Հովհաննես Մկրտիչ (Սուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Հ
Հովհաննես Մկրտիչ (Սուրբ)

Հին Կտակարանից Նոր Կտակարանի անցման կետում հայտնվում է Պաղեստինում մի բացառիկ անձնավորություն, որի անձով և գործունեությամբ անցում է կատարվում հրեական դարաշրջանից դեպի մեսիական-վախճանաբանական ժամանակները։ Հովհաննես Մկրտիչն է, որ ներկայանում է որպես անապատաբնակ ճգնավոր, մարգարե, ուսուցիչ, մկրտող, Մեսիայի գալուստը նախապատրաստող կարապետ և մարտիրոս։

 
ա) Պատմական աղբյուրները։

Հովհաննես Մկրտչի անձի և գործունեության վերաբերյալ տեղեկությունները քաղվում են կանոնական չորս Ավետարաններից, Գործք Առաքելոցից և հրեա մատենագիր Հովսեփ Փլավիոսի կողմից ավանդված վկայություններից։ Համաբարբառ Ավետարանները տեղեկացնում են նրա ծննդյան, քարոզչության, պատգամի ու մահվան մասին, մինչ չորրորդ Ավետարանն ընդարձակ կերպով ընդգծում է նախակարապետի ունեցած հարաբերությունները Քրիստոսի հետ։ Գործք Առաքելոցում ակնարկվում են Հովհաննեսի ձեռամբ կատարված մկրտությունը (1, 22; 10, 37), Հիսուսի վերաբերյալ տրված նրա վկայությունը (13, 24-25) և նրա աշակերտների մի խմբակի գոյությունը Եփեսոսում (19, 3)։ Հովսեփ Փլավիոսը (Antiquitates Iudaicae, XVIII, 116-119) հիշատակում է մարգարեի ունեցած մեծ ժողովրդականությունը, Հերովդես Անտիպասի հետ հարաբերությունները և նահատակությունը։
Համաբարբառ Ավետարանների հաղորդած տեղեկությունները հայելացնում են այն ավանդությունները, որոնք հաղորդել են Մկրտչի անմիջական աշակերտները, որոնք հետագայում Քրիստոսի հետևորդներն էին դարձել (Հվհ 1, 35-42)։ Հովսեփ Փլավիոսի կողմից ավանդված տեղեկությունները, թեև էականում համապատասխանում են ավետարանական տվյալների հետ, այդուհանդերձ, սակայն, միակողմանի են ու կողմնակալ, որի պատճառն այն է, որ այդ հրեա հեղինակը չէր կարողացել հասկանալ քրիստոնեական խորհուրդն ու պատգամը։

