Մովաբ և Մովաբացիներ – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Մ
Մովաբ և Մովաբացիներ
Մովաբը (կամ Մո'աբ) լեռնային մի տարածաշրջան է, որ գտնվում է Մեռյալ Ծովի արևելյան ափին, հատկապես Քերաքի բարձրավանդակում, հետևաբար՝ այժմ Հորդանանի Հաշիմյան Թագավորության տարածքի մի մասն է։ Այդտեղ, Ք.ա. Առաջին հազարամյակում, հաստատվել էր Մովաբացիներ կոչվող ժողովուրդը, որը բազմաթիվ անգամներ հիշատակվում է Աստվածաշնչում, քանի որ նրա պատմությունը սերտորեն միահյուսվել էր հրեա ժողովրդի հետ։ Մովաբացիները սեմական հնագույն ժողովուրդ էին, որոնց պատմական գոյությունը փաստվել է հնագիտական բազմաթիվ գտածոներով։
 
ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հին Կտակարանի համաձայն, Մովաբացիները սերում էին Մովաբից, որը – իր եղբայր Բենամմիի՝ Ամմոնացիների նախահոր նման – Ղովտի զավակն էր (Ծնդ 19, 30-38)։ Պատմականորեն ստույգ է, որ ոմն Քեմոշյաթ մի ինքնավար թագավորություն է հիմնել մոտավորապես Ք.ա. 900 թվականին, որպես մայրաքաղաք ընտրելով Քիր-Մո'աբ քաղաքը։
Հրեական թագավորության ամենափայլուն ժամանակներում Մովաբացիները պարտություն կրեցին Դավիթ թագավորի զորքերից, բայց մի քանի տարի անց նվաճվեցին Սամարիա քաղաք-պետության կողմից, որը նշանակալի հարկեր դրեց նրանց վրա։ Թագավորաց Չորրորդ գրքի համաձայն (3, 1-27), Մովաբացիների Մեշա թագավորը (գրաբար Աստվածաշնչում ՝ Մոսա) ապստամբեց Իսրայելի Աքաաբ թագավորի մահից հետո, Ք.ա. 853 թվականին, սկիզբ տալով ուժգին ծավալման ու ընդարձակման ժամանակաշրջանի Մովաբացիների համար։ Մայրաքաղաքը տեղափոխվեց Դիբոն։ Հետագայում, սակայն, նրանք էլ ենթարկվեցին տարածաշրջանի պատմական իրադարձություններին, հպատակվելով նախ ասորեստանյան, ապա նոր-բաբելական, ի վերջո պարսկական տիրապետությանը։
 
ԿՐՈՆԸ
Մովաբացիների (թերևս նաև Ամմոնացիների) ցեղային աստվածը Քեմոշն էր (գրաբարում ՝ Քամոս)։ Աստվածաշնչում հիշատակվում է Թց 21, 29; Դտվ 11, 24; 3Թգ 11, 7.33; 4Թգ 23, 13; Երմ 48, 7.13.46 հատվածներում, ուր հաճախ անվանվում է «Մովաբացիների զազրանք»։ Անվան և պաշտամունքի ծագումը անհայտ է, կարծվում է, թե կապակցումներ ունի բաբելոնյան Շամաշ աստվածության հետ։ Էբլայի աղյուսակներում հիշատակվում է նաև որպես Քամիշ։ Անունը ամենայն հավանականությամբ նշանակում է «կործանող», «իշխող», կամ «ձկների աստված»։ Նրա պատվին կատարվում էին մարդկային զոհաբերություններ (4Թգ 3, 27)։ Գտնված արձանագրություններում նկարագրվում է որպես միշտ ցասկոտ ու զայրացած, պատերազմատենչ ու արյունարբու աստված. մի քանի դար անց նույնացվել է հունական Արես աստվածության հետ։
Իր մի քանի Մովաբացի և Ամմոնացի կանանցից ազդվելով, Սողոմոն արքան Քեմոշի պատվին զոհասեղաններ է կառուցել տալիս Երուսաղեմի մոտակա բարձրունքների վրա (3Թգ 11, 7)։ Միայն երեք դար անց, Հոսիա թագավորը վերջ է դնում այդ կռապաշտությանը։
 
ՄՈՎԱԲԵՐԵՆ ԼԵԶՈՒՆ
Մովաբերենը խոսվել է ներկայիս Հորդանանի թագավորության հյուսիս-արևմտյան տարածքներում, Ք.ա. 2րդ հազարամյակից մինչև Ք.ա. 5րդ դարը։ Պատկանել է աֆրո-ասիական լեզվաընտանիքին, սեմական լեզուների կենտրոնական-հարավային ճյուղին, քանանական լեզուների խմբին։ Գրվում էր՝ գործածելով փյունիկյան այբուբենի տարբերակներից մեկը։ Քանանական մյուս լեզուներից տարբերվում էր, ի միջի այլոց, հոգնակի թվի և իգական սեռի կազմության համար գործածվող ածանցներով։
 
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ
Մովաբերեն լեզվի վերաբերյալ այժմյան գիտելիքները քաղված են հիմնականում Մեշայի կոթող-արձանագրությունից, որը մովաբերեն լեզվով մինչև օրս հայտնի ամենաընդարձակ գրությունն է։ Դրանում պահպանվել են նշանակալի քանակի պատմական ու հնագիտական տեղեկություններ, պատմվում են Մովաբացիների հաղթանակները, և ամբողջը ձոնվում է Քեմոշի պատվին։ Մեջբերվում է նաև Հրեաների Աստվածը, և այդպիսով սույն գրությունը հանդիսանում է աստվածաշնչյան Աստծո արտաաստվածաշնչյան առաջին հիշատակությունը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։