Հրեշտակներ (աստվածաշնչյան ակնարկ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Հ
Հրեշտակներ (աստվածաշնչյան ակնարկ)

Նոր Կտակարանի բնագրերը գործածում են հունարեն « ἄγγελος » եզրը, որը – ինչպես և հայերեն հրեշտակ եզրը – նշանակում է պատգամաբեր, առաքյալ։ Ուստի անունը, որով մատնանշվում են, չի վերաբերվում նրանց բնությանը, այլ՝ գործունեությանը։ Աստվածաշունչը նրանց ներկայացնում է որպես Աստծո կողմից ստեղծված զուտ հոգևոր, անմարմին ու անմահ, բանականությամբ և կամքով օժտված անձնավոր էակներ։ Քանի որ հոգիներ են, իրենց գոյության համար նյութական մի վայրի կարիքը չունեն, բայց նյութական վայրերում կարող են ներկա լինել իրենց գործով ու ազդեցությամբ։

 

ա) Հրեշտակների գործունեությունը

Իրենց զուտ հոգևոր բնության պատճառով, հրեշտակները գտնվում են Աստծո և մարդկանց, անդենական Արարչի և նյութի ու հոգու միությամբ ստեղծված էակի՝ մարդու միջև։ Այս իսկ պատճառով էլ նրանց գործունեությունը երկկողմանի է. մեկն ուղղված է Աստծուն, մյուսը՝ մարդկանց։
ա.1) Հրեշտակները Աստծո արքունիքի անդամներն են (Դն 7, 10), Նրա զորքերը (Սղմ 148, 2; Մտթ 26, 53; Ղկս 2, 13)։ Հրեշտակները տեսնում են Աստծուն (Մտթ 18, 10), գովերգում են Նրան և երգում են Նրա փառքը (Ես 6, 1-4; Հյտ 5, 11-12)։
ա.2) Բայց ավելի մանրամասն կերպով նկարագրվում է պաշտոնը, որ հրեշտակները կատարում են ի նպաստ մարդկանց։ Հին Կտակարանում ներկայացվում են իբրև Աստծո դեսպանները, որ առաքվում են հայտնելու համար Նրա կամքը (Դատ 6, 11-24; 4Թգ 1, 3), ուսուցանելու համար մարգարեներին (Զաք 3, 1-10; Դն 2, 21), պաշտպանելու համար անհատների (Դն 3, 28; 6, 22) կամ պատժելու համար հակառակորդին (Ել 12, 23-29)։
Նոր Կտակարանում նրանց գործունեությունը կենտրոնացած է Քրիստոսի և Նրա կողմից իրականացված փրկագործության շուրջը։ Քրիստոսի կյանքում հաճախ են տեղի ունենում հրեշտակային միջամտություններ. մարդեղությունը (Ղկս 1, 11-26), ծնունդը (Ղկս 2, 9; Մտթ 2, 13), մանկությունը (Մտթ 2, 19) և բացահայտ գործունեության սկիզբը (Մտթ 4, 11)։ Քարոզչության տարիներին հրեշտակային միջամտություններ չեն հիշվում, բայց Հիսուսը հաճախ է խոսում նրանց մասին, ասելով, որ անդադար ծառայում են Իրեն և հատուկ կերպով ծառայելու են աշխարհի վերջում (Մտթ 13, 41.49; 26, 53; Մրկ 13, 27)։ Հրեշտակներն ապա վերադառնում են Քրիստոսի հոգեվարքի (Ղկս 22, 43) և Հարության ժամանակ (Մտթ 28, 2-5; Հվհ 20, 12)։
Առաքյալներն ու աշակերտները, որոնք պետք է շարունակեին Քրիստոսի գործը, նրանք էլ օգնություն են ստանում հրեշտակների կողմից (Գրծ 5, 19-20; 12, 7-11; 27, 23)։ Կորնելիոս հարյուրապետը Պետրոսին է դիմում հետևելով մի հրեշտակի խորհրդին (Գրծ 10, 3-8), և մի հրեշտակ է, որ Փիլիպպոսին ուղարկում է ավետարանելու ներքինիին (Գրծ 8, 26-39)։
ա.3) Քրիստոնեական առաջին համայնքներում ոմանք, որոշ խեղաթյուրված ուսմունքների պատճառով, կարծում էին, թե հրեշտակները Քրիստոսից վեր են կամ գոնե Նրան հավասար, ուստի պաշտամունքը, որ մատուցում էին հրեշտակներին, ստվեր էր նետում միակ Միջնորդին՝ Քրիստոսին միայն վայելող պաշտամունքի վրա։ Պատմական այս կոնտեքստում է բացատրվում Պողոս Առաքյալի կեցվածքը, որը կտրուկ ձայներանգով ընդգծում է փաստը, որ հրեշտակները ևս ենթակա են Քրիստոսին և ծառայում են Նրան (Փլպ 2, 9-10; Կղս 1, 16; 2, 10; Եբր 1, 4-12)։ Միմիայն Քրիստոսն է մեր Փրկիչը, հետևաբար՝ մենք պետք է միացած մնանք Իրեն (Կղս 2, 6-20; 3, 4)։
ա.4) Հովհաննու Հայտնության մեջ նկարագրվում է հրեշտակների գործուն մասնակցությունը Գառանն ի պատիվ մատուցվող երկնային ծեսին (5, 11-14; հմմտ. Ես 6, 1-4), այն նույն ծեսին, որին մասնակցելու են կանչված Քրիստոսի աշակերտները։ Հայտնությունն այդպիսով կամենում է մատնացույց անել, թե ինչպիսի վեհ ընկերակցություն է սպասում մարդկանց Աստծո Արքայությունում։

