Հրեշտակներ (ամփոփ տվյալներ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Հ
Հրեշտակներ (ամփոփ տվյալներ)
Ովքե՞ր են Հրեշտակները
 
Եկեղեցու Հավատքի բոլոր Դավանությունները հաստատում են, որ Աստված, ժամանակների սկզբում, ոչնչից ստեղծեց արարածների երկու տեսակները՝ հոգևորը և նյութականը, այսինքն՝ Հրեշտակներին և տեսանելի տիեզերքը, իսկ հետո ստեղծեց նաև մարդուն, որը մասնակցում է երկու տեսակներին միաժամանակ, քանի որ ստեղծված է հոգու և մարմնի միությամբ: Հրեշտակների ստեղծումը և գոյությունը Քրիստոնեական հավատքի դոգմաներից մեկն է:
Մարդու նման, հետևաբար, Հրեշտակները ստեղծվել են Աստծո կողմից, Նրա արարածներն են, միայն թե, ի տարբերություն մարդկանց, նրանք զուտ հոգևոր բնություն ունեն: Քանի որ հոգևոր արարածներ են, օժտված են բանական իմացականությամբ, մտքով և կամքով: Ինչպես նաև ավելացնենք, որ անձնավորված էակներ են և անմահ:
Աստված, ժամանակների սկզբում, Իր կամքի հրամանով ստեղծեց Հրեշտակների մի վիթխարի բազմազանություն, որոնք թեև բոլորն էլ միևնույն հոգևոր բնությունն ունեն, այնուամենայնիվ նրանցից մեկը մյուսից տարբերվում է գեղեցկությամբ և զորությամբ: Ընդգծենք, այդուհանդերձ, որ Հրեշտակներից ամենափոքրն ու ամենավերջինը աներևակայելիորեն ավելի գերազանց է, քան մարդկանցից որևէ մեկը:
Սուրբ Հովհաննես Ավետարանիչը, մտքով ու հոգով մինչև երկինք հափշտակված, ինչպես ինքն իսկ նկարագրում է Հայտնության իր գրքում, իր առաջ կանգնած մի Հրեշտակ տեսավ, որն այնքա՜ն վեհապանծ ու գեղեցիկ տեսք ուներ, որ Հովհաննես Առաքյալը կարծեց, թե Աստված Ինքն է, ուստի խոնարհվեց երկրպագելու նրան: Բայց Հրեշտակն իսկույն ասաց. «Ոտքի կանգնիր: Ես Աստծո ծառաներից մեկն եմ, ինչպես դու և ինչպես քո եղբայրները՝ մարգարեները, և ինչպես բոլոր նրանք, ովքեր պահպանում են այս գրքի խոսքերը: Աստծուն է, որ պետք է երկրպագես»:
 
