Հուստինոս (Սուրբ, Մարտիրոս, Եկեղեցու Հայր, փիլիսոփա) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Հ
Հուստինոս (Սուրբ, Մարտիրոս, Եկեղեցու Հայր, փիլիսոփա)

Սուրբ Հուստինոսը, որ հայտնի է նաև Հուստինոս Մարտիրոս կամ Հուստինոս Փիլիսոփա անուններով (Ֆլավիա Նէապոլիս, մոտ 100 թ. - Հռոմ, 162-168 թթ. միջև), եղել է քրիստոնյա մարտիրոս, փիլիսոփա և ջատագով, հեղինակը « Երկխոսություն Տրիփոն Հրեայի », « Քրիստոնյաների առաջին ջատագովություն » և « Քրիստոնյաների երկրորդ ջատագովություն » աշխատությունների։ Նրան ենք պարտական նաև Սուրբ Պատարագի ծիսակատարության ամենահին նկարագրությունը։
Եղել է քրիստոնյա առաջին փիլիսոփաներից մեկը և համարվում է փիլիսոփաների Պաշտպան Սուրբը։ Որպես Սուրբ է մեծարվում Կաթոլիկ Եկեղեցու կողմից, որը նրան դասում է Եկեղեցու Հայրերի շարքը, և Բյուզանդական ավանդության Եկեղեցիների կողմից։ Հիշատակը տոնվում է Հունիսի 1-ին։
Նրա մասունքները գտնվում են Սուրբ Սեղբեստրոս Պապի անունը կրող եկեղեցու Ավագ Խորանի ներքո, Հռոմում։

 


Կենսագրությունը

 