 

բ) Անուններ և դասեր

«Հրեշտակ» ընդհանուր անունից բացի, Աստվածաշունչը հատուկ կերպով հիշատակում է նրանցից երեքին. Միքայելին (Դն 10, 13.21; 12, 1; Հուդա 1, 9; Հյտ 12, 7), Գաբրիելին (Դն 8, 16; 9, 21; Ղկս 1, 19.26) և Ռաֆայելին (Տվբ 3, 17; 5, 5; 12, 15)։
Այս անձնական անուններից բացի, Աստվածաշնչյան տարբեր հատվածների համադրությունից երևում է, որ հրեշտակները երկնքում բաժանվում են իննը տարբեր խմբերի. Հրեշտակներ (Տվբ 11, 14; Սղմ 103, 20; 148, 2; Մտթ 25, 31; Մրկ 12, 25; Ղկս 12, 8; Հվհ 1, 51; 20, 12; Գրծ 7, 53; 2Թղ 1, 7; Հյտ 7, 1), Հրեշտակապետեր (1Թղ 4, 16; Հուդա 1, 9), Պետություններ, Իշխանություններ, Զորություններ, Տերություններ, Գահեր (Հռմ 8, 38; 1Կր 15, 24; Եփս 3, 10; Կղս 1, 16; 1Պտ 3, 22), Քերովբեներ (Ծնդ 3, 24; 1Թգ 4, 4; 2Թգ 6, 2; 4Թգ 19, 15; Ես 37, 16; Եզ 10, 5) և Սերովբեներ (Ես 6, 2.6)։

 

գ) Պահապան հրեշտակը

Հրեշտակները մարդկանց օգնության են հասնում ո՛չ միայն առավել կամ նվազ չափի արտակարգ իրավիճակներում, կամ երբ մարդիկ իրենք են նրանց օգնության կանչում։ Յուրաքանչյուր մարդ ամբողջովին յուրահատուկ կերպով տևական անդադար օգնություն է ստանում հրեշտակներից մեկի կողմից (Գրծ 27, 23), որին քրիստոնեական ավանդությունն անվանում է Պահապան Հրեշտակ, այս անունը քաղելով Սղմ 91, 11 հատվածից։ Հինկտակարանյան և նորկտակարանյան ավանդությունը միաձայն հաստատում է այս իրողությունը, ինչպես հիշվում է Մտթ 18, 10 և Գրծ 12, 15 հատվածներում։ Պահապան հրեշտակն անդադար աղոթում է իր պաշտպանյալի համար և նրա հետ միասին Աստծուն է ընծայում նրա բարի գործերը (Տվբ 12, 12)։
Անհատ անձանց Պահապան Հրեշտակներից բացի, Աստվածաշնչում ակնարկներ կան նաև այն մասին, որ Աստծո ժողովուրդն էլ հավաքական իմաստով ունի իր հատուկ Պահապան Հրեշտակը. խոսքը Միքայել Հրեշտակապետի մասին է, որին Աստվածաշունչն անվանում է «մեծ իշխան»։ Ինչպես որ Հին Կտակարանի ժամանակներում նա ընտրյալ ժողովրդի Պահապան Հրեշտակն էր (Դն 10, 13.21; 12, 1), այնպես էլ այժմ սատանայի հարձակումներից պաշտպանում է ընտրյալ նոր ժողովրդին՝ Եկեղեցուն (Հյտ 12, 7-9)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։