 
Ո՞րն է Հրեշտակների պաշտոնը
 
«Հրեշտակ» բառը, որն հունարենում ասվում է «Անգեղոս», նշանակում է «Պատգամաբեր»: Այսինքն, մարդկությունն անհիշելի ժամանակներից այդ անունն է տվել հոգեղեն այդ էակներին, որովհետև հանձինս նրանց ճանաչել է Աստծո Պատգամաբերներին: Հրեշտակները մարդկանց հաղորդում են Աստծո փրկարար ծրագրերն ու պատգամները:
Աստվածաշնչում «Հրեշտակ» բառը եզակի թվով հանդիպում է 223 անգամ, իսկ «Հրեշտակներ» բառը հոգնակի թվով՝ 100 անգամ: Ուրիշ հարյուրավոր անգամներ հանդիպում ենք նրանց դասերից որևէ մեկի անվանը (Սերովբեներ, Քերովբեներ, և այլն): Աստվածաշնչում կարևոր մի պատմություն թերևս գոյություն չունի, որ կատարված չլինի Հրեշտակների գործուն մասնակցությամբ: Հին և Նոր Կտակարաններում կարող ենք բազմաթիվ պատմություններ գտնել, որտեղ Հրեշտակներն ամենայն հավատարմությամբ կատարում են իրենց պատգամաբեր առաքելությունը. Սբ. Գաբրիել Հրեշտակապետը ավետում է Հովհաննես Մկրտչի, ապա նաև Հիսուսի ծնունդը. երկու Հրեշտակներ երևում են դեպի Հիսուսի գերեզմանը շտապող կանանց և նրանց ավետում են Հարության բարի լուրը. Հրեշտակը բռնում է Աբրահամի ձեռքը և նրան արգելում է զոհաբերել Իսահակին՝ իր որդուն. ուրիշ Հրեշտակներ պաշտպանում են Ղովտին, փրկում են Հագարին և իր որդուն, վտանգաշատ ուղևորության ժամանակ առաջնորդում են Տովբիթի որդուն, այս վերջին դեպքում՝ Սբ. Ռաֆայել Հրեշտակապետը. իսկ հետո ընկերանում են նաև Առաքյալներին, Մարտիրոսներին, Սրբերին ու Արդարներին մինչև մեր օրերը և շարունակելու են ընկերանալ մարդկանց մինչև ժամանակների վախճանը և դրանից էլ անդին:
Եկեղեցու Հայրապետների ուսուցումները, միշտ Աստվածաշնչի վրա հիմնվելով, հիասքանչ կերպով նկարագրում են Հրեշտակների աշխարհը, որն անտեսանելի է մարմնի աչքերին, մանավանդ երբ դրանք պատված են բարոյական աղտերով: Հատկապես քրիստոնյա մեծագույն միստիկներից Դիոնիսիոս Արիսպագացին հափշտակության և հայեցողության մեջ տեսնում էր Հրեշտակների երկնային Նվիրապետությունը, բաժանված ինը դասերի, հիմնական երեք հարթությունների վրա:
Առաջին եռյակը Աստծուն ամենամոտ կանգնածներն են. դրանք են Սերովբեները, Քերովբեները և Գահերը: Նրանք անմիջական կերպով մասնակցում են Աստծո Լույսին, հետևյալ կերպարանքների ներքո. Սեր (Սերովբեները), Գիտություն (Քերովբեները), Զորություն (Գահերը): Նրանց մասին բազմաթիվ անգամներ խոսվում է Աստվածաշնչում, քանի որ Մարգարեները, երբ հայտնությունների ժամանակ տեսնում են Ամենակալին, միաժամանակ՝ Աստծո գահի շուրջբոլորը տեսնում են գեղեցկագույն և զորեղ Հրեշտակների. Սերովբեներին է տեսնում Եսայի Մարգարեն (Ես 6, 1-6), Քերովբեներին է տեսնում Եզեկիել Մարգարեն (Եզկ 1), Գահերին է տեսնում Հովհաննես Ավետարանիչը չորս կենդանի էակների տեսքով (Հյտ 4, 4-5): Հրեշտակների այս եռյակը Աստծո Սրբազնասուրբ Անունը պաշտողներն են, որոնք օր ու գիշեր փառաբանում են Սուրբ և Ամենակալ Արարչին: Մարդկանցից նրանց են հետևում նրանք, ովքեր անմնացորդ կերպով նվիրվում են հայեցողական կյանքին:
Երկրորդ՝ միջանկյալ եռյակը կազմված է Տերություններից, Զորություններից և Իշխանություններից: Նրանց է վստահված Աստծո կողմից արարված տիեզերքի անմիջական կառավարումը ընդհանուր գծերով:
Երրորդ եռյակը ամենամոտն է մարդկային աշխարհին և կազմված է Պետություններից, Հրեշտակապետներից և Հրեշտակներից:
 