Հուստինոսը, որն իրականում հաճախ ինքն իրեն անվանում էր սամարացի, հաշվի առնելով իր անունը և անունն իր հոր – Բակքեոս – , ավելի շուտ թվում է լատինական կամ հունական ծագում ունեցող։ Իր ընտանիքը հավանաբար քիչ ժամանակ է, ինչ հաստատվել էր Պաղեստինում, հետևելով հռոմեական զորքերին, որոնք մի քանի տարի առաջ պարտության էին մատնել հրեաներին և կործանել էին Երուսաղեմի Տաճարը։
Ինչպես պատմում է Հուստինոսն ինքը « Երկխոսություն Տրիփոն Հրեայի հետ » աշխատությունում, դաստիարակվել է հեթանոսության մեջ և ստացել է փայլուն կրթություն, որը նրան հնարավորություն է տվել խորացնելու իր ուսումնասիրությունները այն խնդիրների շուրջ, որոնք իրեն ամենահոգեհարազատն էին, այսինքն՝ փիլիսոփայական հարցերը։ Պատմում է, որ ճշմարտության իր սաստիկ տենչը մղել է իրեն հաճախելու բազմաթիվ փիլիսոփայական դպրոցներ։ Ոչ մի օգտակարություն չի գտել ստոիկների մոտ, քանի որ Աստծո խնդիրը փիլիսոփայական այդ դպրոցի համար էական չէր։ Ապա հաճախել է պերիպաթետիկ դպրոցը, բայց այդ ուղղության փիլիսոփաների մոտ ևս չի գտել այն, ինչ փնտրում էր։ Գնացել է մի պյութագորյան փիլիսոփայի մոտ, որն իրեն հորդորել է նվիրվել երաժշտության, աստղագիտության և երկրաչափության արվեստներին։ Բայց Հուստինոսը, որ չափազանց կենտրոնացած էր « ճշմարտությանը » և « Աստծո ճանաչողությանը » հասնել կամենալու վրա, վատնված ժամանակ էր համարել այդ առարկաների վրա կանգ առնելը։
Վերջում հաճախել է մի պղատոնական դպրոց. փիլիսոփայական այդ դպրոցի ուսուցիչներից մեկը որոշ ժամանակ է, ինչ հաստատվել էր այն քաղաքում, ուր ապրում էր Հուստինոսի ընտանիքը։ Փիլիսոփայական մտքի այդ ուղղության մեջ Հուստինոսը սկզբում կարծում է, թե գտել է այն, ինչ փնտրում էր։ « Անմարմին իրականությունների ճանաչումը և Գաղափարների հայեցողությունը գրգռում էր իմ միտքը », ասում է Հուստինոսը։ Ուստի համոզվում է, որ սա շուտով հասցնելու էր իրեն « Աստծո տեսությանը », ինչը որ համարում էր փիլիսոփայության նպատակը։ Որոշում է քաղաքից հեռու քաշվել միայնության մեջ, բայց այդ անմարդաբնակ վայրում հանդիպում է մի ծեր միայնակյացի, որի հետ սկսում է մի լուրջ և կուռ երկխոսություն, որի կենտրոնական նյութն էին Աստված և թե ի՛նչ է հարկավոր անել սեփական կյանքի հետ։ Աստծո վերաբերյալ իր գաղափարը ծերունուն հայտնելուց հետո, – « Նա, ով միշտ հավասար է Ինքն Իրեն և որ գոյության պատճառն է մյուս բոլոր իրականությունների. սա՛ է Աստված » – միայնակյացը նրան խորհուրդ է տալիս մտորել մի տեսանկյան վրա, որը Հուստինոսի ուշադրությունից թերևս վրիպել էր. փիլիսոփաներն ինչպե՞ս կարող են սոսկ իրենց մտքի ուժով անսխալ գաղափարներ կազմել Աստծո մասին, եթե Նրան երբևէ ո՛չ տեսել են, ո՛չ էլ լսել։ Եվ այդպիսով մղում է երիտասարդին մտածելու այն այրերի մասին, որոնք համարվել են « աստվածահաճո » և « Աստծո կողմից լուսավորված », այսինքն՝ Մարգարեները, որոնք անցյալ ժամանակներում խոսել էին Աստծո մասին և « մարգարեացել էին Իր Անունով », ի մասնավորի՝ « Որդու գալուստը աշխարհ » և « Նրա միջոցով » հնարավորությունը՝ ունենալու « աստվածային ճշմարիտ ճանաչողությունը »։
Այս փորձառությունից հետո Հուստինոսը դարձի է գալիս Քրիստոնեության և իր մնացած ողջ կյանքի ընթացքում կրթում ու դաստիարակում է աշակերտներին, գործածելով մյուս փիլիսոփայական դպրոցների կողմից գործածված նույն սխեմաները։ Այս հանդիպումից բացի, որը որոշիչ դեր էր խաղացել իր դարձի համար, Հուստինոսը մատնանշում է մի ա՛յլ փաստ ևս, որն իրեն խրախուսում էր հավատքի մեջ. « Արդարև ես ինքս, որ ինձ գոհացած էի համարում Պղատոնի ուսուցումներով, լսելով, որ քրիստոնյաները մեղադրվում էին, բայց տեսնելով, թե նրանք որքան անվախ էին մահվան և սարսափելի համարվող բոլոր չարչարանքների դիմաց, համոզվում էի, որ անհնարին էր, որ նրանք ապրեին մոլության ու ցանկասիրության մեջ »։
Հուստինոսը շատ է ճամփորդում, գնում է Հռոմ մի առաջին անգամ, իսկ երբ վերադառնում է, այնտեղ բացում է քրիստոնեական դրոշմ ունեցող փիլիսոփայական դպրոց, նրա ուսուցումները շատ էին պնդում քրիստոնեական հավատքի բանական հիմքերի վրա։ Այս մոտեցումը, որ շատ տարբեր էր ավանդական մոտեցումներից, բազմաթիվ հակառակություններ է հարուցում և՛ հենց քրիստոնյաների, և՛ որոշ փիլիսոփաների, հատկապես ցինիկ Կրեշենցիուսի կողմից։
Հուստինոսի բացահայտ ու անվախ հավատքը հասցնում է նրան մարտիրոսության։ Մահվան է դատապարտվում Ջունիուս Ռուստիկուսի կողմից, որը Հռոմի կուսակալն էր և Մարկուս Աուրելիուս կայսեր ընկերը, 163-167 թվականների միջև, հետևյալ խոսքերով. « Նրանք, ովքեր հրաժարվում են զոհեր մատուցել աստվածներին և ենթարկվել կայսերական հրամանագրին, թող որ մտրակվեն և ենթարկվեն ամենածանր պատժին՝ մահապատժին, ըստ գործող օրենքների »։
Պահպանվել է այդ դատի դատական արձանագրությունը. « Martyrium SS. Justini et sociorum VI » - « Վկայաբանություն Սբ. Հուստինոսի և վեց ընկերների »։ Հուստինոսին գլխատում են իր աշակերտներից վեցի՝ Կարիտոնեսի և նրա քույր Կարիտոսի, Եվելպիստոս Կապադովկիացու, կայսերական պալատի ստրուկ Հերակիոս Ֆրիգիացու, Պեոնեսի և Լիբերիանոսի հետ։
Հուստինոսին ենք պարտական Սուրբ Պատարագի ծիսակատարության ամենահին նկարագրությունը։ Նա առաջինն է եղել, որ գործածել է փիլիսոփայական տերմինաբանությունը քրիստոնեական մտածողության մեջ և հաշտեցրել է քրիստոնեական հավատքն ու բանականությունը։ Կտրուկ արտահայտություններով ընդդիմացել է հեթանոսական կրոնին և նրա կեղծ առասպելներին, մինչ գերադասել է հանդիպումն ու երկխոսությունը փոլիսոփայական մտածողության հետ։