 
բ) Ավետարանական տվյալները։

Համաբարբառ երեք Ավետարաններն իրենց պատմությունը սկսում են Մկրտչի կերպարը ներկայացնելով, որը կապակցության մեջ են դնում Ես 40, 3 և Մղք 3, 1 հատվածներում պարունակված մարգարեությունների հետ (Մտթ 3, 3; Մրկ 1, 2-3; Ղկս 3, 4-6; 7, 27). ակնարկում են նախակարապետի վախճանաբանական և հասարակական քարոզչությանը, ինչպես նաև նրա գործունեությանը իբրև Հորդանան գետի ջրերում մկրտող, մկրտիչ (Մտթ 3, 5-12; Մրկ 1, 4-5; Ղկս 3, 7-17)։ Երեք Ավետարաններում էլ ընդգծվում է, որ Հովհաննեսն ավետել է «իրենից ավելի հզոր մեկի» գալուստը, ով մկրտելու էր Սուրբ Հոգու մեջ (Մտթ 3, 11; Մրկ 1, 7-8; Ղկս 3, 16)։ Այս եռակի ավանդությանը մաս է կազմում նաև Հովհաննեսի ձեռամբ Հիսուսի մկրտության պատմությունը (Մտթ 3, 12-14; Մրկ 1, 9; Ղկս 3, 21). այդ դեպքին ակնարկում է նաև չորրորդ Ավետարանը (Հվհ 1, 32-33)։ Հերովդես Անտիպասը կարծում էր, թե Հիսուսը վերակենդանացած Հովհաննեսն էր (Մտթ 14, 1-2; Մրկ 6, 14-16; Ղկս 9, 7-9)։
Մկրտչի հասցեին Հիսուսի կողմից արտասանված գովասանքը գրի է առնվել երկու Ավետարաններում (Մտթ 11, 7-15; Ղկս 7, 24-30), այնպես՝ ինչպես նաև Հովհաննեսի կողմից Հիսուսի մոտ ուղարկված պատգամաբերների (Մտթ 11, 2-6; Ղկս 7, 18-23) և Հովհաննեսի ձերբակալության ու ողբերգական մահվան պատմությունը (Մտթ 14, 3-12; Մրկ 6, 17-29)։
Միայն Մատթեոսն է բացահայտ կերպով նույնացնում Մկրտչին Եղիա մարգարեի հետ (Մտթ 11, 14)։ Ղուկասն իր Ավետարանի առաջին երկու գլուխներում պատմում է Հովհաննեսի հրաշալի հղացումը, ծնունդն ու թլփատումը, որոնք տեղի են ունենում զարմանահրաշ երևույթների ընկերակցությամբ, և տալիս է նրա կյանքի ծածուկ տարիների համառոտ նկարագրությունը (Ղկս 1, 5-25.41-45.57-66)։ Այս գրությունները, որոնք մեծապես հարուստ են հինկտակարանյան հղումներով և Ավետարանչի կողմից մեկնաբանվում են զատկական հավատքի լույսի ներքո, զուգահեռության մեջ են դրվում երկրի վրա Հիսուսի հայտնության իրադարձությունների հետ և որպես նպատակ ունեն Քրիստոսի գերազանցությունն ու աստվածային առաքելությունն ընդգծելը։
Չորրորդ Ավետարանում Հովհաննես Մկրտիչը ներկայացվում է որպես Հիսուսի վկան (Հվհ 1, 6-8.15.19-36; 3, 25-30)։ Ինչպես նաև, տրվում են տեղագրական որոշ մանրամասնություններ Հովհաննեսի մկրտական գործունեության և Հիսուսի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ։

