Մատթեոս Առաքյալ (Սուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Մ
Մատթեոս Առաքյալ (Սուրբ)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Սբ. Մատթեոս Առաքյալը Հիսուս Քրիստոսի տասներկու Առաքյալներից մեկն է և, ըստ քրիստոնեական ավանդությունների, նաև հեղինակն է նույն անունը կրող Ավետարանի՝ «Ավետարան ըստ Մատթեոսի», որը Նոր Կտակարանի չորս Ավետարաններից մեկն է, այդ պատճառով նա հայտնի է նաև որպես Մատթեոս Ավետարանիչ:

«Մատթեոս» անունը հայերեն տարբերակն է կոյնե (խոսակցական) հունարենի « Μαθθαῖος » - « Մաթթայոս » (լատիներեն « Matthaeus » - «Մատթեուս ») անվան, որն էլ թարգմանությունն է եբրայական « מַתִּי » - « Մատթի » անվան, որ նշանակում է « Յահվեի ընծա »: Մատթեոս անունը, հետևաբար, նշանակում է Աստծո պարգև, կամ Աստծո ընծա։ Սա Առաքյալի երկրորդ՝ հոգևոր անունն է. դրանից առաջ նա կոչվել է Ղևի (Լէ՛վի)։

 

 

Մատթեոսը Նոր Կտակարանում

Մատթեոսի անունը հիշատակված է Մտթ 9, 9-ում և Մտթ 10, 3-ում՝ որպես հարկահավաք, ով նստած էր Կաֆառնաումի մաքսատանը և հարկերն էր գանձում, երբ Հիսուսը տեսավ նրան և կանչեց Իրեն հետևելու (տե՛ս նաև Մրկ 2, 15-17 և Ղկս 5, 29): Մատթեոսը ներկա է նաև Տասներկու Աշակերտների բոլոր անվանացանկերում. Մրկ 3, 18; Ղկս 6, 15; Գրծ 1, 13: Մարկոսն ու Ղուկասը նկարագրում են, որ Հիսուսը կանչեց հարկահավաք Ղևիին՝ Ալփեոսի որդուն, բայց այս Ղևիին երբեք չեն նույնացնում Մատթեոսի հետ, որը Տասներկու Առաքյալներից մեկն էր:

Մեկ մարդու երկու անուն ունենալը հրեաների համար հազվադեպ բան չէր: Լինում էր, որ նույն անձը ունենում էր և՛ հրեական անուն, և՛ հունական անուն, օրինակ՝ Սավուղ և Պողոս: Բայց կային դեպքեր էլ, երբ նույն անձն ուներ երկու հրեական անուն, օրինակ՝ Հովսեփ-Կայիաֆաս, Սիմոն-Կեփաս, և այլն: Հնարավոր է, որ «Մատթեոս» անունը հարկահավաք Ղևիին տվել է Հիսուսը, երբ նրան կանչել է առաքելության, և այդուհետև աշակերտները և քրիստոնյաները նրան կոչել են այդ նոր՝ «Մատթեոս» անունով:

Ըստ Ավետարանների, Ղևի-Մատթեոսը Գաիլեայից էր, թեև Եվսեբիոս Կեսարացին ասում է, որ նա ասորի էր: Կաֆառնաումում նա հարկեր էր հավաքում Հերովդես Անտիպաս թագավորի համար, որը Հռոմի դրածոն էր: Ղևի-Մատթեոսը թեև հրեա էր, բայց արհամարհված և չսիրված էր փարիսեցիների կողմից, ովքեր ատում էին բոլոր հռոմահպատակ պաշտոնյաներին:

 

 

Ծառայությունը

Ավետարաններում կարդում ենք, որ Մատթեոսը հետևեց Հիսուսի կանչին և դարձավ Նրա աշակերտը: Բաբելոնյան Թալմուդում գրված է, թե «Մատթային» (այսինքն՝ Մատթեոսը) «Յիեշուայի» (այսինքն՝ Հիսուսի) հինգ աշակերտներից մեկն էր[1]:

Վաղ շրջանի Եկեղեցու Հայրերը, ինչպես Իրենեուսը և Կղեմես Ալեքսանդրացին, հայտնում են, որ Մատթեոսն Ավետարանը քարոզում էր Հուդեայի հրեական համայնքում՝ նախքան ա՛յլ երկրներ մեկնելը: Կղեմեսը նաև գրում է, որ Մատթեոսը տասնհինգ տարի առաքելություն է կատարել Հրեաստանում և հրեաներին թողել է իր ձեռքով գրված Ավետարանը՝ եբրայեցերեն լեզվով:

Հին շրջանի հեղինակները տարակարծիք են առ այն, թե ո՛ր երկրները մեկնեց Մատթեոսը, բայց գրեթե բոլոր աղբյուրները նշում են Եթովպիան, ո՛չ թե աֆրիկյան Եթովպիան, այլ՝ Կասպից ծովից հարավ ընկած Եթովպիան, որը կոչվում էր նաև «Պոնտոս», իսկ որոշ հին հեղինակներ Մատթեոսի առաքելավայրերն են համարում Պարսկաստանը, Պարթևստանը, Մակեդոնիան և Ասորեստանը:

Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցին և Հույն Օրթոդոքս Եկեղեցին հետևում են այն ավանդությանը, որի համաձայն՝ Մատթեոսը վախճանվել է նահատակությամբ: Այս մասին գրում է նաև Բաբելոնյան Թալմուդը (տե՛ս Սանհեդրին, 43ա):

Եկեղեցու ավանդություններից մեկի համաձայն, Եթովպիայում քարոզելու ընթացքում Մատթեոսը դարձի է բերել և ապա օգնել վանական կյանքին նվիրվելու Եթովպիայի թագավոր Էգիպպուսի դուստր Էփիգենիային[2]: Երբ Հիրթաքուս թագավորը հաջորդեց Էգիպպուսին, նա, ըստ նույն ավանդության, խնդրեց Մատթեոս Առաքյալին համոզել Էփիգենիային ամուսնանալ իր հետ: Մատթեոսը հաջորդ Կիրակի թագավորին հրավիրեց Պատարագի և այնտեղ հանդիմանեց նրան՝ աղջկա հանդեպ կիրք ունենալու համար, քանի որ աղջիկը միանձնուհի էր դարձել և Քրիստոսի հարսն էր: Վրդովված թագավորն այդ խոսքերի պատճառով իր պահապանին հրամայեց սպանել Մատթեոսին: Առաքյալը նահատակվեց եկեղեցու Խորանի առաջ:

Բայց վերոհիշյալը ընդամենը ավանդություններից մեկն է։ Հստակ հայտնի չէ, թե ինչպիսի՛ մարտիրոսությամբ է վախճանվել Մատթեոս Առաքյալ-Ավետարանիչը: Հռոմեական մարտիրոսագրության մեջ միայն նշված է, որ Սուրբ Մատթեոսը նահատակվել է Եթովպիայում:

 

 

Մատթեոսի Ավետարանը
 
Այս նյութի մասին ավելի ծավալուն կերպով տե՛ս հետևյալ հղմամբ։
 
Եկեղեցու վաղ շրջանի ավանդության համաձայն, Մատթեոսի Ավետարանը գրվել է Մատթեոս Առաքյալի կողմից: Այս մասին գրում են 1-2-րդ դարերի հեղինակները: Պապիաս Հիերապոլսեցի եպիսկոպոսը (Ք.հ. 60-163), Եվսեբիոս Կեսարացու փոխանցմամբ, գրել է հետևյալը. «Մատթեոսը հավաքում էր պատմությունները [հունարեն՝ « λογία » - « լոգի՛ա », Հիսուսի խոսքերը կամ Հիսուսի մասին խոսքերը] եբրայեցերեն լեզվով, և դրանք մեկնաբանում էր [«ἑρμηνέως » - « հեռմենեոս »] որքան կարողանում էր ճիշտ»[3]:

Որոգինեսը՝ առաջին քրիստոնյա աստվածաբանը (Ք.հ. 183-253), վկայում է, որ առաջին Ավետարանը գրվել է Մատթեոսի կողմից և որ նա իր Ավետարանը գրել է եբրայեցերեն լեզվով՝ Երուսաղեմի մոտակայքում՝ հրեա քրիստոնյաների համար, և հետո նրա Ավետարանը թարգմանվել է հունարենի: Ավետարանի եբրայեցերեն բնօրինակը պահվում էր Կեսարիայի գրադարանում: 4-րդ դարավերջին կամ 5-րդ դարասկզբին Նազարեթի համայնքը Ավետարանի մի օրինակը փոխանցել է Հերոնիմոսին, ով այն օգտագործել է իր թարգմանության մեջ[4]: Այս Ավետարանը կոչվում էր «Եբրայեցիների Ավետարան», կամ երբեմն՝ «Առաքյալների Ավետարանը», և մի ժամանակ կարծում էին, թե դա Աստվածաշնչում ներառված հունարեն Մատթեոսի Ավետարանի բնօրինակն է[5]: Բայց այս վարկածի հետ համաձայն չեն ժամանակակից ուսումնասիրողները, ինչպես օրինակ՝ Բարթ Էհրմանը և Ջեյմս Էդուարդսը:

Աստվածաշնչի մի շարք արդի մասնագետներ գտնում են, որ Մատթեոսի Ավետարանի հեղինակը Մատթեոս Առաքյալը չէ, այն պատճառաբանությամբ, թե Ավետարանի տեքստում նշված չէ Մատթեոսի անունը, իսկ Ավետարանի վերնագրում գտնվող «ըստ Մատթեոսի» բառերը, ըստ նրանց, ավելացվել են 2-րդ դարում[6]: Սրանք, սակայն, բավական խարխուլ ու անհիմն պնդումներ են։