 


Քրիստոնյաների Առաջին Ջատագովությունը

 

« Ես՝ Հուստինոսս, Պրիսկիացի, որդի Բակքեոսի, ծնունդով Պաղեստինյան Ասորեստանի քաղաք Ֆլավիա Նէապոլսից, շարադրեցի այս ճառը և այս աղերսագիրը ի պաշտպանություն որևէ ժողովրդի պատկանող մարդկանց, որոնք անարդարացի կերպով ատված են ու հալածված․ ես, որ նրանցից մեկն եմ » (Առաջին Ջատագովություն, Ա 2)։

« Քրիստոնյաների Ջատագովություն » զույգ աշխատություններն ուղղված են Անտոնինուս Պիուս կայսրին և Հռոմեական Սենատին։ Նրանցում առաջ է քաշվում թեման, որն հետագայում ընդարձակ կերպով զարգացվելու էր քրիստոնեական ջատագովության կողմից, այսինքն՝ քննադատությունը այն գործելաոճի, որը տարածված էր հռոմեական դատարանների մոտ, որով քրիստոնեական կրոնին սոսկ պատկանելությունն արդեն բավարար պատճառ էր համարվում մահապատժի կամ ա՛յլ տեսակի ծանր պատիժների համար։
Սրանից բացի, Հուստինոսը վիճաբանում է հեթանոսների հետ հռոմեական հասարակության ներքին մի քանի հակասությունների վերաբերյալ, օրինակ՝ նկատել է տալիս, թե ինչպես, մինչ քրիստոնյաները մահվան են դատապարտվում, որովհետև համարվում են անաստվածներ, բազմաթիվ հույն և լատին փիլիսոփաներ բացահայտ կերպով դավանում են անաստվածությունը (աթեիզմը) առանց որևէ հետևանք կրելու։
Հետաքրքրական է, ապա, փաստը, որ Հուստինոսը առատորեն մեջբերումներ է կատարում համաբարբառ Ավետարանների հատվածներից՝ ներկայացնելու համար քրիստոնեական ուսուցումները։ Բայց է՛լ ավելի նշանակալի են նրա ջատագովական փորձերը՝ համոզելու համար հեթանոսներին Քրիստոնեության ճշմարտությանը շնորհիվ դասական հեղինակների գործերից կատարված մեջբերումների, և՛ փիլիսոփաներից (ինչպես Սոկրատից ու Պղատոնից), և՛ առասպելաբանություններից (ինչպես Հոմերոսից ու Սիբիլլայից), որոնք մերձեցվում են Ավետարանի և Հին Կտակարանի հատվածներին։

« Մենք ուսանել ենք, որ Քրիստոսն Աստծո Առաջնեկն է, և հիշեցինք, որ Նա Լոգոսն է, որին մասնակցում է մարդկային ողջ զարմը։ Նրանք, ովքեր ապրել են Լոգոսի համաձայն, քրիստոնյաներ են, նույնիսկ եթե համարվել են անաստվածներ, ինչպես, Հույների մոտ, Սոկրատն ու Հերակլիտը, և ուրիշ նմաններ։ [...] Հետևաբար, նրանք, ովքեր ապրել են Քրիստոսից առաջ, բայց ո՛չ Լոգոսի համաձայն, չարագործներ են եղել, Քրիստոսի թշնամիներ և սպանողներ նրանց, ովքեր ապրում էին Լոգոսի համաձայն. ընդհակառակն, ովքեր ապրել են և ապրում են Լոգոսի համաձայն, քրիստոնյաներ են, ենթակա չեն վախերի ու խռովքների » (Առաջին Ջատագովություն, էջ 52)։