 
գ) Աստվածաբանական նկատումներ։

Ավետարանիչներից յուրաքանչյուրը յուրովի գծագրում է Հովհաննեսի կերպարը և այն մեկնաբանում է քրիստոսաբանական լույսի ներքո, հովվական և ուսուցողական նպատակներ հետապնդելով։
գ.1) Մատթեոսը, որին հետաքրքրում է Հիսուսի կողմից հիմնված համայնքում Աստծո խոստումների իրականացումն ընդգծելը, հանձինս Հովհաննեսի տեսնում է Եղիա մարգարեին (17, 12-13), որը նկատվում էր իբրև Տիրոջ օրվա, այսինքն՝ մեսիական ժամանակվա նախակարապետը (Մղք 3, 23; Մտթ 11, 14; 17, 10-13). այս կերպ վավերականացված է տեսնում Հիսուսի մեսիական արժանապատվությունն ու հեղինակությունը։ Հովհաննեսի ու Հիսուսի միջև հաստատվում են շատ սերտ հարաբերություններ։ Երկուսն էլ քարոզում են դարձի գալու անհրաժեշտությունը և Աստծո Արքայության գալուստը (3, 2; 4, 17), միևնույն կշտամբանքներն արձակելով դպիրների ու փարիսեցիների դեմ (3, 7; 12, 34; 23, 33)։ Երկուսն էլ ժողովրդի կողմից ընդունվում էին իբրև մարգարեներ (21, 26.45) և երկուսն էլ կրում են երկրի կրոնական իշխանությունների ընդդիմությունը։ Մատթեոսի համար Հովհաննեսը կամուրջ է Հին և Նոր Կտակարանների միջև. Հովհաննեսի և Հիսուսի գործի միջև գոյություն ունի մի անընդհատ շարունակականություն, և Հիսուսն Ինքն էլ ընդունում է այն եզակի դերը, որ Հովհաննեսը խաղում է Աստծո փրկարար ծրագրերի ներսում (11, 11.13)։
գ.2) Մարկոսի Ավետարանում, Հովհաննես Մկրտիչը ներկայացվում է որպես ծածուկ կերպով գործող Եղիա, որի տառապանքները նախապատրաստում են Տիրոջ ճանապարհը և իբրև օրինակ են ծառայում հալածյալ քրիստոնյաների համար։ Ավետարանի ներածության մեջ Մարկոսը ենթադրում է, որ Հովհաննեսը կատարում է Եղիայի պաշտոնը (1, 2-3), քանի որ Մեսիայի գալուստը նախապատրաստում է քարոզելով ապաշխարությունը. հիրավի, դա էր լինելու երկիր վերադարձած Եղիայի գլխավոր դերակատարություններից մեկը (Մղք 3, 23; Սրք 48, 10)։ Եղիայի հետ Մկրտչի հավասարեցումը, սակայն, պետք է ծածուկ մնար, այնպես՝ ինչպես Հիսուսի մեսիական արժանապատվությունը, մինչև հարության ժամանակը (9, 9)։ Նախակարապետի գլխատման մանրամասն նկարագրությունը, – որը տառապում ու պայքարում է խավարի ու ստորացման մեջ, անպատվաբեր մահվան ենթարկվելով, – Քրիստոսի կրելիք վախճանի նախանշաններից էր։ Մարկոսի համաձայն, Մկրտիչը տառապեց Եղիայի նման և այդ տառապանքի միջոցով խորհրդավոր կերպով մասնակցեց Մեսիայի առաքելությանը։
գ.3) Ղուկաս Ավետարանիչը Հովհաննես Մկրտչին նկատում է Փրկության պատմության մեծ համայնապատկերի ներսում, որովհետև Հովհաննեսով սկսվում է մարգարեությունների կատարման ժամանակը, բայց նրա գործը լիովին բաժանված ու առանձնացված է մնում Հիսուսի գործից։ Նախակարապետի գործունեությունը որպես Մեսիայի գալստյան պատրաստություն՝ նկատվում է որպես Աստծո փրկագործ տնօրենության կենտրոնական դարաշրջանի առաջին հանգրվանը։ Հովհաննեսը մարգարեներից վերջինն է և Ղուկասի կողմից չի նույնացվում ո՛չ Եղիայի, ո՛չ էլ վախճանաբանական մարգարեի հետ։ Աղոթքի ու ծոմապահության ճգնակենցաղ կյանք է վարում, քանի որ հոգևոր կյանքի մեծ ուսուցիչներից մեկն է։ Հովհաննեսը Ղուկասի համար մնում է իբրև Հին Կտակարանի անձնավորություններից մեկը, ամբողջովին ստորադաս է Քրիստոսին, այնպես՝ ինչպես ստորադաս են Օրենքն ու Մարգարեները։ Մանավանդ թե, Մկրտիչն իր կատարմանն է հասցնում Հին Կտակարանի սպասումը, որովհետև մոտակա դատաստանի, ապաշխարության և հասարակական պարտավորությունների իր քարոզչությամբ բացում է փրկագործ ծրագրի երկրորդ հանգրվանի ընթացքը, որն անմնացորդ կերպով կենտրոնացած է Քրիստոսի վրա։
գ.4) Չորրորդ Ավետարանում Մկրտիչը, որ նույնացվում է ձայնի հետ (1, 23), վկայություն է տալիս Հիսուսին իբրև առաջին քրիստոնյան, որ դավանում է Եկեղեցու զատկական հավատքը, դառնալով Քրիստոսի ճշմարիտ քարոզչի գաղափարային նախապատկերը։ Հովհաննեսը ճանաչում և հռչակում է Քրիստոսի հավիտենական նախագոյությունը (1, 15.30), Նրա աստվածային արժանապատվությունը (1, 30), խաչի մահվան միջոցով Նրա բերած փրկությունը (1, 29.36)։ Նախակարապետի համաձայն՝ Հիսուսը փեսան է (3, 29), Աստծո Որդին (1, 34), Նա, որի վրա հանգչում է Սուրբ Հոգին և ով մկրտում է Սուրբ Հոգու մեջ (1, 32-33), աշխարհի մեղքերը ջնջող Գառն է (1, 29)։ Ինքն իր մասին խոսելով, Հովհաննես Մկրտիչը հերքում է, թե ինքն է Մեսիան, Եղիան կամ մարգարեն, որ գալու էր (1, 20-21). ինքը պարզապես փեսայի ընկերն է (3, 29), որ աստվածային հատուկ հայտնություն է ունեցել (1, 32-34) և առաքվել է վկայելու մարդացյալ Բանին(*), որպեսզի ամեն ոք հավատա Նրան (1, 7)։

