Հյուիշ Էնթընի (ծնվ. 1924թ.) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Հ
Հյուիշ Էնթընի (ծնվ. 1924թ.)

Էնթընի Հյուիշը (ծնվ. 11 Մայիս 1924) անգլիացի ռադիո-աստղագետ է։ 1974 թվականին, Մարտին Ռայլի հետ միասին, արժանացել է Նոբելյան Մրցանակի, ռադիո-աստղագիտության զարգացմանը բերած նշանակալի նպաստի և պուլսարների բացահայտման գործում ունեցած իր եզակի դերակատարության համար։ 1971-1989 թվականներին ռադիո-աստղագիտություն է դասավանդել Քավենդիշի Լաբորատորիայում (Քեմբրիջի Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում), իսկ 1982-1988 թվականներին եղել է Մուլլարդի Ռադիո-աստղագիտական Աստղադիտարանի տնօրենը։ 1968 թվականից Լոնդոնի Գիտությունների Թագավորական Ընկերության անդամ է։ Նոբելյան Մրցանակից բացի, 1969 թվականին արժանացել է Թագավորական Աստղագիտական Ընկերության «Eddington Medal», 1972 թվականին՝ Ռադիո Գիտությունների Միջազգային Միության «Dellinger Gold Medal», 1973 թվականին՝ Ֆրանկլին Ինստիտուտի «Albert A. Michelson Medal», 1977 թվականին՝ Թագավորական Ընկերության «Hughes Medal» շքանշաններին։

 

ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ

 

« Ես հավատում եմ Աստծուն։ Իմ համար անիմաստ է մտածելը, թե տիեզերքը և մեր գոյությունը սոսկ տիեզերական ինչ որ մի պատահարի արդյունքն է, որ կյանքը ի հայտ է եկել ֆիզիկական պատահական գործընթացների բերումով, մի միջավայրում, որը պարզապես պատահաբար ունեցել է անհրաժեշտ հատկությունները։ Որպես քրիստոնյա, սկսում եմ հասկանալ, թե ի՛նչ է կյանքը, շնորհիվ Արարչի հանդեպ հավատքի, որի բնությունը մեզ հայտնվել է մոտ 2000 տարի առաջ ծնված մի մարդու կողմից։ [...] Կարծում եմ, որ գիտությունն ու [քրիստոնեական] կրոնը անհրաժեշտ են հասկանալու համար Տիեզերքի հետ ունեցած մեր հարաբերությունը։ Սկզբունքորեն, գիտությունը մեզ ասում է, թե ինչպես է ամեն բան աշխատում, թեև տակավին կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, և ես կարծում եմ, որ դրանք միշտ էլ լինելու են։ Բայց գիտությունն արծարծում է հարցեր, որոնց երբեք ի վիճակի չէ պատասխանելու։ Ինչո՞ւ է Բիգ Բենգը հանգեցրել գիտակից էակների ծագմանը, որոնք հարցականի տակ են դնում կյանքի նպատակն ու Տիեզերքի գոյությունը։ Սա մի ոլորտ է, ուր [քրիստոնեական] կրոնն անհրաժեշտ է »։

Էնթընի Հյուիշ, Նամակ Թ. Դիմիտրովին, 27 Մայիս 2002թ.

 

[ շարունակելի ... ]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։