Աշխատությունն ավարտվում է մի դիմումնագրով, որը պարունակում է Ադրիանոս կայսեր նամակներից մեկը, որը Հուստինոսին ծառայում է ցույց տալու համար, որ կայսերական հեղինակությունը ևս այն կարծիքին էր, որ քրիստոնյաները պետք է դատվեին իրենց գործերի համաձայն, և ո՛չ թե նախապաշարումներից մղված. պարունակում է նաև Մարկուս Աուրելիուս կայսեր նամակներից մեկը և « Անձրևի հրաշքի »ի պատմությունը մարկոմաննիկական պատերազմների ժամանակ։

 


Երկխոսությունը Տրիփոն Հրեայի հետ

 

« Փիլիսոփայությունն, արդարև, բարիքներից ամենամեծն է և ամենաթանկարժեքը Աստծո աչքին. միակը, որ առաջնորդում է դեպի Նա և միավորում է Նրան. և հիրավի Աստծո այրերն են նրանք, ովքեր իրենց հոգիները նվիրել են փիլիսոփայությանը » (Երկխոսություն, էջ 47)։

Արդեն հիշատակված « Քրիստոնյաների Առաջին Ջատագովություն » (հունարեն՝ Ἀπολογία πρώτη ὑπὲρ Χριστιανῶν πρὸς Ἀντωνῖνον τὸν Εὐσεβῆ, լատիներեն՝ Apologia prima pro Christianis ad Antoninum Pium) և « Քրիստոնյաների Երկրորդ Ջատագովություն » (հունարեն՝ Ἀπολογία δευτέρα ὑπὲρ τῶν Χριστιανῶν πρὸς τὴν Ρωμαίων σύγκλητον, լատիներեն՝ Apologia secunda pro Christianis ad Senatum Romanum) աշխատություններից բացի, Հուստինոսը գրել է նաև « Երկխոսություն Տրիփոն Հրեայի հետ » աշխատությունը (հունարեն՝ Πρὸς Τρυφῶνα Ἰουδαῖον διάλογος, լատիներեն՝ Cum Tryphone Judueo Dialogus), որը ձոնել է ոմն Մարկուս Պոմպեուսին։
Երկխոսության նյութը համեմատությունն է հուդայականության հետ, որի հետ քրիստոնյաներն ունեն մի մեծ ընդհանրություն՝ Հին Կտակարանը, ինչը որ օգտակար հող է երկխոսության համար։ Զրույցն ընթանում է Եփեսոսում, երկու օրվա ընթացքում, Հուստինոսի և Տրիփոնի միջև, հանձինս որի որոշ պատմաբաններ տեսնում են իսկապես գոյություն ունեցած հրեա մի ռաբբին։ Երկխոսության նպատակը Քրիստոնեության ճշմարտությունը ցույց տալն է, պատասխանելով հրեական միջավայրերից հնչող գլխավոր առարկություններին։ Ի մասնավորի, Հուստինոսը կամենում է ապացուցել, որ Հիսուսին ընծայված պաշտամունքը չի հակասում միաստվածությանը, և որ Հին Կտակարանում գրի առնված մարգարեություններն իրականացել են Քրիստոսի գալստյամբ։
Երկխոսությունը կատարվում է միշտ հարգալիր ու մտերիմ ձայներանգով, և չի ավարտվում – ինչպես սովորական էր քրիստոնյա հեղինակների համար – հրեայի կողմից Մկրտության խնդրանքով։ Ինչը որ մղում է հաստատելու, որ շատ ավելի հավանական է, որ Տրիփոնը դա մտացածին անձնավորություն է, որին Հուստինոսը ստեղծել է՝ պատասխանելու համար այն կասկածներին, որոնք իր ժամանակվա հրեա քրիստոնյաները ժամանակ առ ժամանակ ունենում էին իրենց իսկ հավատքի վերաբերյալ։
Հուստինոսի « Երկխոսություն Տրիփոն Հրեայի հետ », « Քրիստոնյաների Առաջին Ջատագովություն » և « Քրիստոնյաների Երկրորդ Ջատագովություն » աշխատությունները մեզ են հասել Փարիզում պահպանվող 1364 թվականի մի ձեռագրում։

« Ես քրիստոնյա եմ, խոստովանում եմ, որ հպարտ եմ դրա համար, և որ ամեն կերպ պայքարելու եմ որպես այդպիսին ճանաչվելու համար » (Երկրորդ Ջատագովություն, էջ 48)։

 


---------------------------------

 


ՀԱՎԵԼՎԱԾ.

Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապի 2007թ.ի Մարտի 21-ի քարոզը Հռոմի Սուրբ Պետրոս հրապարակում, ի հիշատակ Սուրբ Հուստինոսի։

 


Սիրելի եղբայրներ և քույրեր,
քարոզների այս շարքում խորհրդածում ենք նորածին Եկեղեցու մեծ կերպարների շուրջ։ Այսօր խոսելու ենք փիլիսոփա և մարտիրոս Սուրբ Հուստինոսի մասին, ով Երկրորդ դարի ջատագով Հայրերից ամենակարևորն է։ « Ջատագով » բառը մատնանշում է այն հին քրիստոնյա հեղինակներին, որոնք իրենց առջև նպատակ էին դնում պաշտպանել նոր կրոնը հեթանոսների ու հրեաների ծանր մեղադրանքներից և տարածել քրիստոնեական ուսմունքը սեփական ժամանակաշրջանի մշակույթի համար ընկալելի բառապաշարով։ Այսպիսով, ջատագովների մոտ առկա է մի կրկնակի եռանդ ու հոգածություն. առաջինը, որն առավել բնորոշ կերպով ջատագովականն է, նորածին Քրիստոնեության պաշտպանությունն է (հունարենում « apologhía » նշանակում է հենց « պաշտպանություն »), իսկ երկրորդը՝ քարոզչականը, « միսիոներականը », որի նպատակն է հավատքի բովանդակությունը ներկայացնել այնպիսի բառապաշարով և մտքի այնպիսի դասակարգումներով, որ հասկանալի լինեն ժամանակակիցների համար։
Հուստինոսը ծնվել է մոտավորապես 100 թվականին հնամենի Սյուքեմ քաղաքի մոտակայքում, Սամարիայում, Սուրբ Երկրում։ Նա երկար ժամանակ փնտրել է ճշմարտությունը, պանդուխտի նման այցելելով հունական փիլիսոփայական ավանդության բազմաթիվ դպրոցներ։ Ի վերջո, – ինչպես ինքն իսկ պատմում է « Երկխոսություն Տրիփոնի հետ » աշխատության առաջին գլուխներում, – մի խորհրդավոր անձնավորություն, մի ծերունի, որին հանդիպում է ծովեզերքին, նախ ճգնաժամի է ենթարկում նրա համոզումները, ապացուցելով նրան մարդու անկարողությունը՝ միայն իր սեփական ուժերով գոհացում գտնելու դեպի աստվածայինն ուղղված իր բաղձանքին։ Ապա հանձինս հին մարգարեների մատնացույց է անում անձանց, որոնց հարկավոր է դիմել՝ գտնելու համար առ Աստված տանող ճանապարհը և « ճշմարիտ փիլիսոփայությունը »։ Հրաժեշտի պահին, ծերունին հորդորում է նրան նվիրվել աղոթքի, որպեսզի իր առջև բացվեն լույսի դռները։ Այս պատմությունը խորհրդավոր կերպով ներկայացնում է Հուստինոսի կյանքի առանցքային իրադարձությունը. ճշմարտության որոնման փիլիսոփայական երկարատև ընթացքի ավարտին նա խարիսխ է գցում քրիստոնեական հավատքի նավահանգստում։ Դպրոց է հիմնում Հռոմում, ուր աշակերտներին ձրիաբար ուսուցանում էր նոր կրոնը, որը նկատում էր որպես ճշմարիտ փիլիսոփայությունը։ Նրանում, հիրավի, գտել էր ճշմարտությունը և, հետևաբար, ճիշտ ձևով ապրելու արվեստը։ Մեղադրվում է քրիստոնյա լինելու համար և գլխատվում է մոտ 165 թվականին, Մարկուս Աուրելիուս փիլիսոփա կայսեր օրոք, որին Հուստինոսն ինքը հասցեագրել էր իր Առաջին Ջատագովությունը։