 

 

Պարականոն ավետարանները

3-րդ դարում հրեա-քրիստոնեական խմբերը, մանավանդ նազովրեցիների և էբիոնիտների աղանդները, գործածում էին պարականոն ավետարաններ, որոնք կրում էին Մատթեոսի անունը, բայց հետագայում չընդգրկվեցին Նոր Կտակարանի կանոնի մեջ: Այդ ավետարաններից հատվածներ են պահպանվել Հերոնիմոսի, Եպիփանոսի և ուրիշների գրություններում: Մատթեոսի անունը կրող պարականոններից մասնագետներն առանձնացնում են Նազովրեցիների Ավետարանը՝ 36 հատվածներով, Էբիոնիտների Ավետարանը՝ 7 հատվածներով, և Եբրայեցիների Ավետարանը՝ 7 հատվածներով, որոնք կարելի է գտնել Վիլհելմ Շնիմելխերի Նոր Կտակարանի պարականոններում: Մեկնաբանները համարում են, թե այդ տեքստերը գրվել են հունարենով և կապված են հունարեն Մատթեոսի Ավետարանի հետ:

«Կեղծ-Մատթեոսի Ավետարանը» 7-րդ դարի հավաքածու է երեք ա՛յլ տեքստերի՝ «Հակոբոսի Ավետարանի», «Փախուստ դեպի Եգիպտոս» և «Թովմասի Մանկության Ավետարանը» գրքերի:

Հերոնիմոսը վկայում է, որ «Նազովրեցիներ» կոչվող աղանդավորներն ասում էին, թե Մատթեոս Առաքյալն է գրել «Եբրայեցիների Ավետարանը»: Իսկ Իրենեուսը և Եպիփանոս Սալամինացին այդ պարականոնը համարում էին պարզապես կանոնական Մատթեոսի Ավետարանի վերանայված տարբերակը: Այդ պարականոն ավետարանը մասնակիորեն պահպանվել է Եկեղեցու Հայրերի գրվածքներում և կարծվել է, թե դա ևս գրել է Մատթեոս Առաքյալը[7]: Բայց Եպիփանոսն այդ վարկածը համարում է հերձվածող էբիոնիտների հորինվածքը[8]:

 

 

Հիշատակությունը և մեծարանքը

Մատթեոս Առաքյալը սուրբ է համարվում բոլոր ավանդական Եկեղեցիներում՝ Կաթոլիկ, Օրթոդոքս և Հայ Առաքելական, նաև՝ Լյութերական և Անգլիկան համայնքներում: Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցին լատինական տոնացույցով Մատթեոս Առաքյալի տոնը նշում է Սեպտեմբերի 21-ին, Հույն Օրթոդոքս Եկեղեցին՝ Հունիսի 30-ին և Նոյեմբերի 16-ին, իսկ Հայ Կաթոլիկ և Առաքելական Եկեղեցիները՝ Տասներկու Առաքյալների հետ միասին և Սուրբ Խաչի 6-րդ Կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ մյուս երեք Ավետարանիչների հետ միասին:

Մատթեոս Առաքյալի մասունքները պահող դամբանը գտնվում է Իտալիայի Սալեռնո քաղաքի Մայր Տաճարում, որը նվիրված է Առաքյալին:

Մատթեոս Առաքյալը՝ որպես Ավետարանիչ, հաճախ արվեստում պատկերվում է Հայտնության գրքի 4, 7 համարում նկարագրված արարածներից մեկի՝ թևավոր մարդու կերպարանքով:

 

 

Սբ. Մատթեոս Առաքյալի մասին Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապի քարոզը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։

[1] Տե՛ս՝ Schneemelcher 2003, p. 17.
[2] Տե՛ս՝ The Golden Legend of Jacobus de Voragine, translated and adapted by Ryan, Granger and Helmut Ripperger. (Arno Press: Longmans, Green & Co) 1941. pp. 561–566.
[3] Եվսեբիոս, Եկեղեցական պատմություն, 3.39.14-17.
[4] Nicholson, E.B. (1879). The Gospel according to the Hebrews, its fragments tr. and annotated, with a critical analysis of the evidence relating to it.
[5] Տե՛ս՝ Harrison, Everett Falconer (1964). Introduction to the New Testament.
[6] Տե՛ս՝ Harrington, Daniel J. (1991). The Gospel of Matthew.
[7] Տե՛ս՝ Mills, Watson E.; Wilson, Richard F. (2003). Mercer Commentary on the New Testament. Mercer University Press.
[8] Տե՛ս՝ Epiphanius of Salamis (1987), The Panarion of Ephiphanius of Salamis, Book I (sects 1-46). Translated by Frank Williams.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։