Մաքսվել Ջեյմս Քլերկ (1831-1879) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Մ
Մաքսվել Ջեյմս Քլերկ (1831-1879)
Ջեյմս Քլերկ Մաքսվելը (13 Հունիս 1831 - 5 Նոյեմբեր 1879) եղել է շոտլանդացի աշխարհահռչակ մաթեմատիկոս և ֆիզիկոս: Դասական էլեկտրադինամիկայի ստեղծողն է, վիճակագրական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը: 1860 թվականին դարձել է Լոնդոնի Գիտությունների Թագավորական Ընկերության անդամ: Դասական էլեկտրամագնիսական տեսության հեղինակն է: Նրա գիտական աշխատանքը սահմանվել է որպես «ֆիզիկայի երկրորդ մեծ միասնականացում», Նյուտոնից հետո: Մաքսվելի չորս հավասարումները փաստում են, որ էլեկտրականությունը, մագնիսականությունը և լույսը միևնույն ֆենոմենի՝ էլեկտրամագնիսական դաշտի դրսևորումներն են: 1861 թվականին Մաքսվելն իրականացրեց աշխարհում առաջին գունավոր լուսանկարը, կարևորագույն զարկ տալով օպտիկական գիտությունների զարգացմանը:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Աստված Ամենակալ, որ Քո սեփական պատկերի համաձայն ստեղծեցիր մարդուն և նրան կենդանի էակ դարձրեցիր, որ փնտրում է Քեզ և իշխում է Քո արարածների վրա, սովորեցրո՛ւ մեզ ուսանել Քո ձեռքերի գործերը, այնպես՝ որ կարողանանք մեր գործածության համար տիրանալ երկրին, Քեզ ծառայելու համար ամրապնդենք մեր բանականությունը, որպեսզի կարողանանք ընդունել Քո օրհնյալ Խոսքը, որպեսզի կարողանանք հավատալ Նրան, ում Դու առաքեցիր մեր մոտ, մեզ պարգևելու համար փրկության ճանաչումն ու մեր մեղքերի թողությունը: Սա Քեզնից խնդրում ենք հանուն Հիսուս Քրիստոսի, մեր Տիրոջ »:
 
Մեջբերված է. M. Bowden, True Science agrees with the Bible [Ճշմարիտ Գիտությունը համաձայն է Աստվածաշնչի հետ], Sovereign Publications 1998, p. 288. Եվ. E.L. Williams & G. Mulfinger, Physical Science for Christian Schools [Ֆիզիկական Գիտությունը Քրիստոնյա դպրոցների համար], Bob Jones University Press 1974, p. 487.
 
---
 
« Ես միշտ քո հետ եմ հոգով: Բայց կա Մեկը, ով քեզ շա՜տ ավելի մոտ է, քան ես: Կարող ենք մեկս մյուսիս մոտիկ լինել միմիայն այն դեպքում, երբ Նա մեր միջև է: Նրա մեջ է, որ կարող ենք իսկապես ճանաչել միմյանց: 
Ջանանք իրագործել [Պողոս Առաքյալի] Եփեսացիներին ուղղված Նամակի Հինգերորդ գլխում [20-33 տողերում] նկարագրված մեծ խորհուրդը: Այդպես վարվելով է միայն, որ ճիշտ ու արդարացի դիրք կգրավենք արտաքին աշխարհի հանդեպ »:
 
1873թ. Դեկտեմբերին իր կնոջն ուղղված նամակից: Մեջբերված է. L. CAMPBELL & W. GARNETT, The Life of James Clerk Maxwell [Ջեյմս Քլերկ Մաքսվելի կյանքը], Macmillan and Co. 1982, p. 307.
 
---
 
« Կարծում եմ, որ որքան ավելի ենք մենք ներթափանցում Քրիստոսի գործի մեջ, այնքան ավելի է Նա տարածք ունենում Իր գործը մեր մեջ արդյունավետ դարձնելու համար։ Մեր պաշտամունքը հանրային է, և Քրիստոսն այնտեղ է, ուր երկու կամ երեք հոգի հավաքվել են Իր Անունով։ [...] Կարծում եմ, որ գիտության մարդիկ, այնպես՝ ինչպես մյուս բոլոր մարդիկ, կարիքն ունեն սովորելու Քրիստոսից, և կարծում եմ, որ քրիստոնյաները, որոնց մտքերը տրամադիր են գիտությանը, պարտավոր են ուսանելու գիտությունը, այնպես՝ որ Աստծո փառքի իրենց տեսությունը դառնա է՛լ ավելի ընդարձակ »։
 
Մեջբերված է. L. CAMPBELL & W. GARNETT, The Life of James Clerk Maxwell [Ջ.Ք. Մաքսվելի կյանքը], Macmillan and Co. 1982, p. 312.404-405.
 
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։