Այս երեքն են – երկու Ջատագովությունները և Երկխոսությունը Տրիփոնի հետ – Հուստինոսի գրչին պատկանող միակ աշխատությունները, որ հասել են մեզ։ Դրանց մեջ հեղինակն իբրև նպատակ է հետապնդում լուսաբանել նախևառաջ արարչության և փրկության աստվածային ծրագիրը, որն ի կատար է ածվում հանձինս Հիսուս Քրիստոսի՝ Լոգոսի, այսինքն՝ հավիտենական Բանի, հավիտենական Բանականության, արարիչ Մտքի։ Յուրաքանչյուր մարդ, քանի որ բանական արարած է, մասնակցում է Լոգոսին, Նրանից իր մեջ կրում է մի « սերմ », և կարող է ընկալել ճշմարտության նշույլները։ Այսպիսով, նույն Ինքը Լոգոսը, որ հայտնվել է որպես մարգարեական կերպար հրեաներին Հին Օրենքի մեջ, մասնակի կերպով հայտնվել է նաև հունական փիլիսոփայության մեջ, կարծես « ճշմարտության սերմեր »ով։ Արդ, եզրակացնում է Հուստինոսը, քանի որ Քրիստոնեությունը Լոգոսի պատմական և անձնական հայտնությունն է Իր ամբողջության մեջ, դրանից հետևում է, որ « այն ամեն գեղեցիկը, որ արտահայտվել է որևէ մեկի կողմից, պատկանում է մեզ՝ քրիստոնյաներիս » (Երկրորդ Ջատագովություն, ԺԳ 4)։ Այսպիսով Հուստինոսը, հունական փիլիսոփայությունն իր հակասությունների համար քննադատելով հանդերձ, վճռական կերպով դեպի Լոգոսն է կողմնորոշում փիլիսոփայական բոլոր ճշմարտությունները, բանական տեսանկյունից դիտված հիմնավորելով քրիստոնեական կրոնի ճշմարտության ու ընդհանրականության եզակի « պահանջ-ձգտումը »։ Եթե Հին Կտակարանը ձգտում է դեպի Քրիստոսն այնպես, ինչպես պատկերը կողմնորոշում է դեպի պատկերված իրականությունը, հունական փիլիսոփայությունը ևս կողմնորոշված է դեպի Քրիստոսն ու Ավետարանը այնպես, ինչպես մի մասը ձգտում է միանալ ամբողջին։ Եվ ասում է, որ այս երկու իրականությունները՝ Հին Կտակարանն ու հունական փիլիսոփայությունը, նման են երկու ճանապարհների, որ տանում են դեպի Քրիստոսը՝ Լոգոսը։ Ահա՛ թե ինչու հունական փիլիսոփայությունը չի կարող հակառակվել ավետարանական ճշմարտությանը, և քրիստոնյաները կարող են մերձենալ նրան վստահությամբ, իբրև իրենց սեփական, իրենց պատկանող, իրենց հարազատ, ո՛չ օտար բարիքի։ Սրա համար է, որ իմ Երանաշնորհ Նախորդը՝ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը, Հուստինոսին սահմանեց իբրև « փիլիսոփայական մտքի հետ դրական հանդիպման ռահվիրա, զգուշավոր ընտրողություն կատարելով հանդերձ ». որովհետև Հուստինոսը, « դարձից հետո ևս հունական փիլիսոփայության հանդեպ մեծ հարգանք պահպանելով հանդերձ, ուժգին ու հստակ կերպով հաստատում էր, որ Քրիստոնեության մեջ էր գտել ''միակ ապահով և նպաստավոր փիլիսոփայությունը'' (Երկխոսություն, Ը 1) » (Կոնդակ « Fides et ratio » - « Հավատք և բանականություն », 38)։