 
դ) Պատմական շրջանակը։

Ավետարանական տարբեր պատմությունները, չորս Ավետարանիչների աստվածաբանական զանազան մեկնաբանությունները, Հիսուսի կողմից Մկրտչի վերաբերյալ կատարված վկայությունները հիմնվում են պատմական ամուր հիմքի վրա։
դ.1) Մարգարեն։  – Հովհաննես Մկրտիչը՝ Աբիայի տոհմից սերող (Նեե 12, 4.17; 1Մն 24, 10) Զաքարիա քահանայի և ահարոնյան տոհմից սերող (Ղկս 1, 5) Եղիսաբեթի որդին, ծնվել է Հերովդես Մեծի օրոք (Ք.ա. 40-4թթ.)։ Պատանի հասակում քաշվել է Հուդայի անապատ։ Առնվազն 32 տարեկան հասակում, Ք.հ. 27-29 թվականների միջև ընկած ժամանակահատվածում սկսել է իր մարգարեական գործունեությունը Հորդանանի հովտում, բնակելի տարածքներից հեռու գտնվող վայրերում։ Չմշակված մորթուց կարված զգեստ էր հագնում (Մտթ 7, 15) և ճգնողական կուսակրոն կյանք էր ապրում, մսի փոխարեն վայրի մորեխներ ու մեղր ուտելով։ Հին ժամանակների մարգարեների օրինակին հետևելով, ինչպիսիք էին Եղիան, Երեմիան և Եզեկիելը, ավետում էր ժողովրդի վրա հասնելիք Աստծո մոտակա դատաստանը և դարձի գալու անհրաժեշտությունը։ Իր խոսքն ուղղում էր ամբողջ ժողովրդին, նաև բարեպաշտներին ու օրենքը պահպանողներին, բոլորին հրավիրելով արմատական փոփոխության, որը չի կայանում սոսկ բարոյական բարելավման, այլ նախևառաջ՝ կրոնական ապահովությունից ու ինքնաբավությունից հրաժարման մեջ։ Հովհաննեսի պատգամը պարունակում էր վախճանաբանական ու բարոյական արձագանքներ, որոնց նպատակն էր ընդգծել ապաշխարության անհետաձգելի անհապաղությունը։ Ոչ մի արժեք չունեն ազգության, աստվածային ընտրության կամ կրոնական ավանդության վրա հիմնված առանձնաշնորհությունները. Աստված պահանջում է անձնական կոնկրետ հարում Իր կամքին, մովսեսական օրենքի պահպանման և հասարակական արդարության գործադրման հետ միասին (Մտթ 3, 8-10; Ղկս 3, 8)։
դ.2) Մկրտողը։  – Նրանք, ովքեր ընդունում էին իր պատգամը և խոստովանում էին իրենց մեղքերը, ընկղմվում էին Հորդանանի ջրերի մեջ։ Զղջմանը միացած մկրտությունը ապահովում էր փրկություն մոտակա դատաստանի ժամանակ և նախապատրաստում էր Աստծո Արքայության գալստյանը։ Հովհաննեսի մկրտությունն ինքնատիպ բնույթ ուներ, որով տարբերվում էր հրեական միջավայրում կատարվող նմանօրինակ ա՛յլ արարողություններից. կատարվում էր հոսող (կենդանի) ջրի մեջ (Մրկ 1, 5.9; Հվհ 3, 23), անձամբ Մկրտչի ձեռամբ, տվյալ անձի կյանքում միայն մեկ անգամ։ Հիսուսը նույնպես մկրտվեց Հովհաննեսի ձեռամբ։
