Ճշմարտություն (աստվածաշնչյան հասկացողությամբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ճ
Ճշմարտություն (աստվածաշնչյան հասկացողությամբ)
Մեր խոսակցական բառապաշարում և մտածելակերպի մեջ ճշմարիտ է այն, ինչը որ համապատասխանում է իրականությանը (հունարեն՝ ἀλήθεια)։ Աստվածաշնչյան գաղափարը, այս իմաստն ու նշանակությունը ևս պարունակելով հանդերձ, նշանակալիորեն տարբեր է, ավելի հոգևոր է ու ավելի խորաթափանց, որովհետև հիմնվում է Աստծո վերաբերյալ կրոնական արտահայտության վրա (եբրայեցերեն՝ אמת , 'emet)։ Ունի, սակայն, առնվազն երկու նրբերանգ. Հին Կտակարանում գլխավորաբար մատնացույց է անում Ուխտի հանդեպ հավատարմությունը, մինչ Նոր Կտակարանում նշանակում է հատկապես հայտնության լիությունը, որի կենտրոնը Քրիստոսն է։
 
ա) Հին Կտակարանում։
Ճշմարտություն եզրով մատնացույց է արվում հաստատուն և փորձված լինելու որակը, այսինքն՝ այն ամենը, ինչը որ տևական է ու ապահով։ Հաճախ, երբ գործածվում է Աստծո և մարդկանց վերաբերյալ, մատնացույց է անում «հավատարմությունը»։ Աստծո ճշմարտությունը անխզելի կերպով կապակցված է պատմության մեջ Իսրայելին ի նպաստ կատարած Նրա միջամտությունների հետ։ Տերը «հավատարիմ Աստվածն» է (2Օր 7, 9; 32, 4; Սղմ 31, 5; Ես 49, 7)։ Այս իմաստը հստակ կերպով ընդգծվում է Սղմ 132, 11 հատվածում և ամբողջ 89րդ Սաղմոսում, ուր պանծացվում է Աստծո ճշմարտությունը, որ հաստատուն է երկնակամարի նման։ Երբեմն ճշմարտությունը զուգորդվում է «շնորհի», այսինքն՝ Աստծո բարեգութ ողորմության հետ (Ել 34, 6...)։ Ա՛յլ տեղերում հավատարմությունը միացվում է արդարությանը (Ովս 2, 19-20), կամ սրբությանը (Սղմ 71, 22)։ Բազմաթիվ սաղմոսներում աստվածային հաստատուն, անսասանելի կայունությունը ներկայացվում է որպես պաշտպանություն և ապաստան արդարի համար, որն աղերսում է աստվածային օգնությունը (Սղմ 40, 11; 54, 5; 61, 7; 91, 1-4)։
Ճշմարտությունը էական կերպով բնորոշում է Աստծո խոսքը. «Խոսքերդ ճշմարտություն են» (2Թգ 7, 28), և Աստծո օրենքը (Սղմ 19, 9)։ Սրբազան հեղինակները երբեմն հասնում են մինչև իսկ նույնացնելու ճշմարտությունը Աստծո օրենքի, Նրա հայտնության, Նրա կամքի հետ (Սղմ 86, 11)։ Նաև երբ խոսվում է մարդկանց մասին, ճշմարտությունը ստանձնում է հավատարմության հիմնական նշանակությունը, հատկապես ուխտի և աստվածային օրենքի նկատմամբ հավատարմության առումով։
«Ճշմարտությունն անել» (2Մն 31, 20) և «ճշմարտության մեջ ընթանալ» (3Թգ 2, 4) նշանակում է Տիրոջ օրենքի հավատարիմ պահպանողները լինել (Տվբ 3, 5), այսինքն՝ ծառայել Տիրոջը ամբողջական նվիրմամբ ու հավատարմությամբ (Հեսու 24, 14)։ Այս առումով ևս կրկնվում են զուգադրված բանաձևերը. «բարություն և ճշմարտություն անել» (Ծնդ 47, 29), այսինքն՝ գործել բարյացակամությամբ, ազնվությամբ, հավատարիմ բարությամբ։ Կարող է նշանակել նաև օրենքների ու կանոնների նկատմամբ հարգանք արդարադատության կիրառման մեջ (Առկ 29, 14), ինչպես նաև կատարյալ անկեղծություն խոսակցության մեջ (Առկ 12, 19)։ Նշանակում է նաև անխարդախություն, հավատարմություն սեփական սկզբնական ինքնությանը (Երմ 2, 21)։ Այս նույն իմաստով գործածվում է նաև ճանապարհի (Ծնդ 24, 27), նշանների (Հեսու 2, 12), Աստծո վերաբերյալ (2Մն 15, 3; Երմ 10, 12)։