Իրենց ամբողջության մեջ, Հուստինոսի կերպարն ու գործերը ցույց են տալիս հին Եկեղեցու վճռակամ նախընտրությունն՝ ուղղված դեպի փիլիսոփայությունը, դեպի միտքը, բանականությունը, հեթանոսական կրոնի փոխարեն։ Արդարև, քրիստոնյաները կորովի կերպով մերժեցին որևէ զիջում հեթանոսական կրոնի հետ։ Այն համարում էին կռապաշտություն, նույնիսկ եթե դրա համար մեղադրվում էին « ամբարշտության » ու « աթեիզմի՝ անաստվածության » մեջ։ Ի մասնավորի Հուստինոսը, հատկապես իր Առաջին Ջատագովության մեջ, անողոք քննադատության ենթարկեց հեթանոսական կրոնն ու իր առասպելները, որոնք իր կողմից նկատվում էին իբրև ճշմարտության ընթացքից մարդկանց շեղող դիվային « թակարդներ »։ Փիլիսոփայությունը, մինչդեռ, առանձնաշնորհյալ տարածք հանդիսացավ հեթանոսության, հուդայականության և քրիստոնեության միջև հանդիպման համար՝ հե՛նց հեթանոսական կրոնի ու իր կեղծ առասպելների քննադատության հարթության վրա։ « Մեր փիլիսոփայությունը ». այս անվամբ, առավել բացահայտ ու միանշանակ կերպով, հասավ սահմանելու նոր կրոնը Հուստինոսին ժամանակակից մի ա՛յլ քրիստոնյա ջատագով, Եպիսկոպոս Մեղիտոնես Սարդիացին (մեջբերված է Եվսեբիոսի կողմից, « Եկեղեցական Պատմություն », Դ 26, 7)։
Փաստացի, հեթանոսական կրոնը չէր ընթանում Լոգոսի ճանապարհներով, այլ՝ համառորեն կառչած էր մնում առասպելական դիցաբանությանը, չնայած որ հենց հունական փիլիսոփայության կողմից ճանաչվում էր որպես ճշմարտության մեջ որևէ հիմնավորումից զուրկ։ Ուստի, հեթանոսական կրոնի մայրամուտն անխուսափելի էր. դա տրամաբանական հետևանքն էր գոյության ճշմարտությունից կրոնի անջատման, որի պատճառով հեթանոսական կրոնը վերածվել էր արարողությունների, պայմանադրությունների ու սովորույթների արհեստական մի ամբողջության։ Հուստինոսը, և նրա հետ մյուս բոլոր քրիստոնյա ջատագովները, կնքեցին և վավերացրեցին քրիստոնեական հավատքի հստակ դիրքորոշումը հօգուտ փիլիսոփաների Աստծո, ընդդեմ հեթանոսական կրոնի կեղծ աստվածների։ Դա գոյության և էության ճշմարտության ընտրությունն էր ընդդեմ սովորույթների առասպելի։ Հուստինոսից մի քանի տասնամյակ հետո, Տերտուղիանոսը քրիստոնյաների այդ նույն ընտրությունը սահմանեց վճռական և միշտ վավերական բանաձևով. « Dominus noster Christus veritatem se, non consuetudinem, cognominavit » – « Մեր Տեր Քրիստոսը հաստատել է, որ Ինքը ճշմարտությունն է, ո՛չ թե՝ սովորույթը » (Կույսերի քողավորման մասին, Ա 1)։ Այս առումով պետք է նաև ի նկատի առնենք, որ « consuetudo » եզրը, որ Տերտուղիանոսը գործածում է հեթանոսական կրոնի վերաբերյալ, արդի լեզուներում կարող է թարգմանվել « մշակութային մոդա », « ժամանակի մոդա » արտահայտություններով։
Այնպիսի դարաշրջանում, ինչպիսին որ մերն է, որն իր վրա կրում է ռելատիվիզմի կնիքը արժեքների և կրոնի վերաբերյալ քննարկումներում, – ինչպես նաև միջկրոնական երկխոսություններում, – սա մի դաս է, որ չպետք է մոռանանք։ Այդ նպատակի համար, ձեզ կրկին առաջադրում եմ – և այսպիսով խոսքս ավարտում եմ – վերջին խոսքերը խորհրդավոր ծերունու, որին փիլիսոփա Հուստինոսը հանդիպել էր ծովեզերքին. « Դու աղոթիր նախևառաջ, որ լույսի դռները բացվեն քո առաջ, որովհետև ոչ ոք չի կարող տեսնել և ըմբռնել, եթե Աստված և Իր Քրիստոսն իրեն չեն ընձեռում հասկանալու շնորհը » (Երկխոսություն, Է 3)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։