Մատաթիա Առաքյալ (Սուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Մ
Մատաթիա Առաքյալ (Սուրբ)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Մատաթիան (կոյնե հունարեն՝ « Μαθθίας » - « Մաթթի՛աս ») այն Առաքյալն է, ով Տասներկու Առաքյալների խմբում փոխարինեց Հուդա Իսկարիովտացուն: Այս փոխարինման պատմությունը գտնում ենք Գործք Առաքելոց գրքի Առաջին գլխում: Մատաթիայի ընտրությունը կատարեց ո՛չ թե անձամբ Հիսուսը, այլ՝ Առաքյալները, Սուրբ Հոգու թելադրանքով։ Այս առումով նա բացառիկ է որպես Առաքյալ:

 

 

Կենսագրական տեղեկություններ

Հիսուսի աշակերտների կամ հետևորդների նորկտակարանյան անվանացանկերում ոչ մի տեղ չի նշվում Մատաթիայի անունը: Բայց ըստ Գործք Առաքելոցի, նա Հիսուսի հետ է եղել Հիսուսի մկրտությունից մինչև Նրա Համբարձումը: Համբարձմանը հաջորդող օրերին Պետրոս Առաքյալն առաջարկեց, որ հավաքված աշակերտներից ընտրվի մեկը՝ փոխարինելու համար Հուդային: Ընտրվեցին Հովսեփը, որին անվանում էին Բարսաբա և որ կոչվեց «Հուստոս», և Մատաթիան: Հետո նրանք աղոթեցին. «''Տե՜ր, Դու, որ գիտես բոլոր մարդկանց սրտերը, հայտնի՜ր, թե այս երկուսից որին ես ընտրել՝ ստանձնելու այս պաշտոնն ու առաքելությունը, որից ընկավ Հուդան և գնաց իր ճանապարհով'': Նրանց վիճակ տվեցին, և վիճակն ընկավ Մատաթիային, և նա գումարվեց տասնմեկ առաքյալներին» (Գրծ 1, 24-26):

Նոր Կտակարանի ոչ մի ա՛յլ գրքում այլևս չենք հանդիպում Մատաթիայի անվանը: Նրա անվան շուրջ ևս կասկածներ կան. Եվսեբիոսի «Եկեղեցական պատմության» ասորական տարբերակում նրա անունը գրված է ո՛չ թե «Մատաթիա», այլ՝ «Թոլմայ», որը չպետք է շփոթել Բարդուղիմեոսի անվան հետ, որը նշանակում է «Թոլմայի որդի»: Կղեմես Ալեքսանդրացու «Ստրոմատա» աշխատության մեջ, ավետարանական պատմության Զակքեոսի մասին ասվում է, թե «ոմանք նրան դիմում են Մատաթիա անունով»: Բողոքական աստվածաշնչագետ Ադոլֆ Հիլգենֆելդը Մատաթիային նույնացնում է Նաթանայելի հետ, ում մասին գրում է Հովհաննես Ավետարանիչը:

 

 

Առաքելական ծառայությունը

Հույների ավանդության համաձայն, Սուրբ Մատաթիան Ավետարանը քարոզել է Կապադովկիայում և Կասպից ծովի ափերին, բայց գլխավորապես՝ Կիլիկիայի հարևան շրջաններում: Ըստ Կալլիստոս Նիկեփորուսի «Եկեղեցու պատմության», Մատաթիան նախ քարոզել է Հուդայի երկրում, ապա Կոլխիդայում (մերօրյա Վրաստանում) և այնտեղ էլ խաչվել է: Կոլխիդան հույն հեղինակներն անվանում էին նաև «Եթովպիա», որը չպետք է շփոթել աֆրիկյան Եթովպիայի հետ: Վրացական մի ավանդություն ևս խոսում է այդ մասին և Մատաթիայի նահատակության վայրը համարում է Աջարիայի Գոնիո բնակավայրը:

Ղպտական «Անդրեասի և Մատաթիայի Գործերը» պարականոն գրությունը Մատաթիայի առաքելավայրը համարում է Միջերկրական ծովի ափերը՝ Կիլիկիայի հարևան շրջանները: «Դորոթեոսի սինոպսիսը» ևս խոսում է այդ ղպտական ավանդության մասին. «Մատաթիան Ավետարանը քարոզեց բարբարոսներին ու մարդակերներին Եթովպիայում՝ Իսսոսի ծովածոցի մոտ, Ֆազիս գետի ափերին: Նա վախճանվել է Սեբաստոպոլսում և թաղվել է այդտեղ՝ Արևի տաճարի մոտ»[1]:

Մեկ ա՛յլ ավանդության համաձայն, Մատաթիան քարկոծվել է Երուսաղեմում՝ տեղի հրեաների կողմից, և հետո գլխատվել: Իսկ Հիպպողիտոս Հռոմեացու տեղեկություններով, Մատաթիան վախճանվել է բնական մահով և առաջացած տարիքում՝ նույն Երուսաղեմում:

Մեզ են հասել պատառիկներ «Մատաթիայի Ավետարան» անունով պարականոն մի գրությունից, բայց վաղ շրջանի Եկեղեցու Հայրերը դա համարում էին 2-րդ դարի գնոստիկյան գրություն:

Սուրբ Մատաթիայի տոնը Ընդհանրական Եկեղեցու լատինական տոնացույց մտավ 11-րդ դարում և տոնվում էր Փետրվարին, իսկ 1969թ.ին հաստատվեց Մայիսի 14-ին, որպեսզի տոնվի Հիսուսի Համբարձման տոնին մոտ՝ հիշելով նրա ընտրությունը Հիսուսի Համբարձումից հետո:

Հույն Ուղղափառ Եկեղեցին Մատաթիայի տոնը կատարում է Օգոստոսի 9-ին:

Կա մի ավանդություն, ըստ որի՝ Սուրբ Մատաթիայի մասունքներն Իտալիա են տարվել Կոստանդին Մեծ կայսեր մայր Հեղինե կայսրուհու կողմից, և դրանց մի մասն ամփոփված է Պադովայի Սրբուհի Ջուստինայի վանքում, իսկ մնացած մասունքները գտնվում են Գերմանիայում՝ Տրիերի Սուրբ Մատաթիայի վանքում: Իսկ հունական ավանդության համաձայն, Առաքյալի մասունքներն ամփոփված են վրացական Գոնիոյի հին հռոմեական ամրոցի տարածքում:

 

 

Հուդա Իսկարիովտացու և Սբ. Մատաթիա Առաքյալի մասին Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապի քարոզը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։

[1] Jacquier, Jacque Eugène (1911). "St. Matthias". In Herbermann, Charles (ed.). Catholic Encyclopedia.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։