Իմաստասիրական և վախճանաբանական ավանդությանը պատկանող գրություններում ճշմարտությունը մատնանշում է իմաստության ուսմունքը, հայտնված ճշմարտությունը. քահանաները պետք է ուսուցանեն «ճշմարտության օրենքը» (Մղք 2, 6), որովհետև «ճշմարտության ձեռքբերումը» (Առկ 23, 23), ճշմարտության ընկալումը նշանակում է ըմբռնել մարդկանց վերաբերյալ Աստծո ծրագիրը (Իմս 3, 9)։
 
բ) Նոր Կտակարանում։
Բազմազան և հարուստ է ճշմարտության հասկացողությունը Պողոս Առաքյալի նամակներում։ Ճշմարտությունը մատնանշում է Աստծո հավատարմությունն Իր փրկարար խոստումներին (Հռմ 3, 3.7; հմմտ. 9, 6; 15, 8), որոնք իրենց կատարումը գտնում են հանձինս Քրիստոսի (2Կր 1, 18-23)։ Ակնարկում է հատկապես Ավետարանին իբրև փրկության պատգամ։ «Օրենքի ճշմարտությունը» Պողոսը փոխարինում է «Ավետարանի ճշմարտությամբ» (Գղտ 2, 5.14) կամ «ճշմարտության խոսքով» (Կղս 1, 5; Եփս 1, 13; 2Տմ 2, 15), որը հայտնության առարկան է և Առաքյալի կողմից քարոզված Աստծո խոսքն է (2Կր 4, 2.5)։ Մարդիկ պետք է ընդունեն Խոսքը (Եփս 1, 13; Հռմ 10, 14) և դարձի գան, որպեսզի կարողանան հասնել ճշմարտության ճանաչմանը (2Տմ 2, 25)։ Այդ ընդունումը կատարվում է հավատքի շնորհիվ (2Թղ 2, 12-13; Տտ 1, 1; հմմտ. Գղտ 5, 6; Հռմ 2, 8), որի համար միաժամանակ պահանջվում է սեր ճշմարտության հանդեպ (2Թղ 2, 10)։ Փաստացի, «հասնել ճշմարտության ճանաչմանը» նշանակում է հարել Ավետարանին, ընդունել Քրիստոնեությունը, որովհետև հավատացյալները ճշգրիտ կերպով նրանք են, ովքեր ճանաչում են ճշմարտությունը (1Տմ 4, 6-10), որն ուրիշ բան չէ, եթե ոչ՝ Քրիստոնյական Հավատքը (Տտ 1, 1-4)։
Պողոս Առաքյալի «հովվական» կոչվող նամակներում ճշմարտությունը ստանում է նաև բարի, ողջամիտ ուսմունքի իմաստ (1Տմ 1, 8-11; 4, 6; 2Տմ 4, 3; Տտ 1, 9; 2, 1), որն հակադրվում է սուտ ու կեղծիք ուսուցանող հեքիաթներին (1Տմ 1, 4; 4, 2.7; Տտ 1, 14). նրանց դեմ կենդանի Աստծո Եկեղեցին մնում է իբրև «ճշմարտության սյունն ու հիմքը» (1Տմ 3, 15)։ Ճշմարտությունը սերտորեն կապված է Քրիստոսին։ Նա է հանդիսանում Առաքյալի պատգամի ուղղակի առարկան (2Կր 4, 5; հմմտ. Գղտ 1, 16; 1Կր 1, 23; 2Կր 1, 19; Եփս 4, 20; Փլպ 1, 12-26), Քրիստոսը, այսինքն՝ աստվածպաշտության խորհուրդը, որ հայտնվել է մարմնի մեջ, քարոզվել է ժողովուրդներին, հավատացվել է աշխարհում, համբարձվել է փառքի մեջ (1Տմ 3, 16). «ճշմարտությունը Հիսուսի մեջ է» (Եփս 4, 21)։
Ա՛յլ տեղերում ճշմարտություն եզրը գործածվում է նաև անկեղծության իմաստով (2Կր 7, 14; Փլպ 1, 18), բարոյական ճշմարտության, ուղղամտության իմաստով, որպես արդարության հոմանիշ (Եփս 5, 9; 6, 14), բնութագրում է քրիստոնյաներից պահանջվող վարքագիծը (2Կր 13, 8; Կղս 1, 4-6). այդ կերպ վարվելով են քրիստոնյաները զգեստավորվում նոր մարդով և իրագործում են սրբությունը, որը պահանջվում է ճշմարտության կողմից (Եփս 4, 24)։