դ.3) Կարապետը։  – Հովհաննեսն ավետում էր նաև իրենից ավելի հզոր մեկի գալուստը (Մտթ 3, 11; Մրկ 1, 7; Ղկս 3, 16; Հվհ 1, 15.24), այսինքն՝ մի անդրանցական Մեսիայի, որը մարդկանց մկրտելու էր Սուրբ Հոգիով և կրակով, հոգեպես մաքրագործելով նրանց, ովքեր ընդունում են փրկությունը, և պատժելով անզեղջ մեղավորներին։ Այդ Մեսիան տիեզերական դատավորն է, որը մարդկանց ճակատագիրը որոշում է նրանց կյանքի ուղղաշավիղ վարքի չափանիշի համաձայն (Մտթ 13, 30.40-42)։
Ավետարանների ընթերցումից այնպիսի տպավորություն է առաջանում, որ Հովհաննեսը կամաց կամաց է լիովին գիտակցել Հիսուսի ինքնությունն իբրև Մեսիա։ Հիսուսի մեսիական ոճը, որով Արքայության ավետարանը քարոզում էր աղքատներին, բժշկում էր հիվանդներին (Մտթ 4, 23; 5, 3), չէր մերժում և Իրենից չէր հեռացնում մեղավորներին, գրեթե հուսախաբության պատճառ է հանդիսանում Հովհաննեսի ու իր աշակերտների համար, որոնք վախճանաբանական (ապոկալիպտիկ) մի բարենորոգողի էին սպասում հրեական հասարակության և դրա քաղաքական ու կրոնական հիմնարկների համար (Մտթ 11, 2-6; Ղկս 7, 10-13)։ Հիսուսի մեսիական ծրագիրը, որ պետք է ավարտվեր Երուսաղեմում խաչի վրա կնքված անպատիվ մահով, զարմացրել ու գրեթե գայթակղեցրել էր Հովհաննեսին ու իր աշակերտներին։ Սա նշանակում է, որ Մկրտիչը նույնպես ենթարկվել է հավատքի փորձությանը և կարիքն է ունեցել վերընթերցելու Հիսուսի ամբողջական գործունեությունը Հին Կտակարանի մարգարեությունների լույսի ներքո։
Հիսուսը հանձինս Հովհաննեսի ճանաչում էր Աստծուց առաքված մի այր, որի նկատմամբ մեծ հարգանք էր տածում (Մտթ 11, 9.11; Ղկս 7, 26-28) և նրա գործունեության մեջ տեսնում էր Աստծո Արքայության մոտակա հաստատման նշանները (Մտթ 11, 11)։
դ.4) Մարտիրոսը։  – Քանի որ իր գործունեությունը տարածել էր նաև Պերեայում, ժողովրդական մի յուրահատուկ շարժում հարուցելով (Հվհ 3, 23), Հովհաննեսը ձերբակալվում է Հերովդես Անտիպասի հրամանով, բանտարկվում է Մաքերոնտեսի ամրոցում, իսկ հետո դատապարտվում է գլխատման (Մտթ 14, 3-12; Մրկ 7, 7-29; Ղկս 3, 19-20)։

 
Հովհաննես Մկրտիչը Հին Կտակարանի վերջավորությանը և Նոր Կտակարանի սկզբնավորությանը ներկայանում է որպես եզակի ու արտասովոր կերպար, մոտակա դատաստանի հստակ գիտակցությամբ, քարոզելով բարոյական դարձը և ավետելով իրեն միայն բնորոշ մի մեսիանականություն, որը չի նույնանում ո՛չ աստվածաշնչյան (դավթյան, եսայիական ու դանիելյան), ո՛չ էլ հեսսենական մեսիանականության հետ։ Իր հերոսական կյանքը նա կնքում է արյան վկայությամբ։

(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։