այդ կանխասումները։


գ.4) Հիսուսի Հարությունը և հավատացյալների արդարացումը։

Երկու տեսանկյուն կա Զատկական Խորհրդի մեջ. Իր մահվամբ՝ Քրիստոսն ազատում է մեզ մեղքից, Իր Հարությամբ՝ մեր առջև բացում է նոր կյանքի մուտքը (Հռմ 4, 25)։ Սա նախևառաջ արդարացումն է, որը մեզ կրկին հաստատում է Աստծո շնորհի մեջ, որպեսզի «կարողանանք ընթանալ մի նոր կյանքի մեջ» (Հռմ 6, 4)։ Այն կայանում է մեղքի ու մահվան դեմ հաղթանակի և շնորհի նոր մասնակցության մեջ (Եփս 2, 4-5; 1Պտ 1, 3)։ Զատկական Խորհրդի այս զույգ տեսանկյուններով ի կատար է ածվում որդեգրությունը, որպեսզի մարդիկ դառնան Քրիստոսի եղբայրներն ու քույրերը (Մտթ 28, 10; Հվհ 20, 17), ո՛չ ըստ բնության, այլ՝ շնորհի պարգևով, որովհետև այս որդեգրությամբ մարդիկ իրական կերպով մասնակցում են Միակ Որդու կյանքին, որը լիովին հայտնվել է Հարությամբ։


գ.5) Քրիստոսի Հարությունը և տիեզերական հարությունը։

Քրիստոսի Հարությունը – և Ինքնին հարուցյալ Քրիստոսը – ապագա հարության սկզբունքն է և ակունքը. «Ինչպես բոլորը մեռնում են Ադամի մեջ, այնպես էլ բոլորը ստանալու են կյանքը Քրիստոսի մեջ» (1Կր 15, 20-22; հմմտ. Հվհ 5, 29; 6, 39-52; 11, 25-26; Հռմ 5, 16-21; 6, 5; 1Կր 15, 1-58; Փլպ 3, 20-21; 1Թղ 4, 12-17; Հյտ 1, 7-8; 20, 11-15; և այլն)։ Վախճանաբանական այդ սպասման ընթացքում, հարուցյալ Քրիստոսն ապրում է Իր հավատացյալների սրտում և նրանց ամեն օր ամրապնդում է Իր Հարության զորությամբ։ Նրա մեջ քրիստոնյաներն արդեն իսկ ճաշակում են «գալիք աշխարհի սքանչելիքները» (Եբր 6, 5), և նրանց կյանքը Քրիստոսի կողմից արդեն իսկ ընկղմվում է աստվածային կյանքի մեջ (2Կր 5, 15-18; Կղս 3, 1-4)։ Բոլոր մկրտվածների համար Քրիստոսն արդեն իսկ «հարություն է և կյանք» (Հվհ 11, 25)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։