 
Ի՞նչ տեսք ունեն Հրեշտակները
 
Հրեշտակների մասին խոսելիս, մեր երևակայության աչքերի դիմաց գծագրվում է խորհրդավոր երիտասարդի դասական պատկերը, գեղեցիկ դիմագծերով, երկար սպիտակ զգեստով և անպայման՝ ձյունաճերմակ հոյակապ թևերով:
Չենք կարող ասել, թե սխալ է նրանց այդպես պատկերացնելը, ինչպես նաև չենք կարող ասել, թե այդ կերպարանքն ամբողջովին այլաբանական է: Աստվածաշնչում էլ նրանք այդ կերպարանքով էին հայտնվում Նահապետներին կամ Առաքյալներին: Բայց քանի որ նրանք մարմնավոր էակներ չեն, հետևաբար առանց սխալվելու վախի կարող ենք հաստատել, որ այդ կերպարանքը նրանք ընտրում և ընդունում են պարզապես մեր հետ հաղորդակցության մեջ մտնելու համար: Իրականում նրանց էությունը հոգեղեն է և լուսեղեն, ուստի ո՛չ կարող է պատկերացվել մարդկային երևակայության սահմաններում, ո՛չ էլ կարող է ընկալվել մարմնական տեսողությամբ:
Մշտական երիտասարդությունը խորհրդանշում է նրանց դուրս լինելը ժամանակի սահմաններից, ուր գոյություն չունի տարիքների հերթափոխ. խորհրդանշում է նաև նրանց ուժն ու կորովը և մասնակցությունը Աստվածային երանությանը: Իսկ թևերը խորհրդանշում են նրանց մշտարթուն պատրաստակամությունը՝ գործադրելու Տիրոջ հրամանները և աննյութական թռիչքի արագությամբ օգնության հասնելու իրենց խնամքին հանձնված մարդկանց, եթե վերջիններս իրենց ազատ կամքով կամենում, խնդրում և ընդունում են այդ օգնությունը:
 
 
Ովքե՞ր են Պահապան Հրեշտակները
 
Հավատքի կետերից մեկն է նաև իրականությունը, որ մարդկանցից յուրաքանչյուրն ունի իր Պահապան Հրեշտակը: Մեր ծննդյան առաջին վայրկյանից մինչև մեր մահը նա մեզ ընկերակցում է իր հոգևոր պաշտպանությամբ և բարեխոսությամբ: Քրիստոնեական Հավատքի համաձայն, մարդն Աստծուց իրեն Պահապան Հրեշտակ է ստանում ծնվելու պահին, քանի որ ներարգանդային կյանքի ամիսներին գտնվում է իր մոր Պահապան Հրեշտակի խնամքի ներքո:
Պահապան Հրեշտակի միջամտությունը մեր կյանքում, սակայն, կատարվում է խորհրդատվության կերպարանքի ներքո և մազաչափ անգամ չի ազդում ազատ գործելու մեր կարողության վրա: Պահապան Հրեշտակը մարդուց այսպես ասած þþերես չի թեքումþþ ո՛չ մի դեպքում, նույնիսկ եթե նա ընկնում է հաճախակի և ծանր մեղքերի մեջ. ընդհակառակը, մեղմ շշնջալով նրա խղճին, ամեն կերպ աշխատում է վերադարձնել նրան Աստծո ճանապարհների վրա, բայց կրկնում ենք, երբեք չբռնանալով նրա ազատ կամքի վրա. զորեղ այդ էակներն ամբողջովին անզոր են առանց մեր ազատ կամքի գործակցության: Այդքա՜ն հարգանք ունեն նրանք մարդու նկատմամբ: Իրականում, Պահապան Հրեշտակն է այն ամենահավատարիմ ընկերը, որին մարդու սիրտը փափաքում է մի բնածին մղումով: Կարևոր է մարդու համար՝ խոսել իր Պահապան Հրեշտակի հետ, և արտոնել նրան՝ առաջնորդելու իրեն դեպի Աստված:
 
***
 
Հրեշտակների և Պահապան Հրեշտակին ուղղված աղոթքներ տե՛ս այս հղմամբ։
Սուրբ Միքայել Հրեշտակապետին ուղղված աղոթքներ տե՛ս այս հղմամբ։