Ճշմարտության և քրիստոնյաների միջև գոյություն ունեցող կենսական հարաբերությունն արտահայտվում է Ընդհանրական Նամակներում։ Հավատացյալները նոր կյանքի են ծնվել ճշմարտության խոսքից (Հկբ 1, 18; 1Պտ 1, 23). նրանց հոգիները մաքրվել են մկրտության մեջ՝ ճշմարտությանը հնազանդվելով (1Պտ 1, 22), որին պետք է միշտ հավատարիմ լինեն (Հկբ 5, 19-20), մանավանդ թե՝ դրա մեջ պետք է ամրապնդվեն, որպես հեռանկար ունենալով երկրորդ գալուստը (2Պտ 1, 12), նորածին երեխաների նման անհագորեն փափաքելով Աստծո խոսքի մաքուր կաթը, փրկության մեջ աճելու համար (1Պտ 2, 2)։
Հովհաննես Առաքյալը հատուկ շեշտադրում է կատարում ճշմարտության հայտնված լինելու և ունեցած ներքին ուժի վրա. ճշմարտությունը Հոր խոսքն է, որն Հիսուսը լսել է Հորից և եկել է այդ խոսքը հռչակելու ու այդ խոսքին վկայելու (Հվհ 17, 17; 8, 26.40; 18, 37)։ Հանձինս Նրա են հայտնվել «շնորհն ու ճշմարտությունը» (Հվհ 1, 14), այսինքն՝ ամբողջական ու վերջնական հայտնությունը։ Քրիստոսը ինչպես որ ճանապարհն է և կյանքը, նույնպես նաև ճշմարտությունն է, որի միջոցով Իր խոսքը մեզ հայտնում է Հորը և մեզ առաջնորդում է դեպի Հայրը (Հվհ 14, 6-7). այդ կերպ վարվելով՝ մեզ է հաղորդում աստվածային կյանքը (Հվհ 1, 4; 3, 15-17; 6, 40.47.64; 17, 2-3; 1Հվհ 5, 11-13)։ Իր առաքելությունը կատարելուց հետո Հիսուսը խոստանում է, որ ուղարկելու է ճշմարտության Հոգին, որը բնակվելու է աշակերտների մեջ, փառավորելու ու վկայելու է Քրիստոսին, նրանց առաջնորդելու է դեպի ամբողջական ճշմարտությունը, հասկացնելով նրանց այն, ինչ լսել էին (Հվհ 14, 15-26; 15, 26-27; 16, 13-14; 1Հվհ 5, 6-7)։
Սերտ հարաբերություն գոյություն ունի ճշմարտության և քրիստոնյայի սրբության միջև։ Քրիստոսի աշակերտը պետք է ճշմարտության կողմնակիցը լինի (Հվհ 18, 37), պետք է սովորաբար գտնվի ճշմարտության ազդեցության ներքո (2Հվհ 4). միմիայն Հիսուսի խոսքի մեջ մնալով քրիստոնյան կարող է հասնել ճշմարտության անմնացորդ ճանաչմանը և նրա կողմից ներքուստ ազատվել մեղքից (Հվհ 8, 31-32)։ Ճշմարտությունը մեզ հաղթել է տալիս չարին (1Հվհ 2, 12-17). ով թույլ է տալիս, որ Աստծո խոսքի սերմը գործուն կերպով մնա իր մեջ, դառնում է անմեղսունակ (1Հվհ 3, 9), այսինքն՝ սրբանում է ճշմարտության մեջ (Հվհ 17, 17.19)։ Այս սկզբունքներից մեկնելով են ասկետիկ և հոգևոր հարթության վրա նշանակություն ձեռքբերում Հովհաննես Առաքյալի «ճշմարտություն գործել» (Հվհ 3, 21; 1Հվհ 1, 6), «ճշմարտության մեջ ընթանալ» (2Հվհ 4; 3Հվհ 3-4) արտահայտությունները, գործադրելով Հիսուսի խոսքը, որը սիրո պատվիրանն է։ Այս լույսի ներքո ենք սիրում եղբայրներին «ճշմարտության մեջ», այն ճշմարտությամբ, որ մեր մեջ է և մեր հետ է բնակվում հավիտյան (1Հվհ 3, 18; 2Հվհ 1-2; 3Հվհ 1)։ «Հոգով և ճշմարտությամբ երկրպագությունը» (Հվհ 4, 23-24) նշանակում է մի պաշտամունք, որ ներշնչված է Քրիստոսի Հոգուց և ճշմարտությունից, որ գործում է մեր մեջ։ Առաքելության նվիրվելը նշանակում է «ճշմարտության գործակիցներ դառնալ» (3Հվհ 8)։
 
Եզրակացնելով, աստվածաշնչյան իմաստով հասկացված ճշմարտությունը դա լոկ իրականի ձեռքբերումը չէ մտքի ու բանականության գործունեությամբ, այլ՝ Հոր հայտնությունն է, Քրիստոսի կողմից իրականացված և Սուրբ Հոգու կողմից լուսավորված. հայտնություն, որը մարդու կողմից ընդունվում, պահպանվում ու ներթափանցվում է ամբողջ անձի ու բոլոր կարողությունների ներգրավմամբ։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։